Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը վարելը, ապացույցները պահպանելը, ապացույցները ծանոթացման տրամադրելը
1. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը վարվում են էլեկտրոնային եղանակով` վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանների միջոցով:
2. Ապացույցները վարչական ակտի հետ պահվում են վարչական վարույթի վերաբերյալ էլեկտրոնային գործում:
3. Վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի գրավոր պահանջով վարչական մարմինը նրան է տրամադրում տեսանյութի պատճենը՝ դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Պատճենահանումը կատարվում է դիմումատուի տրամադրած կրիչների վրա:
4. Վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է տեսանյութի պատճենը տրամադրելու դիմում ներկայացնել վարչական ակտին իրազեկվելու պահից:
5. Տեսանյութի պատճենը հանձնվում է առձեռն, եւ հանձնման փաստն ամրագրվում է վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից դիմումում կատարված գրառմամբ:
6. Եթե վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը գրավոր դիմելուց հետո սահմանված ժամկետում չի ներկայացել վարչական մարմին տեսանյութի պատճենն ստանալու համար, ապա նրա չներկայանալու փաստն ամրագրվում է վարչական մարմնի կողմից դիմումում կատարված գրառմամբ:
7. Վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի չներկայանալը նրան չի արգելում կրկին դիմել վարչական մարմին` տեսանյութի պատճենը տրամադրելու մասին պահանջով:
8. Վարչական մարմինը պարտավոր է ընդհանուր հիմունքներով տրամադրել տեսանյութի պատճենը, եթե այն սահմանված կարգով չի ոչնչացվել:
9. Վարչական վարույթի վերաբերյալ էլեկտրոնային գործերը շտեմարանի ընթացիկ հատվածում պահպանվում են մինչեւ դրանց ավարտը, իսկ ավարտից հետո տեղափոխվում շտեմարանի արխիվ, իսկ օրենսդրությամբ՝ արխիվում պահպանման համար սահմանված ժամկետի ավարտից հետո ոչնչացվում են (հեռացվում են շտեմարանից):
10. Վարչական ակտի հասցեատիրոջը հանձնվող (իրազեկվող, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կայքում տեղադրվող) վարչական ակտում զետեղված՝ իրավախախտումն ամրագրած տեսանյութի կադրում կամ լուսանկարում արձանագրված անձանց պատկերները մթնեցվում են:
11. Այն դեպքերում, երբ կատարած իրավախախտման համար անձը համարվել է նախազգուշացված, ապացույցները (նախազգուշացում նշումով) հասանելի են դարձվում էլեկտրոնային ձեւով՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կայքում տեղադրելու եղանակով: Դրանց վերաբերյալ անձը տեղեկացվում է այլ իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող վարչական ակտի ծանոթագրությամբ: Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը օրենքով սահմանված կարգով անձին պետք է հանձնվի էլեկտրոնային փոստով, ապա նախազգուշացված համարելու հիմք հանդիսացած ապացույցները (նախազգուշացում նշումով) եւս ուղարկվում են նույն էլեկտրոնային փոստով:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 2-րդ մասում «հարուցում» բառից հետո լրացնել «,իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի» բառերը, իսկ «7-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրում» բառերով.
2) 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Եթե իրավախախտումը կատարվել է պետական (պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնքային կառավարչական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպությանն ամրացված (պատկանող) տրանսպորտային միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը, իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո 5 օրվա ընթացքում, գրավոր հարցում է կատարում համապատասխան կազմակերպությանը (հարցումը կարող է ուղարկվել նաեւ կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստին):
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցումն ստացած կազմակերպության ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը պարտավոր է 5-օրյա ժամկետում վարչական մարմնին գրավոր հայտնել, թե իրավախախտման կատարման պահին ում է ամրացված եղել (ով է վարվել) տրանսպորտային միջոցը: Գրավոր պատասխանում նշվում են անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, վարորդական վկայականի սերիան եւ համարը, եւ կցվում աշխատանքային պայմանագրի եւ տրանսպորտային միջոցի ամրացման փաստաթղթի պատճենը (եթե հարցումն ուղարկվել է կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստին, ապա դրա պատասխանը եւս կարող է ներկայացվել էլեկտրոնային փոստով):
6. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ կապույտ գույնի առկայծող փարոսիկով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված եւ տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի իրականացվում (չի հարուցվում):».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցներով կատարված եւ տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ նյութերը մինչեւ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը, վարչական մարմինն ուղարկում է համապատասխան պետական կառավարման մարմին՝ կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու համար:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «7 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հարցում կատարելու դեպքում՝ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պատասխանն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում».
2) 2-րդ մասում «եռօրյա ժամկետում, այն» բառերը փոխարինել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերով.
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով.
«5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ խախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստը կարող է ապացուցվել միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված ժամկետում վերադասության կարգով գանգատ ներկայացնելու կանոններին համապատասխան դիմում ներկայացնելու կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցմանը՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով պատասխանելու միջոցով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դիմումը պետք է ներկայացվի վարչական ակտի հասցեատիրոջ եւ խախտում կատարած անձի կողմից համատեղ եւ պետք է պարունակի խախտումը կատարած անձի անունը, ազգանունը, վարորդական վկայականի սերիան եւ համարը, բնակության վայրը, ինչպես նաեւ դրան պետք է կցվեն գանգատը ներկայացնող անձանց անձնագրերի եւ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճենները: Եթե տրանսպորտային միջոցն օգտագործվում է գրավոր պայմանագրի հիման վրա, ապա դիմումը կարող է ներկայացվել նաեւ խախտումը կատարած անձի կողմից՝ դրան կցելով պայմանագրի պատճենը:
7. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմում ներկայացվելու, սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելու փաստը հաստատվելու դեպքերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է համապատասխանաբար գանգատը ներկայացնելու կամ հարցման պատասխանն ստանալու օրվանից:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին եւ 7.2-րդ հոդվածներով.
«Հոդված 7.1. Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները
1. Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված եւ սույն օրենքով քննության ենթակա իրավախախտումների գործերով վարույթն իրականացվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծող կամ արտահանող (տրանսպորտային միջոցով որպես վարորդ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող) անձը:
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը կատարվել է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող անձանց կողմից, ապա այդ իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաեւ՝ վարչական ակտի կատարման կարգի եւ չկատարման իրավական հետեւանքների մասին հուշաթերթիկը) հասցեատիրոջը հանձնվում է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչեւ սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո՝ ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչեւ սահմանահատման թույլտվություն տալը, եթե մինչ այդ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով վարչական ակտը չի հանձնվել: Վարչական ակտի կատարման կարգի եւ չկատարման իրավական հետեւանքների մասին հուշաթերթիկի ձեւը սահմանում է Հաայստանի Հանրապետության ոստիկանության պետը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում վարչական ակտով իր վրա դրված պարտականությունները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չկատարելու դեպքում օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից 1 տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական ակտի կատարման՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վաղեմության ժամկետը հաշվարկվում է վարչական ակտը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հանձնելու օրվանից:
Հոդված 7.2. Տրանսպորտային միջոցները վարձույթ տալու (Rent car) գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարձույթով տրված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների հետեւանքը
1. Տրանսպորտային միջոցը վարձակալությամբ տալու գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից վարձակալությամբ տրված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների համար վարչական ակտերով նախատեսված գումարը վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո մեկ ամսվա ընթացքում չվճարվելու դեպքում, վարչական ակտերով գումարը վճարելու պարտականությունը կրում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերերը՝ տրանսպորտային միջոցը վարձակալած (վարող) անձի (խախտումը կատարած անձ) նկատմամբ հետադարձ պահանջի իրավունքով:
2. Վարչական ակտերով գումարը վճարելու պարտականություն ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը իրավունք ունի գանգատարկել վարչական ակտը օրենքով սահմանված կարգով՝ իրավաբանական անձի ղեկավարին կամ անհատ ձեռնարկատիրոջը իրազեկելու պահից։»:
Հոդված 5. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 11-ից:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մարտի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹեւԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ եւ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹեւԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ճանապարհային երթեւեկության անվտնագության ապահովման հիշյալ օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Նախագահիմոտ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում իրավասու հանրապետական գործադիր մարմիններին տրված հանձնարարականների պահանջների կատարմամբ: Տրված հանձնարարականներն, ի մասնավորի, հանգում են հետեւյալին.
- ճանապարհային երթեւեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու եւ հեռանկարային ծրագրեր առաջարկելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ստեղծել հանձնաժողով՝ ներգրավելով շահագրգիռ պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:
- Ապահովել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար կազմված վարչական ակտերի բողոքարկման եւ վերանայման գործընթացի դյուրացումը՝ ներդնելով նաեւ բողոքարկման էլեկտրոնային համակարգ:
- Համապատասխան իրավական ակտերի ընդունմամբ սահմանել արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների կողմից կատարվող խախտումների վարույթի /ծանուցման, վճարման, գանձման/ առանձնահատկություններ:
- Վերացնել ՃՈ ռեգիստրում առկա թերություններն ու բացթողումները, ինչպես նաեւ համապատասխան իրավական ակտով սահմանել ՃՈ ռեգիստրից օգտվողների եւ փոփոխություններ կատարողների լիազորությունների շրջանակը:
- Վերանայել «Հատուկ համարանիշներ» օգտագործողների շրջանակը, բացառելով համապատասխան մարմինների վարչատնտեսական եւ տեխնիկական աշխատանքներում ներգրավված ավտոմեքենաների հետագա շահագործումը, որպես «հատուկ համարանիշներով» ավտոմեքենաներ:
- Ապահովել պետական մարմիններին հատկացված եւ չհաշվառված համարանիշների հաշվառումը:
- ՀՀ ոստիկանությանը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը եւ ՀՀ ԿԲ-ին հանձնարարվել է մշակել, ներկայացնել 1-ին կետում նախատեսված հանձնաժողովի քննարկմանը եւ ներդնել ճանապարհային երթեւեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաեւ տուգանքների կրկնակի վճարման /գանձման/ դեպքերը բացառելու համակարգ:
- ՀՀ ոստիկանությանը եւ Օպերատիվ համարանիշներ օգտագործող մարմիններին հանձնարարվել է բացառել օպերատիվ համարանիշները օպերատիվ հետախուզական գործունեության հետ առնչություն չունեցող անձանց տրամադրման, ինչպես նաեւ իրավասու անձանց կողմից այդ համարանիշների ոչ նպատակային օգտագործման դեպքերը:
- ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարվել է օրենսդրությամբ կանոնակարգել վարչական ակտերի առաքման փոստային հասցեներում փոփոխություն կատարելու կարգը, բացահայտել առաքման փոստային հասցեներում փոփոխություններ կատարելու չհիմնավորված դեպքերը եւ իրավական գնահատական տալու նպատակով նյութերը ներկայացնել ՀՀ քննչական մարմիններին:
- ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ ոստիկանությանը եւ ՀՀ ԱԱԾ-ին հանձնարարվել է բացահայտել արտասահմանյան գրանցում ունեցող մեքենաների առանց մաքսային ձեւակերպման ՀՀ պետական սահմանը հատելու դեպքերը եւ ապահովել նման հնարավորության բացառումը:
- ՀՀ ֆինանսների նախարարությանը եւ ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է՝ ապահովել ՀՀ ժամանող ոչ ռեզիդենտների ծանուցումը՝ տեսալուսանկարահանող սարքերի միջոցով խախտումների արձանագրման եւ դրանց հնարավոր հետեւանքների մասին, ինչպես նաեւ քննարկել ՀՀ մաքսային սահմանը ավտոմեքենաներով հատող քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային մարմիններում առկա տեղեկատվությունը ՀՀ ՃՈ էլեկտրոնային համակարգին փոխանցելու եւ էլեկտրոնային համակարգերը միմյանց ինտեգրելու հարցը եւ ապահովել դրա իրականացումը:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացված նախագծերի փաթեթով փորձ է կատարվել լուծել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ Նախագահի կողմից առաջադրված մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝
1) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) փորձ է կատարվել լուծել հատուկ սուբյեկտներ համարվող, այն է՝ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների ծառայողներ, զինծառայողներ, ինչպես նաեւ զորահավաքների կանչված զինապարտներ, անձանց կողմից ծառայողական տրանսպորտային միջոցներով կատարվող իրավախախտումներով վարչական վարույթի իրականացման առանձնահատկությունը: Իրավաբանական անձանց պարագայում հստակեցվել է ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառում կատարվող խախտումների դեպքում պատասխանատվության սուբյեկտը:
Օրենսգրքի 123-րդ հոդվածում պատասխանատվություն է նախատեսվել առջեւի հողմապակին թաղանթապատելու համար: Միեւնույն ժամանակ, նույն հոդվածում նվազեցվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելու համար սահմանված տուգանքի չափը, ինչպես նաեւ ավելացվել է խրախուսական նորմ, ըստ որի՝ վարչական պատասխանատվություն չի կիրառվում, եթե մինչեւ լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելը վարչական իրավախախտում կատարած անձը վերացրել է թույլ տված իրավախախտումը եւ ներկայացրել ապացույցներ այդ մասին:
Նմանատիպ խրախուսական նորմեր են նախատեսվել նաեւ Օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին մասով եւ 123.4-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերի համար:
Օրենսգրքի 123.5-րդ հոդվածում խստացվել է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքի չափը, ինչպես նաեւ նախատեսվել է պատասխանատվություն նույն արարքը մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու եւ մեկ տարվա ընթացքում, երրորդ եւ ավելի անգամ կատարելու համար: Ուժը կորցված է ճանաչվել տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելու համար նախատեսված վարչական պատասխանատվության դրույթը:
Օրենսգրքի 1236-րդ հոդվածում նախատեսվել է նախազգուշացման դրույթ` ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ձյունագնաց տրանսպորտային միջոցներ վարելը, բացառությամբ ճանապարհը ուղղահայաց հատելու դեպքերի համար:
Օրենսգրքի 124-րդ հոդվածում, որը վերաբերում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու, հստակեցվել են այն դեպքերը, երբ վարչական իրավախախտում կատարող անձը համարվում է վարչական պատասխանատվության չենթարկված:
Օրենսգրքի 126-րդ հոդվածում խստացվել են տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները, բացի այդ նախատեսվել է վարչական պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ ճանապարհատրանսպորտային պատահարից, որին նա առնչություն ունի, կամ ոստիկանության աշխատակցի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո՝ մինչեւ սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցկացնելուց նրան ազատելու որոշման ընդունումն օգտագործել է ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցներ:
Օրենսգրքի 128-րդ հոդվածում նախատեսվել է խրախուսական նորմ` իրավախախտումը հայտնաբերելու պահից 12 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթը ներկայացնելու դեպքերի համար:
Օրենսգրքի 264-րդ հոդվածում ավելացվել է դրույթ, որով Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալու, առանց տվյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելու, ինչպես նաեւ առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելու կամ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու դեպքերում Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող անձանց վարորդական վկայականները վերցվում են մինչեւ գործով կայացված որոշման կատարումը: Օրենսգրքի 283-րդ հոդվածում հստակեցվել են որոշման հանձնման հետ կապված դրույթները:
Օրենսգրքի 286-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է դրույթով, որը բացի այն անձից, ում նկատմամբ կայացվել է որոշումը, ինչպես նաեւ տուժողից, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու հնարավորություն է տալիս նաեւ այլ անձանց` օրենքով սահմանված դեպքերում:
Օրենսգրքի 287-րդ հոդվածում նախատեսվել է դրույթ, որը հնարավորություն է տալիս էլեկտրոնային փոստով գանգատարկել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, եթե այն հանձնվել է էլեկտրոնային փոստով:
Օրենսգրքի 288-րդ հոդվածով երկարացվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ ներկայացնելու ժամկետը:
Օրենսգրքի 291-րդ հոդվածով երկարացվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը եւ բողոքը իրավազոր մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից քննելու ժամկետը:
Օրենսգրքի 293-րդ հոդվածով հստակեցվում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատի կամ բողոքի առթիվ ընդունված որոշման պատճենը այն անձին, որի նկատմամբ այն ընդունված է, ինչպես նաեւ տուժողին ուղարկելու հետ կապված հարցերը:
Բացի այդ՝ նույն նախագծի անցումային դրույթներով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու (վճարված լինելու) դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
2) «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է անցում է վարչական վարույթի նյութերի պահման էլեկտրոնային տարբերակին եւ կանոնակարգվում է էլեկտրոնային նյութերի ստացման կարգը: Բացի այդ՝ կանոնակարգվում եմ ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված վարչական իրավախախտումների գործերով առանձնահատկությունները: Հստակեցվում են տրանսպորտային միջոցների վարձակալության դեպքում պատասխանատվության ենթակա սուբյեկտը եւ դրա հետեւանքները: Բացի այդ՝ հիշյալ նախագծով ներմուծվել է նաեւ վարչական իրավախախտումների հաշվարկման բալային համակարգ, որը հաշվարկվում է՝ սահմանված նվազագույն աշխատավարձը երկու բալ հաշվարկելու միջոցով: Հաշվարկը կատարվում է օրացույցային մեկ տարվա ընթացքում։ Ընդ որում՝ վարչական ակտով սահմանված պարտականությունը օրենքով սահմանված կարգով կատարելու (տուգանքը վճարելու), ինչպես նաեւ վարչական իրավախախտմանը հաջորդող երեք ամսում վարչական պատասխանատվության չենթարկվելու դեպքերում այդ վարչական ակտի հիման վրա հաշվարկված բալերը կիսով չափ նվազեցվում են: Մեկ օրացույցային տարվա ընթացքում չորս հարյուր բալից ավելի բալ հաշվարկվելու դեպքում անձը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ վեց ամիս ժամկետով։ Մեկ օրացույցային տարվա ընթացքում չորս հարյուր կամ պակաս բալեր հաշվարկվելու դեպքում հաջորդող տարվա հունվարի 1-ից կատարվում է նոր հաշվարկ։ Նոր հաշվարկի ժամանակ նախորդ տարվա բալերը չեն ներառվում։ Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում կայացվում է առանձին վարչական ակտ, որը սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հանձնվում է հասցեատիրոջը:»:
3) «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է որպես քրեորեն հետապնդելի արարք դիտարկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, որը կատարվել է նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, որը կատարվել է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը:
4) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժելու, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելու հիմք նախատեսել նաեւ այն դեպքը, երբ նա ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության եւ չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից անցել է մեկ տարի:
5) «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է վարչական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու պայմանների շարքը լրացնել նաեւ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտի վերաբերյալ պայմաններով:
6) «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով անդրադարձ է կատարվում այս բնագավառին առնչվող մի շարք բժշկական հարցերի կանոնակարգմանը, ի մասնավորի՝ սահմանվում են տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցման, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցման, ինչպես նաեւ տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական սահմանափակման հասկացությունները: Բացի այդ՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ վարորդներին արգելվում է ճանապարհատրանսպորտային պատահարից, որին նա առնչություն ունի, կամ ոստիկանության աշխատակցի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո՝ մինչեւ սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցկացնելուց նրան ազատելու որոշման ընդունումն օգտագործել ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցներ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից եւ քննարկվել ու լրամշակվել են ՀՀ վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 1157-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի լուծել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա արդիական համարվող մի շարք խնդիրներ: