Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41-րդ կետով ՝
«41. Լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի թույլտվության եւ պետական գրանցում կատարելու համար՝
ա) ֆիզիկական անձանցից | բազային տուրքի հնգապատիկի չափով |
|
բ) իրավաբանական անձանցից` հաստիքացուցակային յուրաքանչյուր լոբբիստի համար |
բազային տուրքի տասնապատիկի չափով:»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Լոբբիստական գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Օրենսդրական փաթեթի նպատակն է քաղաքակիրթ, իրավական բնույթ տալ հասարակության եւ իշխանության փոխգործակցության գործընթացին, ինչպես նաեւ հնարավորություններ ընձեռել քաղաքացիների տարբեր խմբերին եւ կազմակերպություններին` իշխանության մարմինների կողմից որոշումների ընդունման գործընթացների վրա ազդեցության համար:
Միաժամանակ, լոբբիստական գործունեությունը կարգավորող օրենսդրությունը կարող է հանդիսանալ հզոր հակակոռուպցիոն գործիք եւ պայմաններ կստեղծի քաղաքացիական հասարակության կողմից պետության կառավարմանը մասնակցություն ունենալու համար:
«Լոբբիստական գործունեության մասին» օրենքի նախագիծը կարգավորում է լոբբիստների եւ լոբբիստական կազմակերպությունների իրավական կարգավիճակը` դրանց ստեղծման, գրանցման կարգը, իրավունքների ոլորտը, հաշվետվության կարգը եւ բնույթը: Օրենքի նախագծով սահմանված է նաեւ լոբբիստական կազմակերպությունների գործունեության վերահսկման մեխանիզմը, ինչը թույլ կտա նվազեցնել պետական իշխանության մարմիններում կոռուպցիայի ներթափանցումը:
Ներկայացված օրինագծի համաձայն լոբբիստական գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պետք է ստանան համապատասխան պետական գրանցում եւ լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի արտոնագիր: Օրինագծով սահմանվում է նաեւ, որ լոբբիստական գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պարտավոր են իրենց գործունեության մասին հաշվետվություններ ներկայացնել լիազորված մարմնին, ինչը թույլ կտա ապահովել նրանց գործունեության թափանցիկությունը։ Միաժամանակ, լոբբիստական գործունեության իրականացման անհրաժեշտ պայման է դիտվում համապատասխան կանոնակարգերի համաձայն լոբբիստների հավատարմագրումը։ Օրինագիծը սահմանում է նաեւ լոբբիստական գործունեության մեթոդները:
Ներկայացված օրենսդրական փաթեթի մաս կազմող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է վարչական տուգանքի նշանակում` առանց համապատասխան գրանցման լոբբիստական գործունեություն իրականացնելու համար:
Միաժամանակ, լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի թույլտվության եւ պետական գրանցում կատարելու համար նախատեսվում է գանձել պետական տուրք, որի չափերը սահմանված են օրենսդրական փաթեթում ներառված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծով: