Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-976-01.04.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է պրոբացիայի նպատակները, խնդիրները, սկզբունքները, կազմակերպման եւ գործունեության հիմունքները, այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու կատարման եւ խորհրդատվական զեկույցի ներկայացման կարգը, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների նկատմամբ իրականացվող պրոբացիայի առանձնահատկությունները:

Հոդված 2. Պրոբացիայի մասին օրենսդրությունը

1. Պրոբացիայի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) պրոբացիա՝ պրոբացիայի ծառայության շահառուի սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաեւ հասարակության անվտանգության ապահովման նպատակով պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառված այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հետեւանքով փորձաշրջան նշանակելու,  պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու կատարումն ու վերասոցիալականացման իրականացումն է հասարակությունում` անձի նկատմամբ հսկողություն, ուղղորդում եւ աջակցություն իրականացնելու միջոցով.

2) էլեկտրոնային հսկողություն՝ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի եւ վարքագծի նկատմամբ.

3) պրոբացիայի ծառայություն՝ պրոբացիա իրականացնող իրավասու պետական մարմին.

4) պրոբացիայի ծառայության շահառու՝ անձ, ում նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց կամ նշանակվել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կամ անվտանգության միջոց կամ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ նրան պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում նշանակվել է փորձաշրջան, կամ նա պատիժը կրելուց ազատվել է կամ նրա պատժի կրումը հետաձգվել է, կամ ում վերաբերյալ պետք է ներկայացվի խորհրդատվական զեկույց.

5) անձնական գործ՝ պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ.

6) տվյալների շտեմարան՝ պրոբացիայի ծառայության շահառուների անձնական գործերի եւ պրոբացիայի ծառայության գործունեության վերաբերյալ էլեկտրոնային եւ թղթային տեղեկությունների ամբողջություն.

7) պրոբացիայի ծառայության շահառուի հաշվառման քարտ՝ պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ համառոտ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ?

8) խորհրդատվական զեկույց՝ պրոբացիայի ծառայության կողմից, սույն օրենքին համապատասխան, պրոբացիայի ծառայության շահառուի մասին ներկայացվող տեղեկություններ.

9) վերահսկողության պլան՝ փաստաթուղթ, որում սահմանված են պրոբացիայի ծառայության շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները եւ ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ անձի հետ տարվող վերասոցիալականացման միջոցառումները.

10) վերասոցիալականացում` պրոբացիայի ծառայության շահառուների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների եւ ծրագրերի, իրավական եւ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, հասարակությունում վերաինտեգրելու եւ օրինապահ վարքագիծ ձեւավորելու գործընթացների ամբողջություն.

11) ռիսկերի եւ պահանջմունքների գնահատում` պրոբացիայի ծառայության շահառուի կողմից կատարված կամ ենթադրյալ կատարված արարքի պատճառների վերհանում եւ այնպիսի միջոցների պլանավորում, որոնք հնարավորություն կտան նվազեցնել կատարված կամ ենթադրյալ կատարված հանցագործության կրկնության հավանականությունը:

Հոդված 4. Պրոբացիայի նպատակներն ու խնդիրները

1. Պրոբացիայի նպատակներն են.

1) քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը` այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու միջոցով.

2) հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի եւ հարկադրանքի միջոցների կատարման միջոցով  սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, իսկ պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների նկատմամբ նաեւ նրա ֆիզիկական եւ հոգեկան բնականոն զարգացման ապահովումը, նրա դաստիարակումը եւ այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը.

3) հասարակության անվտանգության ապահովումը՝ կրկնահանցագործության կանխարգելման եւ կրճատման միջոցով.

4) քրեական արդարադատության իրականացման աջակցությունը:

2. Պրոբացիայի խնդիրներն են.

1) քրեական վարույթի ընթացքում սույն օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.

2) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ դատարանի կողմից կիրառված հարկադրանքի այլ միջոցների կատարումը.

3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորման իրականացումը` գնահատելով ռիսկերը եւ հաշվի առնելով պրոբացիայի ծառայության շահառուի կարիքները.
4) պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից անձի վերաբերյալ խորհրդատվական զեկույցների տրամադրումը.

5) պատիժը պայմանականորեն չկիրառելու հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված, հղի կանանց, մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող կամ պատժի կրումը հետաձգված կամ պատժի կրումից ազատված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացումը:

ԳԼՈՒԽ 2. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 5. Տարբերակման եւ անհատականացման սկզբունքը

1. Սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման համար պրոբացիայի ծառայությունը պետք է պրոբացիայի ծառայության յուրաքանչյուր շահառուի անձը տարբերակի, նրա համար մշակի նրա ուղղման, վերասոցիալականացման եւ օրինապահ վարքագիծը խթանելու անհատական ծրագիր` հաշվի առնելով կատարած հանցանքը եւ նրա սոցիալ-հոգեբանական վիճակը, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների լավագույն շահը: Անչափահաս շահառուի լավագույն շահերի ապահովումն ուղղված է նրա իրավունքների արդյունավետ եւ ամբողջական իրականացմանը, ինչպես նաեւ  անչափահաս շահառուի զարգացմանը, հաշվի առնելով անչափահաս շահառուի մտավոր եւ ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի առկայությունը, անչափահաս շահառուի զարգացման համար ծնողի եւ ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարեւորությունը, ինչպես նաեւ անչափահաս շահառուի  մշակութային, լեզվական, հոգեւոր կամ կրոնական կապերը եւ դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում եւ այլ կարիքները եւ պահանջները:

Հոդված 6. Զուգակցման սկզբունքը

1. Պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ կիրառված պատիժը եւ հարկադրանքի այլ միջոցները կարող են զուգակցվել անձի ուղղմանն ու վերասոցիալականացմանն ուղղված օրենքով նախատեսված այլ միջոցների հետ:

Հոդված 7. Համագործակցության սկզբունքը

1. Պրոբացիայի ծառայության գործունեությունը հիմնված է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ մարմինների եւ կազմակերպությունների հետ համագործակցության վրա:

2. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են պրոբացիայի ծառայությանը՝ վերջինիս խնդիրների իրականացման ընթացքում:

Հոդված 8. Գաղտնիության սկզբունքը

1. Պրոբացիայի ծառայության գործունեության ընթացքում ապահովվում է պրոբացիայի ծառայության շահառուին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունը:

2. Պրոբացիայի ծառայողն առանց պրոբացիայի ծառայության շահառուի համաձայնության նրա վերաբերյալ  կարող է սույն օրենքով սահմանված դեպքերում տեղեկություններ հավաքել, պահել, օգտագործել կամ փոխանցել բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ նվազագույնի հասցնելով միջամտությունը շահառուի անձնական կյանքին եւ ապահովելով իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը:

Հոդված 9.  Հաշտեցման սկզբունքը

1. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուի վերասոցիալականացման միջոցառումների շրջանակներում օժանդակում է տուժողի եւ պրոբացիայի ծառայության շահառուի հաշտեցմանը:

Հոդված 10.  Աջակցության սկզբունքը

1. Պրոբացիայի ծառայությունը վերասոցիալականացման միջոցառումների շրջանակում ապահովում է պրոբացիայի ծառայության շահառուների մշտական աջակցություն՝ նրանց տրամադրվող օգնության եւ խորհրդատվության միջոցով:

Հոդված 11. Համաձայնության սկզբունքը

1. Պրոբացիայի ծառայության կողմից որոշումների կայացման, ինչպես նաեւ վերահսկողության պլանի մշակման ընթացքում հնարավորինս հաշվի են առնվում պրոբացիայի ծառայության շահառուի կարծիքը եւ համաձայնությունը, ինչպես նաեւ հնարավորինս ապահովվում է նրա ներգրավվածությունը դրանց կայացման եւ մշակման գործընթացին:

ԳԼՈՒԽ 3. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 12. Այլընտրանքային խափանման միջոցի կատարման ապահովումը

1. Այլընտրանքային խափանման միջոցի կատարումը սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ապահովում է պրոբացիայի ծառայության շահառուի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ՝ մարմին), իսկ բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատարանի որոշման մեջ նշված վայրի մարմինը:

2. Պրոբացիայի ծառայությունը հսկողություն է իրականացնում դատարանի որոշմամբ պրոբացիայի ծառայության շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:

3. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը ստանալուց հետո պրոբացիայի ծառայությունն անհապաղ պարզում է պրոբացիայի ծառայության շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, պատշաճ ծանուցում է վերջինիս պրոբացիայի ծառայության համապատասխան մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, իսկ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի դեպքում, ապահովում է պրոբացիայի ծառայողի այցը պրոբացիայի ծառայության շահառուի բնակության վայր, կազմում է պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործը, վերահսկողության պլանը եւ լրացնում հաշվառման քարտը: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելու պահից:

4. Պրոբացիայի ծառայության շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին տեղեկացնում է իրավասու մարմին:

5. Այլընտրանքային խափանման միջոց կիրառած դատարանի որոշման հիման վրա եւ դրա շրջանակներում, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ ռիսկերի եւ պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը վերահսկողության պլանում սահմանում է պրոբացիայի ծառայության շահառուի կողմից կատարման ենթակա պարտականությունները եւ  սահմանափակումները, որոնք նա պետք է կատարի եւ պահպանի, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագիրը:

6. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման հիման վրա պրոբացիայի ծառայողն իրավասու է այցելել պրոբացիայի ծառայության շահառուի բնակության կամ աշխատանքի վայր, ինչպես նաեւ այլ վայր, որտեղ դատարանի որոշմամբ պրոբացիայի ծառայության շահառուին  արգելված է այցելել՝ դատարանի կողմից անձի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

7. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշման հիման վրա պրոբացիայի ծառայության շահառուի կողմից իր բնակության կամ աշխատանքի վայր մուտք գործելը արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ անհապաղ, բայց ոչ ուշ քան 12 ժամվա ընթացքում ուղարկում վարույթն իրականացնող մարմնին: Այլ անձանց կողմից պրոբացիայի ծառայության շահառուի բնակության կամ աշխատանքի վայր մուտք գործելը արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն` վարչական դատարան ներկայացնելու նպատակով:

8. Այլընտրանքային խափանման միջոցների կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ՝ դատարանի որոշման հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան:

9. Պրոբացիայի ծառայողը այլընտրանքային խափանման միջոց կիրառած դատարանի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմում է հաշվետվություն, որն իրավասու մարմնի կողմից նշված պարբերականությամբ ներկայացվում է վարույթն իրականացնող մարմնին:

10. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից իրավասու մարմնի որոշման հիման վրա կիրառվող այլընտրանքային խափանման միջոցի պայմանների խախտման դեպքում պրոբացիայի ծառայությունը, ներքին կանոնակարգի համաձայն, միջոցներ է ձեռնարկում պրոբացիայի ծառայության շահառուին հայտնաբերելու եւ իրավասու մարմնի որոշման հիման վրա կիրառվող  սահմանափակումների կատարումն ապահովելու ուղղությամբ, անհապաղ հայտնում է վարույթն իրականացնող մարմնին, անհրաժեշտության դեպքում խախտման մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ` ՀՀ ոստիկանություն) կամ այլ իրավասու մարմինների, նրանց օժանդակում կամ նրանց հետ համատեղ իրականացնում է միջոցառումներ :

11. Այլընտրանքային խափանման միջոց կիրառած մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվության, պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու դեպքում կազմվող եւ վարույթն իրականացնող մարմին ներկայացվող արձանագրությունների եւ պրոբացիայի ծառայության կողմից օգտագործվող այլ փաստաթղթերի ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 13. Տնային կալանքի եւ վարչական հսկողության կատարման առանձնահատկությունները

1. Վարչական հսկողություն կիրառելու մասին դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ գրանցում է պրոբացիայի ծառայության շահառուին եւ նրան հսկողության ընդունելու մասին տեղյակ պահում վարույթն իրականացնող մարմնին:

2. Տնային կալանք կամ վարչական հսկողություն կիրառելու մասին դատական ակտի պահանջները պարտադիր են պրոբացիայի ծառայության շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինների, աշխատավայրի վարչակազմի, ինչպես նաեւ այն վայրերի վարչակազմերի համար, որտեղ դատարանի որոշմամբ պրոբացիայի ծառայության շահառուին արգելված է այցելել:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մարմինները պրոբացիայի ծառայողի ծառայողական վկայականի ներկայացման դեպքում պարտավոր են ապահովել վերջինիս ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր:

Հոդված 14. Սույն օրենքով չնախատեսված այլ այլընտրանքային խափանման միջոցների կատարումը

1. Պրոբացիայի ծառայությունն ապահովում է նաեւ այլ այլընտրանքային խափանման միջոցների կատարումը, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

ԳԼՈՒԽ 4. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 15. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման կարգը

1. Պրոբացիայի ծառայությունը օրենքով սահմանված կարգով կատարում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները, իրականացնում է վերահսկողություն եւ վերասոցիալականացման աշխատանքներ:

2. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով:

ԳԼՈՒԽ 5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 16. Անվտանգության միջոցի կատարման ապահովումը

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված անվտանգության միջոցի կատարումն ապահովում է պրոբացիայի ծառայության շահառուի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության մարմինը, իսկ բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ համապատասխան բժշկական հաստատության գործունեության վայրի կամ դատարանի որոշման մեջ նշված վայրի մարմինը:

2. Պրոբացիայի ծառայությունը հսկողություն է իրականացնում դատական ակտով պրոբացիայի ծառայության շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:

3. Անվտանգության միջոց նշանակելու մասին դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայությունն անհապաղ պարզում է պրոբացիայի ծառայության շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, պատշաճ ծանուցում է վերջինիս պրոբացիայի ծառայության համապատասխան մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, կազմում է պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործը, վերահսկողության պլանը եւ լրացնում հաշվառման քարտը:

4. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից առաջին անգամ անհարգելի պատճառով չներկայանալը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Վարչական տույժի միջոց կիրառելուց հետո նույն արարքը կրկին անգամ կատարելը հիմք է հանդիսանում պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ կիրառված անվտանգության միջոցը փոխելու համար:

5. Անվտանգության միջոցներ նշանակելու մասին դատական ակտի հիման վրա եւ դրա շրջանակներում, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ ռիսկերի եւ պահանջմունքների գնահատման հիման վրա վերահսկողության պլանում պրոբացիայի ծառայողը սահմանում է պրոբացիայի ծառայության շահառուի այն բոլոր պարտականությունները եւ  սահմանափակումները, որոնք նա պետք է իրականացնի եւ պահպանի, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագրերը:

6. Պրոբացիայի ծառայության շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին տեղեկացնում է իրավասու մարմին:

7. Պրոբացիայի ծառայողն իրավունք ունի այցելել պրոբացիայի ծառայության շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառման իրականացման վայր կամ այն վայրը, որտեղ անձին արգելված է այցելել՝ դատարանի կողմից պրոբացիայի ծառայության շահառուի  վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դատարանի որոշման պահանջների կատարման մասին պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

8. Անվտանգության միջոց կիրառելու մասին դատական ակտի պահանջները պարտադիր են պրոբացիայի ծառայության շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող սուբյեկտների, աշխատավայրի, բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող մարմնի կամ կազմակերպության, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառման իրականացման վայր վարչակազմի, ինչպես նաեւ այն վայրերի վարչակազմերի համար, որտեղ դատարանի որոշմամբ պրոբացիայի ծառայության շահառուին արգելված է այցելել:

9. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված սուբյեկտները պրոբացիայի ծառայողի վկայականի ներկայացման դեպքում պարտավոր են ապահովել վերջինիս ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր:

10. Անվտանգության միջոց կիրառելու մասին դատական ակտի հիման վրա պրոբացիայի ծառայության շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառման իրականացման վայր մուտք գործելը արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություններ՝ համապատասխանաբար վարույթն իրականացնող մարմին եւ վարչական դատարան ներկայացնելու նպատակով:

11. Դատարանի որոշմամբ անվտանգության միջոցների կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

12. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատական ակտի հիման վրա կիրառվող  սահմանափակումների խախտման դեպքում պրոբացիայի ծառայությունը միջոցներ է ձեռնարկում դատարանի որոշման հիման վրա կիրառվող  սահմանափակումների կատարում ապահովելու ուղղությամբ, խախտման մասին հայտնում է վարույթ իրականացնող մարմնին, անհրաժեշտության դեպքում` ՀՀ ոստիկանությանը, նրանց հետ համատեղ միջոցառումներ է իրականացնում, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում միջնորդություն է ներկայացնում դատարան անվտանգության միջոցը փոխելու վերաբերյալ:

13. Անվտանգության միջոցի կիրառման ավարտից կամ դադարեցվելուց հետո պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուին տալիս է տեղեկանք անվտանգության միջոցի կիրառման ավարտի կամ դադարեցման մասին, այդ մասին հայտնում է դատական ակտը կայացրած դատարան, ՀՀ ոստիկանություն, անհրաժեշտության դեպքում` համապատասխան բժշկական կազմակերպության վարչակազմ կամ այլ հաստատություն:

14. Անվտանգության միջոց կիրառած մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվության, պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ ծրագրի իրականացման վայր մուտք գործելը արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու դեպքում կազմվող եւ վարույթն իրականացնող մարմին ներկայացվող արձանագրությունների ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 17. Որոշակի վայրեր այցելելու արգելքի կատարման առանձնահատկությունները

1. Դատարանի որոշմամբ կիրառված որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները կատարելուց քրեական պատասխանատվության տարիքի հասած պրոբացիայի ծառայության շահառուի կողմից հրաժարվելու կամ խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ քրեական վարույթ նախաձեռնելու հաղորդում է ներկայացնում դատախազին:

2. Դատարանի որոշմամբ կիրառված որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները քրեական պատասխանատվության տարիքի չհասած պրոբացիայի ծառայության շահառուի կողմից խախտելու դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն եւ անվտանգության միջոցի տեսակը փոխելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

Հոդված 18. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կատարման առանձնահատկությունները

1. Դատարանի որոշմամբ կիրառված հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց քրեական պատասխանատվության տարիքի հասած պրոբացիայի ծառայության շահառուի կողմից հրաժարվելու կամ խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ ներկայացնում հաղորդում:

2. Դատարանի որոշմամբ կիրառված հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները քրեական պատասխանատվության տարիքի չհասած պրոբացիայի ծառայության շահառուի կողմից խախտելու դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն եւ անվտանգության միջոցի տեսակը փոխելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

3. Դատարանի որոշմամբ կիրառված հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կատարման ընթացքում պրոբացիայի ծառայությունը կարող է հոգեբանական օգնություն ստանալու տեւողությունը կրճատելու կամ երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան:

4. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն եւ հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:

Հոդված 19. Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կատարման առանձնահատկությունները

1. Պրոբացիայի ծառայողը դատարանի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների պահպանման ընթացքի վերաբերյալ կազմում է հաշվետվություն, որը դատարանի կողմից նշված պարբերականությամբ ներկայացվում են դատարան:

2. Պրոբացիայի ծառայողը հսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատարանի որոշմամբ սահմանված ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության կատարման նկատմամբ:

3. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի հետ առնչության մասին հիմնավոր կասկածի առկայության դեպքում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուից պահանջում է օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնել եւ հնգօրյա ժամկետում համապատասխան տեղեկանքը ներկայացնել պրոբացիայի ծառայություն: Հետազոտությունների անցկացման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

4. Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողություն նշանակելու մասին դատարանի որոշման կատարման ընթացքում պրոբացիայի ծառայությունը կարող է վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության տեւողությունը կրճատելու կամ երկարաձգելու միջնորդություն  ներկայացնել դատարան:

5. Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում պրոբացիայի ծառայությունը վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կիրառումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

Հոդված 20. Ընտանեկան հսկողության կատարման առանձնահատկությունները

1. Դատարանի որոշմամբ սահմանված ընտանեկան հսկողության պահանջների կատարումը գնահատելու եւ վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ պրոբացիայի ծառայողը նվազագույնը ամիսը մեկ անգամ այցելում է պրոբացիայի ծառայության շահառուի բնակության վայր, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

2. Պրոբացիայի ծառայողը հսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատարանի որոշմամբ սահմանված ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության կատարման նկատմամբ:

3. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի հետ առնչության մասին հիմնավոր կասկածի առկայության դեպքում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուից պահանջում է օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնել եւ հնգօրյա ժամկետում համապատասխան տեղեկանքը ներկայացնել պրոբացիայի ծառայություն:

4. Պրոբացիայի ծառայությունը անհրաժեշտության դեպքում ընտանեկան հսկողություն սահմանման տեւողությունը կրճատելու կամ երկարացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

5. Պրոբացիայի ծառայությունը ընտանեկան հսկողություն կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում միջնորդություն է ներկայացնում դատարան:

6. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից ընտանեկան հսկողության ենթարկվելուց կամ սահմանված պահանջները կատարելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն եւ անվտանգության այլ միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

Հոդված 21. Հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման կատարման առանձնահատկությունները

1. Դատարանի որոշմամբ սահմանված հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման կատարման ընթացքում պրոբացիայի ծառայությունը հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման տեւողությունը կրճատելու կամ երկարացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

2. Պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման հետագա իրականացման անհրաժեշտության բացակայության դեպքում պրոբացիայի ծառայությունը հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման իրականացումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

Հոդված 22. Կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին ներգրավման կատարման առանձնահատկությունները

1. Դատարանի որոշմամբ սահմանված կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին ներգրավման մասին դատարանի որոշման կատարման ընթացքում պրոբացիայի ծառայությունը կարող է կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին պրոբացիայի ծառայության շահառուի ներգրավվման տեւողությունը կրճատելու կամ երկարացնելու միջնորդություն  ներկայացնել դատարան:

2. Կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին ներգրավման անհրաժեշտության բացակայության դեպքում պրոբացիայի ծառայությունը կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին պրոբացիայի ծառայության շահառուի ներգրավման իրականացումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնում դատարան:

3. Կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն եւ անվտանգության այլ միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

ԳԼՈՒԽ 6. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ,  ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հոդված 23.  Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից խորհրդատվական զեկույցներ տրամադրելը

1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույց տրամադրում է պրոբացիայի ծառայության շահառուի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության մարմինը, իսկ բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ համապատասխան դատարանի դատական տարածքում գտնվող պրոբացիայի ծառայության մարմինը:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելու եւ դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը պրոբացիայի ծառայության մարմինը ներկայացնում է դատարանին: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու եւ պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը պրոբացիայի ծառայության մարմինը ներկայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին:

3. Խորհրդատվական զեկույց տրամադրելու համար պրոբացիայի ծառայությունն անհապաղ պարզում է պրոբացիայի ծառայության շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, համապատասխան քրեակատարողական հիմնարկից պահանջում է անձի անձնական գործը կամ տեղում ծանոթանում է անձնական գործին եւ կազմում է պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործը:

4. Պրոբացիայի ծառայության շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին տեղեկացնում է իրավասու մարմին:

5. Պրոբացիայի ծառայողը տվյալների շտեմարանում առկա տեղեկությունների, պրոբացիայի ծառայության շահառուից, նրա անձնական գործի, ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների հետ հանդիպման արդյունքների, հարցումների արդյունքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, հիմնարկներից այլ կազմակերպություններից ստացված տեղեկությունների, ինչպես նաեւ համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողների եւ այլ անձանց կողմից տրամադրված  տվյալների հիման վրա կազմում է խորհրդատվական զեկույց եւ ներկայացնում է իրավասու մարմին:

6. Պրոբացիայի ծառայության շահառուն սեփական նախաձեռնությամբ կարող է իր վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ներկայացնել խորհրդատվական զեկույցում ներառելու նպատակով:

7. Խորհրդատվական զեկույցի մեջ նշվում են պրոբացիայի ծառայության շահառուի.

1) անձի սոցիալ-հոգեբանական բնութագիրը.

2) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը.

3) աշխատունակությունը, աշխատանքային ստաժը եւ աշխատանքային գործունեության վերաբերյալ այլ տվյալները.

4) կրթությունը, առողջական վիճակը.

5) սոցիալական, գույքային դրությունը, զբաղմունքի տեսակը.

6) ընտանեկան դրությունը եւ խնամարկյալների առկայությունը

7) բնակության մշտական վայրի առկայությունը.

8) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.

9) արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը.

10) իր կողմից կատարված հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.

11) քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում դրսեւորած վարքագիծը, աշխատանքային գործունեությունն ու մասնակցությունը մշակութային, կրթական միջոցառումներին.

12) ուղղման եւ վերասոցիալականացմանը վերաբերող տվյալներ.

13) այլ հանգամանքներ:

8. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը կազմելու եւ տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 24. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող, հղի կանանց, մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացումը

1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող, հղի կանանց, մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է նրա մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության մարմինը, իսկ բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատարանի որոշման մեջ նշված վայրի մարմինը:

2. Պրոբացիայի ծառայությունը հսկողություն է իրականացնում իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի ծառայության շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:

3. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժի կրումից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայությունն անհապաղ պարզում է պրոբացիայի ծառայության շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, պատշաճ ծանուցում է վերջինիս պրոբացիայի ծառայության համապատասխան մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, կազմում է անձնական գործ, լրացնում է հաշվառման քարտը եւ վերահսկողության պլան:

4. Պրոբացիայի ծառայության շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին տեղեկացնում է իրավասու մարմին:

5. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից առաջին անգամ անհարգելի պատճառով չներկայանալը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Վարչական տույժի միջոց կիրառելուց հետո նույն արարքը կրկին անգամ կատարելը հիմք է հանդիսանում պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ կիրառված փորձաշրջանի ժամկետը երկարացնելու համար:

6. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժի կրումից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու մասին դատական ակտի հիման վրա եւ դրա շրջանակներում, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ ռիսկերի եւ պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուի վերահսկողության պլանում սահմանում է նրա իրավունքները եւ պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, ինչպես նաեւ հաշվառման ներկայանալու օրվանից օրենքով սահմանված հաճախականությամբ  պրոբացիայի ծառայության մարմին ներկայանալու պարտականության մասին, ինչի մասին պրոբացիայի ծառայության շահառուից վերցվում է  ստորագրություն:

7. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում ՀՀ ոստիկանություն:

8. Պրոբացիայի ծառայողը կարող է այցելել պրոբացիայի ծառայության շահառուի բնակության կամ աշխատանքի վայր կամ համապատասխան բժշկական հաստատություն՝ դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն: Պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում կազմվող արձանագրության ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

9. Պրոբացիայի ծառայողը կարող է պրոբացիայի ծառայության շահառուի կողմից ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի հետ առնչության մասին հիմնավոր կասկածի առկայության դեպքում կամ ամիսը մեկ անգամ պրոբացիայի ծառայության շահառուից պահանջել պրոբացիայի ծառայության մարմին ներկայացնել սույն հոդվածի 15-րդ մասում նշված մարմնի կամ կազմակերպության կողմից տրված տեղեկանքները:

10. Պարզաբանումներ ստանալու համար պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին ծանուցագրով պարտավորեցնում է ներկայանալ պրոբացիայի ծառայության մարմին, բայց ոչ ավելի, քան 2 շաբաթը մեկ անգամ կամ նրա վրա դրված պարտականությունների չկատարման յուրաքանչյուր փաստով:

11. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժի կրումից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ վերահսկողությունը դատարանի որոշմամբ կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

12. Պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելիս ծառայության ժամկետի ընթացքում պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան զորամասի հրամանատարությունը:

13. Պրոբացիայի ծառայության շահառուին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս պրոբացիայի ծառայությունը զինվորական կոմիսարիատ է ուղարկում դատարանի որոշման եւ պրոբացիայի ծառայության շահառուի վերահսկողության պլանի պատճենները:

14. Զորամասի հրամանատարությունը պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելու օրվանից տասը օրվա ընթացքում պարտավոր է պրոբացիայի ծառայության մարմին հայտնել այդ մասին, իսկ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում` զինծառայությունից նրա արձակվելու եւ փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի մասին:

15. Եթե ծառայության ժամկետի ավարտից հետո դատարանի նշանակած փորձաշրջանի ժամկետը չի ավարտվել, ապա պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պրոբացիայի ծառայության համապատասխան մարմինը` ընդհանուր հիմունքներով:

16. Պրոբացիայի ծառայության այն շահառուների մասին, որոնց վրա դատարանը դրել է ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից բուժման կուրս անցնելու եւ այլ պարտականություններ, պրոբացիայի ծառայությունը պարտավոր է եռօրյա ժամկետում ծանուցել  համապատասխան  բժշկական հաստատությանը:

17. Անհրաժեշտության դեպքում պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացնում դատարան պրոբացիայի ծառայության շահառուի վրա լրացուցիչ պարտականություններ դնելու կամ սահմանափակումներ կիրառելու մասին:

18. Պրոբացիայի ծառայության շահառուի բնակության կամ աշխատանքի վայր կամ համապատասխան բժշկական հաստատություն մուտք գործելը արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություններ՝ համապատասխանաբար վարույթն իրականացնող մարմին եւ վարչական դատարան ներկայացնելու նպատակով: Վարույթն իրականացնող մարմին ներկայացվող արձանագրության ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

19. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատարանի որոշման հիման վրա կիրառվող  սահմանափակումների խախտման դեպքում պրոբացիայի ծառայությունը միջոցներ է ձեռնարկում դատարանի որոշման հիման վրա կիրառվող  սահմանափակումների կատարում ապահովելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում խախտման մասին անհապաղ հայտնում է ՀՀ ոստիկանությանը, նրանց հետ համատեղ միջոցառումներ է իրականացնում նրա գտնվելու վայրը եւ խուսափելու պատճառները պարզելու համար:

20. Փորձաշրջանի  ավարտից հետո պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուին տալիս է  փորձաշրջանի ավարտի մասին տեղեկանք եւ այդ մասին հայտնում դատավճիռը կայացրած դատարանին, ՀՀ ոստիկանությանը կամ այլ համապատասխան մարմնին:

Հոդված 25. Պատիժը պայմանականորեն չկիրառելու հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող  դատապարտյալի  նկատմամբ վերահսկողության իրականացման առանձնահատկությունները

1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատարանի որոշմամբ սահմանված պարտականությունների կատարումից խուսափելու կամ անվտանգության միջոցների պայմանների խախտման դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն եւ պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ կիրառված փորձաշրջանի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

2. Դատարանի որոշմամբ փորձաշրջանի ժամկետը երկարացնելուց հետո պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատարանի որոշմամբ սահմանված պարտականությունների կատարումից խուսափելու կամ անվտանգության միջոցների պայմանների խախտման դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն եւ պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ կիրառված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու եւ նրա պատիժ կրելու ուղարկելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

3. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատարանի որոշմամբ սահմանված պարտականությունների կատարումից բացահայտորեն հրաժարվելու դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն եւ պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնում դատարան:

4. Սույն հոդվածով նախատեսված արձանագրությունների ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 26. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող  դատապարտյալի  նկատմամբ վերահսկողություն իրականացման առանձնահատկությունները

1. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատարանի որոշմամբ սահմանված պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու եւ (կամ) անվտանգության միջոցների պայմանների խախտման դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն եւ պատիժ կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը վերացնելու եւ նրան պատժի կրման ուղարկելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

2. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժ կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում նրա կողմից դատարանի որոշմամբ սահմանված պարտականությունների կատարումից խուսափելու կամ փորձաշրջանի ընթացքում նոր հանցանք կատարելու դեպքում կամ եթե փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչեւ դատապարտվելը նա կատարել է մեկ այլ հանցանք, պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն եւ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը վերացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

3. Սույն հոդվածով նախատեսված արձանագրությունների ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 27. Հղի կանանց, մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացման առանձնահատկությունները

1. Հղի կանանց,  մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժի կրումից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու մասին դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուի հաշվառման վերցնելու մասին տեղեկացնում է նրա բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմինները՝ երեխայի դաստիարակության եւ խնամքի նկատմամբ հսկողության ապահովման նպատակով:

2. Պրոբացիայի ծառայության շահառուին աշխատանքի տեղավորելու դեպքում պրոբացիայի ծառայությունը պատշաճ ծանուցում է ուղարկում նրա աշխատավայրի վարչակազմ: Պրոբացիայի ծառայությունը աշխատանք ունեցող պրոբացիայի ծառայության շահառուներից կարող է պահանջել տեղեկանք` աշխատանքի վայրից:

3. Եթե պրոբացիայի ծառայության շահառուն խուսափում է երեխայի դաստիարակությունից եւ խնամքից, ապա պրոբացիայի ծառայությունը համապատասխան խախտումը հայտնաբերելուց հետո պրոբացիայի ծառայության շահառուին անհապաղ գրավոր նախազգուշացնում է պատժի կրման հետաձգումը վերացնելու հնարավորության մասին:

4. Եթե նախազգուշացում հայտարարվելուց հետո պրոբացիայի ծառայության շահառուն շարունակում է խուսափել երեխայի դաստիարակությունից եւ խնամքից, կամ պաշտոնապես հրաժարվել է երեխայից, կամ  պրոբացիայի ծառայության պահանջով երկու անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայանում պրոբացիայի ծառայության մարմին, ապա պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն եւ պատժի կրման հետաձգումը վերացնելու եւ դատարանի դատավճռով կիրառված պատիժը կատարելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:

5. Միջնորդությանը կցվում են պատժի կրման հետաձգման մասին դատարանի որոշման պատճենը, երեխայի դաստիարակությունից եւ խնամքից խուսափելու մասին վկայող նյութերը, աշխատանքի եւ բնակության վայրերից բնութագրերը կամ դրանց պատճենները:

6. Երեխայի 3 տարին լրանալու կամ նրա մահվան կամ անձին ծնողական իրավունքներից զրկելու կամ հղիության ընդհատման կամ երեխային խնամքի հաստատություն հանձնելու դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն եւ պատժի կրումից ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ որոշումը վերացնելու եւ պատժի չկրած մասը կրելու ուղարկելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:

7. Եթե պրոբացիայի ծառայության շահառուն խուսափում է դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց կամ փորձաշրջանի ընթացքում կատարում է նոր հանցանք կամ փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչեւ դատապարտվելն անձը կատարել է մեկ այլ հանցանք, որի համար պատասխանատվության չի ենթարկվել կամ քրեական պատասխանատվությունից չի ազատվել, ապա պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն եւ հղի կանանց,  մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժի կրումից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի որոշումը վերացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

8. Սույն հոդվածի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված արձանագրությունների ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

ԳԼՈՒԽ 7. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 28. Պրոբացիայի ծառայության գործառույթները պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացման ոլորտում

1. Պրոբացիայի ծառայությունն իր մոտ հաշվառված  պրոբացիայի ծառայության շահառուների  վերասոցիալականացման նպատակով մշակում եւ իրականացնում է համապատասխան աշխատանքի եւ սոցիալական ապահովության, մշակութային, կրթական, մասնագիտական վերապատրաստման եւ վերաորակավորման, սպորտային, առողջապահական, սոցիալական, հոգեբանական, վարքաբանական, զբաղվածության ուղղված միջոցառումներ եւ  ծրագրեր:

2. Վերասոցիալականացման ծրագրերի մշակման եւ կազմման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3. Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող վերասոցիալականացման ծրագրերի նպատակը սոցիալական վերականգնման աշխատանքների նախաձեռնումնն է, կարճաժամկետ կամ երկարաժամկետ, այդ թվում՝ ուսումնական ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ ոգելից խմիչքներ (ալկոհոլ), թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր գործածելու դեմ պայքարի ոլորտում հատուկ ծրագրերի իրականացումը:

4. Պրոբացիայի ծառայության յուրաքանչյուր շահառուի վերաբերյալ ռիսկերի եւ պահանջմունքների գնահատման հիման վրա կազմվում է վերասոցիալականացման միջոցառումների առանձին ծրագիր՝ հաշվի առնելով անձի առանձնահատկությունները:

Գ Լ ՈՒ Խ  8. ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԸ

Հոդված 29. Ծանուցման եղանակները

1. Պրոբացիայի ծառայողը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքերում պատշաճ կերպով ծանուցել պրոբացիայի ծառայության շահառուին:

2. Պրոբացիայի ծառայության շահառուի ծանուցումը կատարվում է`

1) թղթային կամ էլեկտրոնային ծանուցագրով.

2) ծանուցվողի համաձայնությամբ` ցանկացած այլ եղանակով:

3. Եթե առկա են հիմնավոր կասկածներ, որ պրոբացիայի ծառայության շահառուն ֆիզիկապես անկարող է կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ պրոբացիայի ծառայություն, պրոբացիայի ծառայողն անձամբ այցելում է պրոբացիայի ծառայության շահառուին կամ ապահովում է նրա պրոբացիայի ծառայություն ներկայանալը:

Հոդված 30. Ծանուցագիրը եւ դրա բովանդակությունը

1. Ծանուցագիրը թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որով պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուին հրավիրում է ներկայանալ պրոբացիայի ծառայություն:

2. Ծանուցագրում նշվում է`

1) հրավիրող մարմնի կամ պաշտոնատար անձի տվյալները,

2) հրավիրվող անձի անունը, ազգանունը, հասցեն եւ կարգավիճակը,

3) ծանուցվողի վերաբերելի տվյալները, եթե հրավիրվողը ծանուցվում է այլ անձի կամ հաստատության միջոցով.

4) ներկայանալու տեղը եւ ժամանակը (տարին, ամիսը, օրը եւ ժամանակահատվածը).

5) ծանուցումը ստացող անձի պարտականությունն այն հանձնելու հրավիրվող անձին.

6) անհարգելի պատճառով չներկայանալու հետեւանքները:

Հոդված 31. Ծանուցագիրը հանձնելը

1. Թղթային ծանուցագիրը հանձնվում է անմիջականորեն` ծանուցվող անձի նշած հասցեով: Եթե անձն առաջին անգամ է ծանուցվում, ապա թղթային ծանուցագիրը հանձնվում է նրա մշտական բնակության վայրի կամ հաշվառման հասցեով, իսկ եթե այն հայտնի չէ, ապա աշխատանքի, ուսման կամ ծառայության վայրի հասցեով:

2. Թղթային ծանուցագիրը ստորագրությամբ հանձնվում է անձամբ ծանուցվողին, իսկ նրա ժամանակավոր բացակայության դեպքում նրա հետ բնակվող ընտանիքի չափահաս անդամներից մեկին: Եթե թղթային ծանուցագիրը ուղարկվել է ծանուցվողի աշխատանքի, ուսման կամ ծառայության վայր, ապա այն հանձնվում է համապատասխան հաստատության վարչակազմի իրավասու աշխատակցին: Թղթային ծանուցագիրը ստացողը պարտավոր է այն հանձնել ծանուցվողին:

3. Թղթային ծանուցագրի ստորագրության համար առանձնացված հատվածում ստացողը նշում է իր անունը, ազգանունը եւ ստացման ժամանակը, ինչը հաստատում է ստորագրությամբ: Եթե թղթային ծանուցագիրը ստացողը ծանուցվողը չէ, ապա նա նշում է նաեւ ծանուցվողի հետ իր հարաբերության մասին:

4. Թղթային ծանուցագրի` ստորագրության համար առանձնացված մասը վերադարձվում է պրոբացիայի ծառայողին:

5. Էլեկտրոնային ծանուցագիրը ուղարկվում է ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:

Հոդված 32. Ծանուցման պատշաճությունը եւ դրա հետեւանքները

1. Ծանուցումը պատշաճ է, եթե`

1) թղթային ծանուցագիրը ստացել է անձամբ ծանուցվողը.

2) թղթային ծանուցագիրը ստացվել է ծանուցվողի նշած հասցեով.

3) թղթային ծանուցագիրը ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը.

4) առկա է ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:

2. Պրոբացիայի ծառայության շահառուն պատշաճ կերպով ծանուցագիրը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պարտավոր է ներկայանալ պրոբացիայի ծառայություն:

Գ Լ ՈՒ Խ 9. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ

Հոդված 33. Պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործը

1. Պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ կազմվում է անձնական գործ, որն իր մեջ պարունակում է նրա վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում`

1) անունը, ազգանունը, հայրանունը.

2) ծննդյան օրը, ամիսը, տարին.

3) բնակության, հաշվառման վայրը (հասցեն).

4) ընտանեկան դրությունը.

5) գույքային դրությունը.

6) դատավճռի կամ կատարման ենթակա այլ իրավական ակտի վերաբերյալ տվյալներ.

7) նախկին դատվածությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն.

8)  սոցիալական միջավայրը` սոցիալական եւ մշակութային պայմաններ` ներառյալ վերաբերմունք, ինչպես նաեւ ֆիզիկական շրջապատ, ուր անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում եւ կազմակերպում իր անձնական կյանքը:

9) պրոբացիայի ծառայության հսկողության ներքո գտնվելու ժամանակահատվածում իրավունքների եւ պարտականությունների շրջանակը.

10) այլընտրանքային խափանման միջոցները եւ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները կատարելուն վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ.

11) ռիսկերի եւ պահանջմունքների պարբերական գնահատման տվյալներ.

12) անձի վերաբերյալ կազմված բնութագրերն ու խորհրդատվական զեկույցները.

13) անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական եւ կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տվյալներ.

14) օրենքով նախատեսված  այլ փաստաթղթեր եւ տվյալներ:

2. Պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործում առկա տեղեկությունները գաղտնի են:

3. Առանց պրոբացիայի ծառայության շահառուի համաձայնության պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործին գրավոր որոշմամբ կարող են ծանոթանալ.

1) քրեական վարույթն իրականացնող մարմինները, եթե տվյալ անձը քրեական գործով ներգրավված է որպես  մեղադրյալ.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` իր կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակներում.

3) Հայաստանի Հանրապետության դատախազը՝ իր իրավասության շրջանակներում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս.

4) դատարանը՝ իր իրավասությունների շրջանակներում.

4. Այլ անձինք պրոբացիայի ծառայության շահառուի  անձնական գործին կարող է ծանոթանալ բացառապես վերջինիս գրավոր համաձայնության առկայության դեպքում կամ դատական ակտի հիման վրա:

5. Պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործում առկա տեղեկություններին ծանոթանալու իրավասություն ունեցող անձինք պարտավոր են պահպանել իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը եւ չփոխանցել այն երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

6. Անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 34. Տվյալների շտեմարան

1. Պրոբացիայի ծառայության առջեւ դրված խնդիրների եւ գործառույթների արդյունավետ իրականացման նպատակով պրոբացիայի ծառայությունը ձեւավորում եւ վարում է տվյալների շտեմարան:

2. Պրոբացիայի ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքագրման եւ օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով հարցումներ է կատարում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ այլ մարմիններին եւ կազմակերպություններին, բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի՝ պահպանելով պրոբացիայի ծառայության շահառուի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը:

4. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ այլ մարմինները եւ կազմակերպությունները իրենց իրավասությունների սահմաններում պարտավոր են պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով պրոբացիայի ծառայության հարցումներին պատասխանել սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան տասնօրյա ժամկետը:

5. Տվյալների շտեմարանում պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործը պահվում է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցի կատարման ավարտի պահից 10 տարի ժամկետով, որից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվում է:  Պրոբացիայի ծառայության արխիվում մշտապես պահպանվում է դատապարտյալի կամ շահառուի վերաբերյալ լրացված հաշվառման քարտը եւ տվյալների շտեմարանում առկա էլեկտրոնային տեղեկությունները:

6. Պրոբացիայի ծառայության շահառուի հաշվառման քարտի ձեւն ու լրացման կարգը, ինչպես նաեւ տվյալների շտեմարանում առկա էլեկտրոնային տեղեկությունների վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

ԳԼՈՒԽ 10. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հոդված 35. Էլեկտրոնային հսկողություն

1. Էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է քրեական վարույթի մինչդատական եւ դատական փուլերում՝ որպես այլընտրանքային խափանման միջոցների եւ անվտանգության միջոցների հետ համակցված միջամտություն, կամ պատժի կատարման փուլում՝ որպես պատժի կատարման հետ համակցված հսկողության միջոց:

2. Այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հետ համակցված էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է դատարանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով:

3. Պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող, հղի կանանց, մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն կատարման ընթացքում էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է դատարանի որոշմամբ` դատախազի, պաշտպանության կողմի միջնորդությամբ կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ, իսկ պատժի կատարման փուլում` պրոբացիայի ծառայության միջնորդությամբ:

Հոդված 36. Էլեկտրոնային հսկողության կիրառումը

1. Պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող, հղի կանանց, մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն կատարման դեպքերում էլեկտրոնային միջոցներով հսկողություն կիրառելիս դատարանն առնվազն հաշվի է առնում պրոբացիայի ծառայության շահառուի.

1) անձը բնութագրող տվյալները.

2) տարիքը.

3) առողջական վիճակը.

4) զբաղմունքի տեսակը.

5) բնակության մշտական վայրի առկայությունը.

6) ընտանեկան դրությունը եւ խնամարկյալների առկայությունը.

7) արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը:

2. Պրոբացիայի ծառայությունը դատարանի որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում դատարանին կամ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է հաշվետվություն էլեկտրոնային հսկողության կիրառման վերաբերյալ:

3. Էլեկտրոնային հսկողության կիրառումը չպետք է պրոբացիայի ծառայության շահառուին ֆիզիկական կամ հոգեկան վնաս կամ տառապանք պատճառի:

4. Էլեկտրոնային հսկողություն կիրառելիս պետք է նվազագույնի հասցվի պրոբացիայի ծառայության շահառուի եւ երրորդ անձանց անձնական եւ ընտանեկան կյանքի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունը:

Հոդված 37. Էլեկտրոնային հսկողության տեսակները եւ տեւողությունը

1. Էլեկտրոնային հսկողությունն իրականացվում է Գլոբալ Տեղորոշման Համակարգով (GPS) աշխատող կամ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ տեխնիկական սարքերի եւ էլեկտրոնային ծրագրերի կիրառմամբ, որոնք հնարավորություն են տալիս պարզել պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը  եւ դատարանի որոշմամբ սահմանված սահմանափակումների պահպանումը:

2. Էլեկտրոնային հսկողության կիրառման համար օգտագործվող սարքավորումները ամրացվում են պրոբացիայի ծառայության շահառուին կամ տեղադրվում են վերջինիս բնակության կամ գտնվելու վայրում։

3. Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են միայն այն ժամանակահատվածում, որը նախատեսված է դատարանի որոշմամբ:

4. Պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցներ կիրառելիս հաշվի են առնվում վերջիններիս լավագույն շահերը:

Հոդված 38. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումը

1. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումն իրականացվում է դատարանի որոշմամբ պետական բյուջեի կամ պրոբացիայի ծառայության շահառուի միջոցների հաշվին:

2. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում տվյալ անձի գույքային դրությունը:

3. Պրոբացիայի ծառայության շահառուի մոտ բավարար դրամական միջոցների բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ էլեկտրոնային հսկողություն կիրառումը մերժելու համար:

4. Պրոբացիայի ծառայության շահառուի միջոցների հաշվին էլեկտրոնային հսկողություն նշանակելու մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` էլեկտրոնային հսկողության միջոցների երկամսյա կիրառման երաշխիքային գումարի՝ դատարանի դեպոզիտ հաշվին մուտքագրումը հավաստող ապացույցներ ստանալուց հետո:

5. Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման եւ ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 11. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՌՈՒԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 39. Պրոբացիայի ծառայության շահառուի իրավունքները

1. Պրոբացիայի ծառայության շահառուն իրավունք ունի.

1)  իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալ իր իրավունքների եւ պարտականությունների, իրավասու մարմնի կողմից կիրառված այլընտրանքային խափանման միջոցների, անվտանգության միջոցների եւ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման կարգի եւ պայմանների, դրանց փոփոխությունների, ինչպես նաեւ առաջարկությունների, դիմումների եւ բողոքների ներկայացման կարգի մասին.

2) ծանոթանալ իր անձնական գործին.

3) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի.

4) բողոքարկել պրոբացիայի ծառայության գործողությունները կամ անգործությունը վերադասության կարգով կամ դատարան.

5) դիմումներով, բողոքներով, միջնորդություններով ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել պրոբացիայի ծառայության մարմին, դրա վերադաս մարմիններ, դատարան, դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.

6) պետական նպատակային ծրագրերի շրջանակներում առողջության պահպանման։

2. Պրոբացիայի ծառայության շահառուն ունի օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

3. Պրոբացիայի ծառայության շահառուին պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնելու իր իրավունքները: Թարգմանչի ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված  40. Պրոբացիայի ծառայության շահառուի պարտականությունները

1. Պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է.

1) կատարել դատական ակտով կամ իրավասու մարմնի որոշմամբ սահմանված պարտականությունները.

2) դրսեւորել օրինապահ վարքագիծ, կատարել եւ պահպանել այլընտրանքային խափանման միջոցների, անվտանգության միջոցների  եւ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կրելու կարգը եւ պայմանները.

3) կատարել պրոբացիայի ծառայողի օրինական պահանջները.

4) դրսեւորել բարեկիրթ վերաբերմունք պրոբացիայի ծառայողի եւ պրոբացիայի ծառայության մյուս շահառուների նկատմամբ.

5) խնամքով վերաբերվել իրեն կցված էլեկտրոնային հսկողության միջոցին.

6) պրոբացիայի ծառայողին տրամադրել հավաստի տեղեկություններ.

7) մասնակցել վերասոցիալականացման ծրագրերին։

2. Պրոբացիայի ծառայության շահառուն ունի օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

Հոդված 41. Պրոբացիայի ծառայության շահառուի պատասխանատվությունը

1. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից իրավասու մարմնի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը  առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն:

2. Պրոբացիայի ծառայության շահառուն իր նկատմամբ կիրառված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կամ հարկադրանքի այլ միջոցը կրելու ընթացքում պետությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառած նյութական վնասի համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

3. Պրոբացիայի ծառայության շահառուն հատուցում է պրոբացիայի ծառայությանը պատճառած վնասը, ինչպես նաեւ այլ լրացուցիչ ծախսերը, որոնք կապված են իր փախուստի կամ իր առողջությանն իր կողմից դիտավորությամբ հասցված վնասը վերականգնելու հետ։ Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից պատճառված վնասը կամավոր չհատուցելու դեպքում, վնասները բռնագանձվում են դատական կարգով:

Հոդված 42. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ իրավասու մարմնի կողմից կիրառված հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները խախտելը

1. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ իրավասու մարմնի կողմից կիրառված հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները չպահպանելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

2. Պրոբացիայի ծառայողի որոշման հիման վրա կարող է թույլատվել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները չպահպանելը կամ կարգն ու պայմանները չպահպանելը կարող է համարվել հարգելի հետեւյալ հիմքերից մեկի առկայության դեպքում.

1) բժշկի կողմից համապատասխան տեղեկանքով հաստատված պրոբացիայի ծառայության շահառուի առողջական վիճակի այնպիսի վատթարացումը, որը խոչընդոտում է նրա կողմից իր վրա դրված պարտականությունների կատարումը.

2) մերձավոր ազգականների (ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ եւ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները եւ քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաեւ ամուսինը եւ ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան եւ հարսը) մահը.

3) եթե առկա է անհաղթահարելի ուժ, կամ պրոբացիայի ծառայության շահառուն գտնվում է տարերային աղետի (հրդեհների, ջրհեղեղների եւ այլն) կամ ռազմական գործողությունների գոտում.

4) այլ քրեական գործով իր մասնակցությունից բխող վարութային գործողություններին ներգրավվածությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերի առկայության դեպքում պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է դրանց մասին տեղեկացնել պրոբացիայի ծառայողին՝ համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով:

4. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուի դիմումը ստանալու դեպքում որոշում է ընդունում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները չպահպանելու թույլատվություն տալու կամ մերժելու մասին, իսկ այլընտրանքային խափանման միջոցի դեպքում` գրավոր միջնորդություն է ներկայացնում վարույթն իրականացնող մարմին:

5. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում որոշում ընդունել այլընտրանքային խափանման միջոցի կարգն ու պայմանները չպահպանելու թույլատվություն տալու կամ մերժելու մասին:

6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտականությունների չկատարումը իրավասու մարմնի որոշմամբ կարող է համարվել հարգելի, եթե անձը օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել այդ մասին պատշաճ ձեւով իրազեկել պրոբացիայի ծառայությանը:

Գ Լ ՈՒ Խ 12. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆՑՎՈՂ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 43. Անչափահաս շահառուների նկատմամբ իրականացվող պրոբացիայի առանձնահատկությունները

1. Պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների սոցիալական, իրավական, հոգեբանական եւ մտավոր առանձնահատկություններից ելնելով պրոբացիայի ծառայության կազմում գործում են անչափահասների գործերով հատուկ վերապատրաստում անցած մասնագետներ:

2. Պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների հետ հանդիպումների համար պրոբացիայի ծառայությունում հնարավորության դեպքում նախատեսվում են պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների կարիքներին համապատասխան հարմարեցված եւ առանձնացված սենյակներ:

3. Սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման ընթացքում պրոբացիայի ծառայությունը պետք է հաշվի առնի պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուի կարծիքը, ֆիզիկական բարեկեցությունը, նրա զարգացումը, կարողություններն ու անձնական հանգամանքները:

4. Պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուի կարգավիճակի առանձնահատկություններից ելնելով` պրոբացիայի ծառայողը պարտավոր է.

1) պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուին, ինչպես նաեւ նրա օրինական ներկայացուցիչներին բացատրել վերջիններիս իրավունքների սահմանափակումների եւ նրանց վրա դրվող պարտականությունների էությունը.

2) հնարավորինս համագործակցել պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուի եւ նրա ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ:

4. Պրոբացիայի ծառայության աշխատանքը չպետք է սահմանափակի պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումն այնքանով, որքանով դա համատեղելի է նրանց նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների կամ անվտանգության միջոցների կամ պատժի կատարման հետ:

5. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուի վերաբերյալ տրամադրվող խորհրդատվական զեկույցը կազմելիս պարտավոր է.

1) պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուի հետ հանդիպմանը ապահովել նրա օրինական ներկայացուցչի կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի  մասնակցությունը.

2) դիմել համապատասխան խնամակալության եւ հոգաբարձության մարմին` անչափահասի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար.

3) դիմել այն ուսումնական հաստատություններ, որտեղ սովորել է պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուն` նրա առաջադիմության, վարքագծի, հետաքրքրությունների շրջանակի եւ նախասիրությունների վերաբերյալ տվյալներ ստանալու համար:

ԳԼՈՒԽ 13. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 44. Պրոբացիայի կատարման նկատմամբ վերահսկողությունը

1. Պրոբացիայի կատարման նկատմամբ գերատեսչական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

2. Վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավասու ստորաբաժանման կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հանձնարարականով գործող պաշտոնատար անձանց կողմից պրոբացիայի ծառայության ստորաբաժանումներ եւ պրոբացիայի ծառայության շահառուների տեղակայման վայրեր այցելելու, վերահսկողության պլանները, անձնական գործերը եւ այլ փաստաթղթերը պահանջելու եւ ուսումնասիրելու, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից համապատասխան տեղեկատվություն պահանջելու միջոցով:

3. Վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնատար անձն իրավունք ունի բացատրություններ պահանջել պրոբացիայի ծառայության աշխատակիցներից եւ պրոբացիայի ծառայության շահառուներից:

4. Վերահսկողության նպատակով կատարվող գործողությունների մասին համապատասխան պաշտոնատար անձի կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի, ինչպես նաեւ գործողություններին մասնակցող կամ աջակցող այլ անձի կողմից: Վերջիններիս կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրությունը կազմող պաշտոնատար անձը այդ մասին նշում է անում արձանագրության մեջ՝ նշելով հրաժարման պատճառները:

Հոդված 45. Պրոբացիայի կատարման նկատմամբ դատախազական հսկողությունը

1. Հայաստանի Հանրապետության դատախազությունը ,Դատախազության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատիժների եւ հարկադրանքի միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում հսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

Գ Լ ՈՒ Խ 14. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 46. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 3-րդ եւ 5-րդ գլուխների դրույթները գործողության մեջ են դրվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության եւ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելու պահից: