Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ «36)» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«36) ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող հարկ վճարողի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում դրա շահագործումից ստացված եկամուտների չափով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
2011 թվականին ընդունված «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքին կից մի շարք օրենքներում կատարվեցին փոփոխություններ եւ/կամ լրացումներ, որոնք նախատեսում էին հարկային եւ մաքսային արտոնություններ: Մասնավորապես, «Շահութահարկի մասին» եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում տեղ գտան դրույթներ, որոնց համաձայն՝ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող, ազատ տնտեսական գոտու տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի՝ դրա շահագործումից ստացված եկամուտն էր նվազեցվում համախառն եկամտից կամ շահութահարկի գումարը՝ 100%-ի չափով:
2013 թվականից ուժը կորցրած ճանաչվեց «Եկամտահարկի մասին» օրենքը, եւ սկսեց գործել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը, որտեղ եկամտային հարկի գծով արտոնություններ նախատեսված չէին ազատ տնտեսական գոտու տարածքում գործունեություն իրականացնող հարկ վճարողների (անհատ ձեռնարկատերերի) համար: Գործող օրենսդրության պայմանները հարկման տեսանկյունից անհավասար են այն անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում են ստանալ շահագործողի թույլտվություն եւ գործունեություն իրականացնել ազատ տնտեսական գոտիների տարածքներում:
Օրենքի նախագծի ընդունումը կվերացնի հարկման անհավասար պայմանները ազատ տնտեսական գոտու շահագործող անհատ ձեռնարկատերերի համար, ինչը հնարավորություն կստեղծի զարգացնելու ազատ տնտեսական գոտիները, որոնք ուղղված են արտահանման խթանմանը եւ նպաստում են տնտեսական զարգացմանը: