Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-369-15.09.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Լոբբիստական գործունեության կարգավորման նպատակը

Լոբբիստական գործունեության կարգավորման նպատակն է`

ա) պետական իշխանության մարմինների կողմից որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիների մասնակցության ապահովումը.

բ) պետական իշխանության մարմինների հետ իրավաբանական անձանց եւ նրանց ներկայացուցիչների փոխգործակցության օրինականացումը եւ իրավական կարգավորումը, իշխանության մարմիններում ճյուղային, տարածքային, կորպորատիվ, հասարակական, մասնավոր եւ այլ խմբային շահերի ներկայացումը եւ հետապնդումը.

գ) պետական իշխանության մարմինների կողմից հասարակության տարբեր սոցիալական խմբերի շահերի համաձայնեցումը:

Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է պետական իշխանության մարմիններում լոբբիստական գործունեության կարգավորման կապակցությամբ ծագող հարաբերությունները եւ սահմանում է`

ա) լոբբիստական գործունեություն իրականացնող անձանց իրավունքները եւ պարտականությունները.

բ) հաճախորդների եւ պետական իշխանության մարմինների հետ լոբբիստների փոխգործակցության կարգը.

գ) լոբբիստների պետական գրանցման եւ հավատարմագրման կարգը.

դ) լոբբիստների պետական գրանցումը եւ հավատարմագրումն իրականացնող մարմինների լիազորությունները.

ե) լոբբիստական գործունեության մեթոդները:

2. Սույն օրենքը տարածվում է օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմիններում լոբբիստական գործունեության իրականացման վրա: Դատական իշխանության մարմիններում լոբբիստական գործունեության իրականացումը արգելվում է:

Լոբբիստական գործունեություն չեն կարող իրականացնել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք:

Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց արգելվում է զբաղվել լոբբիստական գործունեությամբ` իրենց լիազորությունների ավարտից կամ նշված պաշտոններից ազատվելուց հետո մեկ տարվա ընթացքում:

3. Սույն օրենքը չի տարածվում պետական իշխանության մարմինների կողմից կազմակերպված քննարկումներին մասնակցելու համար հրավիրված փորձագետների եւ խորհրդատուների վրա:

Հոդված 3. Լոբբիստական գործունեության մասին օրենսդրությունը

Լոբբիստական գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

լոբբիստական գործունեություն` իրավաբանական եւ ֆիզիկական անձանց փոխգործակցություն պետական իշխանության մարմինների հետ` նշված մարմինների կողմից իրավական ակտերի, վարչական, քաղաքական եւ այլ որոշումների մշակման եւ ընդունման վրա կոնկրետ հաճախորդների անունից եւ շահերից ազդեցություն ցուցաբերելու նպատակով.

լոբբիստ` ՀՀ քաղաքացի, որը գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր եւ դրամական կամ այլ պարգեւավճարի (հոնորարի) դիմաց լոբբիստական գործունեություն է իրականացնում երրորդ անձանց (հաճախորդների) շահերի օգտին, սույն օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում եւ ունի հաճախորդի կողմից տրված համապատասխան լիազորություններով լիազորագիր, ինչպես նաեւ կազմակերպության աշխատակից, որի լիազորությունների մեջ է մտնում այդ կազմակերպության անունից եւ շահերից լոբբիստական գործունեության իրականացումը.

լոբբիստական կազմակերպություն` առեւտրային կազմակերպություն, որն իր մշտական հաստիքացուցակում ունի մեկից ավել ծառայող, եւ որոնք գործում են որպես լոբբիստներ, պայմանով, որ կազմակերպությունը չի հանդիսանում նշված լոբբիստների հաճախորդը.

հաճախորդ` առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություն, բացառությամբ պետական եւ պետական մասնակցությամբ կազմակերպությունների, որոնք պայմանագիր են կնքում լոբբիստի (լոբբիստական կազմակերպության) հետ` իրենց անունից եւ շահերից գործունեություն իրականացնելու նպատակով: Կազմակերպությունը, որի հաստիքացուցակում ընդգրկված ծառայողները իր անունից գործում են որպես լոբբիստներ, միաժամանակ հանդիսանում է տվյալ լոբբիստի եւ հաճախորդ եւ գործատու։

Հոդված 5. Պետական իշխանության մարմինների լիազորություններըլոբբիստական գործունեության բնագավառում

Պետական իշխանության մարմինների լիազորությունները լոբբիստական գործունեության բնագավառում ներառում են.

ա) լոբբիստական գործունեության կարգավորման բնագավառում պետական քաղաքականության ձեւավորումը,

բ) լոբբիստական գործունեությունը կարգավորող օրենքների եւ այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը,

գ) լոբբիստական գործունեության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը:

ԳԼՈՒԽ 2.

ԼՈԲԲԻՍՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 6. Լոբբիստի իրավունքները

1. Լոբբիստն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան պետական մարմիններից ստանալ ցանկացած հրապարակային տեղեկատվություն:

Պետական իշխանության մարմինները լոբբիստին տրամադրվող տեղեկատվության դիմաց կարող են գանձել վճար, որը չպետք է գերազանցի տեղեկատվության պատճենահանան եւ փոխանցման հետ կապված ծախսերը:

2. Լոբբիստին երաշխավորվում է մուտքի իրավունք պետական իշխանության մարմիններ, դրանց կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներ, ինչպես նաեւ պատգամավորների եւ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների հնարավորություն` տվյալ մարմինների կողմից սահմանված կարգով:

3. Լոբբիստն իրավունք ունի պետական իշխանության մարմիների քննարկմանը ներկայացնել տեղեկատվական եւ վերլուծական բնույթի նյութեր, ինչպես նաեւ առաջարկություններ` օրինագծերի, քաղաքական եւ վարչական որոշումների մշակման եւ ընդունման վերաբերյալ: Պետական իշխանության մարմինները չեն կարող հրաժարվել ներկայացված նյութերի եւ առաջարկությունների ստացումից եւ քննարկումից:

4. Լոբբիստն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել պետական իշխանության մարմիների պաշտոնատար անձանց գործողությունները:

5. Լոբբիստներն իրավունք ունեն ստեղծել միավորումներ (ասոցիացիաներ), որոնցում անդամության հիմնական պայման է լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի արտոնագրի առկայությունը:

6. Լոբբիստներին սույն հոդվածով նշված իրավունքների տրամադրման կարգը սահմանվում է համապատասխան պետական իշխանության մարմինների կողմից:

Հոդված 7. Լոբբիստի պարտականությունները

Լոբբիստը պարտավոր է.

ա) գրանցվել լիազորված պետական մարմնում եւ ստանալ լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի արտոնագիր,

բ) հավատարմագրվել այն մարմնում (մարմիններում), որում (որոնցում) ենթադրվում է իրականացնել լոբբիստական գործունեություն,

գ) այն դեպքում, երբ լոբբիստի հաճախորդ (գործատու) է հանդիսանում օտարերկրյա անձը, կողմերի միջեւ համապատասխան պայմանագիրը ստորագրելուց հետո հինգ օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնել լիազորված պետական մարմնին,

դ) պետական իշխանության մարմինների հետ հարաբերություններում, վերջիններիս պահանջով, ներկայացնել տեղեկատվություն լիազորված պետական մարմնում գրանցման եւ լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի արտոնագրի վերաբերյալ,

ե) սահմանված կարգով ներկայացնել տեղեկատվություն իր գործունեության արդյունքների վերաբերյալ:

Հոդված 8. Հաճախորդների եւ պետական իշխանության մարմինների հետ լոբբիստների փոխգործակցության կարգը

1. Իրավաբանական անձինք լոբբիստական գործունեություն են իրականացնում միայն սույն օրենքով սահմանված կարգով գրանցված լոբբիստների միջոցով:

2. Լոբբիստի փոխգործակցությունը պետական իշխանության մարմինների եւ նրանց ներկայացուցիչների հետ իրականացվում է, երբ առկա են հետեւյալ հիմքերը.

ա) լոբբիստական ծառայություններ մատուցելու վերաբերյալ հաճախորդի հետ կնքված պայմանագիրը,

բ) հաճախորդի կամ գործատուի անունից լոբբիստին տրված լիազորագիրը,

գ) հավատարմագրման վկայականը եւ լիազորված մարմնի կողմից տրված լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի արտոնագիրը:

3. Անվճար լոբբիստական գործունեություն կարող է իրականացվել միայն ոչ առեւտրային կազմակերպությունների, ինչպես նաեւ դրանց միավորումների շահերի ներկայացման եւ հետապնդման նպատակներով:

ԳԼՈՒԽ 3.

ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ

Հոդված 9. Լիազորված պետական մարմինը

1. Լոբբիստների պետական գրանցումը, նրանց լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի արտոնագրի տրամադրումը եւ նրանց գործունեության վերլուծությունը իրականացվում է լիազորված պետական մարմնի կողմից:

2. Լիազորված պետական մարմնի լիազորությունների մեջ են մտնում՝

ա) սույն օրենքով սահմանված գրանցման եւ հաշվետվության փաստաթղթերի մշակումը, ինչպես նաեւ պետական իշխանության մարմինների հետ լոբբիստական ?կազմակերպությունների փոխգործակցության միասնական ստանդարտների մշակումը եւ հաստատումը.

բ) լոբբիստների գրանցումը եւ նրանց լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունք տվող արտոնագրերի տրամադրումը.

գ) սույն օրենքի դրույթներին լոբբիստի գործողությունների անհամապատասխանության բացահայտման դեպքում` մինչեւ երկու ամիս ժամկետով լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի արտոնագրի գործողության կասեցումը, մինչեւ հինգ տարի ժամկետով լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի արտոնագրից կամ լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հայցով դատարան դիմելը.

դ) լոբբիստի կողմից ներկայացված փաստաթղթերի տվյալների ամբողջականության եւ արժանահավատության, ինչպես նաեւ դրանց ժամանակին ներկայացման ստուգումը, անհրաժեշտության դեպքում` ճշգրտված եւ չներկայացված տեղեկություններ պահանջելը.

ե) լոբբիստների կողմից ներկայացված փաստաթղթերի պահպանումը հինգ տարվա ընթացքում` սկսած դրանց ստացման օրվանից.

է) տրված, կասեցված եւ չեղյալ հայտարարված արտոնագրերի ռեեստրի վարումը։

Հոդված 10. Լոբբիստների պետական գրանցման կարգը

1. Պետական գրանցում ստանալու համար լոբբիստը լիազորված մարմին է ներկայացնում դիմում, վերջինիս կողմից սահմանված ձեւով: Դիմումը պետք է ներառի հետեւյալ տեղեկությունները.

ա) լոբբիստի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը եւ վայրը, մասնագիտությունը, կրթությունը, բնակության եւ աշխատանքի վայրի հասցեն, հեռախոսը,

բ) իրավաբանական անձի դեպքում` լոբբիստական կազմակերպությունը լրացուցիչ ներկայացնում է կազմակերպության անվանումը, հիմնադիր փաստաթղթերի պատճեները, աշխատակիցների ցուցակը, նշելով նրանց անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը եւ վայրը, մասնագիտությունը, կրթությունը, բնակության եւ աշխատանքի վայրի հասցեն, հեռախոսը, կազմակերպության իրավաբանական հասցեն, հեռախոսը եւ հաճախորդների գործունեության տեսակը,

գ) լոբբիստական գործունեության նպատակները:

2. Լոբբիստի, սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված գործունեության էության վերաբերյալ նոր տեղեկատվություն ի հայտ գալու դեպքում, լոբբիստը պարտավոր է դրա մասին տասնօրյա ժամկետում հայտնել լիազորված պետական մարմնին:

3. Լոբբիստների պետական գրանցման եւ լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի արտոնագրի ստացման համար վճարվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով:

4. Լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի արտոնագիրը լիազորված պետական մարմնի կողմից տրամադրվում է լոբբիստի պետական գրանցումից հետո մեկ ամսվա ընթացքում:

Արտոնագիրը տրամադրվում է երեք տարի ժամկետով, որի ավարտից հետո լոբբիստը, եթե ցանկանում է շարունակել իր գործունեությունը, պարտավոր է այն երկարաձգել:

Արտոնագրի երկարաձգումը մերժվում է գործող օրենսդրության խախտման, ինչպես նաեւ արտոնագրման պայմանների փոփոխության դեպքում:

5. Եթե լոբբիստը դադարեցնում է իր գործունեությունը, ապա նա 30 օրվա ընթացքում պարտավոր է դրա մասին հայտնել լիազորված պետական մարմնին եւ ներկայացնել հաշվետվություն իր գործունեության վերաբերյալ:

Հոդված 11. Լոբբիստների հավատարմագրման մարմինները

Լոբբիստների հավատարմագրումն անցկացվում է պետական իշխանության հետեւյալ մարմիններում.

ա) Ազգայի ժողովում,

բ) կառավարությունում:

Հոդված 12. Լոբբիստների հավատարմագրման մարմինների լիազորությունները

1. Լոբբիստների հավատարմագրումը անցկացվում է պետական իշխանության այն մարմնում, որում լոբբիստը նախատեսում է զբաղվել լոբբիստական գործունեությամբ: Իշխանության համապատասխան մարմիններում լոբբիստների հավատարմագրումն իրականացվում է համապատասխան կանոնակարգերով։

Հավատարմագրման կանոնակարգը ներառում է.

ա) օրենսդիր կամ գործադիր մարմնի վարչական շենքեր եւ տարածքներ լոբբիստների մուտք գործելու կարգը,

բ) իշխանության մարմնի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներում լոբբիստների աշխատանքի կարգը, ներառյալ լոբբինգի օբյեկտ հանդիսացող անձանց հետ լոբբիստական կապերի հաստատման կարգը,

գ) տեղեկատվության ստացման, ծառայողական բնույթի փաստաթղթերի եւ նյութերի օգտագործման կարգը,

դ) լոբբիստի կողմից հավատարմագրող մարմնին իր օրենսդրական հետաքրքրության շրջանակների մասին տեղեկացնելու կարգը,

ե) տրված, կասեցված եւ չեղյալ հայտարարված հավատարմագրերի ռեեստրի վարման կարգը,

զ) այլ ընթացակարգեր:

Հոդված 13. Հավատարմագրման կարգը

1. Պետական իշխանության մարմիններում լոբբիստների հավատարմագրման համար անհրաժեշտ է ներկայացնել.

ա) հավատարմագրումն իրականացնող մարմնի կողմից հաստատված սահմանված ձեւի դիմում,

բ) լիազորված պետական մարմնի կողմից տրված լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի արտոնագիրը,

գ) լոբբիստի կողմից ստորագրված պարտավորագիր՝ հավատարմագրման կանոնակարգի պահանջներին հետեւելու պարտավորությունները մասին։

2. Հավատարմագրման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

ԳԼՈՒԽ 4.

ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Լոբբիստական գործունեության մեթոդները

1. Սույն օրենքի իմաստով լոբբիստական գործունեության մեթոդներն են՝

ա) պետական իշխանության մարմինների պաշտոնատար անձանց տեղեկատվության, փաստաթղթերի, նշված մարմինների իրավասության տակ գտնվող հարցերի վերաբերյալ վարչական եւ քաղաքական որոշումների նախագծեր տրամադրելը.

բ) լոբբիստի խնդրանքով, լոբբիստական գործունեության հետ կապված հարցերով, ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների, պատգամավորական խմբակցությունների եւ խմբերի, ինչպես նաեւ գործադիր իշխանության մարմինների աշխատանքներին մասնակցելը.

գ) պատգամավորների, պետական իշխանության մարմինների եւ պաշտոնատար անձանց հետ լոբբիստական կապեր հաստատելը` իրենց հաճախորդների շահերի ներկայացման եւ հետապնդման նպատակներով.

դ) պետական իշխանության մարմինների եւ նրանց ներկայացուցիչների հետ օրենքով չարգելված այլ եղանակներով փոխգործակցելը:

2. Սույն օրենքի իմաստով լոբբիստական գործունեության մեթոդներ չեն համարվում՝

ա) պաշտոնատար անձանց կողմից ծառայողական իրավասության շրջանակներում ելույթներ ունենալը եւ հայտարարություններ անելը.

բ) հրապարակումները զանգվածային լրատվության միջոցներում, եթե դրանք կատարվել են վերջիններիս կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող գործունեության շրջանակներում.

գ) պետական իշխանության պաշտոնատար անձանց այս կամ այն բնագավառի վիճակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը՝ առանց օրենսդրական գործընթացի վրա ազդեցության նպատակի.

դ) պետական իշխանության մարմինների նախաձեռնությամբ ստեղծված խորհրդակցական եւ փորձագիտական մարմինների աշխատանքներին մասնակցության ժամանակ հայտարարություններ անելը.

ե) խորհրդարանական լսումների ժամանակ դրանց հրավիրված պաշտոնատար անձանց կողմից կարծիքներ արտահայտելը:

ԳԼՈՒԽ 5.

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

Հոդված 15. Հաճախորդի իրավունքներն ու պարտականությունները

1. Հաճախորդն ունի պետական իշխանության մարմիններում լոբբիստի կողմից իր շահերի պատշաճ ներկայացման իրավունք` ընդունելի սակագներով կամ փոխադարձ պայմանավորվածությամբ:

2. Հաճախորդն իրավունք չունի միջամտել լոբբիստի ընթացիկ գործունեությանը: Հաճախորդը լոբբիստի կողմից իրականացված աշխատանքները ընդունում է համապատասխան ակտի կազմման միջոցով:

ԳԼՈՒԽ 6.

ԼՈԲԲԻՍՏԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 16. Լիազորված պետական մարմին ներկայացվող հաշվետվությունները

1. Լոբբիստը պարտավոր է ոչ ուշ, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ, ինչպես նաեւ իր գործունեության ավարտից հետո, լիազորված պետական մարմնին հաշվետվություն ներկայացնել իր գործունեության մասին` լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

2. Լոբբիստի հաշվետվություններում ներառվում են հետեւյալ տեղեկությունները.

ա) հաճախորդների իրավաբանական վավերապայմանները,

բ) հաճախորդների կողմից տրամադրված բոլոր նյութական միջոցները,

գ) հաճախորդի օրենսդրական շահը,

դ) կատարված ծախսերը եւ դրանց ստացողները,

ե) ձեռք բերված արդյունքները,

զ) այն մարմինների անվանումը, որոնց հետ լոբբիստը ունեցել է իր գործունեության հետ կապված հարաբերություններ։

ԳԼՈՒԽ 7.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 17. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

2. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո` երեք ամսվա ընթացքում.

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է լիազորված պետական մարմնի կողմից լոբբիստների գրանցման եւ նրանց գործունեության վերլուծության համակարգի ստեղծումը,

բ) օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինները մշակում եւ ընդունում են տվյալ մարմիններում լոբբիստների հավատարմագրման կանոնակարգերը:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Լոբբիստական գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Օրենսդրական փաթեթի նպատակն է քաղաքակիրթ, իրավական բնույթ տալ հասարակության եւ իշխանության փոխգործակցության գործընթացին, ինչպես նաեւ հնարավորություններ ընձեռել քաղաքացիների տարբեր խմբերին եւ կազմակերպություններին` իշխանության մարմինների կողմից որոշումների ընդունման գործընթացների վրա ազդեցության համար:

Միաժամանակ, լոբբիստական գործունեությունը կարգավորող օրենսդրությունը կարող է հանդիսանալ հզոր հակակոռուպցիոն գործիք եւ պայմաններ կստեղծի քաղաքացիական հասարակության կողմից պետության կառավարմանը մասնակցություն ունենալու համար:

«Լոբբիստական գործունեության մասին» օրենքի նախագիծը կարգավորում է լոբբիստների եւ լոբբիստական կազմակերպությունների իրավական կարգավիճակը` դրանց ստեղծման, գրանցման կարգը, իրավունքների ոլորտը, հաշվետվության կարգը եւ բնույթը: Օրենքի նախագծով սահմանված է նաեւ լոբբիստական կազմակերպությունների գործունեության վերահսկման մեխանիզմը, ինչը թույլ կտա նվազեցնել պետական իշխանության մարմիններում կոռուպցիայի ներթափանցումը:

Ներկայացված օրինագծի համաձայն լոբբիստական գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պետք է ստանան համապատասխան պետական գրանցում եւ լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի արտոնագիր: Օրինագծով սահմանվում է նաեւ, որ լոբբիստական գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պարտավոր են իրենց գործունեության մասին հաշվետվություններ ներկայացնել լիազորված մարմնին, ինչը թույլ կտա ապահովել նրանց գործունեության թափանցիկությունը։ Միաժամանակ, լոբբիստական գործունեության իրականացման անհրաժեշտ պայման է դիտվում համապատասխան կանոնակարգերի համաձայն լոբբիստների հավատարմագրումը։ Օրինագիծը սահմանում է նաեւ լոբբիստական գործունեության մեթոդները:

Ներկայացված օրենսդրական փաթեթի մաս կազմող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է վարչական տուգանքի նշանակում` առանց համապատասխան գրանցման լոբբիստական գործունեություն իրականացնելու համար:

Միաժամանակ, լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի թույլտվության եւ պետական գրանցում կատարելու համար նախատեսվում է գանձել պետական տուրք, որի չափերը սահմանված են օրենսդրական փաթեթում ներառված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծով: