Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածի 1-ին մասը «դրամական պարգեւատրմամբ» բառերից հետո լրացնել «, մեդալով կամ կրծքանշանով:» բառերով:
Հոդված 2. Օրենքի 45.3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8.Հատուկ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատկացնելու, պահելու, կրելու եւ հանձնելու կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խրախուսում եւ կարգապահական պատասխանատվության է ենթարկում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին, պարգեւատրում է հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց:
Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է պարգեւատրել շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգեւատրմամբ:
Հարկ է նշել, որ որպես խրախուսանքի միջոց Օրենքում սահմանվում է նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին մեդալով կամ կրծքանշանով պարգեւատրելու խրախուսանքի տեսակ, որը, սակայն բացակայում է Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգեւատրմանը վերաբերվող կարգավորումներում:
Բացի վերը նշվածը Կոմիտեի նախագահի կողմից Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց նաեւ մեդալով կամ կրծքանշանով պարգեւատրելու հնարավորություն նախատեսելու հիմնավորման եւ անհրաժեշտության հիմքում դրված են ոչ միայն վերը նշված հանգամանքը, այլ նաեւ մի շարք այլ էական եւ վճռորոշ հանգամանքներ:
Մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարը համատեղ ջանքեր պահանջող գործընթաց է, որը պետք է ներառի ինչպես ՀՀ պետական մարմինների, այնպես էլ օտարերկրյա պետությունների պետական մարմինների, վերջիններիս ղեկավարների, աշխատակիցների, ինչպես նաեւ յուրաքանչյուր ֆիզիկական եւ/կամ իրավաբանական անձի ակտիվ մասնակցություն եւ լայն ներգրավվածություն՝ այդ բարդ գործընթացում արդյունավետ արդյունքների հասնելու համար: Ընդ որում՝ կոռուպցիայի դեմ պայքարը մեկանգամյա միջոցառում չէ, այլ շարունակական եւ բազմաչափ գործընթաց, որը պահանջում է բոլորի համատեղ ուժերը՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու եւ արդար հասարակություն կառուցելու համար:
Նման պայմաններում հարկ է նկատել, որ Կոմիտեի առջեւ ծառացած խնդիրների լուծման, կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցանքների բացահայտման, Կոմիտեի գործունեության զարգացման ապահովման, ինչպես նաեւ Կոմիտեի իրավասությանը վերապահված այլ ոլորտներում ակտիվ օժանդակություն, աջակցություն կամ համագործակցություն ցուցաբերած, ծառայություններ մատուցած կամ այլ կերպ իրենց ավանդը ներդրած վերը նշված շրջանակի անձանց հետ համատեղ համագործակցության արդյունքները հավուր պատշաճի գնահատականի արժանացնելու, վերջիններիս անձնական շահագրգռվածությունը բարձրացնելու, նրանց առավել մոտիվացնելու, համագործակցության շարունակականությունն ապահովելու նպատակներից ելնելով էլ հենց պայմանավորվում է Կոմիտեի նախագահին՝ վերջիններիս նշված խրախուսանքի միջոցներով խրախուսելու հնարավորություն ընձեռելու կարգավորման անհրաժեշտությունը: Ընդ որում՝ հարկ է նկատել, որ նման պրակտիկան հաջողված կերպով գործում է նաեւ քննչական մեկ այլ մարմնի՝ Քննչական կոմիտեի դեպքում՝ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի եւ վերջինիս համաձայն ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգեւատրման» կարգի համաձայն:
Այսպիսով՝ Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հնարավորություն ընձեռել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրից, հուշանվերից եւ դրամական պարգեւատրումից բացի պարգեւատրել նաեւ մեդալով կամ կրծքանշանով: Տվյալ փոփոխությունը պայմանավորված է Օրենքում կիրառվող եզրույթների միասնականությունն ապահովելու պայմանով, քանի որ ինքնին կիրառվող խրախուսանքի միջոցները նույնն են:
2. 2023 թվականի նոյեմբերի 14-ին ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի շրջանակներում օրենսդրական մակարդակում նախատեսվել են կարգավորումներ՝ հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ նաեւ Կոմիտե) ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառման (գործադրում եւ օգտագործում) առնչությամբ, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների եւ զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքների վերաբերյալ:
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ՝ նաեւ Օրենք) 45.3-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հատուկ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեին հատկացնելու, ինչպես նաեւ հատուկ միջոցները պահպանելու եւ դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգերը սահմանում է Կառավարությունը:
Հարկ է նկատել, որ 2025 թվականի հունիսի 5-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին հատուկ միջոցներ հատկացնելու, ինչպես նաեւ հատուկ միջոցները պահպանելու եւ դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 724-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում):
Հիշյալ Որոշման շրջանակներում կարգավորվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հատուկ միջոցներ հատկացնելը, հատուկ միջոցները պահպանելը եւ դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելը: Սրան զուգահեռ անհրաժեշտ է նկատել, որ Օրենքով լիազորող նորմի բացակայության պայմաններում կարգավորված չեն Կոմիտեի ծառայողին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու եւ հանձնելու հետ կապված հարցերը:
Մինչդեռ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Որոշմամբ ամրագրված պահանջները եւ նախատեսված կարգավորումները դեռեւս չեն կարող կենսագործվել, քանի որ դրանց անմիջական կիրառման հնարավորությունը տրամաբանական կապի մեջ է եւ մեծապես կախված է Կոմիտեի ծառայողին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու եւ հանձնելու հետ կապված հարցերի հետ: Այլ կերպ՝ Կոմիտեին հատուկ միջոցներ հատկացնելու, ինչպես նաեւ հատուկ միջոցները պահպանելու եւ դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու հետ կապված հարաբերությունները ուղղակիորեն կապակցված են Կոմիտեի ծառայողին դրանք հատկացնելու, դրանց պահելու, կրելու եւ հանձնելու հետ կապված հարցերի կարգավորման հետ, առանց որոնց հնարավոր չէ առաջինների իրացումը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան լիազորող նորմ, որպեսզի հնարավոր լինի Կոմիտեի նախագահի կողմից սահմանել Կոմիտեի ծառայողներին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու եւ հանձնելու կարգը: Միեւնույն ժամանակ, առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հնարավորություն ընձեռել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրից, հուշանվերից եւ դրամական պարգեւատրումից բացի պարգեւատրել նաեւ մեդալով կամ կրծքանշանով:
3. Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի Կոմիտեի նախագահի կողմից սահմանել Կոմիտեի ծառայողներին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու եւ հանձնելու կարգը, որը կնպաստի նշված իրավահարաբերությունների գործնականում պատշաճ իրացմանը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիր.
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363 -Ա որոշման հավելվածի 5.5-րդ բաժնից, համաձայն որի՝ նորաստեղծ հակակոռուպցիոն մարմինները, ի թիվս այլնի, կապահովվեն ենթակառուցվածքային եւ նյութատեխնիկական հագեցվածությամբ:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում