Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՀՕ-97 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություններ՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«մասնավոր մուլտիպլեքսոր՝ Ազգային հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ, որն ապահովում է մուլտիպլեքսի տարածման կամ հեռարձակման ենթակառուցվածքի տեխնիկական շահագործում.
Հանրային մուլտիպլեքսոր՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է հանրային հեռարձակման թվային ցանցի շահագործումը:
Հանրային հեռարձակման թվային ցանց՝ Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող հեռարձակման թվային ցանց:
Տեղական հեռուստառադիոընկերություն՝ մինչեւ 2015 թվականի հունվարի մեկը գործող եւ դրանից հետո գործունեությունը չդադարեցրած, եւ միայն մեկ համայնքի եւ դրան հարակից տարածքում հեռարձակող հեռուստառադիոընկերություն»։
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում լրացնել 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«3. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հեռուստառադիո ծրագրերի վերահեռարձակման ժամանակ գովազդի, ներառյալ վերահեռարձակող գովազդի հեռարձակումն արգելվում է: Օրենքով կամ միջազգային պայմանագրերով կարող են սահմանվել այլ կարգավորումներ:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 6.1 գլխով հետեւյալ բովանդակությամբ՝
«ԳԼՈՒԽ 6.1 ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 55.1. Ընդհանուր դրույթներ մասնավոր մուլտիպլեքսորի վերաբերյալ
1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով Ազգային հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական անձի կողմից, որի հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի հիսուն տոկոսից: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:
2. Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է մուլտիպլեքսն իրականացնել սեփական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, որի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան Հայաստանի Հանրապետության հանրային հեռարձակման թվային ցանցի սփռման տարածքը։
3. Մասնավոր մուլտիպլեքսորի ցանցի բաղադրիչները, ներառյալ ռադիոկայանները, մալուխները, հեռարձակող սարքավորումները, պետք է լինեն մասնավոր մուլտիպլեքսորի սեփականությունը:
4. Մասնավոր մուլտիպլեքսորն իրավունք չունի մատուցելու այլ ծառայություններ, քան այնպիսիները, որոնք բացառապես կապված են հաղորդակցության ցանցի գործունեության եւ շահագործման հետ։
5. Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է իր մուլտիպլեքսիհեռուստառադիո ծրագրերի քսան տոկոսը Ազգային հանձնաժողովի սահմանած ժամկետում, բայց ոչ շուտ, քան երեք ամսում տրամադրել Ազգային հանձնաժողովի կողմից լիցենզավորված հեռուստառադիոընկերություններին՝ հեռուստառադիո հեռարձակում իրականացնելու համար, իսկ մնացած հեռուստառադիոծրագրերը կարող է օգտագործել անձամբ կամ տրամադրել վճարովի կամ անվճար հիմունքներով հեռուստառադիոընկերություններին՝ բացառապես սույն օրենքով նախատեսված կարգով վերահեռարձակում իրականացնելու նպատակով: Սույն հոդվածում նշված հեռուստածրագրերը Ազգային հանձնաժողովը տրամադրում է սույն օրենքի 48-49-րդ հոդվածներով սահմանված մրցույթ հայտարարելու միջոցով նոր լիցենզիա ստացած ընկերություններին:
Սույն հոդվածում նշված հեռուստառադիոծրագրերը չեն կարող տրամադրվել Հանրային հեռարձակման թվային ցանցում հեռարձակման իրավունք ունեցող հեռուստառադիոընկերությանը, բացառությամբ, եթե այդ ընկերությունը հրաժարվում է Հանրային հեռարձակման թվային ցանցում հեռարձակման իրավունքից:
Հոդված 55.2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը
1. Ազգային հանձնաժողովը մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու առաջին մրցույթը հայտարարում է մինչեւ 2016թ-ի մայիսի 1-ը: Մրցույթի չկայանալու կամ մրցույթում հաղթող չլինելու դեպքում` դրա հայտարարելուց մեկ տարի հետո Ազգային հանձնաժողովը հայտարարում է նոր մրցույթ:
2.Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը հայտարարելուց հետո, երեք ամսվա ընթացքում, սույն օրենքի 55.1-րդ հոդվածի պայմաններին համապատասխանող իրավաբանական անձը Ազգային հանձնաժողով պետք է ներկայացնի
ա) դիմում
բ) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ ցանցի գործարկման ժամանակացույցը
գ) ապացույցներ դիմողի մոտ հեռարձակման թվային ցանցը ստեղծելու եւ շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական եւ ֆինանսական կարողությունների առկայության մասին:
3. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի համար դիմումում պետք է նշվի՝
ա) որ դիմումն ուղղված է Ազգային հանձնաժողովին.
բ) դիմողի գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության իրականացման հասցեն.
գ) նշում որ դիմումը ներկայացվում է մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզիա ստանալու համար,
դ) նշում մուլտիպլեքսի կառուցման եւ գործարկման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների մասին, ընդ որում հաճախականությունները պետք է ներառված լինեն Ազգային Հանձնաժողովի կառավարման ներքո տրամադրված հաճախականություններից:
4. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո Ազգային հանձնաժողովը ցանցի ստեղծման նախագիծը եւ ժամանակացույցը իր ընտրած փորձագետներին ներկայացնում է տեխնիկական փորձաքննության, որը պետք է իրականացվի առավելագույնը 6 ամսվա ընթացքում:
5. Եթե վեց ամսվա ընթացքում հանձնաժողովը չի տալիս տեխնիկական եզրակացությունը, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:
6. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո առավելագույնը 15-օրյա ժամկետում Ազգային հանձնաժողովը կազմակերպում է հանրային լսումներ, որոնց անցկացման վայրի եւ ժամի մասին հայտարարություն է հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am):
7. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո առավելագույնը երկու ամսվա ընթացքում՝ հիմք ընդունելով փորձաքննության եւ հանրային լսումների արդյունքները, Ազգային հանձնաժողովը որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:
8. Մրցույթի կազմակերպման առանձնահատկությունները, ներառյալ գնահատման չափանիշները, սահմանվում են Ազգային հանձնաժողովի որոշմամբ:
Հոդված 4. Օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ? «3? Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործունեությունը այն հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում, որտեղ առկա է ութ կամ ավել հեռուստացույց, կարող է իրականացվել միայն Ազգային հանձնաժողով ծանուցում ներկայացնելուց հետո» բառերը:
Հոդված 5. Օրենքի 57-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ?
«Հոդված 57. Հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոհաղորդումների վերահեռարձակման մասին ծանուցումը
1. Սույն օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ծանուցումը հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակողը պարտավոր է Ազգային հանձնաժողով ներկայացնել հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումից հինգ օր առաջ:
2. Ծանուցման մեջ պետք նշվեն այն բոլոր հեռուստաընկերությունների անվանումները, որոնք ծանուցում ներկայացնողը պատրաստվում է վերահեռարձակել, ինչպես նաեւ ներկայացվում են վերը նշված հեռուստառադիոընկերությունների իրավատերերի հետ կնքված պայմանագրերի լուսապատճենները։
3. Հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումը իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով։
Հոդված 6. Օրենքի 60-րդ հոդվածը լրացնել նոր22-րդ եւ 23-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ`
«22.Առանց սույն օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցման վերահեռարձակում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
23. Սույն հոդվածի 22-րդ մասով սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված իրավաբանական անձի կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Հոդված 7. Օրենքը լրացնել 61.1-րդ հոդվածով հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 61.1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի դադարեցումը
Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիան դադարեցվում է լիցենզավորման մասին ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ, եթե
1) մուլտիպլեքսորը չունի օրենքով պահանջվող թվային ցանց,
2) տեխնիկական պատճառներով նրա գործունեության խափանումը տեւում է երեք ամսից ավել։
Հոդված 8. Օրենքի 62-րդ հոդվածի 13-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 62-րդ հոդվածը լրացնել 16-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ՝
«16. Մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության սկիզբ Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է տեղական հեռուստառադիոընկերությունների գործունեությունը՝ գործող լիցենզիաների՝ առանց փոփոխությունների երկարաձգման միջոցով: Ազգային հանձնաժողովը սահմանում է տեղական հեռուստառադիոընկերությունների լիցենզիաների երկարաձգման կարգը եւ պայմանները, որը սակայն չի կարող պարունակել հավելյալ պահանջներ, բացի ընկերության կողմից կիրառվող հեռարձակող սարքերի մասին, ընկերության գործունեության (տեւողության մասին) եւ ընկերության մասին տեղեկատվության ներկայացում հանձնաժողով: Լիցենզիան երկարաձգվում է յուրաքանչյուր տարածքում մինչեւ նշված տարածքը ներառող մարզում հեռարձակման նոր մրցույթի անցկացումը եւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը: Սույն մասում նշված ընկերություններից լիցենզիայի երկարաձգման եւ տարեկան պետական տուրքեր չեն գանձվում:
Հոդված 10. Անցումային դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016թ. հունվարի 1-ից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 13-րդ մասով, որի համաձայն մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար օրենքով պետք է սահմանվեն մուլտիպլեքսորի լիցենզավորման կարգն ու պայմանները:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը անցնում է թվային հեռարձակման, որը իրականացվում է հանրային մուլտիպլեքսորի միջոցով: Միեւնույն ժամանակ թվային հեռարձակման անցնելով պայմանավորված ազատվում են որոշակի ռադիոհաճախականություններ, որոնք հնարավոր է օգտագործել այլ մուլտիպլեքսներ շահագործելու համար: Հաշվի առնելով մուլտիպլեքսների գործարկման եւ շահագործման համար անհրաժեշտ ներդրումները, նաեւ արդեն իսկ մեկ հանրային մուլտիպլեքսորի առկայությունը, ինչպես նաեւ գործող օրենսդրության պահանջը, հավելյալ հաճախականությունների օգտագործմամբ մուլտիպլեքսորների շահագործումը պետք է իրականացվի մասնավոր անձանց կողմից: Օրենսդրությունում բացակայում են մասնավոր մուլտիպլեքսորնորի լիցենզավորման պայմանները եւ նրանց առաջադրվող պահանջները:
Գործող օրենսդրությունը որեւէ կերպ չի կարգավորում վերահեռարձակման (ներառյալ օտարերկրյա հեռուստառադիոհաղորդումների) ժամանակ գովազդների տեղադրման եւ հեռարձակման առանձնահատկությունները: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող մի շարք ապրանքներ եւ ծառայություններ գովազդվում են վերահեռարձակվող ալիքներով, նշված գովազդային ծառայությունների համար Հայաստանի Հանրապետությունում հարկեր չեն մուծվում: Խնդիրը առավել ակտուալ է դառնում մասնավոր մուլտիպլեքսորների գործունեության հետ կապված, երբ վերառարձակվող հեռուստառադիոհաղորդումների քանակը էականորեն կավելացվի:
Թվային հեռարձակման անցնելու հետ կապված նաեւ խնդիրներ են առաջանում որոշ համայնքներում գործող հեռուստառադիոհաղորդումների համար, որոնց լիցենզիաները եւ առկա թվային ցանցի հնարավորությունները թույլ չեն տալիս վերջիններիս վերահեռարձակվել թվայի ցանցի միջոցով, իսկ թվային ցանցի գործարկման պահից անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի, արդյունքում, գործող օրենսդրության շրջանակներում, նշված հեռուստառադիոհաղորդումները պետք է դադարեն հեռարձակումը:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման համար պահանջվում է լիցենզիա: Նույն հոդվածի վերաբերյալ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014 թվականի մարտի 20-ի թիվ 1 պարզաբանման համաձայն` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը չի արգելում հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած հեռուստաընկերության կողմից պայմանագրային հիմունքներով հեռուստառադիոծրագրերի հեռարձակումը (վերահեռարձակումը) կաբելային (մալուխային) ցանցի միջոցով: Փաստորեն, հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողները պետք է ստանան հեռարձակման լիցենզիա կամ վճարովի հիմունքներով կնքեն պայմանագիր իրենց տարածքում հեռուստահաղորդումներ ցուցադրելու համար:
Ըստ Օրենքի տրամաբանության` եթե հյուրանոցի յուրաքանչյուր հեռուստացույց կահավորված է ալեհավաքով, հեռարձակման լիցենզիայի անհրաժեշտություն չկա: Այնինչ, եթե առկա է մեկ ալեհավաք եւ այն մալուխով միացված է մի քանի հեռուստացույցի, առաջանում է լիցենզիայի կամ համապատասխան լիցենզավորված կազմակերպության հետ պայմանագրի պահանջ:
Հարկ է նշել նաեւ, որ հյուրանոցային ծառայություններ մատուցողներից բացի որեւէ այլ կազմակերպության տարածքում նույն սկզբունքով հեռարձակում (վերահեռարձակում) իրականացնելու դեպքում նման պահանջներ սահմանված չեն:
Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ նշված նորմի կիրարկումն ապահովելու հստակ մեխանիզմներ առկա չեն, քանի որ որեւէ մարմին տվյալ բնագավառում տեսչական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ օժտված չէ եւ, ըստ էության, խնդրո առարկա նորմի կիրառումը կրում է տարերային բնույթ: Նույնը վերաբերում է նաեւ առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումները Ազգային հանձնաժողովի գրավոր թույլտվության հիման վրա իրականացնելուն, քանի որ ներկայում թույլտվություն տալու կամ մերժելու ընթացակարգը որեւէ կերպ կարգավորված չէ:
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Առաջարկվող փոփոխության արդյունքում, ստեղծվում է օրենսդրական հիմքեր մասնավոր մեռարձակման ցանցի եւ մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզավորման եւ գործունեության համար: Օրենքը նախատեսում է մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզավորման մրցույթային հատուկ ընթացակարգ, համաձայն որին ցանկացած կազմակերպություն կարող է դիմել Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական հանձնաժողով (այսուհետ՝ կարգավորող)՝ լիցենզիա ստանալու նպատակով, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկատվություն, ներառյալ ցանցի կառուցման եւ շահագործման նախագիծը, իսկ կարգավորողը ուսումնասիրում է նշված նախագիծը եւ դիմումը, կազմակերպում է հանրային լսումներ, ինչից հետո վերջնական հաստատված փաթեթի հիման վրա կազմակերպում է բաց մրցույթ՝ բոլոր ցանկացող կազմակերպությունների համար:
Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության նկատառումները, հեռարձակման ցանցի սահմանափակ ստրատեգիական ռեսուրս հանդիսանալը, ինչպես նաեւ գործող ցանցում հնարավոր տեխնիկական վթարների ժամանակ անձանց տեղեկատվություն ստանալու իրավունքը իրականացնելու անհրաժեշտությունը, օրենքը նախատեսել է, որ մասնավոր հեռարձակման ցանցը պետք է ստեղծվի եւ գործի առկա հանրային ցանցից անկախ, շահագործելով սեփականության իրավունքով իրեն պատկանող ենթակառուցվածք (հենասյուներ, մալուխներ, հեռարձակող սարքավորում եւ այլն): Նաեւ նախատեսվել է, որ մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է իր հեռուստառադիոհաղորդումների (ալիքների) քսան տոկոսը տրամադրի Կարգավորողի կողմից լիցենզավորված հեռուստառադիոընկերություններին, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ավելի շատ հայկական հեռուստառադիոհաղորդումների եթեր հեռարձակում: Մնացած հեռուստառադիոհաղորումները մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է օգտագործել վերահեռարձակման նպատակով (անձամբ, կամ վարձակալությամբ տրամադրելով այլ անձանց):
Նախատեսվում է նաեւ, որ վերահեռարձակման ժամանակ արգելվում է գովազդը, ինչը կարող է ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գովազդային շուկայի ակտիվության պահպանումը կամ բարձրացումը եւ որպես արդյունք պետական բյուջե վճարվող հարկերի ավելացում։
Նախատեսվել է նաեւ ժամանակավոր կարգավիճակ գործող համայնքային որոշ հեռուստառադիոընկերությունների համար, եւ նախատեսվում է, որ նրանք կարող են շարունակել անալոգային տիրույթում (գործող լիցենզիաների շրջանակներում) շարունակել հեռարձակումը, մինչեւ նշված տարածքում նոր մրցույթների անցկացում, որից հետո արդեն միայն հաղթողները կկարողանան շարունակել գործունեությունը: