Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-964-16.03.2016-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը անվճար հիմունքներով կարող է իրականացնել չափահաս ՀՀ քաղաքացին իրեն նոտարական վավերացմամբ լիազորագիր տված ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար, իսկ դատական ներկայացուցչության կազմակերպումը որպես վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ`

1) մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաեւ ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի.

2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1135 առ 14.01.2014թ-ի որոշման մեջ ( ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԲԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ) նշված է պատասխանող կողմի՝ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցչի դիրքորոշումն առ այն, որ Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը չի հակասում քաղաքացու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքին քանի որ՝ մեջբերում որոշումից. «Իրավաբանական օգնությունը չի սահմանափակվում միայն դատական ներկայացուցչությամբ, իսկ իրավաբանական օգնության մյուս տեսակների համար օրենքն իմպերատիվ կերպով սահմանափակումներ չի նախատեսել: Ըստ պատասխանող կողմի` դատական ներկայացուցչությունը հանդիսանում է իրավունքների պաշտպանության առավել բարդ ընթացակարգ ենթադրող կառուցակարգ, որը կարող է իրականացնել միայն փաստաբանը, քանի որ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը չպետք է կրի հռչակագրային բնույթ, այն իրական եւ նպատակային դարձնելու համար օրենսդրության հետագա կարգավորումների միջոցով ստեղծվում է այն իրավական հենքը, որի շնորհիվ մատուցվող իրավաբանական օգնությունը կլինի որակյալ եւ կտրամադրվի մասնագիտական որոշակի հմտություններ տիրապետող անձանց կողմից»։ Մեջբերման ավարտ։ Հաշվի առնելով, որ նույնիսկ տվյալ գործով պատասխանողն է գտնում, որ իրավաբանական օգնություն ստանալու սահմա-նադրական իրավունքը չպետք է կրի հռչակագրային բնույթ, հատկանշական է հետեւյալը.

1. ՀՀ-ում փաստաբանի կողմից դատական ներկայացուցչության իրականացման ծառայաության միջին արժեքը սկսկվում է 300 հազար ՀՀ դրամից:

2. ՀՀ-ում նվազագույն աշխատավարձն ըստ ԱՎԾ-ի տվյալների կազմում է 55.000 ՀՀ դրամ, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը 179 309 դրամ, այսինքն նվազագույն աշխատավարձ ստացող անձը դատական ներկայացուցչության համար ներկա պայմաններում պետք է վճարի իր վեց ամսվա ամբողջ աշխատավարձը, իսկ միջին աշխատավարձ ստացող անձը 2-3 ամսվա աշխատավարձը:

 3. Վերոնշյալ երկու կետերի, հանրային պաշտպանի գրասենյակից օգտվելու իրավունք ունեցող անձանց ցանկի եւ ՀՀ-ում աղքատության ցուցանիշների համադրությունից բխում է, որ անվճար հիմունքներով դատական ներկայա-ցուցչություն իրականացնելու պատրաստակամ իրավապաշտպաններին եւ ՀԿ-ներին դատական ներկայացուցչություն իրականացնելու հնարավորություն ընձեռելը կնպաստի քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի կենսագործմանը։ Ինչ վերաբերվում է «իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը չպետք է կրի հռչակագրային բնույթ» պնդմանը, ապա սույն օրեսնդրական փոփոխությամբ քաղաքացին ազատ է ինքնուրույն որոշելու` իրավաբանական օգնություն ստանալ փաստաբանից, թե այլ քաղաքացուց, մինչդեռ ներկայումս այդ իրավունքը սահմանափակված է, իսկ փաստաբանական ծառայությունների համար բավարար ֆինանսական միջոցներ չունեցող եւ հանրային պաշտպանի գրասենյակից անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկում չներառված բազմահազար քաղաքացիների համար ներկայիս օրենքն է իրավաբանական օգնություն ստանալու սահմա-նադրական իրավունքին հաղորդում հռչակագրային բնույթ։