Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 63-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«4) փոխանակությամբ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասում «եթե ներկայացվել է մասնակցության մեկ հայտ,» բառերը փոխարինել «եթե աճուրդի մասնակցության համար հայտ չի ներկայացվել,» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի առաջին նախադասությունում «պետության» բառից հետո լրացնել «եւ համայնքների» բառերը:
2. 1-ին մասի 4-րդ ենթակետի վերջին պարբերությունում՝ «հայտն ստանալու պահից մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հայտն ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
3. 2-րդ մասի 4-րդ ենթակետում «եթե պահանջվող հողամասը գտնվում է այլ անձի օգտագործման ներքո, հողօգտագործողի գրավոր համաձայնությունը:» բառերը փոխարինել «եթե պահանջվող հողամասը գտնվում է այլ անձի օգտագործման ներքո, լիազորված պետական մարմինը հողերի անհատույց (մշտական) օգտագործման տրամադրման հայտ ներկայացնելուց առնվազն մեկ ամիս առաջ պատշաճ կերպով ծանուցելով հողօգտագործողին՝ ստանում է հողօգտագործողի գրավոր համաձայնությունը:» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 76-րդ հոդվածի վերնագրում «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.
«Մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու եւ մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով համայնքի ղեկավարը սահմանում է մրցութային պայմանները միասնական կշռային գործակցով գնահատման մեթոդ:»:
Հոդված 6. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերության «առաջարկած» բառից հետո լրացնել «եւ կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած» բառերը:
Հոդված 7. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասում «եթե մրցույթին ներկայացվել է միայն մեկ հայտ» բառերը փոխարինել «եթե մրցույթին մասնակցության համար հայտ չի ներկայացվել» բառերով:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը.
ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կողմից հաստատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի ուսումնասիրության ենթակա տնտեսության մի շարք ոլորտներ, որոնցից է` հողային հարաբերությունների ոլորտը: Սույն փաստաթղթով ներկայացվում է պետական եւ համայնքային հողերի կառավարման ոլորտը, որի ուսումնասիրությունն ուղղված է այդ ենթաոլորտում կարգավորող իրավական ակտերի կրճատմանը, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատմանը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Հողային ոլորտի օրենսդրական դաշտի վերջին զարգացումների հետ կապված հողային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը, մասնավորապես՝ ՀՀ հողային օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) եւ հողային հարաբերությունները կարգավորող մի շարք իրավական ակտեր կարիք ունեն վերանայման: Մասնավորապես՝
1) ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի եւ օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ (այսուհետ՝ որոշում) պետական եւ համայնքային հողամասերի օտարման ձեւերից մեկը՝ փոխանակությամբ օտարելն է, ինչը բացակայում է ՀՀ հողային օրենսգրքում:
2) Հողամասերն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելիս՝ եթե պահանջվող հողամասը գտնվում է այլ անձի օգտագործման ներքո, պահանջվում է հողօգտագործողի գրավոր համաձայնությունը, նրա չհամաձայնվելու դեպքում նրա իրավունքները այդ հողամասի նկատմամբ դադարում են: Հստակ կարգավորված չեն բիզնես գործընթացի քայլերը եւ ժամկետները, մերժման հիմքերը, հողօգտագործողին՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ժամկետներում պատշաճ կերպով ծանուցելը: Համայնքի ղեկավարի կողմից որոշում ընդունելու մեկ ամսյա ժամկետը հնարավոր է կրճատել, եւ սահմանել որոշման հիման վրա համապատասխան պայմանագրի կնքման ժամկետ:
3) Կան ակնհայտ բացթողումներ Օրենսգրքի 76-րդ հոդվածի վերնագրում:
4) Աճուրդի (մրցույթի) չկայացման հիմք է հանդիսանում նաեւ մեկ հայտ ներկայացված լինելու փաստը, ինչը հակասում է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքին: Մեկ հայտով աճուրդի (մրցույթի) կայանալը ծախսերի եւ ժամանակի առումով ձեռնտու է թե հող վաճառողին, եւ թե գնորդին: Գործող օրենսդրությամբ մեկ հայտով աճուրդը կամ մրցույթը չկայանալու դեպքում հող օտարողը կամ տրամադրողը կրկին աճուրդ (մրցույթ) է կազմակերպում, իսկ այն նույն հիմքով չկայանալու դեպքում՝ հողը օտարվում է ուղղակի վաճառքով կամ տրամադրվում է առանց մրցույթի: Կրկնաճուրդի (կրկնամրցույթի) դեպքում հողի մեկնարկային արժեքը օրենքով սահմանված կարող է փոփոխվել եւ հողը տրամադրվել ավելի «էժան» գնով, որից օգտվում է գնորդը: Բացի այդ, երկու կողմերի համար այն ժամանակային ռեսուրսների վատնում է նշանակում: Հողի տրամադրողը սահմանված ընթացակարգերով արձանագրում է չկայացման փաստը, վերադարձնում է նախավճարները եւ կատարում այլ պարտադիր գործողություններ, ապա կազմակերպում նոր աճուրդ (մրցույթ): Չկայացման դեպքում նույն կերպ ժամանակ եւ ծախսեր է կատարում նաեւ գնորդը: Ավելին, աճուրդի (մրցույթի) չկայացումից խուսափելու համար հաճախ ստիպված է լինում ձեւական երկրորդ հայտատու գտնել: Բարդեցված այս բիզնես գործընթացը առաջացնում է նաեւ կոռուպցիոն ռիսկեր: Այս ամենի արդյունքում «էժան» գնով գնված հողը ավելի թանկ է արժենում, ուստի այն արդարացված գործարք չէ:
5) Մրցույթային կարգով հողամասերի օտարման դեպքում հաղթողին որոշելիս մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում առաջարկվող վարձավճարի (վճարի) չափը, որը մրցույթի պայմաններից մեկն է, ինչը հակասում է ՀՀ հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված՝ լավագույն պայմանների առկայությամբ հաղթող ճանաչելու դրությին:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն: Այդ համատեքստում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել հողային հարաբերությունների ոլորտում, մասնավորապես՝ պետական եւ համայնքային հողերի կառավարման ենթաոլորտում համապատասխան օրենսդրական փոփոխություններ:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Հիմք ընդունելով Բարեփոխումների խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերանայման միջոցով, հաշվի առնելով արձանագրված գործող իրավիճակը եւ վերոնշյալ թվարկված խնդիրները, առաջարկվում է.
1) Օրենսգրքի 63-րդ հոդվածում լրացնել փոխանակությամբ օտարվելու ձեւը՝ վերացնելու Օրենսգրքի եւ Որոշման միջեւ տեղ գտած հակասությունները,
2) Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել, որ մեկ հայտով աճուրդը կայացած է համարվում՝ կրճատելու համար գործող բարդեցված գործընթացը, դրանով նաեւ՝ հողի տրամադրողի եւ գնորդի կողմից չհիմնավորված ծախսերը եւ ժամանակը :
3) 75-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հողամասը այլ հողօգտագործողից վերցնելու պարագայում նրան առնվազն մեկ ամիս առաջ ծանուցելու մասին դրույթով, քանի որ տեղի է ունենում գործող հողօգտագործողի իրավունքների խախտում, ինչպես նաեւ կրճատել համայնքի ղեկավարի կողմից հողերը լիազոր մարմնի հայտի ստացման պահից օգտագործման տալու չհիմնավորված մեկամսյա ժամկետը՝ մինչեւ 15 աշխատանքային օր:
4) 76-րդ հոդվածի վերնագրում «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման» բառերով, քանի որ հոդվածը վերաբերվում է նաեւ կառուցապատման իրավունքին:
5) Օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանել, որ մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու եւ մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով մրցութային հանձնաժողովը սահմանում է մրցութային պայամանների կշռային գործակցով գնահատման մեթոդ՝ ապահովելու գնահատման գործընթացի օբյեկտիվ չափանիշներ:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը.
Առաջարկված օրենսդրական կարգավորումը քաղաքացիների եւ բիզնեսի համար առաջարկելու է առավել կարգավորված եւ հստակեցված գործընթացներ, որոնց արդյունքում կպաշտպանվեն նրանց իրավունքները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է, սակայն ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հստակեցվում են պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի օտարման, ուղղակի վաճառքի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ Նախագծով պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի աճուրդի (մրցույթի) չկայացման հիմք չի հանդիսանա մեկ հայտ ներկայացված լինելու փաստը:
Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է որոշակի դրական ազդեցություն: Նախագծով նախատեսվում է որոշակի կարգավորումներ սահմանել հողային հարաբերությունների ոլորտում, մասնավորապես՝ պետական եւ համայնքային հողերի կառավարման ենթաոլորտում: Այդ թվում` առաջարկվում է
կրճատել համայնքի ղեկավարի կողմից համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերն առանց մրցույթի, անհատույց օգտագործման տալու համար սահմանված ժամկետը,
վերացնել պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողերի վաճառքն աճուրդով իրականացնելու դեպքում որպես աճուրդի չկայացման հիմք` մրցույթի համար մեկ հայտ ներկայացված լինելու փաստը:
Նշված փոփոխությունների արդյունքում կկրճատվեն գործարար համայնքի ներկայացուցիչների գործունեությանը որոշակիորեն խոչընդոտող դրույթները, մասնավորապես` կնվազեն հողի տրամադրման ընթացակարգերի համար սահմանված ժամկետները, ինչպես նաեւ ծախսերը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: