Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-933-12.01.2016-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաuտանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 կետով.

«1.1 Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հեռուստաընկերությունները Հայաստանի Հանրապետության տարածքում եթերով հեռարձակվող կինոֆիլմերը պարտավոր են ցուցադրել պետական հայերեն լեզվով:»

Հոդված 2. Օրենքի 60-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 կետով.

«4.1 Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հեռուստաընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող կինոֆիլմերը ոչ հայերեն լեզվով ցուցադրելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:
 

Հիմնավորում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Սույն օրենքի անհրաժեշտությունը թելադրված է պարզ տրամաբանությամբ. այն է` մայրենի, պետական լեզվի` հայերենի, պահպանություն եւ զարգացում: Ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ երկրում հեռուստատեսությամբ կինոֆիլմերը ցուցադրվում են տվյալ երկրի պետական լեզվով, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պետք է ցուցադրվեն հայերենով: Օտար լեզվով ֆիլմերի դիտումն ինքնին առաջացնում է օտարալեզու մտածողություն եւ տարիների ընթացքում առաջացնում է մարդկանց մոտ նախապատվություն օտար լեզվի նկատմամբ: Հայապահպանության ու առաջին հերթին ազգային լեզվի պահպանման եւ տարածման հարցում տվյալ նախագիծը կունենա անփոխարինելի եւ նույնիսկ պատմական նշանակություն: Հատուկ ընդգծում եմ, որ իմ նախագիծը ուղղված է բացառապես հայերենի պահպանմանն ու  զարգացմանը եւ նպատակ ունի արգելելու հայկական հեռուստաալիքներով կինոֆիլմերի ցուցադրությունը թե՛ կորեյերեն, թե՛ պորտուգալերեն, թե՛ արաբերեն, թե՛ թուրքերեն եւ թե՛ ցանկացած այլ օտար լեզվով: