Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-939-22.01.2016-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԹԻՎԸ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԱԺՈ-004-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 62-րդ հոդվածի առաջին մասով, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 192-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները եւ գործունեության ոլորտները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 31-ի  ԱԺՈ-004-Ն որոշման 1-ին կետի «ը» ենթակետը  «կանոնակարգ» բառից հետո լրացնել «,Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածուի առաջարկում» բառերով:

2. Ազգային ժողովին Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) պաշտոնում ընտրելու համար թեկնածու է առաջարկվում  Հայաստանի Հանրապետության պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշմամբ՝ Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի գրավոր դիմումով ներկայացված թեկնածուների թվից:

3. Պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները Հանձնաժողովի նախագահին են  ներկայացվում սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 5 օրվա ընթացքում: Դիմումին կցվում են Պաշտպանի թեկնածուի՝

1) անձնագրի պատճենը,

2) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

3) կենսագրությունը,

4) տեղեկանք՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին,

5) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը:

4. Սույն որոշմամբ սահմանված կարգով ընտրված  Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները Հանձնաժողովի նախագահին են  ներկայացվում Պաշտպանի պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունման պահից եւ գործում է մինչեւ Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԹԻՎԸ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի  ԱԺՈ-004-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 192-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 10-րդ գլուխը եւ դրանում ներառված՝ 192-րդ հոդվածի 1-ին մասը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 209-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ուժի մեջ են մտել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» Սահմանադրության փոփոխությունները հրապարակվելու հաջորդ օրվանից (22.12.2015), սակայն Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 192-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգ դեռեւս սահմանված չէ:

Հաշվի առնելով, որ սույն որոշման նախագծի ներկայացման պահին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր է, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում՝ սույն նախաձեռնությամբ առաջարկվում է.

1) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները եւ գործունեության ոլորտները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 31-ի  ԱԺՈ-004-Ա որոշման մեջ լրացում կատարելով՝ սահմանել, որ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն է իրավասու Ազգային ժողովին ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկություն, հաշվի առնելով մասնավորապես՝ սահմանադրական փոփոխությունների, պետական մարմինների կազմավորման, ինչպես նաեւ օրենսդրական ակտերի կատարելագործման  գործընթացում նշված հանձնաժողովի կարեւոր դերը.

2) սահմանել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգ եւ ժամկետներ, հաշվի առնելով, որ  2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 192-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք, իսկ 2015թ. դեկտեմբերի 22-ից նույնպես ուժի մեջ մտած՝ 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Նախագծով առաջարկվում է նաեւ ավելացնել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման ժամկետը՝ սահմանված կարգով ընտրված Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 210-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կանոնակարգը եւ Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքը պետք համապատասխանեցվեն Սահմանադրությանը եւ ուժի մեջ մտնեն մինչեւ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՝ առաջարկվում է սահմանել, որ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության սույն կարգը գործելու է մինչեւ Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը, որից հետո՝ կգործի նշված սահմանադրական օրենքներով սահմանված կարգը: