Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-856-23.09.2015,11.12.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀO-122-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ`» սահմանման մեջ «էներգիայի» բառից առաջ լրացնել «վերականգնվող» բառը, իսկ հոդվածը սահմանումից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր սահմանումներով.

հողմային էներգիայի աղբյուր` քամի.

արեգակնային էներգիայի աղբյուր` արեգակից փոխանցված ճառագայթներ.

ջրային էներգիայի աղբյուր` մակերեւույթային եւ ստորերկրյա ջրեր.

երկրաջերմային էներգիայի աղբյուր` ստորերկրյա տաք ջրեր (հիդրոթերմալ աղբյուր) կամ ապարների ջերմություն (երկրաթերմալ աղբյուր).

կենսազանգվածի էներգիայի աղբյուր` մարդու կենսաբանական կամ տնտեսական գործունեության եւ այլ կենդանական ծագում ունեցող օրգանական եւ/կամ այրվող արգասիքներ, բուսական մնացորդներ եւ թափոններ, ինչպես նաեւ գյուղատնտեսական մշակաբույսեր.

էներգետիկ հաշվեկշիռ` սահմանված ժամանակահատվածում արդյունահանված, արտադրված, ներմուծված, վերամշակված, փոխակերպված, փոխադրված, բաշխված եւ պահեստավորված, արտահանված ու օգտագործված էներգակիրների քանակական բազային բնութագիր.»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի

1. «ա» կետում «փոխադրող,» բառից հետո լրացնել «բաշխող,» բառը,

2. «ե» կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում.

1. 1-ին մասում «վրա» բառից հետո լրացնել` «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերը,

2. 2-րդ մասի ժ) կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ`  3-րդ մասով.

«3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաեւ պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության եւ էներգաարդյունավետության պարտադիր պահանջները:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ե) էներգախնայողության եւ էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման եւ շրջակա միջավայրի վրա ներգործության ստանդարտացման փաստաթղթերի մշակումը եւ հաստատումը.»:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի «բ» կետում «փոխադրման,» բառից հետո լրացնել «բաշխման,» բառը:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Էներգասպառող սարքերի եւ սարքվածքների շրջանառությունը

1. Էներգասպառող սարքերի եւ սարքվածքների պիտակավորման կարգը եւ պիտակի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների եւ արտադրանքի մարդու կյանքին եւ(կամ) շրջակա միջավայրին վտանգ սպառնացնող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների եւ արտադրանքի ցանկը, ինչպես նաեւ այդ ցանկում ընդգրկված Էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների եւ արտադրանքի Հայաստանի Հանրապետության ներքին սպառման շուկայում շրջանառության ինչպես նաեւ շահագործումից հետո օգտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 9. Էներգակիրների պետական հաշվառումը եւ վիճակագրությունը

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է տնտեսության ճյուղերը ըստ էներգատարության` բարձր, միջին եւ ցածր:

2. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը վարում է արդյունահանվող, արտադրվող, ներմուծվող, վերամշակվող, փոխակերպվող, փոխադրվող, բաշխվող եւ պահեստավորվող, արտահանվող եւ օգտագործվող էներգակիրների հաշվառում` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ինչի արդյունքների հիման վրա էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը կազմում է էներգետիկ հաշվեկշիռ: Էներգետիկ հաշվեկշիռը հրապարակվում է  պետական վիճակագրություն իրականացնող մարմնի կողմից:»:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 12. Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը

Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը կազմված են սույն օրենքից, դրան համապատասխան ընդունված այլ իրավական  ակտերից, ինչպես նաեւ հավատարմագրման եւ համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերից:»:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից:»:

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում  «Համապատասխանության հավաստման լիազոր մարմնի» բառերը փոխարինել «Հավատարմագրման եւ համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի» բառերով, իսկ «կառավարությունը» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:

Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը:

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «բ» եւ «գ» կետերում «կառավարություն» եւ «կառավարությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար` «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը»բառերով:

Հոդված 13. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ հավելվածով.

«Հավելված. Ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ փոխհոսքերի կարգը

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի էլեկտրասպառման համակարգի անխափան աշխատանքի եւ գործունեության իրականացման անհրաժեշտ պայմանները ապահովելու նպատակով էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից ապահովվում են էլեկտրական էներգիայի փոխհոսքերը:

1. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը կատարվում է ամսեկան, իսկ վերջնահաշվարկը՝ տարեկան կտրվածքով:

2. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակներում ամսվա ընթացքում մատակարարված (հանձնված) էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում չի տրամադրվում այն ծավալի չափով, որը հավասար է տվյալ ամսվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին (այսուհետ՝ հատուցման ոչ ենթակա ծավալ):

Տարվա արդյունքներով վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրաէներգիայի ձեռքբերումը բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից կատարվում է՝

1) տվյալ սպառողական խմբի համար յուրաքանչյուր ամսվա համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարագավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագների 50 տոկոսի չափով՝ բացառությամբ սույն պարբերության 2-րդ կետով նախատեսված դեպքի,

2) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոս, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար:

Բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրաէներգիայի ձեռքբերումը վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից կատարվում է ամսական հաշվարկի արդյունքով մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալի եւ հատուցման ոչ ենթակա ծավալի դրական տարբերությունը, որի դիմաց ինքնավար արտադրողը վճարում է էլեկտրաէներգետիկական համակարգում տվյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար տվյալ սպառողական խմբի համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագներով:

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:»:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ ծագած հարաբերությունների վրա Օրենքը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված էներգետիկ փորձաքննության կարգը համապատասխանեցնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը` սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող վեց ամիսների ընթացքում: