Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-930-30.12.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.4-րդ հոդվածի 4-րդ ենթակետում «գունագեղ քարերի» բառերից հետո լրացնել «բացառությամբ վանակատի (օբսիդիան)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 19.4-րդ հոդվածի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4.1 ենթակետով.
 
«4.1 Վանակատի (օբսիդիան) յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ օգտակար հանածոների հանքավայրերի պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված են օբսիդիանի (վանակատի) չորս հանքավայրեր  (Դամլիկի, Արտենիի, Արթին լեռի եւ Արթին լեռի Սեւքարի տեղամաս), որոնք տրամադրված չեն շահագործման:

Ավելի քան  20 տարի հայկական վանակատ (օբսիդիան) բնական գունագեղ քարերը օգտագործվում են հուշանվերների եւ շինանյութերի արտադրության բնագավառներում:  Այդ արտադրանքի մեծ մասն արտահանվում է` ապահովելով համապատասխան մուտքեր պետական բյուջե: Սակայն տեղական ընկերությունները բարդությունների առջեւ են կանգնում օբսիդիանի հանքաքարի օրինական` փաստաթղթավորված կերպով ձեռք բերելու հարցում, քանի որ օրինական գրանցված եւ աշխատող օբսիդիանի հանքավայրեր ներկայումս չկան: Վերոնշյալ հարցի լուծման համար խոչընդոտ է հանդիսանում պետական տուրքի բարձր դրույքաչափը: Հաշվի առնելով, որ օբսիդիանի հումքի օգտագործման ծավալները շատ մեծ չեն (տարեկան 3500-5000 տոննա) ներկայումս գործող պետական տուրքի դրույքաչափի (բազայի տուրքի 10000-ապատիկի չափ) պայմաններում հանքի շահագործումը տնտեսապես դառնում է ոչ շահավետ:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի խթանում:

Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օբսիդիանի հանքաքար օգտագործող ընկերությունների եւ համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քննարկում: Անհրաժեշտություն է առաջացել Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում կատարել համապատասխան լրացումներ` նվազեցնել օբսիդիանի հանքավայրի շահագործման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափը: Օբսիդիանի հանքավայրի շահագործման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի նվազեցումը հնարավորություն կտա հանք շահագործող ընկերություններին շահագործել օբսիդիանի հանքավայրերը, ինչի արդյունքում օբսիդիանի հումք օգտագործող տեղական ընկերությունները կկարողանան փաստաթղթավորված կերպով ձեռք բերել անհրաժեշտ հումք:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ակնկալվող արդյունքը

Ներքին արտադրողի համար հումքային բազայի ապահովում, տեղական արտադրության զարգացում` նոր աշխատատեղերի ստեղծում, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում:

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ   ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի  ընդունման դեպքում

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին առնչվում, սակայն  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

  Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նվազեցվում է վանակատի (օբսիդիանի) յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափը:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են վանակատի (օբսիդիանի) շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է նվազեցնել օբսիդիանի հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափը, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով նախատեսվում է վանակատի (օբսիդիան) յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրք բազային տուրքի 10000-ապատիկի փոխարեն սահմանել 20-ապատիկի չափով:

Ելնելով վերոշարադրյալից՝ գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական ազդեցություն:

Եզրակացություն

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն: