Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ - 118 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3.1-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի «ավտոմեքենաներ» բառից հետո լրացնել «բացառությամբ` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ավտոմեքենաների» բառերը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի 2-րդ պարբերությունից հանել «,կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների մասով» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ ԵՏՄն հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների եւ կապիտալի ազատ տեղաշարժ: Նշված սկզբունքն ամրագրված է նաեւ ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում: Այս տեսանկյունից, Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումը, մեր կարծիքով, հակասում է այդ սկզբունքին, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է: Ուստի, նախագծով առաջարկվում է վերացնել այդ հակասությունը եւ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք: