Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 74-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ. ապահովում է գնորդի կողմից ձեռքբերված ապրանքների դիմաց անկանխիկ եղանակով վճարումների ընդունումը.».
2) 75-րդ կետից հանել «ինտերնետ տեղեկատվական համակարգերի կիրառմամբ» եւ «ոչ ռեզիդենտ» բառերը, իսկ «իրացում» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «մատակարարում» բառով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 75.1-ին կետով.
«75.1) առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ պետության կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (այդ թվում՝ ապրանքի սեփականատեր հանդիսացող), որի առեւտրի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվում եւ (կամ) կազմակերպվում է ապրանքների էլեկտրոնային առեւտուր.»:
Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.2) ապրանքների էլեկտրոնային առեւտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքների դեպքում առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի մասով հարկման բազան եւ եկամուտը որոշվում է ապրանքի մատակարարման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից.»:
Հոդված 3. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) ապրանքների էլեկտրոնային առեւտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարվող ապրանքները փոխադրման (փոխանցման) ավարտի պահին գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Ապրանքների էլեկտրոնային առեւտրի շրջանակներում առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից, օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ԱԱՀ-ի գծով պարտավորության հաշվարկման համար ապրանքի մատակարարման պահ է համարվում ապրանքի դիմաց անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարումը կատարելու օրը ներառող ամսվա վերջին օրը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 42-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) ապրանքների էլեկտրոնային առեւտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարված ապրանքի վերադարձի կամ վճարված ապրանքից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի հրաժարվելու դեպքում.».
2) 4-րդ մասի «5-րդ մասով» բառերը փոխարինել «5-րդ եւ 7-րդ մասերով» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Ապրանքների էլեկտրոնային առեւտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարված ապրանքի վերադարձի կամ վճարված ապրանքից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի հրաժարվելու դեպքում առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը պարտավոր է գործարքի ճշգրտման արդյունքներն ԱԱՀ-ի մասով արտացոլել այն հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 52-րդ եւ 53-րդ հոդվածներով սահմանված կարգով կազմվող եւ հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում, որում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ամբողջությամբ կամ մասնակի վերադարձվել է ապրանքի դիմաց վճարված գումարը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասի 1-ին կետից հանել «բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի,» բառերը.
2) 7-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենսգրքի 61-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «Ապրանքի մատակարարման» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ապրանքների մատակարարման դեպքերի,» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում առեւտրի էլեկտրոնային հարթակի միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարվող ապրանքի արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց ԱԱՀ-ի:»:
Հոդված 8. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետով.
«14) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ այլ պետության տարածք արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների՝ առեւտրի էլեկտրոնային հարթակի միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարումը: Սույն կետով սահմանված դեպքում ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է հարկային մարմին ներկայացվող՝ Օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությամբ:»:
Հոդված 9. Օրենսգրքի 69-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «դեպքերի» բառը փոխարինել «դեպքի» բառով.
2) 2-րդ մասում «9.1-ին եւ 9.2-րդ մասերով» բառերը փոխարինել «9.1-ին մասով» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 70-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետից հանել «, կամ առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքներ է մատակարարում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Ապրանքների էլեկտրոնային առեւտրի շրջանակներում, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ապա մատակարարվող ապրանքների մասով՝ անկախ ԱԱՀ-ի շեմից, Օրենսգրքով սահմանված կարգով, չափով եւ ժամկետներում՝
1) ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կրում է առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այն դեպքում, երբ առեւտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքները մատակարարվում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետության տարածքում.
2) ԱԱՀ-ը հաշվարկում եւ վճարում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այն դեպքում, երբ իր կողմից շահագործվող առեւտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքները մատակարարվում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետության տարածքում:»:
Հոդված 11. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից հանել «կամ էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքների մատակարարման» եւ «կամ էլեկտրոնային առեւտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը մինչեւ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ:»:
Հոդված 12. Օրենսգրքի 76-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է արտահանման հարկային հայտարարագիրը արտահանողի կողմից հարկային մարմին ներկայացնելու օրը» բառերը փոխարինել «գործարքի նկատմամբ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է հարկային մարմին ներկայացված արտահանման հարկային հայտարարագրով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված դեպքում ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացված տեղեկատվությամբ: Առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից ներկայացվող տեղեկատվության շրջանակը, տեղեկատվության հասանելիության եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 76.1-ին հոդվածով.
«Հոդված 76.1. Առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին տեղեկատվության ներկայացումը
1. Օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող ԵՏՄ անդամ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը յուրաքանչյուր ամսվա համար, բայց ոչ ուշ մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացնում տեղեկատվություն՝ առեւտրի էլեկտրոնային հարթակի միջոցով կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ԵՏՄ անդամ այլ պետությունում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման, ինչպես նաեւ այդ ապրանքների վերադարձի կամ վճարված ապրանքներից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հրաժարվելու դեպքերի վերաբերյալ: Առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակը եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 14. Օրենսգրքի 77-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «(այդ թվում՝ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի,» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Առեւտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման մասով կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այդ ապրանքներն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հանձնելու (փոխանցելու) օրը ներառող ամսվա համար, բայց ոչ ուշ՝ մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ներմուծման հարկային հայտարարագիր:»:
Հոդված 15. Օրենսգրքի 78-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից հանել «կամ էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքների մատակարարման» եւ «կամ էլեկտրոնային առեւտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առեւտրի շրջանակներում մատակարարված ապրանքների մասով ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե է վճարում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, Կառավարության սահմանած կարգով:».
3) 6-րդ մասում «7-րդ եւ 8-րդ» բառերը փոխարինել «7-րդ, 8-րդ եւ 9-րդ» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին հանձնելու (փոխանցելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:»:
Հոդված 16. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «փաստաբանական ծառայություն մատուցողները» բառերից հետո լրացնել «, առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործողները» բառերը:
Հոդված 17. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «անհատ ձեռնարկատերերը» բառերից հետո լրացնել «, առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործողները» բառերը:
Հոդված 18. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.2-րդ մասում՝
1) «ԵՏՄ անդամ այլ պետության» բառերից հետո հանել «ոչ ռեզիդենտ» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Հարկային մարմնում հաշվառված առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործողների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:»:
Հոդված 19.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 13-րդ հոդվածի դրույթների կիրարկումն ապահովող համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքներն ավարտելու օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 12-րդ եւ 15-րդ հոդվածների 2-րդ կետերի, 13-րդ հոդվածի դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում: