Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«1. ա) կազմակերպությունը ունի առնվազն 2 աշխատող աուդիտոր».
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Մինչ 2011 թվականի մայիսի 26-ը «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը սահմանված էր հետեւյալ կերպ. « ա) աշխատողներից առնվազն երկուսն աուդիտոր են, եւ նրանցից մեկը կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարն է »: 2011 թվականի մայիսի 26-ից հետուստ «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով վերը նշված դրույթը լրացվեց եւ շարադրվեց նոր խմբագրությամբ, այն է. « ա) կազմակերպությունն ունի առնվազն 5 աշխատող աուդիտորներ, որոնցից առնվազն 3-ը այլ գործատուի մոտ չեն աշխատում` բացառությամբ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական բնույթի աշխատանքների »:
2014 թվականի մայիսի 20-ից հետուստ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ նույն օրենքի 24-րդ հոդվածից հանվեց խոշոր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր պահանջը: ՈՒստի աուդիտորական կազմակերպությունները ի վիճակի չեն ապահովել օրենքով նախատեսված քանակի աշխատող աուդիտորների առկայությունը:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներկայիս տնտեսական պայմանները գտնում ենք, որ նպատակահարմար է Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել նոր խմբագրությամբ եւ հինգ աշխատող աուդիտորների փոխարեն սահմանել երկու աշխատող աուդիտորներ, ինչպես սահմանված էր Օրենքում մինչ 2011 թվականի մայիսի 26-ը: