Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-941-04.02.2016-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ  հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Խորհրդի կազմում որպես հիմնադրի, լիազոր մարմնի ներկայացուցիչ չեն կարող նշանակվել քաղաքական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձիք, քաղաքական կուսակցության կառավարման մարմինների անդամները:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծի ընդունման հիմնական նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատությունները առավելագույնս հեռու պահել քաղաքական կուսակցությունների հնարավոր ազդեցություններից:

Ներկայումս, գրեթե բոլոր ԲՈՒՀ-երի խորհուրդների նախագահներն իշխող կուսակցության ներկայացուցիչներն են, որն էապես ազդում է տվյալ ԲՈՒՀ-ի գործունեության, ինչպես նաեւ տվյալ ԲՈՒՀ-ի վերաբերյալ հասարակական ընկալումների վրա:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձիք հիմնականում ներկայացնում են երկրում գործող քաղաքական կուսակցությունները, ապա՝ զրկելով վերոնշյալ անձանց բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի անդամ դառնալու հնարավորությունից, կվերափոխվի ԲՈՒՀ-երի ներկայիս գերքաղաքականացվածությունը:

Կրթական համակարգերը պետք է զերծ մնան տարատեսական քաղաքական խաղերից, քաղաքական շահարկումների թիրախ դառնալուց, այդ դեպքում միայն ԲՈՒՀ-երը կպատրաստեն անկախ մտածելակերպով, բարձր իրավագիտակցությամբ  օժտված կառավարման համակարգի համար պիտանի մասնագետներ: Ապաքաղաքականացնելով ԲՈՒՀ-ական խորհուրդները՝ դրանով իսկ ԲՈՒՀ-ական խորհուրդների համար հնարավորություն կընձեռվի վերջիններիս կողմից առավել անկախ որոշումներ կայացնել:

Եթե նույնիսկ ընդունենք, որ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները (ՀՀ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, նախարարներ, քաղաքապետ եւ այլն) որեւէ ձեւով չեն ազդում ԲՈՒՀ-երի կառավարման արդյունավետության, կամ որոշումների կայացման անկախության վրա, ապա՝ հաշվի առնելով վերոնշյալ անձանց գերզբաղվածությունը՝ առաջարկվող օրինագծը հնարավորություն է ընձեռում նրանց ազատվել ԲՈՒՀ-երի խորհուրդնեում սիմվոլիկ ներկայացվածության պարտականությունից:

Առաջարկվող օրենքի նախագծով հավասար հնարավորություններ կստեղծվի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների՝ բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման վրա ազդեցություն ունենալու առումով եւս:

Հաշվի առնելով, որ սահմանադրական բարեփեխումների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ բավականաչափ քաղաքականացվեց այս հարցը, ապա՝ օրենսդրորեն ամրագրելով ԲՈՒՀ-երի խորհուրդների ապաքաղաքականացումը, դրանով իսկ կբացառվի ԲՈՒՀ-երի խորհուրդների հնարավոր դերրակատարումը առաջիկա ընտրություններում եւ կնպաստենք վերջիններիս՝ ընտրական գործընթացների վրա այս կամ այն ազդեցություն ունենալը չշահարկելուն: