Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ օրենք) 15-րդ հոդվածի.
1) 1-ին մասի 5.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5.1) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են պետական մարմինների կայքերի, էլեկտրոնային հարթակների եւ այլ տեղեկատվական համակարգերի եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) ապահովումը.»,
2) 1-ին մասի 5.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5.2) օրենքով սահմանված կարգով համակարգում են տեղեկատվական համակարգերի եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբեռմիջադեպերին արձագանքելու աշխատանքները.»,
3) 1-ին մասի 5.4-րդ կետում «իրականացնում են» բառերը փոխարինել «իրենց իրավասությունների սահմաններում իրականացնում են» բառերով,
4) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.7-րդ եւ 5.8-րդ կետով.
«5.7) իրականացնում են պաշտպանության, ազգային անվտանգության եւ արտաքին հարաբերությունների ոլորտներում, ինչպես նաեւ «Կիբեռանվտանգության մասին» օրենքի համաձայն՝ Կառավարության կողմից սահմանված ցանկով հաստատված եւ լիազորված մարմնին վերապահված տեղեկատվական համակարգերի եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների նկատմամբ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված լիազոր եւ ինքնավար մարմինների լիազորություններն ու գործառույթները, այդ թվում՝ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված պահանջների (չափորոշիչների) համաձայն.
5.8) պետական մարմինների՝ համացանցում տեղակայված տեղեկատվության (այդ թվում՝ պետական մարմինների կայքերի) պաշտպանության, ինչպես նաեւ համացանցին պետական մարմինների անվտանգ համակցումն ապահովելու համար շահագործում են տեղեկատվական համակարգեր.»:
Հոդված 2.
Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
1.1-ին եւ 1.2-րդ մասերով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ, 5.7-րդ եւ 5.8-րդ կետերով նախատեսված լիազորություններն ու գործառույթներն իրականացնելու համար լիազորված մարմնի համակարգում ձեւավորվում է Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնը (National Cyber Defense Center), որպես կառուցվածքային ստորաբաժանում:
1.2 Լիազորված մարմնի Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի եւ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով նախատեսված ինքնավար մարմնի միջեւ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ փոխգործակցության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Կիբեռանվտանգության մասին» օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 6 ամսվա ընթացքում:
3. Մինչեւ սույն օրենքից բխող Կառավարության որոշման ընդունումը լիազորված մարմնի Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի եւ Ինքնավար մարմնի համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման թիմերի միջեւ տեղեկատվության փոխանակումն, ինչպես նաեւ փոխգործակցությունն իրականացնում է միայն օրենքներով սահմանված կարգավորումների շրջանակում: