Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-962-12.03.2016-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 416.1-ին եւ 416.2-րդ հոդվածներով՝

«Հոդված 416.1 Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողի սահմանափակ պատասխանատվությունը

1. Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից իր տեղեկատվական համակարգի միջոցով փոխանցված էլեկտրոնային փաստաթղթի բովանդակության, ինչպես նաեւ այն փոխանցելու միջոցով երրորդ անձանց միջեւ ծագած պարտավորությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ծառայություն մատուցողի հետ կնքված պայմանագրով:

2. Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողը պատասխանատվություն է կրում, եթե առանց լիազորության կամ լիազորությունների սահմանազանցմամբ`

1) այլ անձի անունից փոխանցել է էլեկտրոնային փաստաթուղթը.

2) այլ անձի անունից ընտրել է փոխանցված էլեկտրոնային փաստաթուղթը  ստացողին.

3) ընտրել եւ փոփոխել է այլ անձի էլեկտրոնային փաստաթուղթը:

Հոդված 416.2 Էլեկտրոնային առեւտրային հարթակը շահագործողի պատասխանատվության հիմքերը

1. Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը, որը ծառայում է որպես երրորդ անձանց համար պայմանագրերի կնքման եւ/կամ կատարման հարթակ (էլեկտրոնային առեւտրային հարթակ), երրորդ անձանց միջեւ կնքված պայմանագրերից ծագող պարտավորությունների համար պատասխանատվություն չի կրում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, էլեկտրոնային առեւտրային հարթակը շահագործողի ու երրորդ անձի միջեւ կնքված պայմանագրով:

2. Սույն հոդվածի առաջին մասը չի գործում, եթե էլեկտրոնային առեւտրային հարթակի շահագործողը էլեկտրոնային առեւտրային հարթակը շահագործել է օրենքի պահանջների խախտմամբ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Պայմանագիրը գրավոր ձեւով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաեւ փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով տեղեկություն կամ հաղորդագրություն (փաստաթուղթ) փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու դրա իսկությունը եւ ճշգրիտ որոշել, որ այն ելնում է պայմանագրի կողմից: Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս, եթե օրենքով նման պայմանագրի ձեւի վերաբերյալ այլ պահանջ սահմանված չէ, էլեկտրոնային թվային ստորագրությամբ չպաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ անձի կողմից ձեռագիր ստորագրված փաստաթուղթը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 451-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով՝

«Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս օֆերտան համարվում է ստացված այն պահից, երբ այն մուտք է գործում հասցեատիրոջ կողմից նշած տեղեկատվական համակարգ կամ հայտնաբերվել է հասցեատիրոջ կողմից, եթե այն ուղարկվել է նրա կողմից չնշված տեղեկատվական համակարգին:»:

Հոդված 4. Օրենսգրքի 452-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով`

«2. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս օֆերենտն ու ակցեպտանտն ունեն օֆերտայում կամ ակցեպտում իրենց վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ճշտման իրավունք, պայմանով, եթե այն իրականացվի վրիպակի, գրասխալի կամ թվաբանական սխալի հայտնաբերման պահից անհապաղ եւ մյուս կողմը չի ձեռնարկել պայմանագրի կատարմանն ուղղված գործողություն (ապրանքներ բեռնելը, աշխատանքներ կատարելը, ծառայություններ մատուցելը, վճարում կատարելը եւ այլն), որը հանգեցրել է ծախսերի»:

Հոդված 5. Օրենսգրքի 454-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս ակցեպտը համարվում է ստացված այն պահից, երբ օֆերտայում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելու վերաբերյալ էլեկտրոնային ծանուցումը մուտք է գործում օֆերտա ուղարկած անձի կողմից նշած տեղեկատվական համակարգ կամ այն հայտնաբերվել է օֆերտա ուղարկած անձի կողմից, եթե այն ուղարկվել է նրա կողմից չնշված տեղեկատվական համակարգին:»:

Հոդված 6. Օրենսգրքի 517-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 517. Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու գնորդի իրավունքը

1. Գնորդն իրավունք ունի պատշաճ որակի ոչ պարենային ապրանքն իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել, գնված ապրանքն այն գնելու կամ վաճառողի հայտարարած այլ վայրերում վերադարձնել եւ (կամ) փոխարինել այլ չափի, ձեւի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ:

2. Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները եւ առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:

3. Այն ապրանքների ցանկը, որոնք սույն հոդվածով սահմանված հիմքերով չեն կարող վերադարձվել կամ փոխարինվել, որոշվում է օրենքով կամ Կառավարության կողմից սահմանված կարգով:

4. Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ»:

Հոդված 7. Օրենսգրքի 518-րդ հոդվածի 4-րդ մասը «հետեւանքով» բառերից հետո լրացնել « , ինչպես նաեւ անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելու հետ կապված իր կատարած ծախսերը:» բառերով:

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 780.1 հոդվածով.

«Հոդված 780.1 Էլեկտրոնային առեւտրային հարթակի տրամադրման ծառայությունների առանձնահատկությունները

1. Էլեկտրոնային առեւտրային հարթակ շահագործողը պարտավոր չէ հսկել հարթակի օգտատերերի կողմից ներկայացվող բովանդակության օրինականությունը եւ համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ էլեկտրոնային առեւտրային հարթակի շահագործողն իմացել է կամ պետք է իմանար օգտատերերի կողմից ներկայացվող բովանդակության ակնհայտ անօրինական, ակնհայտ ոչ հավաստի լինելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ակնհայտ չհամապատասխանելու մասին:

2. Էլեկտրոնային առեւտրային հարթակը շահագործողը պարտավոր է ցուցադրել վաճառողի (աշխատանքներ կատարողի, ծառայություններ մատուցողի) վերաբերյալ օրենքով սահմանված պարտադիր տեղեկատվությունը եւ պահպանել վաճառողի (աշխատանքներ կատարողի, ծառայություններ մատուցողի)` հարթակում գրանցված լինելու ամբողջ ժամանակահատվածում եւ դրա ավարտից հետո առնվազն 1 տարի, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ օրենքով կամ էլեկտրոնային առեւտրային հարթակը շահագործողի հետ կնքված պայմանագրով:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։