Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12022-02.12.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերում «որոնք ենթակա չեն հրապարակման» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 26.1-ին հոդվածում՝

1) 7.1.-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7.1. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տվյալների եւ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տվյալների համադրության արդյունքում արձանագրված խնդիրների եւ անհամապատասխանությունների առնչությամբ Հանձնաժողովը թեկնածուից պահանջում եւ ստանում է պարզաբանումներ:»:

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7.2-րդ եւ 7.3-րդ մասերով.

«7.2. Թեկնածուից ստացած պարզաբանումների վերլուծության եւ համադրման արդյունքում կազմվում է անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ եզրակացության նախագիծը: Բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագիծն ուղարկվում է անձին (թեկնածուին) բարեվարքության հարցաթերթիկում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Նախագծում Հանձնաժողովի անդամների անհատական քվեարկության նախնական արդյունքներն ապանձնավորվում են: Անձը (թեկնածուն) եռօրյա ժամկետում կարող է բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագծի վերաբերյալ ներկայացնել առարկություններ եւ լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր:

7.3. Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագծի եւ անձի (թեկնածուի) կողմից ներկայացված առարկությունների համադրության արդյունքում կազմում է անձի բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը:»:

3)  12- րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12. Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ եւ չի տրամադրվում այլ անձանց՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ եզրակացությունների եզրափակիչ մասի: Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը ենթակա է հրապարակման օրենքով սահմանված դեպքերում:»:

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12.1-ին մասով.

«12.1. Հանձնաժողովը անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը միաժամանակ ներկայացնում է անձին (թեկնածուին) եւ նրան նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմին: Անձը (թեկնածուն) կարող է նշանակող կամ ընտրող մարմնին եւ Հանձնաժողովին ներկայացնել նաեւ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության վերաբերյալ իր առարկությունները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: