Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածից հանել «տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
Համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի՝ կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-3 տարի ժամկետով:
2015 թվականի դեկտեմբերի 06-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո բազմաթիվ քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել նշված հոդվածով[1][2][3] : Բոլոր այս քաղաքացիները տուգանվել են 500.000-600.000 ՀՀ դրամի սահմաններում: Այսպես օրինակ՝ Կարինե Ստեփանյանը (No.1/07 ընտրատեղամաս) դատապարտվել է տուգանքի` նվազագույն 500.000 ՀՀ դրամի չափով (քրեական գործ ԵԱՆԴ/0003/01/16[4] ), Նարինե Հովհաննիսյանը (No.2/32, ընտրատեղամաս, ԵԱՆԴ/0004/01/16[5] ) տուգանվել է 500.000 ՀՀ դրամի չափով[6] , Վարդանուշ Աթեյանը (No.8/20 ընտրատեղամաս, ԵՄԴ/0003/01/16[7] ) եւս դատապարտվել է 500.000 ՀՀ դրամի չափով տուգանքի, Գոռ Թումանյանը (No.10/15 ընտրատեղամաս, ԵԿԴ/0008/01/16[8] ) ենթարկվել է 600.000 ՀՀ դրամ տուգանքի, Մհեր Ռշտունին (No.10/14 ընտրատեղամաս) տուգանվել է 500.000 ՀՀ դրամի չափով[9] , Վառլամ Պապիկյանը (խախտումը՝ No.34/20 ընտրատեղամասում, ՇԴ2/0003/01/16) դատապարտվել է 500.000 ՀՀ դրամի չափով տուգանքի[10] եւ այլն: Ընդ որում, նրանցից որեւէ մեկն աշխատանքից չի ազատվել՝ դիտավորյալ հանցագործության համար դատվածություն ունենալու հիմքով:
Նշված հանցագործության հեղինակները, գողանալով այլ քաղաքացիների քվեն, ոտնձգում են ժողովրդավարության դեմ, միաժամանակ ոտնահարելով նաեւ Սահմանադրությունը, որի 1-ին հոդվածով Հայաստանը հռչակվել է ժողովրդավարական պետություն: Հանրաքվեի եւ ընտրությունների միջոցով քաղաքացու՝ պետության կառավարմանը մասնակցելու իրավունքը չափազանց բարձր արժեք է, որը քաղաքացին կարող է իրացնել մի քանի տարին մեկ անգամ, եւ քաղաքացու այդ սահմանադրական իրավունքը խախտողների դեմ պետք է կիրառվի համարժեք պատիժ՝ բացառապես ազատազրկման ձեւով:
Ինչ վերաբերում է տուգանքին, այն չափազանց մեղմ պատժատեսակ է նման արարքի կատարման համար եւ չի կարող ապահովել պատժի՝ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված նպատակները: Ավելին, ակնհայտ է, որ նման հանցագործության կատարման համար անձը պետք է հետապնդի որեւէ շահ, ինչպիսին կարող են լինել իր կուսակցության շահը, հանցագործության դրդչի կամ այլ հանցակցի կողմից նյութական կամ այլ հատուցման տրամադրումը եւ այլն: Դժվար չէ կռահել, որ հանցագործության բացահայտման դեպքում, երբ որպես պատիժ կիրառվում է տուգանք, այդ գումարը վճարվում է հանցանքի «պատվիրատուի» կողմից: Այսպիսով, ո՛չ վերականգնվում է սոցիալական արդարությունը, ո՛չ հանցավորն է ուղղվում՝ գիտակցելով, որ իր արարքի համար գործում է պատիժ, ո՛չ էլ հետեւաբար կանխվում են նման բնույթի այլ հանցագործությունները, քանի որ ակնհայտ է, որ տվյալ իրավախախտման հեղինակը որեւէ անձնական պատասխանատվության իրականում չի ենթարկվում:
Սույն նախագծով առաջարկվում է քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, եւ թողնել միայն ազատազրկման ձեւով պատիժը, քանի որ այս դեպքում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու մտայնություն ունեցող քաղաքացին կգիտակցի, որ իր հանցանքի բացահայտման դեպքում նա անձամբ է կրելու իր պատիժը եւ որ այն լինելու է բավականաչափ խիստ, ինչը չի կարող ազդեցություն չունենալ խնդրո առարկա հոդվածով հանցագործությունների նախականխման գործում:
[1] http://newsbook.am/?p=72458/karen+andreasyanyvo%D6%82xerdzi+poxaren+67+ahazangi+veraberyal+dimel+e+iravapah+marminerin+tesanyuter&l=am