Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-943-05.02.2016-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 1-ի  ՀՕ-203-Ն օրենքը (այսուհետ՝ օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1 հոդվածով.

«Հոդված 5.1  Հայաստանի Հանրապետության կառավարությունը վեց ամիսը մեկ անգամ իրականացնում է  սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն:

Արտահիվանդանոցային պայմաններում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բժշկական ծառայությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաջարկվող օրենքի նախագծի հիմնական նպատակն է նպաստել՝ սահմանամերձ գյուղերում բնակվող ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի բարելավվմանը՝ իրականացնելով պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն տարվա մեջ առնվազն երկու անգամ: Նախագիծը նպատակաուղղված է ՀՀ սահմանամերձ բնակչության սոցիալական կարիքների բավարարմանը, ինչպես նաեւ սահմանամերձ բնակավայրերից քաղաքացիների արտահոսքի կրճատմանը:

Ներկայումս, սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները՝ ելնելով ֆինանսական սուղ պայմաններից, ինչպես նաեւ լինելով բավականին հեռու առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունից, որտեղ նրանք սահմանված կարգով գրանցված են, շատ հաճախ չեն իրականացնում անհրաժեշտ պրոֆիլակտիկ զննումներ: Սա կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի որոշ հիվանդություններ, որոնք հնարավոր էր հայտնաբերել զարգացման վաղ շրջանում եւ կանխել այն՝ էլ ավելի խորանա, հետեւաբար ավելի դժվարանա դրանց բուժման ընթացքը:

Նախագծով առաջարկվում է 2016 թվականի հուլիսի 1-ից 6 ամիսը մեկ անգամ իրականացնել ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում բնակչության պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կկրճատվի սահմանամերձ գյուղերում բնակվող ՀՀ քաղաքացիների հիվանդությունների թիվը, կբարձրանա նրանց աշխատունակությունը: Այսպիսով, ունենալով առողջ բնակչություն սահմանամերձ համայնքներում, դրանով իսկ կնպաստենք ՀՀ սահմանների էլ ավելի արդյունավետ պահպանմանը: