Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-942-04.02.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013թ. դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ի մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ` 3-րդ կետով.

«3) դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ  այդ հանգամանքները հայտնի չէին եւ չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց կամ հայտնի են եղել, սակայն իրենցից անկախ պատճառներով չէին կարող ներկայացվել դատարան, եւ այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարվող լրացումը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի 2015 թվականի հունիսի 26-ի ՍԴՈ-1222 որոշման պահանջների կատարման, դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումները օրենքում իրացնելու անհրաժեշտությամբ:

Օրենսգրքի 181-րդ հոդվածը, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի, սահմանում է նոր երեւան եկած հանգամանքների սպառիչ ցանկ՝ դատարանին թույլ չտալով ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման նպատակով հետազոտման եւ գնահատման առարկա դարձնել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այլ հանգամաքներ:

ՀՀ սահմանադրական դատարանը, 2015թ. հունիսի 26-ին քննարկելով Օրենսգրքի 181-րդ հոդվածի սահմանադրականությունը, արձանագրել է, որ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման այնպիսի իրավակարգավորումը, համաձայն որի՝ էականորեն սահմանափակվում են ապացուցողական նշանակություն ունեցող փաստական այլ հանգամանքների իրավագնահատման պատշաճ դատավարական գործընթացներն այն դեպքում, երբ այդպիսի հանգամանքների օբյեկտիվ գոյությունն անխուսափելիորեն հանգեցնում է (կհանգեցնի) դատական այլ որոշման, քան մինչ այդ հանգամանքերի երեւան գալը կայացվել է, կամ որ նույնն է՝ արդար, հիմնավոր, օրինական դատական ակտի կայացմանը, հետեւաբար՝ նաեւ անձի խախտված իրավունքների վերականգնմանը, սահմանափակում է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներով երաշխավորված՝ անձի արդյունավետ եւ մատչելի դատաքննության իրավունքը, հակասում է արդարադատության բուն նպատակներին եւ ՀՀ սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներում եւ 6-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին:

Օրենսգրքի 181-րդ հոդվածն այն առումով, որով արգելափակվում է ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականության վիճարկումը նոր երեւան եկած իրավաչափ այլ հանգամանքների հիմքերով՝ հանգեցնելով անձի՝ դատարանի մատչելիության եւ արդար դատաքննության իրավունքների սահմանափակման, ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է այն ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի երկրորդ մասին, 18-րդ եւ 19-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր:

Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում երաշխավորելու դատական ակտի վերանայման գործառույթի արդյունավետ իրականացման հնարավորությունը՝ ապահովելով դատական ակտերի վերանայման նպատակի եւ խնդիրների իրացում եւ միաժամանակ անձի՝ արդարադատության մատչելիության եւ արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրականացում: