Armenian ARMSCII Armenian
Կ-617-02.10.2014,18.12.2015-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությունից հանել «վերստուգիչ հանձնաժողովի նախագահը,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Երաշխավորված ավանդների հատուցման կազմակերպումը

1. Կենտրոնական բանկը հատուցման դեպքն առաջանալու մասին նույն օրը տեղեկացնում է Հիմնադրամին:

2. Կենտրոնական բանկը Հիմնադրամի հետ կնքած համագործակցության հուշագրով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մինչեւ սույն օրենքով սահմանված լրացուցիչ հայտարարություն հրապարակելը, ապահովում է հատուցման դեպքի օրվա դրությամբ անվճարունակ բանկի՝ ավանդների եւ ավանդատուների ցուցակների, ինչպես նաեւ ավանդատուի՝ անվճարունակ բանկի նկատմամբ ունեցած խնդրահարույց պարտավորությունների, դրանց չափի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների տրամադրումը Հիմնադրամին: Հիմնադրամն իրավունք ունի անվճարունակ բանկից պահանջելու ավանդների եւ ավանդատուների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ: Անվճարունակ բանկը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամին տրամադրել պահանջվող լրացուցիչ տեղեկությունները:

Ավանդների եւ ավանդատուների ցուցակները պետք է ներառեն ավանդատուի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, անվճարունակ բանկում ներդրված բոլոր ավանդների գումարների չափերը, հատուցման դեպքի oրվա դրությամբ հավելագրված տոկոսները, հատուցման ենթակա երաշխավորված ավանդի չափը, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ: Անվճարունակ բանկը պատասխանատու է ավանդների եւ ավանդատուների ցուցակներում ներառված տեղեկությունների ճշտության համար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունների պահպանման եւ տրամադրման նպատակով բանկերը պարտավոր են ունենալ ավանդների եւ ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգ: Ավանդների եւ ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման եւ դրանց տրամադրման պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

4. Հիմնադրամը հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում եւ առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին՝ նշելով երաշխավորված ավանդն ստանալու կարգը, ներառյալ` ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը, պայմանները, եղանակները, ժամկետները: Հիմնադրամն այդ հայտարարությունը կարող է միաժամանակ հրապարակել նաեւ զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ oգտագործել ավանդատուներին տեղեկացնելու այլ եղանակ:

5. Հիմնադրամը երաշխավորված ավանդների հատուցումն իրականացնում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված ավանդների եւ ավանդատուների ցուցակների, ավանդատուի ներկայացրած՝ իր երաշխավորված ավանդի հատուցումն ստանալու վերաբերյալ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի, իսկ ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի եւ Հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջեւ տեղեկությունների անհամապատասխանության դեպքում՝ նաեւ այդ պահանջը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:

6. Ավանդատուների գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջների ընդունումն իրականացնում է անվճարունակ բանկը, քանի դեռ Հիմնադրամը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված լրացուցիչ հայտարարությամբ այլ բան չի հայտարարել: Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջն ստանալու օրվանից հետո` առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, անվճարունակ բանկը պարտավոր է այդ պահանջը փոխանցել Հիմնադրամին:

7. Ավանդատուն կարող է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք տարվա ժամկետում: Սույն մասում նշված ժամկետում ավանդատուի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջը չներկայացնելու դեպքում Հիմնադրամը տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդների հատուցում չի իրականացնում: Ավանդները վերադարձնում է անվճարունակ բանկը՝ պարտավորությունների մարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն:

8. Հիմնադրամն օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված20-րդ աշխատանքային օրվանից, 10-րդ մասով սահմանված 15-րդ աշխատանքային օրվանից, 11-րդ մասով սահմանված 10-րդ աշխատանքային օրվանից եւ 12-րդ մասով սահմանված 7-րդ աշխատանքային օրվանից առնվազն մեկ օր առաջ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում հրապարակում է լրացուցիչ հայտարարություն, որտեղ նշվում են`

ա) երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի եւ դրա մասնաճյուղերի անվանումները եւ հասցեները.

բ) ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի եւ Հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջեւ տեղեկությունների անհամապատասխանության դեպքում` երաշխավորված ավանդի հատուցումն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Կենտրոնական բանկի եւ Հիմնադրամի միջեւ կնքված համագործակցության հուշագրով կարող է սահմանվել լրացուցիչ հայտարարության հրապարակման այլ ժամկետ:

9. Ավանդատուներն անվճարունակ բանկում իրենց ավանդների վերաբերյալ փաստաթղթերին ծանոթանալու եւ սխալ հայտնաբերելու դեպքում պարզաբանումներ ստանալու համար կարող են դիմել անվճարունակ բանկ: Անվճարունակ բանկը պարտավոր է 3 աշխատանքային oրվա ընթացքում գրավոր պատասխանել ավանդատուին:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասը «գրավոր» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվող» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Երաշխավորված ավանդի հատուցումը կարող է իրականացվել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ՝ ավանդատուի նշած հաշվին փոխանցման միջոցով:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասը «պարտավորություն» եւ «պարտավորության» բառերից առաջ լրացնել «խնդրահարույց» բառով.

3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Խնդրահարույց պարտավորությունների տեսակները, հատուցման ենթակա ավանդի հաշվարկման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Բանկի կամ մի քանի բանկերի՝ մեկ այլ բանկի միանալու դեպքում միացման պայմանագիրը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից հաստատվելու եւ գրանցվելու պահից միացող յուրաքանչյուր բանկում առկա միեւնույն ավանդատուին պատկանող ժամկետային ավանդները երաշխավորվում են որպես առանձին բանկային ավանդներ մինչեւ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը: Բանկի կամ մի քանի բանկերի՝ մեկ այլ բանկի միանալու դեպքում միացման պայմանագիրը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից հաստատվելու եւ գրանցվելու պահից մեկ տարվա ընթացքում, միացող յուրաքանչյուր բանկում առկա միեւնույն ավանդատուին պատկանող ցպահանջ կամ սույն մասով սահմանված ժամկետային ավանդից բացի, ավանդի ժամկետի վերաբերյալ այլ պայմանով ավանդները երաշխավորվում են որպես առանձին բանկային ավանդներ: Սույն մասով սահմանված մեկ տարին կամ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու պահից այդ ավանդները երաշխավորվում են որպես մեկ ավանդ:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Կենտրոնական բանկը կարող է առանձին բանկերի համար սահմանել պարբերական երաշխիքային վճարների գումարի այլ չափ (արտահայտված տոկոսով կամ բացարձակ մեծությամբ)` կախված առանձին բանկի ռիսկայնության մակարդակից եւ (կամ) առանձին ավանդատեսակների տոկոսադրույքների մեծությունից` ըստ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշների, ընդ որում` տվյալ եռամսյակի համար բանկի կողմից վճարման ենթակա պարբերական երաշխիքային վճարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել հաշվետու եռամսյակի` տվյալ բանկի ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերին պատկանող բանկային ավանդների միջին օրական ցուցանիշի 0.15 տոկոսը:»:

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «հինգերորդ» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով:

Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ9-13-րդ մասերով.

«9. 2016 թվականի մարտի 1-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո՝ առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված աշխատանքային 20-օրյա ժամկետը կարող է երկարաձգել եւս 10 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող20-րդ աշխատանքային օրվանից սկսած:

10. 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո՝ առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված աշխատանքային 15-օրյա ժամկետը կարող է երկարաձգել եւս 7 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող15-րդ աշխատանքային օրվանից սկսած:

11. 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշվածաշխատանքային10-օրյա ժամկետը կարող է երկարաձգել եւս 5 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից սկսած:

12. 2023 թվականի հունվարի 1-ից Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո՝ առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշվածաշխատանքային 7-օրյա ժամկետը կարող է երկարաձգել եւս 3 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրվանից սկսած:

13. Մինչեւ 2016 թվականի մարտի 1-ը Կենտրոնական բանկը եւ Հիմնադրամը կնքում են սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ մասերով սահմանված համագործակցության հուշագիրը:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մարտի 1-ից: