Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքի (այսուհետ նաեւ Օրենք) 1-ին հոդվածում՝
1) առաջին պարբերությունը «Սույն» բառից առաջ լրացնել «1.» թվով, իսկ հասկացությունները համապատասխանաբար համարակալել 1-29 թվերով.
2) 1-ին մասի 5-րդ կետում «սպառողներին» բառից հետո լրացնել «ուղղակի կամ միջնորդավորված ձեւով» բառերով.
3) 1-ին մասի 7-րդ կետում «պահանջներին» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 5-.1-րդ, 5.2-րդ եւ 5.3-րդ հոդվածների իմաստով ապրանքի թերությունը ապրանքի անհամապատասխանությունն է տվյալ հոդվածներով նախատեսված պահանջներին.» բառերով.
4) 1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30-45 կետերով.
«30) անարդար պայմաններ՝ սույն օրենքի 11.1-րդ հոդվածով սահմանված պայմաններ.
31) սպառողի պահանջներին համապատասխան պատրաստված ապրանքներ՝ ապրանքներ, որոնք պատրաստվում են բացառապես սպառողի անհատական ընտրության կամ որոշման հիման վրա.
32) ծառայությունների մատուցման պայմանագիր՝ ցանկացած պայմանագիր, որով կատարողը սպառողին մատուցում է կամ պարտավորվում է մատուցել ծառայություն, այդ թվում` թվային ծառայություն, իսկ սպառողը վճարում է կամ պարտավորվում է վճարել դրա գինը.
33) հեռակա պայմանագիր՝ ցանկացած պայմանագիր, որը կնքվում է վաճառողի եւ սպառողի միջեւ կազմակերպված հեռավար վաճառքի կամ ծառայությունների մատուցման սխեմայի շրջանակներում՝ առանց վաճառողի եւ սպառողի միաժամանակյա ֆիզիկական ներկայության՝ հեռավար հաղորդակցության մեկ կամ մի քանի միջոցների օգտագործմամբ՝ մինչեւ պայմանագրի կնքման պահը ներառյալ.
34) ձեռնարկության շենքից դուրս կնքված պայմանագիր՝ վաճառողի եւ սպառողի միջեւ կնքված պայմանագիր, որը՝
ա. կնքվել է վաճառողի եւ սպառողի միաժամանակյա ֆիզիկական ներկայությամբ վաճառողի ձեռնարկության շենք չհանդիսացող վայրում.
բ. կնքվել է սպառողի կողմից վաճառողի ձեռնարկության շենք չհանդիսացող վայրում ներկայացված առաջարկության հիման վրա.
գ. կնքվել է վաճառողի ձեռնարկության շենքում կամ հեռակա հաղորդակցության ցանկացած միջոցով՝ վաճառողի ձեռնարկության շենք չհանդիսացող վայրում սպառողին անձամբ եւ անհատապես դիմելուց անմիջապես հետո՝ վաճառողի եւ սպառողի միաժամանակյա ֆիզիկական ներկայությամբ.
դ. կնքվել է վաճառողի կողմից ապրանքները կամ ծառայությունները գովազդելու եւ սպառողին վաճառելու նպատակով կազմակերպված շրջայցի ընթացքում.
35) ձեռնարկության շենք՝ ցանկացած անշարժ արտադրական, առեւտրային կամ սպասարկման տարածք որտեղ վաճառողը մշտապես իրականացնում է իր գործունեությունը կամ ցանկացած շարժական արտադրական, առեւտրային կամ սպասարկման տարածք, որտեղ վաճառողը պարբերաբար իրականացնում է իր գործունեությունը.
36) կայուն կրիչ՝ ցանկացած միջոց, որը հնարավորություն է տալիս սպառողին կամ վաճառողին պահպանել իրեն հասցեագրված տեղեկատվությունը այնպես, որ այն հասանելի լինի հետագայում դրան հղում կատարելու համար՝ որոշակի ժամանակահատվածի ընթացքում տեղեկատվության օգտագործման նպատակով, եւ որը թույլ է տալիս պահպանված տեղեկատվության անփոփոխ վերարտադրությունը.
37) թվային բովանդակություն՝ թվային տեսքով ձեւավորված եւ տրամադրված տվյալներ.
38) թվային ծառայություն՝ ծառայություն, որը թույլ է տալիս սպառողին ստեղծել, մշակել, պահպանել, հասանելիություն ունենալ, կիսվել կամ ցանկացած այլ փոխազդեցություն ունենալ թվային տեսքով տվյալների հետ, որոնք ներբեռնվել կամ ստեղծվել են սպառողի կամ տվյալ ծառայությունից օգտվող այլ անձանց կողմից.
39) թվային տարր պարունակող ապրանք՝ ապրանք, որը ներկառուցված կամ փոխկապակցված է թվային բովանդակության կամ թվային ծառայության հետ այնպես, որ տվյալ թվային բովանդակության կամ թվային ծառայության բացակայությունը կհանգեցնի տվյալ ապրանքից պահանջվող գործառույթների իրականացման անհնարինության.
40) համատեղելիություն՝ ապրանքի հատկությունը գործելու այն սարքային (ապարատային) կամ ծրագրային ապահովման հետ, որի հետ սովորաբար օգտագործվում են նույն տեսակի ապրանքները՝ առանց տվյալ ապրանքը կամ սարքային (ապարատային) կամ ծրագրային ապահովումը փոփոխելու անհրաժեշտության.
41) փոխգործունակություն՝ ապրանքի հատկություն՝ գործելու այն սարքային (ապարատային) կամ ծրագրային ապահովման հետ, որը տարբերվում է նույն տեսակի ապրանքների հետ սովորաբար օգտագործվող սարքային (ապարատային) կամ ծրագրային ապահովումից.
42) առեւտրային երաշխիք՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի հանդեպ ստանձնած ցանկացած կամավոր պարտավորություն՝ ի լրումն վաճառողի կամ արտադրողի (երաշխավորի)՝ համապատասխանության երաշխիքի հետ կապված պարտավորության, փոխհատուցել վճարված գինը կամ փոխարինել, վերանորոգել կամ ցանկացած այլ եղանակով սպասարկել ապրանքները (աշխատանքները, ծառայությունները), եթե դրանք չեն համապատասխանում երաշխիքային հայտարարությամբ տրված կամ մինչեւ պայմանագրի կնքումը կամ այն կնքելու պահին սպառողին հասանելի դարձած համապատասխան գովազդում սահմանված բնութագրերին կամ երաշխիքում նշված օրենքով սահմանված համապատասխանության հիմնական պահանջների հետ չկապված այլ պահանջներին.
43) դիմացկունություն՝ ապրանքի (աշխատանքի, ծառայության)՝ իր բնականոն օգտագործման ընթացքում իրենից պահանջվող գործառույթները եւ կատարողական հատկանիշները պահպանելու հատկություն.
44) վերանորոգման ունակության միավոր՝ միավոր կամ գնահատական, որը արտահայտում է ապրանքի վերանորոգման հնարավորությունը՝ կախված ապրանքի բարդությունից, ապրանքի պահեստամասերի առկայությունից, ինչպես նաեւ ապրանքի վերանորոգման համար անհրաժեշտ այլ միջոցներից.
45) ծրագրային ապահովման թարմացում՝ անհատույց թարմացում, ներառյալ անվտանգության թարմացումը, որը անհրաժեշտ է թվային տարրեր պարունակող ապրանքները, թվային բովանդակությունը եւ թվային ծառայությունները օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պահելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝
1) 1-ին եւ 2-րդ մասերը համապատասխանաբար համարակալել 1-2 թվերով.
2) 1-ին մասում «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «, «Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով» բառերով, ինչպես նաեւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր երրորդ մասով.
«3. Սույն oրենքի II.I գլխի դրույթները չեն տարածվում հետեւյալ պայմանագրերի նկատմամբ՝
1) սոցիալական ծառայությունների մատուցման, այդ թվում՝ սոցիալական բնակարանային ապահովման, խնամքի ծառայությունների տրամադրման եւ սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված այլ պայմանագրեր.
2) «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքով սահմանված բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական եւ ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցման պայմանագրեր.
3) «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված խաղերի կազմակերպիչների եւ խաղացողների միջեւ կնքվող պայմանագրեր.
4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կարգավորվող եւ վերահսկվող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցման պայմանագրեր.
5) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման կամ փոխանցման, նոր շենքերի կառուցման, գոյություն ունեցող շենքերի վերակառուցման եւ բնակելի նպատակներով կացարանների վարձակալության, վերավաճառքի եւ փոխանակման պայմանագրեր.
6) «Զբոսաշրջության մասին» օրենքով սահմանված զբոսաշրջային փաթեթների պայմանագրեր.
7) պայմանագրեր, որոնք օրենքներին համապատասխան կնքվում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց կարգավիճակից բխող գործողությունների համար՝ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով.
8) ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ կապված նպատակներով ձեռք բերվող ապրանքների մատակարարման պայմանագրեր, որոնք պարբերաբար մատակարարվում են սպառողի նշած վայր.
9) վաճառքի ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով կնքվող պայմանագրեր.
10)ուղեւորափոխադրման ծառայությունների մատուցման պայմանագրեր, բացառությամբ սույն օրենքի 24.3-րդ հոդվածի 2-րդ մասի.
11) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում կնքվող գործարքներ.
12) «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված հարկադիր կատարման շրջանակներում իրականացվող գործարքներ:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել 5.1-րդ, 5.2-րդ 5.3-րդ հետեւյալ բովանդակությամբ հոդվածներով.
«Հոդված 5.1. Ապրանքի համապատասխանությունը
1. Սույն օրենքի 5.1-րդ, 5.2-րդ եւ 5.3-րդ հոդվածների կարգավորումները տարածվում են միայն այն առուվաճառքի պայմանագրերի վրա, որոնք վերաբերում են շարժական գույքին, սահմանափակ ծավալով եւ որոշակի քանակով իրացման համար նախատեսված ջրին, գազին եւ էլեկտրաէներգիային, սպառողի կամ ծառայության այլ օգտատերերի կողմից վերբեռնվող կամ ստեղծվող էլեկտրոնային տեսքով տվյալների հետ կիսվելու կամ այլ փոխգործակցության հնարավորություն տվող ծառայություններին:
2. Վաճառողը (արտադրողը) պարտավոր է սպառողին հանձնել ապրանք, որը համապատասխանում է սույն օրենքով նախատեսված պահանջներին:
3. Եթե ապրանքի համապատասխանության նկատմամբ նորմատիվ փաստաթղթերով սահմանված են այլ պարտադիր պահանջներ, ապա վաճառողը (արտադրողը) պարտավոր է սպառողին հանձնել այդ պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանք:
4. Կնքված առուվաճառքի պայմանագրին համապատասխան վաճառողի (արտադրողի) կողմից սպառողին հանձնվող ապրանքը պետք է.
1) համապատասխանի առուվաճառքի պայմանագրով նախատեսված բոլոր պայմաններին, այդ թվում՝ ապրանքի նկարագրությանը, տեսակին, քանակին որակին, ֆունկցիոնալությանը, համատեղելիությանը, փոխգործունակությանը եւ այլ հատկանիշներին վերաբերող պայմաններին.
2) համապատասխանի այն նպատակներին, որոնց մասին սպառողը տեղեկացրել է վաճառողին (արտադրողին) մինչեւ առուվաճառքի պայմանագրի կնքումը, եւ որոնց վերաբերյալ վաճառողի (արտադրողի) կողմից տրվել է համաձայնություն.
3) առաքվի առուվաճառքի պայմանագրով նախատեսված բոլոր պարագաներով եւ հրահանգներով, այդ թվում՝ ապրանքի տեղադրման համար նախատեսված բոլոր պարագաներով եւ հրահանգներով.
4) տրամադրվի առուվաճառքի պայմանագրով նախատեսված թարմացումներով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված առուվաճառքի պայմանագրով նախատեսված պահանջներից բացի ապրանքը պետք է.
1) պիտանի լինի այն նպատակների համար, որոնց համար նույն տեսակի ապրանքները սովորաբար օգտագործվում են` հաշվի առնելով օրենսդրության, տեխնիկական ստանդարտների կամ այդպիսի տեխնիկական ստանդարտների բացակայության դեպքում կիրառելի ոլորտային արդյունաբերական վարքագծի կանոնագրքերի ցանկացած գործող պահանջները.
2) համապատասխանի այն նմուշի կամ մոդելի նկարագրին, որը վաճառողը (արտադրողը) հասանելի է դարձրել սպառողին մինչեւ պայմանագրի կնքումը.
3) առաքվի այնպիսի պարագաներով, ներառյալ փաթեթավորմամբ, տեղադրման հրահանգներով կամ այլ հրահանգներով, որոնք սպառողը ողջամտորեն կարող է ակնկալել ստանալ.
4) ունենա այն քանակական, որակական եւ այլ հատկանիշները, ներառյալ դիմացկունության, ֆունկցիոնալության, համատեղելիության եւ անվտանգության, որոնք բնորոշ են նույն տեսակի ապրանքներին եւ որոնք սպառողը ողջամտորեն կարող է ակնկալել՝ հաշվի առնելով ապրանքների բնույթը եւ վաճառողի (արտադրողի) կամ նրա անունից, կամ գործարքների շղթայի նախորդող օղակներում այլ անձանց, ներառյալ արտադրողի կողմից արված ցանկացած հրապարակային հայտարարությունը, մասնավորապես՝ գովազդում կամ պիտակավորման մեջ:
6. Սույն հոդվածով եւ 5.2-րդ հոդվածով սահմանված պահանջները չեն տարածվում թվային բովանդակության կամ թվային ծառայության մատակարարման պայմանագրերի վրա, բացառությամբ՝
1) երբ թվային բովանդակությունը կամ թվային ծառայությունը ներկառուցված է կամ փոխկապակցված է ապրանքի հետ, եւ տրամադրվում է ապրանքի հետ միասին՝ առուվաճառքի պայմանագրի շրջանակում, անկախ նրանից, թե այդպիսի թվային բովանդակությունը կամ թվային ծառայությունը մատակարարվում է վաճառողի (արտադրողի) կամ երրորդ անձի կողմից.
2) երբ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ ներկառուցված կամ փոխկապակցված թվային բովանդակության կամ ներկառուցված կամ փոխկապակցված թվային ծառայության մատակարարումը կազմում է առուվաճառքի պայմանագրի մաս:
7. Սույն հոդվածով եւ 5.2-րդ հոդվածով սահմանված պահանջները չեն տարածվում նաեւ հետեւյալ ապրանքների նկատմամբ.
1) ցանկացած նյութական կրիչ, որը բացառապես ծառայում է որպես թվային բովանդակության կրիչ,
2) ցանկացած ապրանք, որը վաճառվում է դատական ակտի հիման վրա կամ այլ կերպ՝ օրենքի ուժով.
3) «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով նախատեսված աճուրդների միջոցով վաճառվող օգտագործված ապրանք.
4) կենդանիներ:
Հոդված 5.2. Վաճառողի (արտադրողի) պարտականությունները եւ սպառողի իրավունքները թվային տարր պարունակող ապրանքների առուվաճառքի դեպքում
1. Վաճառողը (արտադրողը) թվային տարրերով ապրանքների վաճառքի դեպքում պարտավոր է ապահովել, որ սպառողը տեղեկացված լինի եւ հնարավորություն ունենա ստանալու անհրաժեշտ թարմացումները, այդ թվում՝ անվտանգության թարմացումները եւ դրանց նշանակության վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք անհրաժեշտ են ապրանքի համապատասխանության պահպանման համար այն ժամանակահատվածի ընթացքում,
1) որը սպառողը ողջամտորեն կարող է ակնկալել՝ հաշվի առնելով ապրանքի եւ թվային տարրերի բնույթը, նպատակը, կնքված առուվաճառքի պայմանագիրը, եթե այն նախատեսում է թվային բովանդակության կամ թվային ծառայության մատակարարում մեկ գործողությամբ, կամ
2) երբ առուվաճառքի պայմանագիրը նախատեսում է թվային բովանդակության կամ թվային ծառայության շարունակական մատակարարում որոշակի ժամանակահատվածի ընթացքում:
2. Սպառողն իրավունք ունի ստանալու վաճառողի (արտադրողի) տրամադրած թարմացումները սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակահատվածում՝ օգտագործելու թվային տարր պարունակող ապրանքը առուվաճառքի պայմանագրի պահանջներով սահմանված ֆունկցիոնալությամբ եւ համապատասխանությամբ:
3. Եթե սպառողը ողջամիտ ժամկետում չի տեղադրում վաճառողի (արտադրողի) կողմից տրամադրված թարմացումները, վաճառողը (արտադրողը) պատասխանատվություն չի կրում անհամապատասխանության համար, որը բացառապես տվյալ թարմացման բացակայության հետեւանք է, եթե.
1) վաճառողը (արտադրողը) տեղեկացրել է սպառողին թարմացման առկայության եւ սպառողի կողմից այն չտեղադրելու հետեւանքների մասին.
2) սպառողի կողմից թարմացումը չտեղադրելը կամ սխալ տեղադրելը պայմանավորված չի եղել սպառողին տրամադրված թարմացումների տեղադրման հրահանգների թերություններով:
4. Ապրանքի անհամապատասխանություն առկա չէ այն դեպքերում, երբ առուվաճառքի պայմանագրի կնքման պահին սպառողը գրավոր տեղեկացվել է այն մասին, որ ապրանքների որոշակի հատկանիշ շեղվում է ապրանքի օրենքով նախատեսված համապատասխանության պահանջներից, եւ սպառողը ընդունել է այդ շեղումը առուվաճառքի պայմանագիրը կնքելիս:
Հոդված 5.3. Ապրանքների սխալ տեղադրումը
1. Ապրանքների սխալ տեղադրման հետեւանքով առաջացած անհամապատասխանությունը առկա է, երբ.
1) ապրանքի տեղադրումը առուվաճառքի պայմանագրի անբաժանելի մաս է եւ իրականացվել է վաճառողի (արտադրողի) կողմից կամ վերջինիս պատասխանատվությամբ.
2) ապրանքի տեղադրումը նախատեսված է եղել իրականացնել սպառողի կողմից կամ փաստացի իրականացվել է վերջինիս կողմից, սակայն վաճառողի (արտադրողի) կողմից տրամադրված թերի կամ անբավարար տեղադրման հրահանգների պատճառով սխալ է տեղադրվել.
3) թվային տարրերով ապրանքների դեպքում, երբ տեղադրման սխալը պայմանավորված է վաճառողի (արտադրողի), թվային բովանդակության, թվային ծառայության մատակարարի կողմից տրամադրված թերի կամ անբավարար տեղադրման հրահանգներով:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ, 5.2-րդ եւ 8-րդ մասերով.
«5.1. Վաճառողը պարտավոր է սահմանել 5.1-րդ եւ 5.2-րդ հոդվածներով նախատեսված ապրանքների, այդ թվում՝ թվային բովանդակությամբ ապրանքների համար առնվազն երկու տարվա երաշխիքային ժամկետ` որի ընթացքում այդ ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում վաճառողը պարտավոր է բավարարել սպառողի` սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պահանջները, բացառությամբ 5.1-րդ եւ 5.2-րդ հոդվածներով նախատեսված ապրանքների բնույթով պայմանավորված երաշխիքային ժամկետ սահմանելու անհնարինության դեպքերի:
5.2. Եթե թվային բովանդակությամբ ապրանքների ձեռքբերման վերաբերյալ առուվաճառքի պայմանագիրը նախատեսում է շարունակական մատակարարում ավելի քան երկու տարով, վաճառողը (արտադրողը) պատասխանատու է ցանկացած անհամապատասխանության համար, առուվաճառքի պայմանագրով նախատեսված մատակարարման ժամանակահատվածում:
8. Վաճառողը օգտագործված ապրանքի համար իրավունք ունի սահմանել առավել կարճ երաշխիքային ժամկետ, որը սակայն չի կարող պակաս լինել քան մեկ տարին:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել 10.2-րդ եւ 10.3-րդ հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 10.2. Սպառողների հետ կնքվող պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվության պահանջները
1. Սպառողների հետ կնքվող պայմանագրերի դեպքում վաճառողը պարտավոր է առավելագույն դյուրին եղանակով մինչեւ պայմանագրի կնքումը սպառողին տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.
1) վաճառողի ֆիրմային անվանումը, գործունեության իրականացման վայրի, էլեկտրոնային, փոստային հասցեները եւ հեռախոսահամարը.
2) պայմանագրի ընդհանուր դրույթները եւ պայմանները, այդ թվում՝ վճարման պայմանները, ապրանքների առաքման գինը՝ ներառյալ էկոլոգիապես մաքուր առաքման տարբերակները (առկայության դեպքում), ապրանքների առաքման կամ ծառայությունների մատուցման ժամկետները, պայմանագրից հրաժարվելու պայմանները, պայմանագրի գործողության ժամկետը, իսկ եթե պայմանագիրը կնքվելու է անորոշ ժամկետով կամ դրա ժամկետը երկարաձգվելու է ինքնաշխատ եղանակով, ապա տրամադրվում է նաեւ պայմանագրի դադարեցման պայմանները.
3) ապրանքների կամ ծառայությունների հիմնական բնութագրերը՝ այնքանով, որքանով դա համապատասխանում է կայուն կրիչին եւ ապրանքների կամ ծառայությունների բնույթին.
4) այն տնտեսավարողի գտնվելու վայրը, որի անունից վաճառողը գործում է, եւ որտեղ սպառողը կարող է հասցեագրել ցանկացած բողոք.
5) ապրանքի կամ ծառայության գինը, իսկ առկայության դեպքում` առաքման եւ այլ ծախսերը, ներառյալ՝ վճարման ենթակա ընդհանուր գումարը.
ա. եթե ապրանքների կամ ծառայությունների բնույթն այնպիսին է, որ դրանց գինը հնարավոր չէ նախապես հաշվարկել, ապա վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել գնի հաշվարկման եղանակի, ինչպես նաեւ առկայության դեպքում առաքման կամ փոստային բոլոր հավելյալ վճարների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: Եթե հնարավոր չէ այդ վճարները նախապես հաշվարկել, ապա վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն վճարման ենթակա հավելյալ ծախսերի առկայության մասին՝ նշելով առաքման կամ այլ ծախսերի հնարավոր առավելագույն սահմանաչափը.
բ. անորոշ ժամկետով կնքվող պայմանագրի կամ բաժանորդագրություն պարունակող պայմանագրի դեպքում ընդհանուր գինը պետք է ներառի հաշվարկային ժամանակահատվածի ընդհանուր ծախսերը: Եթե նման պայմանագրով սահմանված վճարները գանձվում են ֆիքսված սակագնով, ընդհանուր գինը նաեւ նշանակում է ամսական ընդհանուր ծախսերը: Եթե ընդհանուր ծախսերը չեն կարող նախապես խելամտորեն հաշվարկվել, պետք է նշվի գնի հաշվարկման եղանակը.
6) ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու սպառողի իրավունքը՝ տրամադրելով դրա իրականացման պայմանների, ժամկետի եւ ընթացակարգերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն.
7) ապրանքի երաշխիքային ժամկետը եւ առեւտրային երաշխիքը (առկայության դեպքում): Եթե ապրանքի նկատմամբ սահմանված չէ երաշխիքային ժամկետ, վաճառողը սպառողին տեղեկացնում է ապրանքը գնորդին հանձնելուց հետո ողջամիտ ժամկետում` ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնելու սպառողի իրավունքի մասին.
8) թվային տարր պարունակող ապրանքների ֆունկցիոնալությունը՝ ներառյալ տեխնիկական պաշտպանության կիրառելի միջոցները.
9) թվային բովանդակության համապատասխան փոխգործակցելիությունը սարքային (ապարատային) կամ ծրագրային ապահովման հետ, որի մասին վաճառողը տեղյակ է կամ ողջամտորեն կարող էր իմանալ.
10) ընդունելի վճարման եղանակը եւ պայմանները.
11) թվային տարրեր պարունակող ապրանքների, թվային բովանդակության կամ թվային ծառայությունների դեպքում՝ այն ժամանակահատվածը, որի ընթացքում արտադրողը կամ մատակարարը պարտավորվում է տրամադրել ծրագրային ապահովման թարմացումներ.
12) անհրաժեշտության դեպքում՝ ապրանքների վերանորոգման ունակության գնահատականը.
13) առաջարկվող պայմանագրի պայմանները համաձայնեցնելիս դրանում փոփոխություններ կատարելու հնարավորությունը եւ կարգը, ինչպես նաեւ մինչեւ օֆերտա կամ ակցեպտ կատարելը անճշտությունները շտկելու եղանակները.
14) բողոքների քննության եւ վեճերի լուծման արտադատական կարգը (հաշտարարություն, արբիտրաժ, մասնագիտական եզրակացություն, անկողմնակալ գնահատում, այդ թվում` նաեւ սպառողների կողմից վաճառողի ռեյտինգային գնահատման համակարգ եւ այլն), որով պարտավոր է ղեկավարվել վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը).
15) ապրանքի առաքման սահմանափակումները (առկայության դեպքում).
16) այն դեպքում, երբ սպառողը պետք է կրի ապրանքը վերադարձնելու ծախսերը, ապա տրամադրվում է տեղեկատվություն ապրանքը վերադարձնելու ծախսերի մասին.
17) այն դեպքում, երբ ապրանքը վերադարձնելու իրավունք նախատեսված չէ, ապա ներկայացվում է ապրանքը վերադարձման ենթակա չլինելու վերաբերյալ տեղեկատվություն, կամ ներկայացվում են այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում սպառողը զրկվում է ապրանքը վերադարձնելու իրավունքից.
18) այն դեպքում, երբ վաճառողը սպառողից պահանջում է պարտավորությունների կատարման օրենքով սահմանված որեւէ ապահովման միջոց, ապա մինչեւ պայմանագրի կնքումը սպառողին ներկայացվում է պարտավորությունների կատարման ապահովման միջոց ներկայացնելու պայմանները.
19) գնի անհատականացման միջոցների կիրառման մասին (առկայության դեպքում):
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները կազմում են սպառողների հետ կնքվող պայմանագրերի անբաժանելի մասը եւ ենթակա չեն փոփոխման, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններին ներկայացվող պահանջների պահպանման ապացուցման բեռը կրում է վաճառողը:
Հոդված 10.3. Սպառողի եւ վաճառողի միջեւ հեռախոսային հաղորդակցությունը
1. Եթե վաճառողը կամ ծառայություն մատուցողը սպառողին տրամադրում կամ հրապարակում է հեռախոսահամար, ապա սպառողի եւ վաճառողի կամ ծառայություն մատուցողի միջեւ կնքված պայմանագրի հետ կապված ցանկացած, ներառյալ՝ պայմանագրի կատարման, փոփոխման, լուծման, բողոքների ներկայացման կամ երաշխիքային սպասարկման հետ կապված հարցերով վաճառողի հետ հեռախոսային կապ հաստատելիս սպառողից գանձվող վճարը չպետք է գերազանցի հեռախոսազանգի համար հիմնական սակագինը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի սահմանափակում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների իրավունքը՝ օրենքով սահմանված կարգով սահմանելու իրենց կողմից մատուցվող հեռախոսային ծառայությունների սակագները:
3. Վաճառողի կողմից սույն հոդվածի պահանջների խախտմամբ սահմանված պայմանները համարվում են առ ոչինչ եւ չեն առաջացնում իրավական հետեւանքներ սպառողի համար:»:
Հոդված 6. Օրենքի 11.1.-ին հոդվածում`
1. 1-ին մասում՝ 8-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-17-րդ կետերով.
«9) սպառողը պարտավորվում է կատարելու այնպիսի գործողություններ, որոնց ծանոթանալու հնարավորություն չի ունեցել նախքան պայմանագիր կնքելը.
10) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում առանց հիմնավոր պատճառի փոփոխելու տրամադրվող ապրանքի կամ ծառայության ցանկացած բնութագիրը.
11) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում միակողմանի լուծելու պայմանագիրը այն դեպքում, երբ պայմանագիրը միակողմանի լուծելու իրավունք նախատեսված չէ սպառողի համար.
12) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում ապրանքի գինը որոշելու կամ փոփոխելու մատակարարման պահին առանց սպառողին պայմանագրից հրաժարվելու իրավունք տալու.
13) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում պայմանագրով ստանձնած իր իրավունքներն ու պարտականություններն այլ անձի փոխանցելու այն դեպքում, երբ դա կարող է սպառողի համար առաջացնել երաշխիքների նվազեցում եւ սպառողը չի տվել իր համաձայնությունը.
14) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում սպառողի՝ պայմանագրով ստանձնած իր պարտականությունների չկատարման դեպքում պահանջելու պայմանագրի գնի համեմատ անհամաչափ բարձր փոխհատուցում.
15) սպառողի համար պայմանագիրը պարտադիր է դառնում այն դեպքում, երբ արտադրողի (կատարողի, վաճառողի) պարտավորությունների կատարումը պայմանավորվում է այնպիսի հանգամանքով, որն ամբողջությամբ կախված է արտադրողի (կատարողի, վաճառողի) կամքից.
16) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում միակողմանի մեկնաբանելու պայմանագրի պայմանները.
17) սահմանափակվում է արտադրողի (կատարողի, վաճառողի)՝ վերջինիս ներկայացուցիչների կողմից սպառողի հանդեպ ստանձնած պարտավորության կատարումը կամ արտադրողի (կատարողի, վաճառողի) պարտավորության կատարումը պայմանավորվում է ձեւական պահանջների պահպանմամբ.
18) սահմանափակվում է սպառողի պայմանագրի լուծման իրավունքը այն դեպքում, երբ արտադրողը (կատարողը, վաճառողը) չի կատարում իր պարտավորությունները.
19) սահմանափակվում է արտադատական, դատական կամ օրենքով սահմանված այլընտրանքային պաշտպանության սպառողի իրավունքը:»:
2. 2-րդ մասում՝ «1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին մասով» բառերով:
3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.
«2.1. Ցանկացած դեպքում սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ պայմանագրի ընդհանուր պայմաններում չի կարող ներառվել այնպիսի պայման, եթե բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքներին հակառակ՝ այն անհավասարակշռություն է առաջացնում կողմերի իրավունքների եւ պարտավորությունների միջեւ՝ ի վնաս սպառողի, եւ սպառողը ելնելով ողջամտորեն գիտակցված իր շահերից, չէր ընդունի այդ պայմանը, եթե հնարավորություն ունենար մասնակցելու պայմանագրի պայմանների որոշմանը:
2.2. Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ պայմանագրի ընդհանուր պայմաններում սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված կարգավորումները չեն կիրառվում ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանագրերի նկատմամբ՝ ողջամիտ ժամկետում սպառողին տրված համապատասխան ծանուցման եւ սպառողի կողմից պայմանագրից հրաժարվելու իրավունքի պայմանով:»:
Հոդված 7 . Օրենքի 16-րդ հոդվածը.
1) 1-ին մասը «վաճառվել է» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 5-րդ, 5.1-րդ եւ 5.2-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտմամբ ապրանք,» բառերով, ինչպես նաեւ «վաճառողը» բառից հետո լրացնել «(արտադրողը)» բառով.
2) 1-ին մասի «ե» կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«առուվաճառքի պայմանագրի լուծում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է վերադարձնել թերություններով ապրանքը, իսկ վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները ապրանքը պետք է հետ վերցնի իր հաշվին եւ այն ստանալուն պես կամ սպառողի կողմից ապրանքները հետ ուղարկելու մասին ապացույց ներկայացնելուն պես վերջինիս վերադարձնի ապրանքների համար վճարված գումարը: Սպառողն իրավունք ունի պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետեւանքով իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Վնասները հատուցվում են սպառողի համապատասխան պահանջների բավարարման համար սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով սահմանված ժամկետներում: Ապրանքի թերության աննշան լինելու դեպքում սպառողը չի կարող պահանջել առուվաճառքի պայմանագրի լուծում: Թերության աննշան լինելու ապացուցման պարտականությունը կրում է վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները:»:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ, 3.2-րդ, 3.3-րդ, 3.4-րդ մասերով.
«3.1. Սպառողը սույն հոդվածի 1-ին մասի «ա» եւ «գ» կետերով սահմանված միջոցների միջեւ ընտրելիս հաշվի է առնում այդ միջոցի կիրառման հնարավորությունը եւ ընտրված միջոցի այլընտրանքի համեմատ այդ միջոցի՝ վաճառողի (արտադրողի, կոմիսիոների) համար անհամաչափ ծախսեր չառաջացնելու հանգամանքը՝ հաշվի առնելով իրեն հասանելի տեղեկատվությունը:
3.2. Սույն հոդվածի 3.1-րդ մասով նշված պայմանների չպահպանման դեպքում վաճառողը (արտադրողի, կոմիսիոները) իրավունք ունի մերժելու սպառողի կողմից ներկայացված պահանջը:
3.3. Սպառողը սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետով սահմանված միջոցը կիրառելու իրավունքը կարող է իրացնել վաճառողին (արտադրողին) այդ մասին հայտարարություն ներկայացնելու միջոցով:
3.4. Այն դեպքում, երբ անհամապատասխանություն առկա է պայմանագրի առարկա ապրանքների միայն մի մասի մոտ, եւ սպառողից ողջամտորեն չի կարելի ակնկալել վաճառված (մատակարարված) պատշաճ որակի ապրանքների ընդունում, սպառողը կարող է լուծել առուվաճառքի պայմանագիրն ամբողջությամբ, ներառյալ՝ պատշաճ որակի ապրանքների մասով:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 17.1-րդ եւ 17.2-րդ հոդվածներով.
«Հոդված 17.1. Ապրանքի անհամապատասխանության վերաբերյալ տեղեկացումը
1. Ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում սպառողը գրավոր կարող է վաճառողին (արտադրողին) ներկայացնել սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պահանջները ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ հայտնաբերել է այդպիսի անհամապատասխանությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ պահանջ ներկայացվելու դեպքում վաճառողը (արտադրողը) պարտավոր է սպառողին անհապաղ գրավոր պարզաբանել ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում պահանջների ներկայացման կարգը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը չպահպանելը չի կարող դիտվել որպես սպառողի իրավունքներից հրաժարում, եթե վերջինս ապացուցի, որ անհամապատասխանության մասին սահմանված ժամկետում ծանուցելը անհնար է եղել անհաղթահարելի ուժի, երրորդ անձանց գործողությունների կամ վաճառողի (արտադրողի) կողմից սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտականության խախտման հետեւանքով:
Հոդված 17.2. Ապրանքի անհամապատասխանության ապացուցումը
1. Սպառողին ապրանքի՝ այդ թվում թվային տարր պարունակող ապրանքի, առաքման պահից մեկ տարվա ընթացքում ապրանքի ցանկացած անհամապատասխանության հայտնի դառնալու պարագայում ապացուցման պարտականությունը կրում է վաճառողը (արտադրողը):»:
Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածը.
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«1. Ապրանքում հայտնաբերված թերությունները առանց լրացուցիչ վճարման պայմանի պետք է վերացվեն արտադրողի (վաճառողի) կամ կոմիսիոների կողմից` ապրանքի թերությունների վերացման վերաբերյալ սպառողի պահանջների ներկայացման օրվանից քսան օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ողջամիտ ժամկետում եւ առանց սպառողին որեւէ զգալի անհարմարություն պատճառելու՝ հաշվի առնելով ապրանքի բնույթը եւ այն նպատակը, որի համար սպառողը պահանջել է այն:»:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-րդ եւ 1.2-րդ մասերով.
«1.1. Սպառողը ապրանքի հայտնաբերված թերությունների վերացման համար պետք է այն վերադարձնի վաճառողին (արտադրողին) կամ կոմիսիոներին, որը այն պետք է հետ վերցնի իր հաշվին:
1.2. Այն դեպքում, երբ ապրանքի հայտնաբերված թերությունների վերացման համար անհրաժեշտ է հեռացնել այն ապրանքները, որոնք տեղադրվել էին իրենց բնույթին եւ նպատակին համապատասխան՝ նախքան անհամապատասխանությունը ակնհայտ դառնալը, կամ եթե այդ ապրանքները պետք է փոխարինվեն, ապա ապրանքների վերանորոգման կամ փոխարինման պարտավորությունը ներառում է անհամապատասխան ապրանքների հեռացումը եւ փոխարինող ապրանքների կամ վերանորոգված ապրանքների տեղադրումը, կամ այդ հեռացման եւ տեղադրման ծախսերի կրումը: Սպառողը պարտավոր է վճարել մինչեւ փոխարինումն ընկած ժամանակահատվածում այդ ապրանքների բնականոն օգտագործման համար:»:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ պարբերությունները «կամ կոմիսիոները» բառերից հետո լրացնել «առանց լրացուցիչ վճարման պայմանի» բառերով, ինչպես նաեւ 1-ին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սպառողը պետք է փոխարինման ենթակա ապրանքը վերադարձնի վաճառողին (արտադրողին), որը ապրանքը պետք է հետ վերցնի իր հաշվին:»:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-րդ, 19.2-րդ եւ 19.3-րդ հոդվածներով.
«Հոդված 19.1. Ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում գնման գնի համաչափ իջեցման եւ առուվաճառքի պայմանագրի լուծման պահանջ ներկայացնելու պայմանները
1. Սպառողն իրավունք ունի պահանջելու գնի համաչափ իջեցում կամ առուվաճառքի պայմանագրի լուծում հետեւյալ դեպքերում.
1) վաճառողը (կատարողը) չի իրականացրել ապրանքի թերությունների անհատույց վերացումը կամ նմանօրինակ նմուշի ապրանքով ապրանքի փոխարինումը, կամ մերժել է այդ պահանջները՝ դրանց իրագործման անհնարինության պատճառաբանությամբ.
2) անհամապատասխանությունը ի հայտ է գալիս, չնայած վաճառողի (կատարողը)՝ ապրանքի թերությունների անհատույց վերացման փորձին.,
3) անհամապատասխանությունը այնքան լուրջ բնույթ ունի, որ հիմնավորվում է գնի անհապաղ իջեցումը կամ առուվաճառքի պայմանագրի լուծումը.
4) վաճառողը (կատարողը) հայտարարել է, կամ ակնհայտ է, որ վաճառողը (կատարողը) չի կարողանա վերացնել ապրանքի թերությունների վերացումը կամ ապահովել նմանօրինակ նմուշի ապրանքով ապրանքի փոխարինումը ողջամիտ ժամկետում կամ դրանց իրագործումը սպառողին զգալի անհարմարություն կպատճառի:
2. Գնի իջեցումը պետք է համաչափ լինի սպառողի ստացած ապրանքի արժեքի նվազմանը՝ համեմատած այն արժեքի հետ, որը ապրանքները կունենային ապրանքի համապատասխանության դեպքում:
Հոդված 19.2. Առեւտրային երաշխիքի բովանդակությունը եւ դրա պահպանման պարտավորությունը
1. Վաճառողի կողմից առեւտրային երաշխիք կարող է տրամադրվել 5.1-րդ եւ 5.2-րդ հոդվածներով նախատեսված ապրանքների համար, որը պարտադիր է այն տրամադրողի համար՝ առեւտրային երաշխիքի հայտարարության մեջ եւ դրա հետ կապված գովազդում սահմանված պայմաններով, որոնք հասանելի են պայմանագրի կնքման պահին կամ դրանից առաջ:
2. Առեւտրային երաշխիքը չի կարող սահմանափակել սպառողի՝ օրենքով նախատեսված իրավունքները:
3. Եթե արտադրողը սպառողին առաջարկում է որոշակի ապրանքի դիմացկունության առեւտրային երաշխիք որոշակի ժամանակահատվածի համար, արտադրողն ուղղակիորեն պատասխանատու է սպառողի առջեւ դիմացկունության առեւտրային երաշխիքի ողջ ժամանակահատվածում՝ ապրանքների վերանորոգման կամ փոխարինման համար:
4. Առեւտրային երաշխիքով հանձնված ապրանքի համար վաճառողը ուղղակիորեն պատասխանատու է սպառողի առջեւ առեւտրային երաշխիքի ողջ ժամանակահատվածում՝ ապրանքների վերանորոգման կամ փոխարինման համար:
5. Վաճառողն իրավունք ունի սպառողին առաջարկել արտադրողի կողմից սահմանված առեւտրային երաշխիքի ավելի բարենպաստ պայմաններ: Վաճառողի սահմանած առեւտրային երաշխիքի ժամկետի ընթացքում ապրանքի թերության հայտնաբերման դեպքում սպառողն իրավունք ունի վաճառողին ներկայացնել պահանջներ, որոնց բավարարման կարգն ու ժամկետները, ինչպես նաեւ վաճառողի պատասխանատվությունը սահմանվում են սպառողի եւ վաճառողի միջեւ կնքված պայմանագրով:
6. Եթե առեւտրային երաշխիքի պայմաններն ավելի քիչ շահավետ են սպառողի համար, քան դրա հետ կապված գովազդում սահմանված պայմանները, ապա առեւտրային երաշխիքը պարտադիր է գովազդում նշված պայմաններով, եթե մինչեւ պայմանագրի կնքումը դրա հետ կապված գովազդը չի ուղղվել նույն կամ համանման եղանակով, ինչ եղանակով այն արվել էր:
7. Առեւտրային երաշխիքը պետք է տրամադրվի սպառողին կայուն կրիչի միջոցով ոչ ուշ, քան ապրանքի մատակարարման պահը:
8. Առեւտրային երաշխիքը պետք է շարադրված լինի պարզ, հայերենով եւ պարունակի`
1) հստակ հայտարարություն այն մասին, որ սպառողն իրավունք ունի անվճար իրավական պաշտպանության միջոցներ ստանալ վաճառողից ապրանքի անհամապատասխանության դեպքում, եւ որ այդ միջոցները չեն սահմանափակվում առեւտրային երաշխիքով.
2) վաճառողի (արտադրողի) անվանումը, գտնվելու վայրը, այն կազմակերպության (կազմակերպությունների) գտնվելու վայրը, որը լիազորված է վաճառողի (արտադրողի) կողմից սպառողներից բողոքներ ընդունելու եւ ապրանքը նորոգելու եւ տեխնիկական սպասարկում իրականացնելու համար.
3) տեղեկատվություն ընթացակարգի վերաբերյալ, որին սպառողը պետք է հետեւի առեւտրային երաշխիքի իրականացումը ստանալու համար.
4) ապրանքի անվանումը, որի վրա տարածվում է առեւտրային երաշխիքը.
5) առեւտրային երաշխիքի պայմանները:
9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջների չպահպանումը չի ազդում առեւտրային երաշխիքի պարտադիր բնույթի վրա:
Հոդված 19.3. Գործարքների շղթայի նախորդ օղակներում գտնվող անձանց պատասխանատվությունը վաճառողի առջեւ
1. Այն դեպքերում, երբ ապրանքի անհամապատասխանությունը առաջացել է գործարքների շղթայի նախորդ օղակներում գտնվող անձանց գործողություններից կամ անգործությունից (ներառյալ թվային տարր պարունակող ապրանքների թարմացումներ չտրամադրելը), վաճառողն իրավունք ունի փոխհատուցման պահանջ ներկայացնել գործարքների շղթայի նախորդ օղակներում գտնվող անձանց նկատմամբ»
Հոդված 12. Օրենքը լրացնել նոր II.I-րդ գլխով հետեւյալ բովանդակությամբ.
«Գ Լ ՈՒ Խ II.I
ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱԿԱ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 24.1. Հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվության պահանջները
1. Հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի դեպքում վաճառողը պարտավոր է առավելագույն դյուրին եղանակով մինչեւ պայմանագրի կնքումը, բացի սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններից, սպառողին տրամադրել էլեկտրոնային ձեւով լրացվող հաղորդագրության հետ կապակցված տվյալների օգտագործման կարգը, որոնց ամբողջությունը համարվում է ձեռագիր ստորագրությանը համարժեք եւ հնարավորություն է ընձեռում նույնականացնելու էլեկտրոնային ձեւով ստորագրող անձին ու արտահայտում է վերջինիս կամքը:
2. Եթե հեռավար եղանակով կնքվող պայմանագրերի կնքումը նախատեսում է խիստ նույնականացում կամ էլեկտրոնային ստորագրություն, որը համարժեք է ձեռագիր ստորագրությանը, ապա այդ գործընթացում կիրառվող տեխնիկական եւ օրինական պահանջները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափորոշիչներին կամ դրանից բխող իրավական ակտերին:
Հոդված 24.2. Ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերին ներկայացվող պահանջները
1. Ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրի դեպքում վաճառողը պարտավոր է սույն օրենքի 10.2-րդ հոդվածի եւ 24.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը հնարավորինս պարզ եւ հասկանալի ձեւով սպառողին տրամադրել թղթային եղանակով կամ սպառողի համաձայնության դեպքում այլ կայուն կրիչով:
2. Վաճառողը պարտավոր է ստորագրված պայմանագիրը կամ պայմանագրի պատճենը սպառողին տրամադրել թղթային տարբերակով կամ սպառողի համաձայնության դեպքում այլ կայուն կրիչով:
Հոդված 24.3. Հեռակա պայմանագրերին ներկայացվող պահանջները
1. Հեռակա պայմանագրերի դեպքում վաճառողը կայուն կրիչի վրա հնարավորինս պարզ եւ ընթեռնելի ձեւով սպառողին է ներկայացնում սույն օրենքի 10.2-րդ հոդվածի եւ 24.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները կամ այդ տեղեկությունները հասանելի է դարձնում սպառողին հեռակա հաղորդակցության միջոցներին համապատասխան եղանակով:
2. Եթե էլեկտրոնային եղանակով կնքվող հեռակա պայմանագրով սպառողի վրա դրվում է վճարելու պարտավորություն, ապա վաճառողը սպառողին հստակ եւ տեսանելի եղանակով մինչեւ սպառողի կողմից պատվերի ձեւակերպումը պետք է տեղեկացնի սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով նախատեսված տեղեկությունները:
3. Էլեկտրոնային եղանակով կնքվող հեռակա պայմանագրերի դեպքում վաճառողը պետք է ապահովի, որ սպառողն իր պատվերը կատարելիս ընդունի վճարման պարտավորությունը: Եթե պատվերը կատարվում է կոճակի ակտիվացման կամ համանման գործառույթի միջոցով, ապա կոճակը կամ համանման գործառույթը պետք է ընթեռնելի եղանակով պիտակավորված լինի «վճարման պարտավորությամբ պատվեր» բառերով կամ համապատասխան ոչ երկիմաստ ձեւակերպմամբ, որով նշվում է, որ պատվերի կատարումն առաջացնում է վճարելու պարտավորություն: Ընդ որում, եթե վաճառողը չի կատարում սույն կետով սահմանված պահանջը, ապա սպառողը վճարային որեւէ պարտավորություն վաճառողի նկատմամբ չի կրում:
4. Էլեկտրոնային հարթակը մինչեւ հեռակա եղանակով պայմանագիր կնքելը պետք է հստակ եւ ընթեռնելի ձեւով պարունակի առաքման սահմանափակման կամ դրա առկայության պայմաններում վճարման արժեքի եւ ընդունման միջոցների մասին տեղեկատվություն:
5. Եթե վաճառողը սպառողի հետ հեռակա պայմանագիրը կնքում է հեռախոսազանգի միջոցով, ապա վաճառողը պետք է սպառողի հետ զրույցում բացահայտի իր անձը կամ այն անձի ինքնությունը, որի անունից նա կատարում է հեռախոսազանգը, եւ հեռախոսազանգի առեւտրային նպատակը: Վաճառողը հեռախոսազանգի միջոցով պետք է իր առաջարկը ներկայացնի սպառողին, ով պարտավորություն է ստանձնում առաջարկը ստորագրելուց կամ կայուն կրիչով իր գրավոր համաձայնությունն ուղարկելուց հետո:
6. Վաճառողը պայմանագրի կնքման առաջարկը հաստատում է կայուն կրիչով հեռակա պայմանագիրը կնքելուց հետո ոչ ուշ, քան ապրանքների առաքման պահին կամ մինչեւ ծառայությունների մատուցումը սկսելը: Պայմանագիրը հաստատելիս վաճառողը ներկայացնում է սույն օրենքի 10.2-րդ հոդվածի եւ 24.1-րդ հոդվածի 1-ին կետում նշված բոլոր տեղեկությունները, եթե վաճառողը այդ տեղեկությունները կայուն կրիչի վրա չի տրամադրել սպառողին մինչեւ հեռակա պայմանագրի կնքումը:
7. Եթե պայմանագիրը կնքվում է այնպիսի հեռակա հաղորդակցության միջոցով, որը թույլ է տալիս տեղեկատվությունը ցուցադրել սահմանափակ ժամանակով կամ ծավալով, վաճառողը պարտավոր է պայմանագիրը կնքելուց առաջ նույն հաղորդակցության միջոցով սպառողին տրամադրել առնվազն հետեւյալ տեղեկությունները՝ ապրանքի կամ ծառայության հիմնական բնութագրերը, վաճառողի ինքնությունը, ընդհանուր գինը, պայմանագրից հրաժարվելու իրավունքի մասին տեղեկությունը, պայմանագրի տեւողությունը, իսկ անորոշ ժամկետով կնքվող պայմանագրերի դեպքում՝ նաեւ պայմանագրի դադարեցման պայմանները:
Հոդված 24.4. Հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու սպառողի իրավունքը
1. Բացառությամբ սույն օրենքի 24.9-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, սպառողն իրավունք ունի առանց որեւէ պատճառաբանության հրաժարվել հեռակա կամ ձեռնարկության շենքից դուրս կնքված պայմանագրերից 14 օրվա ընթացքում, որը հաշվարկվում է՝
1) ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում՝ պայմանագրի կնքման օրվանից.
2) առուվաճառքի պայմանագրի դեպքում՝ սպառողի կամ վերջինիս նշած անձի կողմից ապրանքը փաստացի ընդունելու պահից, իսկ մեկ պատվերի շրջանակներում մի քանի ապրանք պատվիրելու եւ դրանք առանձին առաքելու դեպքում՝ սպառողի կամ վերջինիս նշած անձի կողմից վերջին ապրանքը փաստացի ընդունելու պահից: Մի քանի խմբաքանակի ապրանքի առաքման դեպքում՝ պայմանագիրը կատարելուց հրաժարվելու ժամկետը հաշվարկվում է սպառողի կամ վերջինիս նշած անձի կողմից ապրանքի վերջին խմբաքանակը փաստացի ընդունելու պահից.
3) ապրանքների կանոնավոր (որոշակի պարբերականությամբ) առաքման դեպքում՝ սպառողի կամ վերջինիս նշած անձի կողմից առաջին ապրանքը փաստացի ընդունելու պահից:
Հոդված 24.5. Հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու սպառողի իրավունքի իրացումը
1. Եթե վաճառողը սույն օրենքի պահանջներին համապատասխան նախքան պայմանագրի կնքումը սպառողին չի տեղեկացրել պայմանագրից հրաժարվելու իրավունքի մասին, ապա սպառողը պայմանագրից կարող է հրաժարվել սույն օրենքի 24.4-րդ հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո 12 ամսվա ընթացքում:
2. Եթե վաճառողը սույն օրենքի 24.4-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո 12 ամսվա ընթացքում սպառողին տեղեկացնում է պայմանագրից հրաժարվելու իրավունքի մասին, ապա սպառողը պայմանագրից կարող է հրաժարվել տեղեկանալու պահից 14 օրվա ընթացքում:
3. Մինչեւ հեռակա կամ ձեռնարկության շենքից դուրս կնքված պայմանագրից հրաժարվելու օրենքով սահմանված ժամկետի լրանալը սպառողը պետք է տեղեկացնի վաճառողին պայմանագրից հրաժարվելու իր որոշման մասին:
4. Վաճառողը կարող է սպառողին հնարավորություն տալ էլեկտրոնային եղանակով լրացնելու եւ ներկայացնելու պայմանագրից հրաժարվելու ստանդարտ ձեւաթուղթ, կամ ներկայացնելու իր կայքում տեղադրված հայտարարություն: Այդ դեպքում վաճառողը պարտավոր է անհապաղ կայուն կրիչի վրա տրամադրել սպառողին հաստատում այն մասին, որ ստացել է պայմանագրից հրաժարվելու մասին տեղեկությունը:
5. Սույն հոդվածով սահմանված պայմանագրից հրաժարվելու փաստի ապացուցման պարտականությունը կրում է սպառողը:
Հոդված 24.6. Հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու հետեւանքները
1. Պայմանագրից հրաժարվելու դեպքում դադարում են կողմերի պարտավորությունները՝
1) կատարելու հեռակա կամ շենքից դուրս կնքված պայմանագիրը, կամ
2) կնքելու հեռակա կամ շենքից դուրս կնքված պայմանագիր, երբ առաջարկը կատարվել է սպառողի կողմից:
Հոդված 24.7. Վաճառողի պարտավորությունները հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու դեպքում
1. Վաճառողը վերադարձնում է սպառողից ստացված բոլոր վճարները ոչ ուշ, քան 24.4-րդ հոդվածին համապատասխան պայմանագիրը կատարելուց հրաժարվելու՝ սպառողի որոշման մասին տեղեկանալու օրվանից 14 օրվա ընթացքում:
Սույն մասով սահմանված վճարների վերադարձը վաճառողի կողմից իրականացվում է օգտագործելով նույն վճարման եղանակը, որը սպառողն օգտագործել է կնքված գործարքի համար, եթե սպառողը համաձայնություն չի տվել այլ վճարման եղանակ օգտագործելու համար եւ վաճառողը հնարավորություն ունի տեխնիկապես ապահովել դրա իրականացումը: Սպառողի համաձայնությամբ այլ եղանակով վճարման վերադարձի իրականացման պարագայում պետք է պահպանվեն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով նախատեսված սահմանաչափերը:
2. Վաճառողը պարտավոր չէ փոխհատուցել լրացուցիչ ծախսերը, եթե սպառողը ընտրել է վաճառողի կողմից առաջարկվող ստանդարտ առաքման տեսակից տարբերվող առաքման այլ տեսակ:
3. Եթե վաճառողը չի առաջարկել անձամբ վերցնել ապրանքը, վաճառողը կարող է հետաձգել վճարների վերադարձը մինչեւ ապրանքը հետ ստանալը կամ մինչեւ սպառողը չներկայացնի ապրանքը հետ ուղարկելու վերաբերյալ ապացույցներ:
4. Վաճառողը չի կարող օգտագործել այն նյութերը կամ տվյալները, որոնք սպառողը ստեղծել կամ տրամադրել է թվային բովանդակություն կամ թվային ծառայություն օգտագործելիս, բացառությամբ հետեւյալ դեպքերի.
1) սպառողի կողմից ստեղծված կամ տրամադրված նյութերը կամ տվյալները չունեն որեւէ օգտակար նշանակություն վաճառողի կողմից մատուցվող թվային բովանդակության կամ թվային ծառայության համար.
2) սպառողի կողմից ստեղծված կամ տրամադրված նյութերը կամ տվյալները վերաբերում են միայն սպառողի գործունեությանը, եւ կապված են վաճառողի կողմից մատուցվող թվային բովանդակության կամ թվային ծառայության գործընթացի հետ.
3) սպառողի կողմից ստեղծված կամ տրամադրված նյութերը կամ տվյալները վաճառողի կողմից համախմբվել են այլ տվյալների հետ եւ չեն կարող տարանջատվել.
4) սպառողի կողմից ստեղծված կամ տրամադրված նյութերը կամ տվյալները ստեղծվել են սպառողի կողմից այլ անձանց հետ համատեղ, որոնք կարող են շարունակել այդ նյութերի կամ տվյալների օգտագործումը:
5. Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի 1-3-րդ կետերում նշված դեպքերի, վաճառողը պարտավոր է սպառողի պահանջով վերջինիս հասանելի դարձնել ցանկացած տվյալ կամ նյութ, որը տրամադրվել կամ ստեղծվել է սպառողի կողմից վաճառողի կողմից մատուցված թվային բովանդակությունից կամ թվային ծառայությունից օգտվելիս:
6. Սպառողը իրավունք ունի անհատույց, առանց վաճառողի կողմից խոչընդոտների, ողջամիտ ժամկետում ստանալ իր կողմից ստեղծված կամ տրամադրված նյութերը կամ տվյալները:
7. Պայմանագրից հրաժարվելու դեպքում վաճառողը կարող է արգելել թվային բովանդակության կամ թվային ծառայության հետագա օգտագործումը սպառողի կողմից՝ թվային բովանդակությունը կամ թվային ծառայությունը սպառողի համար անհասանելի դարձնելով՝ չխախտելով սույն հոդվածի 6-րդ մասը:
Հոդված 24.8. Սպառողի պարտավորությունները հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու դեպքում
1. Եթե վաճառողը չի առաջարկել անձամբ վերցնել ապրանքները, սպառողը պարտավոր է հետ վերադարձնել ապրանքները կամ հանձնել դրանք վաճառողին ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ սպառողը վաճառողին տեղեկացրել է պայմանագրից հրաժարվելու իր որոշման մասին:
2. Սպառողի կողմից հեռակա կամ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերից հրաժարվելու դեպքում սպառողը կարող է կրել միայն ապրանքը վերադարձնելու ծախսերը, ինչպես նաեւ այն ծախսերը, որոնք հետեւանք են ապրանքի ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու արդյունքում առաջացած արժեքի նվազեցման: Ընդ որում, սպառողը չի կրում ապրանքի վերադարձի հետ կապված ծախսերը, եթե սույն օրենքի պահանջներին համապատասխան, վաճառողը նախքան պայմանագրի կնքումը չի տեղեկացրել պայմանագրից հրաժարվելու սպառողի իրավունքի կամ ապրանքը վերադարձնելու հետ կապված ծախսերը կրելու մասին:
3. Եթե վաճառողի եւ սպառողի միջեւ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա պայմանագրից հրաժարվելու դեպքում սպառողը պարտավոր է վճարել միայն փաստացի ստացած ծառայությունների համար:
4. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի, սպառողը որեւէ պատասխանատվություն չի կրում պայմանագիրը կատարելուց հրաժարվելու համար:
5. Պայմանագրից հրաժարվելու դեպքում սպառողը պարտավոր է ձեռնպահ մնալ թվային բովանդակությունից կամ թվային ծառայությունից օգտվելուց եւ այն երրորդ կողմերին հասանելի դարձնելուց:
Հոդված 24.9. Հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու իրավունքից բացառություններ
1. Սպառողի՝ պայմանագրից հրաժարվելու սույն օրենքի 24.4-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի գործում հետեւյալ դեպքերում.
1) եթե վաճառողը ամբողջ ծավալով եւ պատշաճ որակով մատուցել է ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ծառայությունները, ծառայությունների մատուցումը սկսել է սպառողի համաձայնությամբ եւ սպառողը տեղեկացվել է, որ ծառայության ամբողջական մատուցումից հետո զրկվում է պայմանագրից հրաժարվելու իրավունքից.
2) այն ապրանքների առուվաճառքի կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի վրա, որոնց գինը կախված է ֆինանսական շուկայի տատանումներից, որոնք չեն կարող վերահսկվել վաճառողի կողմից եւ կարող են տեղի ունենալ պայմանագրից հրաժարվելու ժամկետի ընթացքում.
3) մեքենաների վարձույթի ծառայությունները, սննդի մատակարարումը կամ հանգստի կազմակերպման հետ կապված ծառայությունները, եթե պայմանագրով նախատեսված է կատարման որոշակի ժամանակահատված.
4) սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում:
Հոդված 24.10. Հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերով ապրանքների առաքման ժամկետը
1. Եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, վաճառողն ապրանքներն առաքում է սպառողին պայմանագիրը կնքելուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
2. Եթե վաճառողը սպառողի հետ համաձայնեցված ժամկետում կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի կատարում ապրանքներն առաքելու իր պարտավորությունը, ապա սպառողը վաճառողից կարող է պահանջել, որ առաքումը իրականացվի համաձայնեցված լրացուցիչ ժամկետի ընթացքում: Եթե վաճառողը լրացուցիչ ժամկետի ընթացքում չի առաքում ապրանքները, ապա սպառողն իրավունք ունի դադարեցնել պայմանագիրը եւ պահանջել վերադարձնելու ապրանքի (աշխատանքի, ծառայության) համար վճարված գումարը՝ պահանջելով փոխհատուցում պատճառված վնասների համար:
3. Պայմանագրի դադարեցումից հետո վաճառողը անհապաղ վերադարձնում է պայմանագրով վճարված բոլոր գումարները:
Հոդված 24.11. Հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերով ապրանքների կորստի եւ վնասվածքի ռիսկը
1. Հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի դեպքում, ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը մինչեւ այդ ապրանքները սպառողի կամ վերջինիս նշած անձի կողմից փաստացի ընդունելը կրում է վաճառողը:
2. Ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը փոխանցվում է սպառողին ապրանքը փոխադրողին հանձնելու պահից, եթե սպառողը փոխադրողին է պատվիրել ապրանքները տեղափոխել եւ պահպանվել են սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջները:»:
Հոդված 13. Օրենքի 39-րդ հոդվածի վերնագիրը «(աշխատանքների, ծառայությունների)» բառերից հետո լրացնել «համապատասխանության,» բառով:
Հոդված 14.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում