Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-971-25.03.2016-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սելեկցիոն նվաճման արտոնագրի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 7-րդ մասում «պահանջները» բառից հետո լրացնել «, այդ թվում դիմումի ձեւը» բառերը:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8-րդ մաս.

«8. Հայտը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ լիազորված մարմնի պաշտոնական կայքի միջոցով:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «՝ երեք ամսվա ընթացքում,» բառերը.

2) 3-րդ մասի «փորձաքննությունից հետո պարզվի» բառերը փոխարինել «փորձաքննության արդյունքում պարզվում է» բառերով.

3) 4-րդ մասում «15 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «տաս աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

4) 7-րդ մաս շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Լիազորված մարմինը սելեկցիոն նվաճման հայտի ներկայացման օրվանից մեկ ամսվա ընթացքում կայացնում է որոշում՝ արտոնագիր տալը մերժելու կամ հայտի պաշտոնական հրապարակման մասին: Ընդ որում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում հայտի ներկայացման օր է համարվում ուղղված եւ պակաս փաստաթղթերի ներկայացման օրը:».

5)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7.1-ին եւ 7.2 մասեր.

«7.1. Լիազորված մարմինը, որոշումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտում նշված եղանակով՝ կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով) կամ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին այդ մասին: Որոշումն  ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինն այն ուղարկում է հայտատուին փոստով, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել լիազորված մարմնում նույն ժամկետում որոշումն ստանալ առձեռն:

7.2. Հայտը պաշտոնապես հրապարակվում է այդ մասին որոշում կայացնելուց հետո՝ տաս աշխատանքային օրվա ընթացքում:»:

6) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.

7) 9-րդ մասում՝

ա. «փորձաքննությունից հետո» բառերը փոխարինել «փորձաքննության անցկացման մասին դիմումն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում» բառերով.

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն հոդվածի 7.1-ին մասում սահմանված կարգով եւ ժամկետներում:» :

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «, եւ որոշում կայացնելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում, տեղյակ է պահում հայտատուին» բառերը եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասում սահմանված կարգով եւ ժամկետներում:».

2) 3-րդ մասում առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.

«Լիազորված մարմինը, առարկությունը ստանալուց  հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտում նշված եղանակով՝ կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով) կամ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին այդ մասին: Առարկությունը ստանալուց  հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինն առարկության պատճենը ուղարկում է հայտատուին փոստով, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել լիազորված մարմնում նույն ժամկետում առարկության պատճենը ստանալ առձեռն:».

3) 4-րդ մասում՝

ա. «Իր ունեցած» բառերից առաջ լրացնել « Հերքում ստանալու դեպքում,» բառերը.

բ. հանել « եւ մեկ շաբաթվա ընթացքում որոշման մասին տեղյակ է պահում հայտատուին» բառերը եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասում սահմանված կարգով եւ ժամկետներում:».

4) 5-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել եւ լրացնել լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.

«Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում: Լիազորված մարմինը բողոքարկման խորհրդի որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասում սահմանված կարգով եւ ժամկետներում: Լիազորված մարմնի  բողոքարկման խորհրդի ձեւավորման կարգը, կանոնադրությունը եւ բողոքների քննարկման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Բողոքարկման խորհրդի որոշումը համարվում է լիազորված մարմնի վերջնական որոշում:»:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «եւ երեք օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում իր որոշումը» բառերը եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասում սահմանված կարգով եւ ժամկետներում:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հեղինակային վկայագրի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը եւ 20-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը առաջին  նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Յուրաքանչյուր ամսվա կտրվածքով սույն մասով սահմանված տեղեկությունները մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա տասը  տեղադրվում են լիազորված մարմնի պաշտոնական կայքում եւ համարվում են պաշտոնապես հրապարակված տեղեկություններ:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից  (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին (այսուհետ՝ ՕԿԱԿ) ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

ՕԿԱԿ-ի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվել է գյուղատնտեսության ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը եւ արձանագրվել է հետեւյալը.

- համաձայն «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք)՝ սելեկցիոն նվաճման հայտի նախնական փորձաքննությունը տեւում է երեք ամիս,

- օրենքով սահմանված է, որ սելեկցիոն նվաճման արտոնագրի հայտ ներկայացնելու, արտոնագիր ստանալու եւ դա գործողության մեջ պահելու, ինչպես նաեւ արտոնագրի հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու համար գանձվում են տուրքեր, որոնց տեսակները, դրանց չափն ու վճարման ժամկետները եւ այլն սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով, սակայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը սելեկցիոն նվաճումների հետ կապված որեւէ տուրք չի նախատեսում,

- արտոնագիր տալը մերժելու մասին որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել լիազորված մարմնի բողոքարկման խորհուրդ, սակայն  սահմանված չէ բողոքների քննարկման կարգը,

- սելեկցիոն նվաճման արտոնագրի եւ հեղինակային վկայագրի ձեւեր որեւէ իրավական ակտով սահմանված չեն,

- սահմանված չէ սելեկցիոն նվաճման հայտը նաեւ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն,

- սելեկցիոն նվաճումներին վերաբերող տեղեկությունները հրապարակվում են միայն  սելեկցիոն նվաճումների պաշտոնական տեղեկագրում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում անհրաժեշտ է իրականացնել ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերանայում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը եւ հաշվի առնելով ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը,  առաջարկվում է.

- սելեկցիոն նվաճման հայտի նախնական փորձաքննության ժամկետը սահմանել մեկ ամիս,

- օրենքում ուժը կորցրած ճանաչել սելեկցիոն նվաճման արտոնագրի հայտ ներկայացնելու, արտոնագիր ստանալու եւ դա գործողության մեջ պահելու, ինչպես նաեւ արտոնագրի հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու համար տուրքեր գանձելու մասին դրույթները,

- ՀՀ կառավարության կողմից սահմանել լիազորված մարմնի  բողոքարկման խորհրդի կանոնադրություն եւ բողոքների քննարկման կարգ,

- ՀՀ կառավարության կողմից սահմանել սելեկցիոն նվաճման արտոնագրի եւ հեղինակային վկայագրի ձեւեր,

- սահմանել, որ սելեկցիոն նվաճման հայտը կարող է ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով՝ լիազորված մարմնի պաշտոնական կայքի միջոցով,

-  հստակեցնել  կամ կրճատել սելեկցիոն նվաճման հայտի փորձաքննությունների  ժամկետները,

- սահմանել, կրճատել կամ հստակեցնել լիազոր մարմնի կողմից իր որոշումները հայտատուին հայտնելու  ժամկետը եւ կարգը,

- սելեկցիոն նվաճումներին վերաբերող տեղեկությունները հրապարակել նաեւ  լիազորված մարմնի պաշտոնական կայքում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների  բարելավումը եւ պարզեցումը:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագծի  վերաբերյալ

«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագիծն իր մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի ընդունման դեպքում

«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. ««Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:    Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է ընդհանուր առմամբ դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը որ Նախագծով հստակեցվում են սելեկցիոն նվաճումների իրավական պահպանության ու օգտագործման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես` ամրագրվում է սելեկցիոն նվաճման հայտը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորությունը եւ առաջարկվում է կրճատել հայտի փորձաքննության ժամկետները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել սելեկցիոն նվաճման արտոնագրի հայտ ներկայացնելու, արտոնագիր ստանալու եւ դա գործողության մեջ պահելու, ինչպես նաեւ արտոնագրի հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու համար տուրքեր գանձելու մասին դրույթները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Վերոնշյալ օրենքի նախագծով նախատեսվում է`

1) սելեկցիոն նվաճման հայտի նախնական փորձաքննության ժամկետը սահմանել մեկ ամիս՝ նախկին 3 ամսվա փոխարեն,

2) ուժը կորցրած ճանաչել սելեկցիոն նվաճման արտոնագրի հայտ ներկայացնելու, արտոնագիր ստանալու եւ դա գործողության մեջ պահելու, ինչպես նաեւ արտոնագրի հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու համար տուրքեր գանձելու մասին դրույթները,

3) սահմանել, որ սելեկցիոն նվաճման հայտը կարող է ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով՝ լիազորված մարմնի պաշտոնական կայքի միջոցով,

4) հստակեցնել կամ կրճատել սելեկցիոն նվաճման հայտի փորձաքննությունների  ժամկետները,

5) սելեկցիոն նվաճումներին վերաբերող տեղեկությունները հրապարակել նաեւ  լիազորված մարմնի պաշտոնական կայքում:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ վերոնշյալ նախագծի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: Իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու եւ պետական տուրք սահմանելու դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա դրական ազդեցություն:

Եզրակացություն

«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն: