Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-920-14.12.2015-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Սույն օրենքը կարգավորում է գյուղատնտեսական կոոպերատիվների եւ դրանց միությունների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարման, վերակազմակերպման, լուծարման հետ կապված հարաբերությունները եւ սահմանում է դրանց մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաեւ` գյուղատնտեսական կոոպերատիվների պետական աջակցության ուղղությունները:

ՀՈԴՎԱԾ 2. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից (այսուհետ՝ օրենսգիրք), սույն օրենքից եւ իրավական այլ ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

3. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծվող եւ ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվների վրա:

ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) գյուղատնտեսական կոոպերացիա՝ գյուղատնտեսական կոոպերատիվների, կոոպերատիվների միությունների եւ դրանց անդամների համագործակցություն, որն  իրականացվում է ագրոպարենային համակարգում գործող տնտեսվարողների նյութական, սոցիալական եւ այլ կարիքներն առավել արդյունավետ բավարարման նպատակով.

2) գյուղատնտեսական կոոպերատիվ (այսուհետ՝ կոոպերատիվ)՝ ագրոպարենային համակարգում գործունեություն իրականացնող  քաղաքացիների եւ իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական եւ այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր տնտեսական միավորում.

3) ագրոպարենային համակարգ՝ գյուղատնտեսության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների ու մատակարարումների ոլորտների ամբողջություն.

4) գյուղատնտեսական գործունեություն` գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն, փաթեթավորում, տարայավորում, պահեստավորում, տեղափոխում, շուկայահանում եւ դրանց առնչվող ծառայությունների մատուցում.

5) գյուղատնտեսական արտադրանք` գյուղատնտեսական գործունեության  արդյունքում ստացված արտադրանք.

6) փայ` կոոպերատիվի սեփական գույքի բաղադրիչ, որն արտահայտում է կոոպերատիվի անդամի մասնակցության չափը կոոպերատիվում` դրամական արտահայտությամբ.

7) պարտադիր փայավճար՝ տվյալ կոոպերատիվին անդամակցելու նպատակով, կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված չափով եւ ժամկետներում, կոոպերատիվի անդամի կողմից կոոպերատիվի փայատիրական կապիտալում կատարվող դրամական վճար.

8) լրացուցիչ փայավճար՝ կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված դեպքերում, կոոպերատիվի անդամի կողմից, պարտադիր փայավճարից բացի կոոպերատիվի փայատիրական կապիտալում կատարվող լրացուցիչ դրամական վճար.

9) կամավոր փայավճար՝ կոոպերատիվի անդամի հայեցողությամբ կոոպերատիվի փայատիրական կապիտալում կատարվող դրամական վճար.

10) կոոպերատիվի պահուստային ֆոնդ՝ դրամական արտահայտությամբ կոոպերատիվի սեփական գույքի բաղադրիչ, որը ձեւավորվում է կոոպերատիվի տնտեսական գործունեության միջոցով եւ նվիրատվություններից.

11) կոոպերատիվ ներքին գործարքներ՝ կոոպերատիվի եւ իր անդամների միջեւ կատարվող գործարքներ, որոնց միջոցով կոոպերատիվն ապրանքներ է մատակարարում եւ ծառայություններ մատուցում իր անդամներին.

12) կոոպերատիվ արտաքին գործարքներ կոոպերատիվի եւ կոոպերատիվի անդամ չհանդիսացող անձանց միջեւ կատարվող գործարքներ, որոնց միջոցով կոոպերատիվի անդամ չհանդիսացող անձանց մատակարարվում եւ մատուցվում են այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք տրամադրվում են կոոպերատիվի անդամներին.

13) կոոպերատիվ շահույթ` կոոպերատիվ արտաքին գործարքների հասույթի եւ ծախսերի դրական տարբերություն.

14) կոոպերատիվ ավելցուկ` կոոպերատիվ ներքին գործարքների հասույթի եւ ծախսերի դրական տարբերություն.

15) կոոպերատիվ փոխհատուցում՝ կոոպերատիվ ավելցուկից համամասնությամբ կոոպերատիվի անդամին տրվող փոխհատուցում.

16) խոշոր գործարք` մեկ կամ մի քանի փոխկապված գործարքներ, որոնք, բացառությամբ կոոպերատիվի բնականոն տնտեսական գործունեության շրջանակներում կատարվող գործարքների, ուղղակի կամ անուղղակի կապված են կոոպերատիվի կողմից գույքի ձեռքբերման, օտարման կամ գույքի օտարման հնարավորության հետ, որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է կոոպերատիվի ակտիվների քսանհինգ եւ ավելի տոկոսը.

17) կոոպերատիվի աշխատակից`  ֆիզիկական անձ, որի հետ կոոպերատիվը կնքում է աշխատանքային պայմանագիր.

18) հիմնադիր ժողով` կոոպերատիվի հիմնադրման նպատակով գումարվող ժողով:

ՀՈԴՎԱԾ 4. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

1. Կոոպերատիվի նպատակներն են`

1) համագործակցությամբ հասնել առկա ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, նյութական եւ այլ կարիքների բավարարմանը, նոր նախաձեռնությունների իրագործմանը եւ արտադրության բարձր ցուցանիշների:

2) գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացմամբ նպաստել պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության նվազեցմանը, , ագրոպարենային ոլորտում արդյունավետ համակարգերի ձեւավորմանը:

ՀՈԴՎԱԾ 5.  ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Կոոպերատիվներն ստեղծվում են ըստ գործունեության հետեւյալ ուղղությունների`

1) գյուղատնտեսական արտադրանքի արտադրության եւ իրացման` գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն եւ իրացում, ծառայությունների մատուցում, գյուղատնտեսական արտադրանքի պահպանում, փոխադրում, փաթեթավորում, գովազդ եւ արտադրությունից մինչեւ սպառում արժեքային շղթայի փուլերի այլ գործառույթներ.

2) գյուղատնտեսական մատակարարման`  անդամների համար պարարտանյութի, վառելիքի, քսանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների, սերմերի, տնկանյութի, կերի, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի, գյուղատնտեսական կենդանիների, գյուղատնտեսական արտադրության համար այլ ներդրանքների մատակարարում.

3) գյուղատնտեսության ոլորտում սպասարկման (ծառայություններ մատուցող)`  գյուղատնտեսական մեքենայացված աշխատանքներով սպասարկում, բույսերի պաշտպանության, տոհմային գործի, անասնաբուծության, հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, անասնաբուժական, գյուղական շինարարության, գյուղական բնակչությանը գիտախորհրդատվական, տեղեկատվական, կենցաղային սպասարկման բնույթի ծառայությունների մատուցում.

4) գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման`  գյուղատնտեսական  արտադրանքի վերամշակման արդյունքում սննդամթերքի (մսամթերք, կաթնամթերք, հացամթերք, պտղահատապտղային  եւ բանջարեղենային  պահածոներ, խմիչքներ եւ այլն), ինչպես նաեւ սննդամթերք չհանդիսացող (համակցված կեր, դեղաբույսեր, եթերայուղեր եւ այլն) արտադրատեսակների արտադրություն:

2. Կոոպերատիվն իր կանոնադրությանը համապատասխան կարող է համատեղել գործունեության առանձին ուղղություններ` հանդես գալով որպես գործունեության տարբեր ուղղություններ ունեցող կոոպերատիվ եւ իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ գործունեություն:

3. Կոոպերատիվն իրավունք ունի ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ:

ՀՈԴՎԱԾ 6. ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Կոոպերատիվներն իրենց գործունեության համակարգման, ընդհանուր շահերի ներկայացման եւ պաշտպանության, տեղեկատվական, խորհրդատվական ծառայությունների մատուցման, կոոպերատիվի անդամների եւ աշխատողների որակավորման բարձրացման, շուկայական վերլուծությունների իրականացման, անդամ կոոպերատիվների տեխնիկական աջակցության, կարողությունների հզորացման, մշտադիտարկման եւ ագրոպարենային համակարգում այլ գործունեություն արդյունավետ իրագործելու նպատակով կարող են ստեղծել միություն:

2. Միությունը հասարակական կազմակերպություն է, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

3. Կոոպերատիվների միություններն (այսուհետ` միություն) աշխատում են հանուն կոոպերատիվների զարգացման:

4. Միության կանոնադրությամբ սահմանվում են`

1) միության գույքի ձեւավորման աղբյուրները,

2)ֆոնդեր, որոնք ձեւավորվում են անդամ կոոպերատիվների կողմից կատարվող տարեկան անդամավճարների, իսկ անդամ կոոպերատիվների լուծարման դեպքում՝ միություններին փոխանցվող անբաժանելի ֆոնդերում առկա ռեսուրսների միջոցով:

5. Միության ֆոնդերն օգտագործվում են, ճգնաժամերի ժամանակ գործող կոոպերատիվներին օգնության, անդամ կոոպերատիվներում ներդրումների, կրթության եւ վերապատրաստման, կոոպերատիվների առավելությունների մասին հանրությանն իրազեկելու նպատակներով:

6. Միության անդամները պահպանում են տնտեսական ինքնուրույնությունը եւ իրավաբանական անձի  իրավունքները:

7. Միության ստեղծման իրավաբանական հիմքերն են` միության հիմնադիրների ժողովի որոշմամբ հաստատված կանոնադրությունը:

8. Միությունում նոր անդամի ընդունելությունն իրականացվում է միության կանոնադրությամբ սահմանված կարգով:

9. Միության անդամն իրավասու է, իր հայեցողությամբ, ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալ միությունից: Դուրս գալու օրվանից անդամ կոոպերատիվը մեկ տարվա ընթացքում, իր ներդրման չափով պատասխանատվություն է կրում միության պարտավորությունների համար:

10. Միության անդամը հեռացվում է միությունից` միության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

11. Միությունը սահմանված կարգով վարում է իր անդամների ռեեստր:

12. Միությունն իրավասու է իրականացնել իր անդամ կոոպերատիվների գործունեության մշտադիտարկում:

13. Միությունն իրավունք ունի ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ:
 

ԳԼՈՒԽ  2

ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 7. ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

1. Կոոպերատիվը կարող է ստեղծվել նոր կոոպերատիվի հիմնադրման կամ սպառողական կոոպերատիվի վերակազմակերպման միջոցով:

2. Կոոպերատիվն ստեղծվում է առնվազն հինգ անդամով:

3. Կոոպերատիվն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

 ՀՈԴՎԱԾ 8. ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԸ

1.  Հիմնադիր ժողովին մասնակցելու իրավունք ունեն կոոպերատիվ հիմնադրողները:

2. Կոոպերատիվի ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է հիմնադիր ժողովի որոշմամբ:

3.Կոոպերատիվի անդամների հիմնադիր ժողովը՝

1) լսում է հիմնադիրների եւ (կամ) նրանց կողմից լիազորված անձի տեղեկատվությունը՝ կատարված նախապատրաստական աշխատանքների մասին.

2) ընդունում է որոշում կոոպերատիվի ստեղծման մասին.

3) հաստատում է կոոպերատիվի կանոնադրությունը.

4) նշանակում է կոոպերատիվի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում նշված հարցերով որոշումներն ընդունվում են միաձայն:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված հարցով որոշումն ընդունվում է հիմնադիր ժողովի մասնակիցների ձայների առնվազն երկու երրորդի համաձայնությամբ:

5. Հիմնադիր ժողովի այլ հարցերով որոշումներն ընդունվում են  մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

ՀՈԴՎԱԾ 9. ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Կոոպերատիվի հիմնադիր փաստաթուղթը կոոպերատիվի կանոնադրությունն է:

2. Կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանվում է՝

1) կոոպերատիվի անվանումը՝ լրիվ, կրճատ.

2) կոոպերատիվի գտնվելու վայրը.

3) կոոպերատիվի գործունեության հիմնական նպատակը (առարկան).

4) կոոպերատիվի սեփական գույքի ձեւավորման կարգը.

5) անդամների մասնակցությունը կոոպերատիվ գործարքներին` սահմանելով պահանջվող մասնակցության նվազագույն շրջանակը.

6) կոոպերատիվի պարտադիր եւ կամավոր պահուստային ֆոնդերի ձեւավորման ու օգտագործման կարգը.

7) կոոպերատիվի ավելցուկի,  շահույթի եւ վնասների բաշխման կարգը.

8) Կոոպերատիվի գործունեության մշտադիտարկման կարգը.

9) կոոպերատիվի կառավարման մարմինների կազմավորման կարգը, կազմը եւ իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.

10) ժողովի իրավասությանը չվերապահված գործարքների կնքման կարգը.

11) ընդհանուր ժողովի նախապատրաստման եւ գումարման կարգը.

12) կոոպերատիվի անդամների իրավունքներն ու պարտականությունները.

13) կոոպերատիվի նոր անդամ ընդունելու կարգը եւ պայմանները, անդամության պահանջները (պայմանները), կոոպերատիվին անդամագրվելու ընթացակարգը.

14) կոոպերատիվի անդամակցության դիմումը մերժելու դեպքում կոոպերատիվի մարմնին բողոքարկման կարգը.

15) կոոպերատիվի անդամի՝ կոոպերատիվից դուրս գալու կարգը եւ պայմանները.

16) կոոպերատիվի անդամի հեռացման վերաբերյալ որոշման կոոպերատիվի մարմնին բողոքարկման կարգը.

17) կոոպերատիվ ներքին եւ կոոպերատիվ արտաքին գործարքների իրականացման կարգը.

18) Հայասատանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ:

3. Կոոպերատիվի լրիվ անվանումը պետք է ներառի «գյուղատնտեսական կոոպերատիվ» բառերը, իսկ կրճատ անվանումը` «ԳԿ» տառերը:

ՀՈԴՎԱԾ 10. ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

1. Կոոպերատիվը ենթակա է պետական գրանցման իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման» օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 11. ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՆԴԱՄԸ

1. Կոոպերատիվի անդամ կարող են դառնալ իրավաբանական եւ տասնվեց տարին լրացած ֆիզիկական անձինք: Տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան ֆիզիկական անձինք կարող են դառնալ կոոպերատիվի անդամ ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ:

2. Կոոպերատիվի անդամն ունի սույն օրենքով եւ կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված իրավունքներ եւ պարտականություններ.

1) կոոպերատիվի անդամի իրավունքներն են՝

ա. մասնակցել կոոպերատիվի կառավարմանը, հանդես գալ առաջարկություններով, քվեարկել, ընտրել եւ ընտրվել կոոպերատիվի կառավարման մարմիններում.

բ. տեղեկություններ ստանալ կոոպերատիվի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ.

գ. պահանջել ընդհանուր ժողովի որոշումների, արձանագրությունների պատճեններ կամ որոշումներից, արձանագրություններից քաղվածքներ.

դ. օգտվել կոոպերատիվի համար կազմակերպվող ուսուցումներից եւ խորհրդատվություններից.

ե. ստանալ կոոպերատիվի գործունեությունից օրենքով եւ  կանոնադրությամբ սահմանված կոոպերատիվ ավելցուկը` կոոպերատիվ փոխհատուցման, ինչպես նաեւ՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդհանուր ժողովի կողմից  սահմանվող մասնաբաժնի տեսքով.

զ. արտոնյալ պայմաններով ձեռք բերել կոոպերատիվի կողմից տրամադրվող ապրանքներ եւ օգտվել վերջինիս կողմից մատուցվող ծառայություններից.

է. կամավոր դուրս գալ կոոպերատիվից՝ կանոնադրությամբ սահմանված կարգով.

ը. կոոպերատիվից դուրս գալու դեպքում ստանալ ներդրված փայի արժեքը կամ փոխադարձ համաձայնույթան դեպքում` դրան համապատասխան գույքը, հաշվարկված բայց դեռ չվճարված կոոպերատիվ փոխհատուցումը եւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդհանուր ժողովի կողմից սահմանված մասնաբաժինը.

թ. կոոպերատիվի լուծարման դեպքում ստանալ իր փայի արժեքը, հաշվարկված բայց դեռ չվճարված կոոպերատիվ փոխհատուցումը, մասնաբաժինը եւ կոոպերատիվի բաժանելի ֆոնդերի իր բաժինը՝ կոոպերատիվի պարտատերերի հանդեպ պարտավորությունները ողջ ծավալով կատարելուց հետո.

ժ. պահանջել արտաքին աուդիտ, որի դեպքում, արտաքին աուդիտ իրականացնող անձը վճարվում է պահանջողի կողմից.

ի. օգտվել սույն օրենքով եւ կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից.

2) կոոպերատիվի անդամի պարտականություններն են՝

ա. մասնակցել կոոպերատիվ ներքին գործարքներին` սույն օրենքի եւ կանոնադրությամբ սահմանված դրույթների համաձայն.

բ. կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել փայավճարներ եւ այլ վճարումներ.

գ. կատարել կոոպերատիվի ընդհանուր ժողովի որոշումները.

դ. չհրապարակել կոոպերատիվի գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկություններ՝  բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

ե. կրել օրենքով եւ կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված այլ  պարտականություններ:

3.: Կոոպերատիվի կորուստների համար կոոպերատիվի անդամները պատասխանատու են միայն իրենց փայով

ՀՈԴՎԱԾ 12. ԿՈՈՊԵՐԱՏԻՎՈՒՄ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼԸ

1. Կոոպերատիվի պետական գրանցումից հետո կոոպերատիվում անդամագրվելու (լիիրավ անդամ դառնալու) ցանկություն ունեցող իրավաբանական եւ  ֆիզիկական անձինք կոոպերատիվի գործադիր մարմնին ներկայացնում են  գրավոր դիմում:

2. Կոոպերատիվի գործադիր մարմինը գրավոր դիմումը ներկայացնում է առաջիկա ընդհանուր ժողովի քննարկման:

3. Անդամագրվելու դրական կամ բացասական որոշման մասին դիմողը պատշաճ ծանուցվում է ոչ ուշ, քան որոշման ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Ընդհանուր ժողովի կողմից դիմումի մերժման եւ վերադարձման  պատճառներն (հիմքերը) են.

1) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով` ֆիզիկական անձին անգործունակ ճանաչելը.

2) իրավաբանական անձի գործունեության դադարեցումը.

3) կանոնադրության պահանջների անհամապատասխանությունը:

5. Դիմողը հանդիսանում է կոոպերատիվի անդամ` ընդհանուր ժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելու կամ դրանում նշված օրվանից:

6. Կոոպերատիվը կարող է ունենալ ներդրող անդամ: Ներդրող անդամն ունի խորհրդատվական ձայնի իրավունք: Ներդրող անդամը չի օգտվում կոոպերատիվ գործարքներից: Ներդրող անդամը որպես փոխհատուցում իր ներդրած կապիտալի համամասնությամբ կարող է ստանալ մասնաբաժին` սույն օրենքի 23-րդ հոդվածում նշված առավելագույն տարեկան մասնաբաժնի կրկնապատիկից ոչ ավելին:

ՀՈԴՎԱԾ 13. ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

1. Կոոպերատիվի անդամի անդամության դադարման հիմքերն են՝

1) անդամությունից կամավոր դուրս գալը.

2) կոոպերատիվից հեռացումը.

3) կոոպերատիվի անդամ ֆիզիկական անձի մահը.

4) կոոպերատիվի անդամ իրավաբանական անձի գործունեության դադարեցումը:

2. Կոոպերատիվի անդամը կոոպերատիվի անդամությունից կարող է  կամավոր դուրս գալ ցանկացած ժամանակ՝ գրավոր դիմում ներկայացնելով կոոպերատիվի գործադիր մարմնին` վարչությանը կամ նախագահին: Կոոպերատիվի անդամի դուրս գալու դեպքում նրան պետք է վճարվի նրա փայի արժեքը կամ տրվի համապատասխան գույք, ինչպես նաեւ կատարվեն կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ վճարներ: Կոոպերատիվից դուրս եկող անդամին փայի արժեքը վճարվում է կամ այլ գույքը տրվում է ֆինանսական տարին ավարտվելուց եւ կոոպերատիվի հաշվապահական հաշվեկշիռը հաստատվելուց հետո:

3. Կոոպերատիվի անդամը, կոոպերատիվի կանոնադրությամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաեւ սույն օրենքով եւ կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում, կարող է ընդհանուր ժողովի որոշմամբ հեռացվել կոոպերատիվից: Կոոպերատիվից հեռացված անդամին վերադարձվում է իր փայը եւ սույն օրենքով ու կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված բոլոր վճարումները` սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված ժամկետներում:

4. Կոոպերատիվի անդամի մահվան դեպքում, օրենքով ժառանգ ճանաչված անձը կարող է դառնալ կոոպերատիվի անդամ, մնացած բոլոր դեպքերում, նրան է վերադարձվում կոոպերատիվի մահացած անդամի փայը եւ կատարվում է սույն օրենքով եւ կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված բոլոր վճարումները` սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված ժամկետներում:

ԳԼՈՒԽ 3

ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 14. ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

1. Կոոպերատիվի կառավարման մարմիններն են՝

1) բարձրագույն մարմինը՝ կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովը (այսուհետ` ընդհանուր ժողով).

2) գործադիր մարմինը՝ վարչությունը կամ կոոպերատիվի նախագահը.

3) դիտորդ խորհուրդը:

ՀՈԴՎԱԾ 15. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ընդհանուր ժողովը կարող է լինել հերթական եւ արտահերթ՝

1) հերթական ընդհանուր ժողովը գումարվում է կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ.

2) հերթական ընդհանուր ժողովից բացի, գումարվող ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ: Արտահերթ ընդհանուր ժողովը գումարվում է անհետաձգելի հարցերի քննարկման համար:

2. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են՝

1) կանոնադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների կատարումը, կանոնադրության հաստատումը՝ նոր խմբագրությամբ.

2) վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) եւ դիտորդ խորհրդի քանակական կազմի հաստատումը, անդամների ընտրությունը եւ նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

3) կոոպերատիվի տարեկան հաշվետվության եւ հաշվապահական հաշվեկշռի հաստատումը.

4) կոոպերատիվի հաջորդ տարվա բյուջեի հաստատումը.

5) կոոպերատիվ ավելցուկը եւ վնասը կոոպերատիվի անդամների միջեւ բաշխելու մասին որոշման ընդունումը՝ սույն օրենքով սահմանված կարգով.

6) կոոպերատիվի զարգացման ծրագրերի եւ կոոպերատիվի ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթերի հաստատումը.

7) կոոպերատիվի անդամների փայերի եւ այլ վճարների չափերի, ժամկետների եւ կարգի փոփոխության հաստատումը.

8) պահուստային ֆոնդերի չափերի, ձեւավորման պայմանների եւ օգտագործման կարգի մասին որոշման ընդունումը.

9) կոոպերատիվում անդամների անդամագրումը եւ հեռացումը.

10) մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների ստեղծումը եւ լուծարումը.

11) գործադիր մարմնի աշխատանքի փոխհատուցման պայմանների, վերստուգողի (վերստուգիչ հանձնաժողովի) եւ դիտորդ խորհրդի ծախսերի փոխհատուցման մասին որոշման ընդունումը.

12) կոոպերատիվի՝ կոոպերատիվների միություն կամ այլ կոոպերատիվ ընդգրկվելու կամ դուրս գալու մասին որոշման ընդունումը.

13) կոոպերատիվի գույքի օտարմանն ու ձեռք բերմանն առնչվող խոշոր գործարքներ կնքելու մասին որոշման ընդունումը` սույն օրենքով սահմանված դեպքերում.

14) կոոպերատիվի արտաքին աուդիտի իրականացման մասին որոշման ընդունումը.

15) կոոպերատիվի վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշման ընդունումը.

16) լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը` Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն.

17) կոոպերատիվի անդամներին փոխառությունների տրամադրման պայմանների եւ կարգի մասին որոշման ընդունումը.

18) կոոպերատիվից կոոպերատիվի անդամների դուրս գալու դեպքում վերադարձվող փայի եւ այլ վճարումների չափի եւ կարգի մասին որոշման ընդունումը:

3. Ժողովի բացառիկ իրավասությունները չեն կարող փոխանցվել կոոպերատիվի կառավարման այլ մարմիններին:

4. Ժողովի իրավասությանն են պատկանում սույն օրենքով եւ կոոպերատիվի կանոնադրությամբ վերապահված այլ որոշումների ընդունումը:

ՀՈԴՎԱԾ 16. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Առաջին ընդհանուր ժողովը գումարվում է կոոպերատիվի պետական գրանցմանը հաջորդող երկու ամսվա ընթացքում:

2. Հերթական եւ արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են կոոպերատիվի գործադիր մարմնի կողմից:

3. Սույն օրենքով սահմանված ընդհանուր ժողով գումարող մարմինները ընդհանուր ժողովի գումարման օրվանից ոչ ուշ, քան քսան օր առաջ ընդհանուր ժողովի գումարման մասին պատշաճ ծանուցում է կոոպերատիվի անդամներին եւ ընդհանուր ժողովի այլ մասնակիցներին՝ կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով:

4. Ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի`

1) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը եւ վայրը.

2) ժողովի օրակարգը.

3) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող նյութերը:

5. Կոոպերատիվի անդամը ֆինանսական տարվա ավարտից հետո` երեսուն օրվա, կամ կանոնադրությամբ սահմանված այլ, ավելի երկար ժամկետի ընթացքում, իրավունք ունի հերթական ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկելու համար ներկայացնել հիմնավորված առաջարկություններ՝ կանոնադրությամբ սահմանված կարգով: Գործադիր մարմինը պարտավոր է սույն օրենքով ու կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացված առաջարկները ներառել օրակարգում:

6. Ընդհանուր ժողովի նիստերն արձանագրվում են: Ընդհանուր ժողովի արձանագրությունը, առնվազն երկու օրինակով, ստորագրվում է ընդհանուր ժողովի նախագահի եւ քարտուղարի կողմից` ընդհանուր ժողովի ավարտից հինգ օրվա ընթացքում: Ընդհանուր ժողովների արձանագրությունները կարվում են արձանագրությունների գրքում, որին կոոպերատիվի ցանկացած անդամ իրավասու է ծանոթանալ:

7. Արտահերթ ընդհանուր ժողովը գումարվում է կոոպերատիվի անդամների առնվազն մեկ երրորդի կամ գործադիր մարմնի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին գրավոր ներկայացրած պահանջի առկայության դեպքում, գործադիր մարմինը պարտավոր է արտահերթ ընդհանուր ժողով գումարել` պահանջը ներկայացնելու պահից` երեսուն օրվա ընթացքում: Արտահերթ ընդհանուր ժողովի գումարման կամ արտահերթ ընդհանուր ժողովի գումարումը մերժելու մասին գործադիր մարմնի որոշումը պետք է ընդունվի պահանջը ներկայացնելու պահից` յոթ օրվա ընթացքում:  Եթե գործադիր մարմինը չի կատարում իր պարտականությունները սույն մասում նշված պահանջով արտահերթ նիստ հրավիրելու ուղղությամբ, այդ պարտականություններն ստանձնում է դիտորդ խորհուրդը, իսկ վերջինիս բացակայության կամ այդ պարտականությունն իրականացնելու անհնարինության դեպքում՝ կոոպերատիվի անդամները ձեւավորում են արտահերթ ընդհանուր ժողովի հրավիրման նախաձեռնող խումբ:

8. Ժողովի որոշումը կարող է ընդունվել հեռակա քվեարկությամբ (հարցման միջոցով)՝ հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ` կանոնադրությամբ նախատեսված դեպքերում:

ՀՈԴՎԱԾ 17. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ընդհանուր ժողովն իրավասու է որոշումներ ընդունել, եթե դրան մասնակցում է կոոպերատիվի անդամների (նրանց ներկայացուցիչների) ընդհանուր թվի կեսից ավելին: Մասնակցության ոչ բավարար լինելու դեպքում, հայտարարվում է նոր ընդհանուր ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը: Չկայացած ընդհանուր ժողովի փոխարեն նոր ընդհանուր ժողովի գումարման դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում:

2. Կոոպերատիվի անդամն ընդհանուր ժողովին անձամբ մասնակցելու իր իրավունքը լիազորագրի տրման միջոցով կարող է փոխանցել իր ներկայացուցչին, այդ թվում՝ կոոպերատիվի որեւէ այլ անդամի: Մինչեւ քսան անդամ ընդգրկող կոոպերատիվում մեկ ներկայացուցիչը չի կարող լիազորագրվել ավելի քան երկու անդամի շահերը ներկայացնելու, իսկ քսան անդամից ավելի ընդգրկվածություն ունեցող կոոպերատիվում՝ ավելի քան երեք անդամի շահերը ներկայացնելու համար:

3. Կոոպերատիվի յուրաքանչյուր անդամ ընդհանուր ժողովում ունի մեկ ձայնի իրավունք:

4. Ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե կոոպերատիվի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

5. Քվեարկությանն իրավասու է մասնակցել միայն ընդհանուր ժողովի գրանցված մասնակիցը (լիազորված ներկայացուցիչը):

6. Կոոպերատիվի անդամը, որն ամբողջությամբ չի վճարել սահմանված լրացուցիչ փայավճարները, զրկվում է քվեարկության իրավունքից:

7. Կոոպերատիվի միության լիազորագրված ներկայացուցիչներն իրավասու են ներկա գտնվել  իրենց կազմում ընդգրկված կոոպերատիվների ընդհանուր ժողովին:

8. Ժողովի որոշումները վավեր են՝ ընդհանուր ժողովի անցկացման մասին կոոպերատիվի բոլոր անդամների ծանուցման դեպքում:

9. Ժողովի բացառիկ իրավասությանը պատկանող հարցերի որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքի հոդված 15-ի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ կետերով նախատեսված որոշումների, որոնք ընդունվում են միաձայն եւ 6-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ կետերով նախատեսված որոշումների, որոնք ընդունվում են մասնակիցների ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ, եթե կոոպերատիվի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

10. Ժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

ՀՈԴՎԱԾ 18. ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

1. Կոոպերատիվի նախագահը ընտրվում է ընդհանուր ժողովի որոշմամբ: Կոոպերատիվի նախագահը ղեկավարում է կոոպերատիվի ընթացիկ գործունեությունը:

2. Կոոպերատիվի նախագահն ընտրվում է մինչեւ երեք տարի ժամկետով` վերընտրվելու իրավունքով:

3. Կոոպերատիվի նախագահ կարող է ընտրվել տասնութ տարին լրացած կոոպերատիվի անդամ հանդիսացող, դիտորդ խորհրդի եւ/կամ վարչության անդամ չհանդիսացող ֆիզիկական անձը:

4. Կոոպերատիվի եւ կոոպերատիվի նախագահի գործառույթներն իրականացնող անձի միջեւ աշխատանքային պայմանագիրը կոոպերատիվի անունից ստորագրվում է  ընդհանուր ժողովի լիազորած անձի կողմից:

5. Նախագահը հաշվետու է ընդհանուր ժողովին եւ դիտորդ խորհրդին` վերջինիս առկայության պայմաններում:

6. Կոոպերատիվի նախագահի իրավասություններն են.

1) ժողովի եւ դիտորդ խորհրդի որոշումների կայացման ապահովումը.

2) Ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման ապահովումը.

3) կոոպերատիվի անդամների ռեեստրի վարման ապահովումը, որի կարգը եւ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) կոոպերատիվի գործունեության հիմնական ուղղությունների (գերակայությունների) առաջադրումը.

5) ընդհանուր ժողովի գումարումը եւ օրակարգի հաստատումը.

6) առանց լիազորագրի կոոպերատիվի անունից գործելը, այդ թվում՝ նրա շահերը ներկայացնելը եւ գործարքներ կնքելը.

7) լիազորագրի (այդ թվում՝ վերալիազորագրման իրավունքով) տրամադրումը՝ կոոպերատիվի անունից ներկայացուցչության իրավունք ստանալու համար.

8) հրաման արձակելը՝ կոոպերատիվի աշխատակցի պաշտոնի նշանակման, նրա տեղափոխման եւ ազատման վերաբերյալ, խրախուսման միջոցներ եւ կարգապահական տույժ կիրառելը.

9) կոոպերատիվին անդամագրվելու կամ կոոպերատիվից դուրս գալու մասին ստացված դիմումի, կոոպերատիվի անդամին կոոպերատիվից հեռացնելու հարցի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

10) դիտորդ խորհրդի կամ վերստուգողի հետ համատեղ լրացուցիչ փայավճարի, սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մասնաբաժնի եւ այլ վճարումների չափերի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

11) դիտորդ խորհրդի կամ վերստուգողի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, համապատասխան մարմինների կողմից իրականացված ստուգումների, ուսումնասիրությունների, մշտադիտարկումների արդյունքների քննարկումը եւ ընդհանուր ժողովին ներկայացնելը.

12) սույն օրենքով եւ կոոպերատիվի կանոնադրությամբ վերապահված այլ իրավասությունների իրականացումը:

ՀՈԴՎԱԾ 19. ՎԵՐՍՏՈՒԳՈՂԸ  ԵՎ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

1. Մինչեւ քսան անդամ ունեցող կոոպերատիվում ընտրվում է վերստուգող, իսկ քսանից մինչեւ հիսուն անդամ ունեցող կոոպերատիվներում վերստուգիչ հանձնաժողով:

2. Դիտորդ խորհրդի ձեւավորման դեպքում, վերստուգողի (վերստուգիչ հանձնաժողովի) գործառույթներն իրականացնում է (են) դիտորդ խորհրդի անդամը (անդամները): Դիտորդ խորհուրդը ընդհանուր ժողովին է ներկայացնում առաջարկություն՝ իր կազմում վերստուգիչ հանձնաժողով ձեւավորելու վերաբերյալ: Վերստուգիչ հանձնաժողովը կազմված է ոչ պակաս երեք անձից:

3. Վերստուգողն (վերստուգիչ հանձնաժողովը) ընտրվում է ընդհանուր ժողովի որոշմամբ` մեկ տարի ժամկետով, եթե կանոնադրությամբ այլ` ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

4. Վերստուգողն (վերստուգիչ հանձնաժողովը) իրականացնում է  պարտադիր (տարեկան) եւ լրացուցիչ դիտարկում՝

1) կոոպերատիվի ֆինանսական գործունեության նկատմամբ.

2) կոոպերատիվի ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների` մինչեւ դրանց հաստատումն ընդհանուր ժողովի կողմից: Կոոպերատիվի վերստուգողի (վերստուգիչ հանձնաժողովի) եզրակացությունը պարտադիր կցվում է կոոպերատիվի տարեկան հաշվետվություններին եւ հաշվապահական հաշվեկշիռներին` Ընդհանուր ժողով ներկայացնելիս:

5. Վերստուգողն (վերստուգիչ հանձնաժողովը) իրականացնում է իր իրավասությանը վերապահված այլ գործառույթներ` սույն օրենքին համապատասխան եւ կոոպերատիվի կանոնադրությամբ:

6. Վերստուգողը (վերստուգիչ հանձնաժողովը) լրացուցիչ դիտարկում է իրականացնում ընդհանուր ժողովի կամ կոոպերատիվի անդամների ընդհանուր թվի առնվազն տաս տոկոսի պահանջով, ինչպես նաեւ՝ իր նախաձեռնությամբ:

7. Վերստուգողը (վերստուգիչ հանձնաժողովը) կոոպերատիվի ֆինանսական վիճակի ուսումնասիրությունների (վերլուծությունների), կոոպերատիվի ֆինանսական դրության առողջացման, սնանկացման կանխարգելման, կոոպերատիվի եւ կոոպերատիվի առանձին անդամների ֆինանսական շահերի պաշտպանության եւ կոոպերատիվի կանոնադրության այլ գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, իրավասու է աշխատանքներում ներգրավել այդ բնագավառի համապատասխան մասնագետների:

8. Վերստուգողը (վերստուգիչ հանձնաժողովի անդամները) պարտավոր է ապահովել կոոպերատիվի ֆինանսական գործունեության ստուգման կամ սույն օրենքով եւ կոոպերատիվի կանոնադրությամբ այլ գործառույթների իրականացման գործընթացում իրենց հայտնի դարձած կոոպերատիվի (կոոպերատիվի առանձին անդամների) առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկատվության գաղտնիությունը:

9. Վերստուգողի (վերստուգիչ հանձնաժողովի) պահանջով տրամադրվում է ստուգման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ՝ բացատրություններ:

ՀՈԴՎԱԾ 20. ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՈՒՐԴԸ

1. Հիսունից ավելի անդամ ունեցող կոոպերատիվում ստեղծվում է դիտորդ խորհուրդ: Մինչեւ հիսուն անդամ ունեցող կոոպերատիվում դիտորդ խորհրդի ստեղծումը կամավոր է:

2. Դիտորդ խորհուրդն ստեղծվում է ընդհանուր ժողովի որոշմամբ:

3. Դիտորդ խորհրդի ստեղծումը, նրա իրավասությունները, գործունեության կարգը, դիտորդ խորհրդի անդամի լիազորությունների դադարման կարգը եւ դիտորդ խորհրդի նախագահի իրավասությունները սահմանվում են սույն օրենքով եւ կոոպերատիվի կանոնադրությամբ:

4. Կոոպերատիվի դիտորդ խորհրդի անդամ կարող են ընտրվել տասնութ տարին լրացած կոոպերատիվի անդամ հանդիսացող ֆիզիկական անձինք:

5. Մինչեւ հիսուն անդամ ունեցող կոոպերատիվում դիտորդ խորհուրդը կազմվում է առնվազն հինգ, հիսունից ավելի անդամ ունենալու դեպքում` առնվազն յոթ եւ ավելի անձից: Դիտորդ խորհրդի անդամներն ընտրվում են մինչեւ երեք տարի ժամկետով` վերընտրվելու իրավունքով:

6. Դիտորդ խորհուրդը՝

1) իրականացնում է հսկողություն կոոպերատիվի ընթացիկ գործունեության նկատմամբ, իրավասու է ստուգել կոոպերատիվի դրամարկղը, արժեթղթերի եւ առեւտրային փաստաթղթերի առկայությունը, անցկացնել գույքագրում եւ իրականացնել կոոպերատիվի ֆինանսատնտեսական գործունեության եւ հաշվապահական հաշվեկշռի նկատմամբ հսկողությանն առնչվող այլ գործառույթներ.

2) նախաձեռնում է ընդհանուր ժողովի գումարումը` սույն օրենքով եւ կոոպերատիվի կանոնդրությամբ նախատեսված դեպքերում.

3) իրավասու է կասեցնել գործադիր մարմնի գործունեությունը` հրավիրելով արտահերթ ընդհանուր ժողով` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում.

4) իրականացնում է սույն օրենքով եւ կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

7. Դիտորդ խորհրդի անդամների լիազորությունները չեն կարող վերապահվել այլ անձանց:

8. Դիտորդ խորհրդի անդամներն իրավունք չունեն գործել կոոպերատիվի անունից:

ԳԼՈՒԽ 4

ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԳՈՒՅՔԸ

ՀՈԴՎԱԾ 21. ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԳՈՒՅՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

1.  Կոոպերատիվի գույքի ձեւավորման աղբյուր են հանդիսանում ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցները: Փոխառու միջոցների մասնաբաժինը կոոպերատիվի գույքի կազմում սահմանվում է կոոպերատիվի կանոնադրությամբ եւ չի կարող գերազանցել կոոպերատիվի գույքի արժեքի հիսուն տոկոսը:

2. Կոոպերատիվի սեփական միջոցները ձեւավորվում են պարտադիր, լրացուցիչ եւ կամավոր փայավճարներից, կոոպերատիվի գործունեությունից ստացված միջոցներից, նվիրաբերություններից եւ քաղաքացիների նվիրատվություններից, արժեթղթերից, բանկերում ներդրված ավանդներից եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

3. Կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանվում է պարտադիր եւ կամավոր պահուստային ֆոնդեր:

4. Պարտադիր պահուստային ֆոնդը կոոպերատիվի անբաժանելի ֆոնդն է:

5. Անբաժանելի ֆոնդը ձեւավորվում է տարեկան կոոպերատիվ ավելցուկի փոխանցումներից, ինչպես նաեւ` սույն օրենքով եւ կոոպերատիվի կանոնադրությամբ չարգելված այլ աղբյուրներից եւ կազմում է կոոպերատիվի փայատիրական կապիտալի կեսից ոչ պակաս: Անբաժանելի ֆոնդն օգտագործվում է առաջացած վնասները փակելու նպատակով: Անբաժանելի ֆոնդը չի բաժանվում անդամների միջեւ եւ տնօրինվում է սույն օրենքի 26-րդ հոդվածի 3 մասով սահմանված կարգով: Կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված անբաժանելի ֆոնդի մակարդակն ապահովելու դեպքում, կարող է ժամանակավորապես դադարեցվել տարեկան կոոպերատիվ ավելցուկի հատկացումը կոոպերատիվի անբաժանելի ֆոնդին:

ՀՈԴՎԱԾ 22. ՓԱՅԸ

1. Կոոպերատիվի յուրաքանչյուր անդամ ունի մեկ փայի իրավունք:

2. Փայի արժեքը ձեւավորվում է`

1) փայավճարներից` պարտադիր, լրացուցիչ եւ կամավոր.

2) կոոպերատիվ փոխհատուցումներից` ուղղված փայատիրական կապիտալի համալրմանը.

3) կամավոր պահուստային ֆոնդերի հատկացումներից` ընդհանուր ժողովի որոշմամբ:

3. Պարտադիր փայավճարի չափը եւ վճարման կարգը սահմանվում է սույն օրենքով եւ կոոպերատիվի կանոնադրությամբ: Պարտադիր փայը հավասար է կոոպերատիվի բոլոր անդամների համար: Կոոպերատիվի անդամը պարտավոր է մինչեւ կոոպերատիվի պետական գրանցումն ամբողջությամբ վճարել պարտադիր փայը:

4. Պարտադիր փայավճարը նոր անդամների համար սահմանվում է կանոնադրությամբ տվյալ պահին նվազագույն փայ ունեցող կոոպերատիվի անդամի փայի արժեքից ոչ պակաս չափով:

5. Կոոպերատիվի զարգացման կամ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով կոոպերատիվի անդամները, ընդհանուր ժողովի որոշմամբ, կատարում են լրացուցիչ փայավճարներ: Լրացուցիչ փայավճարը հավասար է կոոպերատիվի բոլոր անդամների համար, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ:

6. Կոոպերատիվի անդամը կարող է կատարել կամավոր փայավճարներ:

7. Փայի արժեքը նվազում է փայատիրական կապիտալի օգտագործման դեպքում, անբաժանելի ֆոնդի անբավարարության պայմաններում, կոոպերատիվի վնասները ծածկելու նպատակով:

8. Կոոպերատիվի յուրաքանչյուր անդամի փայի արժեքը չպետք է գերազանցի կոոպերատիվի փայատիրական կապիտալի քսան տոկոսը:

9. Փայը համարվում է անբաժանելի: Կոոպերատիվի անդամի փայը կարող է օտարվել միայն կոոպերատիվի այլ անդամին, ներառյալ ներդրող անդամին` արդյունքում ավելացնելով վերջինիս փայի արժեքը: Փայի փոխանցումը հաստատում է կոոպերատիվի գործադիր մարմինը:

ՀՈԴՎԱԾ 23. ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՎԵԼՑՈՒԿԻ ԵՎ ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՈՒՄԸ

1. Հաշվապահական հաշվեկշռով հաշվարկված տարեկան կոոպերատիվ ավելցուկը բաշխվում է հետեւյալ ուղղություններով՝ ըստ հաջորդականության.

1) անբաժանելի ֆոնդի վերականգնում.

2) անբաժանելի ֆոնդին՝ քսան տոկոսի հատկացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված հաջորդականությամբ տարեկան կոոպերատիվ ավելցուկի բաշխումից, մնացորդը կարող է բաշխվել որպես կոոպերատիվ փոխհատուցում կամ լրացուցիչ մասհանում կոոպերատիվի պահուստային ֆոնդերին, կամ փայատիրական կապիտալի մասնաբաժնին՝ ըստ անդամների փայի համամասնության՝ տարեկան փայատիրական կապիտալի առավելագույնը հինգ տոկոսի չափով:

3. Կոոպերատիվ շահույթը համապատասխան հարկումից հետո ուղղվում է կոոպերատիվի անբաժանելի  ֆոնդ:

4. Ավելցուկի եւ շահույթի վերաբերյալ վարվում է առանձնացված հաշվապահական հաշվառում:

ՀՈԴՎԱԾ 24. ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԵՎ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Կոոպերատիվը պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների համար` կոոպերատիվի սեփականություն հանդիսացող ամբողջ գույքով եւ պատասխանատվություն չի կրում կոոպերատիվի անդամների պարտա-վորությունների համար, բացառապես սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:

2. Կոոպերատիվի անդամները ֆինանսական պատասխանատվություն են կրում կոոպերատիվի պարտավորությունների համար՝ միայն իրենց ներդրած փայերի մասնաբաժնով:

3. Կոոպերատիվի անդամի անձնական պարտքերի համար, նրա փայի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն այդ պարտքերը մարելու համար՝ նրա այլ գույքի անբավարարության դեպքում:

4. Կոոպերատիվի գույքում կոոպերատիվի անդամի ամբողջ փայի վրա բռնագանձում տարածելը կամ դատական ակտի հիման վրա փայն ամբողջությամբ բռնագրավելը կամ բռնագանձելը դադարեցնում է նրա մասնակցությունը կոոպերատիվում:

5. Կոոպերատիվի գույքում կոոպերատիվի անդամի փայի մասնակի բռնագանձման կամ բռնագրավման դեպքում, կոոպերատիվի անդամը պարտավորվում է մեկ տարի ժամկետում համալրել կոոպերատիվի անդամների տվյալ պահին փայի նվազագույն արժեքը:

ԳԼՈՒԽ 5

ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 25. ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

1. Կոոպերատիվի վերակազմակերպումը կատարվում է ընդհանուր ժողովի որոշմամբ:

2. Կոոպերատիվի` այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորման (կազմակերպական-իրավական ձեւի փոփոխում) դեպքում, կոոպերատիվի  անբաժանելի ֆոնդն ընդհանուր ժողովի որոշմամբ հատկացվում է`

1) կոոպերատիվների այն միության «կոոպերատիվների զարգացման» ֆոնդին, որին անդամակցում է տվյալ կոոպերատիվը.

2) կոոպերատիվների ցանկացած միության կողմից կառավարվող միության «կոոպերատիվների զարգացման» ֆոնդին` որեւէ միությանը չանդամակցելու դեպքում.

3) այլ կոոպերատիվի անբաժանելի ֆոնդին` որեւէ միությանը չանդամակցելու դեպքում.

4) համայնքի զարգացմանը:

3. Կոոպերատիվը կարող է վերակազմակերպվել միայն կոոպերատիվի այլ կոոպերատիվի միացման կամ միաձուլման ձեւով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 26. ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

1. Լուծարումը կոոպերատիվի գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքները եւ պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցելու:

2. Կոոպերատիվը կարող է լուծարվել՝

1) ժողովի որոշմամբ.

2) դատարանի կողմից կոոպերատիվի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված Հայաստանի Հանրապետության օրենքի խախտումների հետ.

3) կոոպերատիվի անդամների օրենքով սահմանված նվազագույն թվից պակասելու եւ մեկ տարվա ընթացքում չվերականգնվելու դեպքում.

4) կոոպերատիվի սնանկության հետեւանքով` օրենքով սահմանված կարգով.

5) օրենքով սահմանված այլ հիմքերով:

3. Կոոպերատիվի ընդհանուր ժողովը լուծարման գործընթացն իրականացնելու նպատակով, կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան հաստատում է ամփոփիչ հաշվեկշիռը, ընդունում է որոշումներ՝ լուծարման հանձնաժողովի ստեղծման, լուծարման կարգի եւ ժամկետների, ինչպես նաեւ` պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը կոոպերատիվի անդամների միջեւ բաշխելու վերաբերյալ: Կոոպերատիվի անբաժանելի ֆոնդն ընդհանուր ժողովի որոշմամբ հատկացվում է`

1) կոոպերատիվների այն միության «կոոպերատիվների զարգացման» ֆոնդին, որին անդամակցում է տվյալ կոոպերատիվը.

2) կոոպերատիվների ցանկացած միության կողմից կառավարվող միության «կոոպերատիվների զարգացման» ֆոնդին` որեւէ միությանը չանդամակցելու դեպքում.

3) այլ կոոպերատիվի անբաժանելի ֆոնդին` որեւէ միությանը չանդամակցելու դեպքում.

4) համայնքի զարգացմանը:

4. Լուծարման հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընդհանուր ժողովի որոշմամբ սահմանված կարգով:

5. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբն ու ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումի հիման վրա` օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 27. ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Լուծարման հանձնաժողովի ձեւավորման պահից նրան են անցնում կոոպերատիվի գործադիր մարմնի լիազորությունները: Լուծարվող կոոպերատիվի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:

2. Լուծարման հանձնաժողովը http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում կոոպերատիվի լուծարման եւ պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետների մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից՝ սկսած լուծարման մասին հայտարարության հրապարակման պահից, որը համարվում է կոոպերատիվի լուծարման գործընթացի սկիզբը:

3. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է կոոպերատիվի գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման եւ դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաեւ պատշաճ ծանուցում է պարտատերերին կոոպերատիվի լուծարման մասին:

4. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետի ավարտից հետո՝ լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող կոոպերատիվի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների, ինչպես նաեւ պահանջների քննարկման արդյունքների մասին:

5. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է կոոպերատիվի ընդհանուր ժողովը:

6. Եթե լուծարվող կոոպերատիվի դրամական միջոցները բավարար չեն պարտատերերի պահանջների բավարարելու համար, ապա լուծարման հանձնաժողովը հրապարակային սակարկություններով իրականացնում է կոոպերատիվի սեփականություն հանդիսացող գույքի վաճառքը:

7.  Լուծարվող կոոպերատիվի պարտականությունների վերաբերյալ պարտատիրոջ հայցով դատարան դիմելու դեպքում, կոոպերատիվի գույքը ենթակա չէ բաժանման կոոպերատիվի անդամների միջեւ՝  մինչեւ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

8. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո, լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում է կոոպերատիվի ընդհանուր ժողովը:

9. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին՝ կոոպերատիվի լուծարման պետական գրանցում կատարելու համար:

10. Լուծարման հանձնաժողովը իրավունք ունի լուծարային հաշվեկշիռը կազմելուց հետո` պահանջները չբավարարվելու դեպքում պահանջ ներկայացնել կոոպերատիվի անդամների դեմ իրենց լրացուցիչ վճարի չմուծված մասի սահմաններում կոոպերատիվի առաջացած պարտավորությունները կատարելու մասին:

11. Կոոպերատիվի լուծարումը համարվում է ավարտված եւ նրա գոյությունը` դադարեցված, այդ մասին պետական գրանցման պահից:

12. Լուծարման գործընթացի ավարտից հետո կոոպերատիվի մնացորդային ակտիվները փոխանցվում են կոոպերատիվի անդամներին` իրենց փայերին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ:

ԳԼՈՒԽ 6

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 28. ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԵՎ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է կոոպերատիվի եւ դրանց միությունների իրավունքները եւ պաշտպանում նրանց օրինական շահերը: Պետությունն աջակցում է կոոպերատիվի ստեղծմանը եւ  զարգացմանը, եւ տնտեսական ինքնուրույնության ամրապնդմանը:

2. Կոոպերատիվը եւ կոոպերատիվի միություններն իրենց գործունեության մեջ անկախ են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական, քաղաքական եւ այլ կազմակերպություններից:

3. Արգելվում է կոոպերատիվի գործունեությանը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:

4. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների անօրինական միջամտության հետեւանքով կոոպերատիվին հասցված վնասը ենթակա է փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 29. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Պետությունը սուբսիդավորման, նպատակային ծրագրերի իրագործման, բարենպաստ օրենսդրական դաշտի ձեւավորման միջոցով խթանում է գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը, ագրոպարենային համակարգում կոոպերատիվների ստեղծումը, վերջիններիս գիտական, կադրային, տեղեկատվական եւ խորհրդատվական ապահովումը:

2. Գյուղատնտեսական կոոպերատիվների աջակցությունն իրականացվում է պետական ծրագրով, որի մշակման եւ հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Ծրագիր):

3. Ծրագիրը հիմնական  ուղղություններով մշակում եւ իրականացնում է ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:

4. Ծրագրի իրականացման ֆինանսավորումը կատարվում է պետական  բյուջեից, դրամաշնորհներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից եւ ներառվում է լիազորված պետական կառավարման մարմնի բյուջեում` առանձին տողով:

5. Ծրագրի իրականացման բոլոր փուլերում եւ մակարդակներում կիրառվում են վերահսկողության գործուն մեխանիզմներ: Ընթացիկ եւ ավարտական  հաշվետվությունները լսվում են Հայաստանի Հանրապետության կառա-վարությունում:

6. Գյուղատնտեսական կոոպերատիվներին պետական աջակցության հիմնական ուղղություններն են՝

1) արդիական տեխնոլոգիաների ներդրման եւ տեխնիկական հագեցվածության աջակցությունը.

2) գյուղատնտեսական հումք վերամշակող, գյուղատնտեսությունում օգտագործվող ռեսուրսներ մատակարարող եւ արտադրանքն իրացնող ընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների հաստատման աջակցությունը.

3) արտահանման ներուժ ունեցող կոոպերատիվների արտադրանքի մրցունակությունն արտերկրում բարձրացնելու նպատակով` գործարար համաժողովների, ցուցահանդեսների, տոնավաճառների մասնակցության աջակցությունը.

4) խորհրդատվության, ուսուցման եւ արժանահավատ տեղեկատվության տրամադրման աջակցությունը.

5) գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրմանն աջակցությունը.

6) գյուղատնտեսական վարկերի մատչելիության բարձրացմանն ուղղված քաղաքականության իրականացումը.

7) սննդամթերքի անվտանգության ապահովման եւ օրգանական գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական ծրագրերի իրականացումը.

8) հողերի բարելավման, ոռոգման, առաջնային սերմնաբուծության, բույսերի պաշտպանության, տոհմաբուծության եւ անասնաբուժության բնագավառներում միջոցառումների ֆինանսավորումը.

9) կոոպերատիվների կարեւորության հասարակական ընկալմանն ուղղված ծրագրերի իրականացումը.

10) կրթության, վիճակագրության, հետազոտությունների գործընթացում կոոպերատիվների առաջնահերթ ներառումը.

11) սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված ուղղություններով աջակցությունը:

ԳԼՈՒԽ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 30. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: