ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է պրոբացիայի նպատակները, խնդիրները, սկզբունքները, կազմակերպման եւ գործունեության հիմունքները, այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջան նշանակելու, պատժի կրումը hետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման եւ խորհրդատվական զեկույցի տրամադրման կարգի, ինչպես նաեւ պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ իրականացվող պրոբացիայի առանձնահատկությունների, ինչպես նաեւ պրոբացիայի պետական ծառայության (այսուհետ` Պրոբացիայի ծառայության) գործունեության հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Պրոբացիայի մասին օրենսդրությունը
1. Պրոբացիայի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սահմանադրական օրենքներով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) պրոբացիա՝ պրոբացիայի շահառուի սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաեւ հասարակության անվտանգության ապահովման նպատակով պրոբացիայի շահառուի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառված այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հետեւանքով փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու նկատմամբ վերահսկողության կատարումն ու վերասոցիալականացման իրականացումն է հասարակությունում` անձի նկատմամբ հսկողություն, ուղղորդում եւ աջակցություն իրականացնելու միջոցով.
2) էլեկտրոնային հսկողություն՝ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի եւ վարքագծի նկատմամբ.
3) պրոբացիայի ծառայություն՝ պրոբացիա իրականացնող իրավասու պետական մարմին.
4) պրոբացիայի ծառայող` պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձ.
5) պրոբացիայի շահառու՝ անձ, ում նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց կամ նշանակվել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կամ անվտանգության միջոց կամ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ նրան պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում նշանակվել է փորձաշրջան, կամ նա պատիժը կրելուց ազատվել է կամ նրա պատժի կրումը հետաձգվել է, կամ ով մասնակցում է հաշտարարության գործընթացի (բացառությամբ տուժողի եւ տուժողի իրավահաջորդի), կամ ում վերաբերյալ պետք է ներկայացվի խորհրդատվական զեկույց.
6) անձնական գործ՝ պրոբացիայի շահառուի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ.
7) տվյալների շտեմարան՝ պրոբացիայի շահառուների անձնական գործերի եւ պրոբացիայի ծառայության գործունեության վերաբերյալ էլեկտրոնային եւ թղթային տեղեկությունների ամբողջություն.
8) պրոբացիայի շահառուի հաշվառման քարտ՝ պրոբացիայի շահառուի վերաբերյալ համառոտ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ.
9) խորհրդատվական զեկույց՝ պրոբացիայի ծառայության կողմից, սույն օրենքին համապատասխան, պրոբացիայի շահառուի մասին ներկայացվող տեղեկություններ պարունակող փաստաթուղթ.
10) հաշտարարություն՝ բանակցություններ, որոնց նպատակն է հաշտեցնել պրոբացիայի շահառուին եւ տուժողին.
11) վերահսկողության պլան՝ փաստաթուղթ, որում սահմանված են պրոբացիայի շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները եւ դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում անձի հետ տարվող վերասոցիալականացման միջոցառումները եւ ծրագրերը (այսուհետ` վերասոցիալականացման միջոցառումներ).
12) վերասոցիալականացում` պրոբացիայի շահառուների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների, միջոցառումների եւ ծրագրերի, իրավական եւ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, հասարակությունում վերաինտեգրելու եւ օրինապահ վարքագիծ ձեւավորելու գործընթացների ամբողջություն.
13) ռիսկերի եւ պահանջմունքների գնահատում` պրոբացիայի շահառուի կողմից կատարված կամ ենթադրյալ կատարված արարքի պատճառների վերհանում եւ այնպիսի միջոցների պլանավորում, որոնք հնարավորություն կտան նվազեցնել կատարված կամ ենթադրյալ կատարված հանցագործության կրկնության հավանականությունը:
14) կամավոր` պրոբացիայի ծառայության առջեւ դրված խնդիրների լուծման նպատակով կամավոր հիմունքներով պրոբացիայի ծառայության գործառույթների իրականացմանն օժանդակող անձ:
Հոդված 4. Պրոբացիայի նպատակներն ու խնդիրները
1. Պրոբացիայի նպատակներն են.
1) քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը` այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու միջոցով.
2) հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի եւ հարկադրանքի այլ միջոցների կատարման միջոցով սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, իսկ պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ նաեւ նրա ֆիզիկական եւ հոգեկան բնականոն զարգացման ապահովումը, նրա դաստիարակումը եւ այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը.
3) հասարակության անվտանգության ապահովումը՝ կրկնահանցագործության կանխարգելման եւ կրճատման միջոցով.
4) պրոբացիայի շահառուին եւ տուժողին (տուժողի իրավահաջորդին) հաշտեցնելը.
5) քրեական արդարադատության իրականացման աջակցությունը:
2. Պրոբացիայի խնդիրներն են.
1) քրեական վարույթի ընթացքում սույն օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.
2) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ դատարանի կողմից կիրառված հարկադրանքի այլ միջոցների կատարումը.
3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորման իրականացումը` գնահատելով ռիսկերը եւ հաշվի առնելով պրոբացիայի շահառուի կարիքները.
4) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի շահառուի մասին խորհրդատվական զեկույցների տրամադրումը.
5) պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացումը.
6) պրոբացիայի շահառուի եւ տուժողի (տուժողի իրավահաջորդի) միջեւ հաշտարարության իրականացումը:
ԳԼՈՒԽ 2.
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 5. Տարբերակման եւ անհատականացման սկզբունքը
1. Սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման համար պրոբացիայի ծառայությունը տարբերակում է պրոբացիայի յուրաքանչյուր շահառուի անձը, նրա համար մշակում է նրա ուղղման, վերասոցիալականացման եւ օրինապահ վարքագիծը խթանելու անհատական ծրագիր` հաշվի առնելով կատարած հանցանքը եւ անձի սոցիալ-հոգեբանական վիճակը, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների լավագույն շահը: Անչափահաս շահառուի լավագույն շահերի ապահովումն ուղղված է նրա իրավունքների արդյունավետ եւ ամբողջական իրականացմանը, ինչպես նաեւ անչափահաս շահառուի զարգացմանը, հաշվի առնելով անչափահաս շահառուի մտավոր եւ ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի առկայությունը, անչափահաս շահառուի զարգացման համար ծնողի եւ ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարեւորությունը, ինչպես նաեւ անչափահաս շահառուի մշակութային, լեզվական, հոգեւոր կամ կրոնական կապերը եւ դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում եւ այլ կարիքները եւ պահանջները:
Հոդված 6. Զուգակցման սկզբունքը
1. Պրոբացիայի շահառուի նկատմամբ կիրառված պատիժը եւ հարկադրանքի այլ միջոցները կարող են զուգակցվել անձի ուղղմանն ու վերասոցիալականացմանն ուղղված օրենքով նախատեսված այլ միջոցների հետ:
Հոդված 7. Համագործակցության սկզբունքը
1. Պրոբացիայի ծառայության գործունեությունը հիմնված է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական եւ այլ կազմակերպությունների հետ համագործակցության վրա:
2. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են պրոբացիայի ծառայությանը՝ վերջինիս խնդիրների իրականացման ընթացքում:
Հոդված 8. Գաղտնիության սկզբունքը
1. Պրոբացիայի ծառայության գործունեության ընթացքում ապահովվում է պրոբացիայի շահառուին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունը:
2. Պրոբացիայի ծառայողն առանց պրոբացիայի ծառայության շահառուի համաձայնության նրա վերաբերյալ կարող է սույն օրենքով սահմանված դեպքերում տեղեկություններ հավաքել, պահել, օգտագործել կամ փոխանցել բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ նվազագույնի հասցնելով միջամտությունը շահառուի անձնական կյանքին եւ ապահովելով իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը:
Հոդված 9. Հաշտեցման սկզբունքը
1. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի շահառուի վերասոցիալականացման միջոցառումների շրջանակներում կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում աջակցում է պրոբացիայի շահառուի եւ տուժողի (տուժողի իրավահաջորդի) հաշտեցմանը:
Հոդված 10. Աջակցության սկզբունքը
1. Պրոբացիայի ծառայությունը վերասոցիալականացման միջոցառումների շրջանակում ապահովում է պրոբացիայի շահառուների մշտական աջակցություն՝ նրանց տրամադրվող օգնության եւ խորհրդատվության միջոցով:
Հոդված 11. Համաձայնության սկզբունքը
1. Պրոբացիայի ծառայության կողմից որոշումների կայացման, ինչպես նաեւ վերահսկողության պլանի մշակման ընթացքում հնարավորինս հաշվի են առնվում պրոբացիայի շահառուի կարծիքը եւ համաձայնությունը, ինչպես նաեւ հնարավորինս ապահովվում է նրա ներգրավվածությունը դրանց կայացման եւ մշակման գործընթացին:
ԳԼՈՒԽ 3.
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 12. Այլընտրանքային խափանման միջոցի կատարման ապահովումը
1. Այլընտրանքային խափանման միջոցի կատարումը սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ապահովում է պրոբացիայի շահառուի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ՝ տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատարանի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի (սույն գլխում այսուհետ` իրավասու մարմին) որոշման մեջ նշված վայրի տարածքային մարմինը:
2. Տարածքային մարմինը վերահսկողություն է իրականացնում իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:
3. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշումը ստանալուց հետո պրոբացիայի ծառայողը անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, իսկ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի դեպքումայցելում է պրոբացիայի շահառուի բնակության վայր, կազմում պրոբացիայի շահառուի անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու պահից:
4. Պրոբացիայի շահառուի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր` պարզելու չներկայանալու պատճառները, ինչի մասին կազմում է արձանագրություն:
5. Պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում իրավասու մարմին:
6. Այլընտրանքային խափանման միջոց կիրառած իրավասու մարմնի որոշման հիման վրա եւ դրա շրջանակներում, ինչպես նաեւ պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի եւ պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը վերահսկողության պլանում սահմանում է պրոբացիայի շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները եւ դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:
7. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշման հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայր, ինչպես նաեւ այլ վայր, որտեղ իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել՝ պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:
8. Պրոբացիայի ծառայողի ծառայողական վկայականի ներկայացման դեպքում պրոբացիայի շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինները, կազմակերպությունները, պրոբացիայի շահառուի աշխատավայրի վարչակազմը, ինչպես նաեւ այն վայրերի վարչակազմերը, որտեղ իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել, պարտավոր են ապահովել պրոբացիայի ծառայողի ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր:
9. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշման հիման վրա պրոբացիայի շահառուի կողմից իր բնակության կամ աշխատանքի վայր մուտքը եւ ելքը արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ անհապաղ, բայց ոչ ուշ քան 12 ժամվա ընթացքում ուղարկում քրեական վարույթն իրականացնող մարմնին: Այլ անձանց կողմից պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայր մուտքը եւ ելքը արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում դատարան:
10. Դատական ակտի հիման վրա այլընտրանքային խափանման միջոցների կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան:
11. Տարածքային մարմինն այլընտրանքային խափանման միջոց կիրառած իրավասու մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմում է հաշվետվություն, որն իրավասու մարմնի կողմից նշված պարբերականությամբ ներկայացվում է քրեական վարույթն իրականացնող մարմնին:
12. Պրոբացիայի շահառուի կողմից իրավասու մարմնի որոշման հիման վրա կիրառվող այլընտրանքային խափանման միջոցի պայմանների խախտման դեպքում տարածքային մարմինը, ներքին կանոնակարգի համաձայն, միջոցներ է ձեռնարկում պրոբացիայի շահառուին հայտնաբերելու եւ իրավասու մարմնի որոշման հիման վրա կիրառվող սահմանափակումների կատարումն ապահովելու ուղղությամբ, անհապաղ հայտնում է քրեական վարույթն իրականացնող մարմնին, անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ` ՀՀ ոստիկանություն) կամ այլ համապատասխան մարմիններին եւ իր իրավասությունների սահմաններում աջակցում նրանց:
13. Այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ավարտից կամ դադարեցվելուց հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է տեղեկանք այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ավարտի կամ դադարեցման մասին, եւ այդ մասին հայտնում է իրավասու մարմնին, ՀՀ ոստիկանություն, իսկ անձնական գործն արխիվացվում է:
14. Իրավասու մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվության, պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու դեպքում կազմվող եւ քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայացվող արձանագրությունների եւ պրոբացիայի ծառայության կողմից օգտագործվող այլ փաստաթղթերի ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Հոդված 13. Տնային կալանքի եւ վարչական հսկողության կատարման առանձնահատկությունները
1. Վարչական հսկողություն կիրառելու մասին դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է պրոբացիայի շահառուին եւ նրան հսկողության ընդունելու մասին տեղյակ պահում քրեական վարույթն իրականացնող մարմնին:
2. Տնային կալանք կամ վարչական հսկողություն կիրառելու մասին դատական ակտի պահանջները պարտադիր են պրոբացիայի շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինների, կազմակերպությունների, աշխատավայրի վարչակազմի, ինչպես նաեւ այն վայրերի վարչակազմերի համար, որտեղ դատարանի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել:
Հոդված 14. Սույն օրենքով չնախատեսված այլ այլընտրանքային խափանման միջոցների կատարումը
1. Պրոբացիայի ծառայությունն ապահովում է նաեւ այլ այլընտրանքային խափանման միջոցների կատարումը, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
ԳԼՈՒԽ 4.
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 15. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման կարգը
1. Պրոբացիայի ծառայությունը օրենքով սահմանված կարգով կատարում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները, իրականացնում է վերահսկողություն եւ վերասոցիալականացման աշխատանքներ:
2. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով եւ դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգով:
ԳԼՈՒԽ 5.
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 16. Անվտանգության միջոցի կատարման ապահովումը
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված անվտանգության միջոցի կատարումն ապահովում է պրոբացիայի շահառուի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ` տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ համապատասխան բժշկական հաստատության գործունեության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը:
2. Տարածքային մարմինը վերահսկողություն է իրականացնում դատական ակտով պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:
3. Անվտանգության միջոց նշանակելու մասին դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայությունն անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է պրոբացիայի շահառուի անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու պահից:
4. Պրոբացիայի շահառուի կողմից առաջին անգամ անհարգելի պատճառով չներկայանալը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Սույն մասով նախատեսված արարքը՝ վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տարածքային մարմինն այդ մասին կազմում է արձանագրություն եւ անվտանգության միջոցի տեսակը փոխելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
5. Անվտանգության միջոցներ նշանակելու մասին դատական ակտի հիման վրա եւ դրա շրջանակներում, ինչպես նաեւ պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի եւ պահանջմունքների գնահատման հիման վրա վերահսկողության պլանում պրոբացիայի ծառայողը սահմանում է պրոբացիայի շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները եւ դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը, ինչպես նաեւ պրոբացիայի շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագիրը:
6. Պրոբացիայի շահառուի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայրը պարզելու չներկայանալու պատճառները, ինչի մասին կազմում է արձանագրություն:
7. Պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում իրավասու մարմին:
8. Պրոբացիայի ծառայողն այցելում է պրոբացիայի շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառման իրականացման վայր կամ այն վայրը, որտեղ անձին արգելված է այցելել՝ դատարանի կողմից պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դատական ակտի պահանջների կատարման մասին պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:
9. Անվտանգության միջոց կիրառելու մասին դատական ակտի պահանջները պարտադիր են պրոբացիայի շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինների, կազմակերպությունների, աշխատավայրի, բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող մարմնի կամ կազմակերպության, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառման իրականացման վայրի վարչակազմի, ինչպես նաեւ այն վայրերի վարչակազմերի համար, որտեղ դատարանի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել:
10. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված մարմինները պրոբացիայի ծառայողի վկայականի ներկայացման դեպքում պարտավոր են ապահովել վերջինիս ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր:
11. Անվտանգության միջոց կիրառելու մասին դատական ակտի հիման վրա պրոբացիայի շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառման իրականացման վայր մուտքը եւ ելքը արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում իրավասու մարմին:
12. Դատական ակտի հիման վրա անվտանգության միջոցների կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:
13. Պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտի հիման վրա կիրառվող սահմանափակումների խախտման դեպքում տարածքային մարմինը, ներքին կանոնակարգին համաձայն, միջոցներ է ձեռնարկում դատական ակտի հիման վրա կիրառվող սահմանափակումների կատարումն ապահովելու ուղղությամբ, խախտման մասին անհապաղ հայտնում է քրեական վարույթն իրականացնող մարմնին, անհրաժեշտության դեպքում` ՀՀ ոստիկանությանը կամ այլ համապատասխան մարմիններին եւ իր իրավասությունների սահմաններում աջակցում նրանց, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով միջնորդություն ներկայացնում դատարան անվտանգության միջոցը փոխելու վերաբերյալ:
14. Անվտանգության միջոցի կիրառման ավարտից կամ դադարեցվելուց հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է տեղեկանք անվտանգության միջոցի կիրառման ավարտի կամ դադարեցման մասին, եւ այդ մասին հայտնում է դատական ակտը կայացրած դատարանին, ՀՀ ոստիկանություն, անհրաժեշտության դեպքում` համապատասխան բժշկական կազմակերպության վարչակազմ կամ այլ հաստատություն, իսկ անձնական գործն արխիվացվում է:
15. Դատական ակտով սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվության, պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, ինչպես նաեւ պրոբացիայի շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ ծրագրի իրականացման վայր մուտքը եւ ելքը արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու դեպքում կազմվող եւ քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայացվող արձանագրությունների եւ պրոբացիայի ծառայության կողմից օգտագործվող այլ փաստաթղթերի ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Հոդված 17. Որոշակի վայրեր այցելելու արգելքի կատարման առանձնահատկությունները
1. Դատական ակտով կիրառված որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները կատարելուց քրեական պատասխանատվության տարիքի հասած պրոբացիայի շահառուի կողմից հրաժարվելու կամ խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ ներկայացնում հաղորդում դատախազություն:
2. Դատական ակտով կիրառված որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները քրեական պատասխանատվության տարիքի չհասած պրոբացիայի շահառուի կողմից խախտելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ անվտանգության միջոցի տեսակը փոխելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
Հոդված 18. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կատարման առանձնահատկությունները
1. Դատական ակտով կիրառված հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց քրեական պատասխանատվության տարիքի հասած պրոբացիայի շահառուի կողմից հրաժարվելու կամ խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ ներկայացնում հաղորդում դատախազություն:
2. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները քրեական պատասխանատվության տարիքի չհասած պրոբացիայի շահառուի կողմից խախտելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ անվտանգության միջոցի տեսակը փոխելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
3. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կատարման ընթացքում պրոբացիայի ծառայողը կարող է հոգեբանական օգնություն ստանալու տեւողությունը կրճատելու կամ երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան:
4. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:
Հոդված 19. Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կատարման առանձնահատկությունները
1. Պրոբացիայի ծառայողը դատական ակտով սահմանված կոնկրետ սահմանափակումների պահպանման ընթացքի վերաբերյալ կազմում է հաշվետվություն, որը դատարանի կողմից նշված պարբերականությամբ ներկայացվում են դատարան:
2. Պրոբացիայի ծառայողը վերահսկողություն է իրականացնում պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության կատարման նկատմամբ:
3. Պրոբացիայի շահառուի կողմից ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի հետ առնչության մասին հիմնավոր կասկածի առկայության դեպքում պրոբացիայի ծառայողը որոշում է կայացնում պրոբացիայի շահառուի օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելու մասին` պատշաճ ծանուցելով պրոբացիայի շահառուին: Որոշմամբ սահմանված ժամկետում պրոբացիայի շահառուի կողմից հետազոտություն անցնելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն Հետազոտությունների անցկացման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:
4. Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողություն նշանակելու մասին դատական ակտի կատարման ընթացքում տարածքային մարմինը կարող է վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության տեւողությունը կրճատելու կամ երկարաձգելու միջնորդություն ներկայացնել դատարան:
5. Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում տարածքային մարմինը վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կիրառումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
6. Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության ենթարկվելուց կամ սահմանված պահանջները կատարելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ ներկայացնում հաղորդում դատախազություն:
Հոդված 20. Ընտանեկան հսկողության կատարման առանձնահատկությունները
1. Դատական ակտով սահմանված ընտանեկան հսկողության պահանջների կատարումը գնահատելու եւ վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ պրոբացիայի ծառայողը առավելագույնը ամիսը երկու անգամ այցելում է պրոբացիայի շահառուի բնակության վայր, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:
2. Պրոբացիայի ծառայողը վերահսկողություն է իրականացնում պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության կատարման նկատմամբ:
3. Պրոբացիայի շահառուի կողմից ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի հետ առնչության մասին հիմնավոր կասկածի առկայության դեպքում պրոբացիայի ծառայողը որոշում է կայացնում պրոբացիայի շահառուի օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելու մասին` պատշաճ ծանուցելով պրոբացիայի շահառուին: Որոշմամբ սահմանված ժամկետում պրոբացիայի շահառուի կողմից հետազոտություն անցնելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Հետազոտությունների անցկացման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:
4. Պրոբացիայի ծառայողն անհրաժեշտության դեպքում ընտանեկան հսկողություն սահմանման տեւողությունը կրճատելու կամ երկարացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
5. Պրոբացիայի ծառայողն ընտանեկան հսկողություն կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում միջնորդություն է ներկայացնում դատարան:
6. Պրոբացիայի շահառուի կողմից ընտանեկան հսկողության ենթարկվելուց կամ սահմանված պահանջները կատարելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ անվտանգության այլ միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
Հոդված 21. Հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման կատարման առանձնահատկությունները
1. Դատական ակտով սահմանված հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման կատարման ընթացքում պրոբացիայի ծառայողը հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման տեւողությունը կրճատելու կամ երկարացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
2. Պրոբացիայի շահառուի նկատմամբ հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման հետագա իրականացման անհրաժեշտության բացակայության դեպքում պրոբացիայի ծառայողը հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման իրականացումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
Հոդված 22. Կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին ներգրավման կատարման առանձնահատկությունները
1. Դատական ակտով սահմանված կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին ներգրավման մասին դատական ակտի կատարման ընթացքում պրոբացիայի ծառայողը կարող է կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին պրոբացիայի շահառուի ներգրավվման տեւողությունը կրճատելու կամ երկարացնելու միջնորդություն ներկայացնել դատարան:
2. Կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին ներգրավման անհրաժեշտության բացակայության դեպքում պրոբացիայի ծառայողը կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին պրոբացիայի շահառուի ներգրավման իրականացումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնում դատարան:
3. Կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ անվտանգության այլ միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
ԳԼՈՒԽ 6.
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ, ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հոդված 23. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից խորհրդատվական զեկույցներ տրամադրելը
1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույց տրամադրում է պրոբացիայի շահառուի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ` տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ համապատասխան դատարանի դատական տարածքում գտնվող կամ պատժի կրման վայրի տարածքային մարմինը:
2. Դատարանի պահանջի հիման վրա տարածքային մարմինը դատվածությունը հանելու վերաբերյալ ներկայացնում է խորհրդատվական զեկույց: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կամ դատարանի պահանջի հիման վրա տարածքային մարմինը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ ներկայացնում է խորհրդատվական զեկույց:
3. Խորհրդատվական զեկույց տրամադրելու համար տարածքային մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, համապատասխան քրեակատարողական հիմնարկից պահանջում է անձի անձնական գործը կամ տեղում ծանոթանում է անձնական գործին եւ կազմում է պրոբացիայի շահառուի անձնական գործը:
4. Պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում խորհրդատվական զեկույց պահանջած մարմին:
5. Պրոբացիայի ծառայողը տվյալների շտեմարանում առկա տեղեկությունների, անձնական գործի, պրոբացիայի շահառուի, նրա ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարեւանների հետ հանդիպման արդյունքների, հարցումների արդյունքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, հիմնարկներից եւ այլ կազմակերպություններից ստացված տեղեկությունների, ինչպես նաեւ համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողների եւ այլ անձանց կողմից տրամադրված տվյալների հիման վրա կազմում է խորհրդատվական զեկույց եւ ներկայացնում է խորհրդատվական զեկույց պահանջած մարմին:
6. Պրոբացիայի շահառուն սեփական նախաձեռնությամբ կարող է իր վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ներկայացնել խորհրդատվական զեկույցում ներառելու նպատակով:
7. Խորհրդատվական զեկույցի մեջ նշվում են պրոբացիայի շահառուի.
1) անունը, ազգանունը, հայրանունը.
2) ծննդյան օրը, ամիսը, տարին.
3) անձի սոցիալ-հոգեբանական բնութագիրը.
4) աշխատունակությունը, աշխատանքային ստաժը եւ զբաղմունքի տեսակը.
5) կրթությունը.
6) առողջական վիճակը.
7) սոցիալական, գույքային դրությունը,.
8) ընտանեկան դրությունը եւ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
9) բնակության մշտական վայրի առկայությունը.
10) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.
11) արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը.
12) իր կողմից կատարված հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.
13) քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում դրսեւորած վարքագիծը, աշխատանքային գործունեությունն ու մասնակցությունը մշակութային, կրթական միջոցառումներին.
14) ուղղման եւ վերասոցիալականացմանը վերաբերող տվյալներ.
15) այլ հանգամանքներ:
8. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցի կազմման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Հոդված 24. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացումը
1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողությունն իրականացնում է նրա մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ` տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը:
2. Տարածքային մարմինը վերահսկողություն է իրականացնում դատական ակտով պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:
3. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի կրումը հետաձգելու մասին դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ:
4. Պրոբացիայի շահառուի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, ինչի մասին կազմվում է արձանագրություն: Պրոբացիայի շահառուի կողմից անհարգելի պատճառով չներկայանալը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
5. Պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում դատարան:
6. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժի կրումից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու մասին դատական ակտի հիման վրա եւ դրա շրջանակներում, ինչպես նաեւ պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի եւ պահանջմունքների գնահատման հիման վրա վերահսկողության պլանում պրոբացիայի ծառայողը սահմանում է պրոբացիայի շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները եւ դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, ինչպես նաեւպրոբացիայի շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագիրը:
7. Տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում ՀՀ ոստիկանություն:
8. Վերահսկողության պլանի հիման վրա պրոբացիայի ծառայողը այցելում է պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայր կամ համապատասխան բժշկական հաստատություն՝ պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:
9. Պրոբացիայի շահառուի կողմից ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի հետ առնչության մասին հիմնավոր կասկածի առկայության դեպքում պրոբացիայի ծառայողը որոշում է կայացնում պրոբացիայի շահառուի օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելու մասին` պատշաճ ծանուցելով պրոբացիայի շահառուին: Որոշմամբ սահմանված ժամկետում պրոբացիայի շահառուի կողմից հետազոտություն անցնելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Հետազոտությունների անցկացման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:
10. Պարզաբանումներ ստանալու համար պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին ծանուցագրով պարտավորեցնում է ներկայանալ տարածքային մարմին, բայց ոչ ավելի, քան երկու շաբաթը մեկ անգամ կամ նրա վրա դրված պարտականությունների չկատարման յուրաքանչյուր փաստով:
11. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողությունը դատական ակտով կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:
12. Պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելիս ծառայության ժամկետի ընթացքում պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան զորամասի հրամանատարությունը կամ այն կազմակերպությունը, որտեղ պրոբացիայի շահառուն այլընտրանքային ծառայություն է անցնում:
13. Պրոբացիայի շահառուին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս պրոբացիայի ծառայությունը զինվորական կոմիսարիատ է ուղարկում դատական ակտի եւ պրոբացիայի շահառուի վերահսկողության պլանի պատճենները:
14. Զորամասի հրամանատարությունը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու օրվանից տասը օրվա ընթացքում պարտավոր է պրոբացիայի ծառայության մարմին հայտնել այդ մասին, իսկ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում` զինծառայությունից նրա արձակվելու եւ փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի մասին:
15. Եթե ծառայության ժամկետի ավարտից հետո դատարանի նշանակած փորձաշրջանի ժամկետը չի ավարտվել, ապա պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պրոբացիայի ծառայության համապատասխան մարմինը` ընդհանուր հիմունքներով:
16. Պրոբացիայի այն շահառուների մասին, որոնց վրա դատարանը դրել է ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերից բուժման կուրս անցնելու եւ այլ պարտականություններ, տարածքային մարմինը պարտավոր է եռօրյա ժամկետում ծանուցել համապատասխան բժշկական հաստատությանը:
17. Անհրաժեշտության դեպքում պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացնում դատարան պրոբացիայի շահառուի վրա լրացուցիչ պարտականություններ դնելու կամ սահմանափակումներ կիրառելու մասին:
18. Պրոբացիայի ծառայողի ծառայողական վկայականի ներկայացման դեպքում պրոբացիայի շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինները, կազմակերպությունները, պրոբացիայի շահառուի աշխատավայրի վարչակազմը, ինչպես նաեւ այն վայրերի վարչակազմերը, որտեղ իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել, պարտավոր են ապահովել պրոբացիայի ծառայողի ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր:
19. Սույն հոդվածի 18-րդ մասով սահմանված վայրեր մուտքը եւ ելքը արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություններ եւ ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում համապատասխանաբար քրեական վարույթն իրականացնող մարմին եւ դատարան:
20. Պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտի հիման վրա կիրառվող սահմանափակումների խախտման դեպքում տարածքային մարմինը, ներքին կանոնակարգին համաձայն, միջոցներ է ձեռնարկում դատական ակտի հիման վրա կիրառվող սահմանափակումների կատարումն ապահովելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում խախտման մասին անհապաղ հայտնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կամ իրավասու այլ մարմիններին եւ իր իրավասությունների սահմաններում աջակցում նրանց:
21. Փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտից հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտի մասին տեղեկանք եւ այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, ՀՀ ոստիկանությանը կամ օրենքով սահմանված դեպքերում իրավասու այլ մարմիններին:
22. Պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, ինչպես նաեւ պրոբացիայի շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ ծրագրի իրականացման վայր մուտքը եւ ելքը արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու դեպքում կազմվող եւ քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայացվող արձանագրությունների եւ պրոբացիայի ծառայության կողմից օգտագործվող այլ փաստաթղթերի ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Հոդված 25. Պատիժը պայմանականորեն չկիրառելու հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողության իրականացման առանձնահատկությունները
1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված պարտականությունների կատարումից խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ պրոբացիայի շահառուի նկատմամբ կիրառված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու եւ նրան պատիժ կրելու ուղարկելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
Հոդված 26. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացման առանձնահատկությունները
1. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի շահառուի կողմից դատականակտով սահմանված պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ պատիժ կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը վերացնելու եւ նրան պատժի կրման ուղարկելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
2. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժ կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում նրա կողմից դատականակտով սահմանված պարտականությունների կատարումից խուսափելու կամ փորձաշրջանի ընթացքում նոր հանցանք կատարելու դեպքում կամ եթե փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչեւ դատապարտվելը նա կատարել է մեկ այլ հանցանք, պրոբացիայի ծառայողը դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում այդ մասին կազմում է արձանագրություն եւ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը վերացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
Հոդված 27. Հղի կանանց, մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացման առանձնահատկությունները
1. Հղի կանանց կամ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց պատժի կրումը հետաձգելու մասին դատական ակտը ստանալուպահից անհապաղ, բայց ոչ ուշ քան եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու մասին տեղեկացնում է նրա բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին՝ երեխայի դաստիարակության եւ խնամքի նկատմամբ հսկողության ապահովման նպատակով:
2. Պրոբացիայի շահառուի աշխատանքի տեղավորվելու դեպքում պրոբացիայի ծառայողը պատշաճ ծանուցում է ուղարկում նրա աշխատավայրի վարչակազմ: Պրոբացիայի ծառայողն աշխատանք ունեցող պրոբացիայի շահառուներից կարող է պահանջել տեղեկանք` աշխատանքի վայրից:
3. Եթե հղի կանանց կամ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող պրոբացիայի շահառուն խուսափում է երեխայի դաստիարակությունից եւ խնամքից, ապա պրոբացիայի ծառայողը համապատասխան խախտումը հայտնաբերելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ քան եռօրյա ժամկետում պրոբացիայի շահառուին գրավոր նախազգուշացնում է պատժի կրման հետաձգումը վերացնելու հնարավորության մասին: Պրոբացիայի շահառուն երեխայի դաստիարակությունից եւ խնամքից խուսափող է համարվում, եթե, պաշտոնապես չհրաժարվելով երեխայից, նրան թողնում է ծննդատանը կամ հանձնում է մանկատուն կամ հակաբարոյական ապրելակերպ է վարում եւ չի զբաղվում երեխայի դաստիարակությամբ ու խնամքով կամ մեկ ամսից ավելի ժամկետով երեխային թողնում է ազգականների կամ այլ անձանց մոտ եւ անձամբ չի զբաղվում նրա դաստիարակությամբ կամ կատարում է այլ գործողություններ, որոնք վկայում են երեխային դաստիարակելուց խուսափելու մասին:
4. Եթե նախազգուշացում հայտարարվելուց հետո պրոբացիայի շահառուն շարունակում է խուսափել երեխայի դաստիարակությունից եւ խնամքից, կամ պաշտոնապես հրաժարվել է երեխայից, կամ տարածքային մարմնի պահանջով երկու անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայանում տարածքային մարմին, ապա տարածքային մարմինն այդ մասին կազմում է արձանագրություն եւ պատժի կրման հետաձգումը վերացնելու եւ դատականակտով կիրառված պատիժը կատարելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:
5. Միջնորդությանը կցվում են պատժի կրման հետաձգման մասին դատական ակտի պատճենը, երեխայի դաստիարակությունից եւ խնամքից խուսափելը հիմնավորող փաստաթղթերը, աշխատանքի եւ բնակության վայրերից բնութագրերը կամ դրանց պատճենները:
6. Վերահսկողության ընթացքում, հաշվի առնելով պրոբացիայի շահառուի վարքագիծը, կատարած հանցանքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը եւ պատժի չկրած ժամկետը, պրոբացիայի ծառայողը պատժի չկրած մասից պրոբացիայի շահառուին ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
7. Երեխայի երեք տարին լրանալու կամ նրա մահվան կամ անձին ծնողական իրավունքներից զրկելու կամ հղիության ընդհատման կամ երեխային խնամքի հաստատություն հանձնելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն եւ պատժի կրումից ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ որոշումը վերացնելու եւ պատժի չկրած մասը կրելու ուղարկելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:
8. Եթե պրոբացիայի շահառուն խուսափում է դատական ակտով իր վրա դրված պարտականությունները կատարելուց կամ փորձաշրջանի ընթացքում կատարում է նոր հանցանք կամ փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչեւ դատապարտվելն անձը կատարել է մեկ այլ հանցանք, որի համար պատասխանատվության չի ենթարկվել կամ քրեական պատասխանատվությունից չի ազատվել, ապա պրոբացիայի ծառայողը դեպքի ի հայտ գալու պահից անհապաղ, բայց ոչ ուշ քան եռօրյա ժամկետում այդ մասին կազմում է արձանագրություն եւ հղի կանանց, մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժի կրումից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու մասին դատական ակտը վերացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
ԳԼՈՒԽ 7.
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 28. Պրոբացիայի ծառայության գործառույթները պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ոլորտում
1. Պրոբացիայի ծառայությունն իր մոտ հաշվառված պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման նպատակով մշակում եւ իրականացնում է համապատասխան աշխատանքի եւ սոցիալական ապահովությանը, մշակութային, կրթական, մասնագիտական վերապատրաստմանը եւ վերաորակավորմանը, սպորտային, առողջապահական, հոգեբանական, վարքաբանական, զբաղվածությանն ուղղված միջոցառումներ եւ ծրագրեր:
2. Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող վերասոցիալականացման միջոցառումների նպատակը սոցիալական վերականգնման կարճաժամկետ կամ երկարաժամկետ աշխատանքների եւ ուսումնական ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումն է, ինչպես նաեւ ոգելից խմիչքներ (ալկոհոլ), թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր գործածելու դեմ պայքարի ոլորտում հատուկ ծրագրերի իրականացումը:
3. Պրոբացիայի յուրաքանչյուր շահառուի վերաբերյալ ռիսկերի եւ պահանջմունքների գնահատման հիման վրա կազմվում է վերասոցիալականացման միջոցառումների առանձին ծրագիր՝ հաշվի առնելով պրոբացիայի շահառուի անձի առանձնահատկությունները:
4. Քրեական վայրույթի մինչդատական փուլում պրոբացիայի շահառուի նկատմամբ վերասոցիալականացման միջոցառումները կարող են իրականացվել միայն նրա համաձայնության դեպքում:
5. Վերասոցիալականացման միջոցառումների մշակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 8.
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 29. Հաշտարարը եւ հաշտարարության իրականացումը
1. Հաշտարարը պրոբացիայի այն ծառայողն է, որին պրոբացիայի ծառայության ղեկավարը նշանակում է հաշտարարություն իրականացնելու համար:
2. Հաշտարարությունը դատական փուլում դատարանի կողմից նշանակված, իսկ ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կամ հետպատժյա փուլում` պրոբացիայի ծառայության ղեկավարի կողմից սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ նշանակված բանակցությունների իրականացումն է, որն ուղղված է պրոբացիայի շահառուին եւ տուժողին (տուժողի իրավահաջորդին) հաշտեցնելուն:
3. Հաշտարարության կողմերն են պրոբացիայի շահառուն եւ տուժողը (տուժողի իրավահաջորդը):
Հոդված 30. Հաշտարարության գործընթացի նախաձեռնումը
1. Հաշտարարության գործընթաց նշանակելու իրավասություն ունեն դատական փուլում` դատարանը, իսկ ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կամ հետպատժյա փուլում` պրոբացիայի ծառայության ղեկավարը` սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ:
2. Հաշտարարություն նշանակելու մասին դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայության ղեկավարն անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում հաշտարարություն եւ հաշտարար նշանակելու մասին եւ այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է կողմերին:
3. Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կամ հետպատժյա փուլում կողմի միջնորդության դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է մյուս կողմին: Մյուս կողմը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ քան երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ բանավոր դիրքորոշում հայտնել հաշտարարության գործընթաց սկսելու վերաբերյալ:
4. Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պրոբացիայի ծառայության ղեկավարը որոշում է կայացնում հաշտարարություն եւ հաշտարար նշանակելու կամ հաշտարարության նշանակումը մերժելու մասին:
5. Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կամ հետպատժյա փուլում պրոբացիայի ծառայության ղեկավարը մերժում է հաշտարարության նշանակումը, եթե բացակայում է հաշտարարության գործընթաց սկսելու վերաբերյալ կողմերից մեկի համաձայնությունը:
6. Պրոբացիայի ծառայության ղեկավարի` հաշտարարություն նշանակելու մասին որոշման մեջ նշվում են հաշտարարության կողմերը, գործի հանգամանքների հակիրճ նկարագրությունը, կողմերի պահանջները, հաշտարարության ժամկետները եւ այլ անհրաժեշտ տվյալներ: Պրոբացիայի ծառայության ղեկավարի որոշումն ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայությունն այդ մասին պատշաճ ծանուցում է կողմերին:
Հոդված 31. Հաշտարարության գործընթացի կազմակերպումը
1. Դատական ակտի կամ պրոբացիայի ծառայության ղեկավարի որոշման հիման վրա նշանակված հաշտարարության դեպքում իր իրավասությունների սահմաններում հաշտարարը՝
1) ձեռնարկում է միջոցներ պրոբացիայի շահառուին եւ տուժողին (տուժողի իրավահաջորդին) հաշտեցնելու եւ նրանց միջեւ հաշտության վերաբերյալ գրավոր համաձայնություն կնքելու համար.
2) հաշտության համաձայնագրի տեքստը նախապատրաստելիս աջակցում է կողմերին.
3) հանդիպում է պրոբացիայի շահառուի եւ տուժողի (տուժողի իրավահաջորդի) հետ.
4) կազմակերպում է ընդհանուր հանդիպում:
2. Ընդհանուր, պրոբացիայի շահառուի, տուժողի (տուժողի իրավահաջորդի) հետ հանդիպումների ժամանակ կարող է ներկա լինել պրոբացիայի ծառայության շահառուի, տուժողի (տուժողի իրավահաջորդի) փաստաբանը:
Հոդված 32. Հաշտարարության ժամկետները
1. Հաշտարարության սկզբնական ժամկետը չի կարող գերազանցել երեք ամիսը: Կողմերի համատեղ միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ` մինչեւ մեկ ամիս ժամկետով:
2. Հաշտարարության ժամկետի սկիզբ է համարվում հաշտարարի նշանակման օրը:
Հոդված 33. Հաշտարարության ավարտը
1. Հաշտարարության գործընթացն ավարտվում է.
1) կողմերից առնվազն մեկի կամ հաշտարարի կողմից գործընթացը դադարեցնելու վերաբերյալ ներկայացված միջնորդության հիման վրա հաշտարարություն նշանակած մարմնի կողմից որոշման կայացմամբ.
2) հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնության կնքման դեպքում`
ա. ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կամ հետպատժյա փուլում` պրոբացիայի ծառայության ղեկավարի հաստատմամբ կամ մերժմամբ.
բ. դատական փուլում` այն հաշտարարություն նշանակած դատարանին ներկայացնելով:
2. Յուրաքանչյուր կողմ ցանկացած պահի կարող է դիմել պրոբացիայի ծառայության ղեկավարին հաշտարարության գործընթացը դադարեցնելու միջնորդությամբ:
3. Հաշտության վերաբերյալ գրավոր համաձայնության մեջ կարող է նախատեսվել պրոբացիայի շահառուի կողմից տուժողին պատճառված վնասի հատուցման պարտականությունը, դրա ժամկետներն ու իրականացման կարգը:
4. Հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու դեպքում հաշտարարը պարտավոր է հաշտության համաձայնությունը ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցել պրոբացիայի ծառայության ղեկավարին՝ կցելով հաշտության համաձայնության բնօրինակը:
5. Ստանալով հաշտարարի` վեճը հաշտարարությամբ լուծելու մասին պատշաճ ծանուցումը` պրոբացիայի ծառայության ղեկավարն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատում կամ մերժում է կողմերի միջեւ ձեռք բերված հաշտության համաձայնությունը, իսկ դատարանի նախաձեռնությամբ նշանակված հաշտարարության դեպքում՝ այն ներկայացնում է դատարան:
6. Դատարանը կամ րպոբացիայի ծառայության ղեկավարը մերժում են կողմերի միջեւ ձեռք բերված հաշտության համաձայնությունը, եթե հաշտության համաձայնությունը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին: Պրոբացիայի ծառայության ղեկավարի կողմից կողմերի միջեւ ձեռք բերված հաշտության համաձայնության մերժումը չի կարող արգելք հանդիսանալ կողմերի միջեւ հաշտարարության նոր գործընթաց սկսելու համար:
Հոդված 34. Հաշտարարության հետ կապված ծախսերը
1. Հաշտարարության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
ԳԼՈՒԽ 9.
ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԸ
Հոդված 35. Ծանուցագիրը եւ դրա բովանդակությունը
1. Ծանուցագիրը թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որով պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին հրավիրում է ներկայանալ պրոբացիայի ծառայություն կամ օրենքով սահմանված դեպքերում հաղորդում է այլ տեղեկություններ:
2. Ծանուցագրում նշվում է`
1) ծանուցող մարմնի եւ պաշտոնատար անձի տվյալները,
2) ծանուցվող անձի անունը, ազգանունը, հասցեն եւ կարգավիճակը,
3) ծանուցվողի վերաբերելի տվյալները, եթե ծանուցվողը ծանուցվում է այլ անձի կամ հաստատության միջոցով.
4) ներկայանալու տեղը եւ ժամանակը (տարին, ամիսը, օրը եւ ժամանակահատվածը).
5) ծանուցումը ստացող անձի պարտականությունն այն հանձնելու հրավիրվող անձին.
6) անհարգելի պատճառով չներկայանալու կամ ծանուցագրի պահանջները չկատարելու հետեւանքները:
Հոդված 36. Ծանուցման եղանակները
1. Տարածքային մարմինը պարտավոր է օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պատշաճ ծանուցել պրոբացիայի շահառուին:
2. Պրոբացիայի շահառուի ծանուցումը կատարվում է`
1) թղթային կամ էլեկտրոնային ծանուցագրով.
2) ծանուցվողի գրավոր համաձայնությամբ` ցանկացած այլ եղանակով:
3. Եթե առկա են հավաստի տվյալներ, որ պրոբացիայի շահառուն ֆիզիկապես անկարող է կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ տարածքային մարմին, պրոբացիայի ծառայողն անձամբ այցելում է պրոբացիայի շահառուին կամ ապահովում է նրա՝ տարածքային մարմին ներկայանալը:
Հոդված 37. Ծանուցագիրը հանձնելը
1. Թղթային ծանուցագիրը հանձնվում է անմիջականորեն` ծանուցվող անձի նշած հասցեով: Եթե անձն առաջին անգամ է ծանուցվում, ապա թղթային ծանուցագիրը հանձնվում է նրա մշտական կամ փաստացի բնակության կամ գտնվելու վայրի եւ հաշվառման հասցեով, իսկ եթե այն հայտնի չէ, ապա աշխատանքի, ուսման կամ ծառայության վայրի հասցեով:
2. Թղթային ծանուցագիրը ստորագրությամբ հանձնվում է անձամբ ծանուցվողին, իսկ նրա ժամանակավոր բացակայության դեպքում նրա հետ բնակվող ընտանիքի չափահաս անդամներից մեկին: Եթե թղթային ծանուցագիրը ուղարկվել է ծանուցվողի աշխատանքի, ուսման կամ ծառայության վայր, ապա այն հանձնվում է համապատասխան հաստատության վարչակազմի ղեկավարին: Թղթային ծանուցագիրը ստացողը պարտավոր է այն հանձնել ծանուցվողին:
3. Թղթային ծանուցագրի ստորագրության համար առանձնացված հատվածում ստացողը նշում է իր անունը, ազգանունը եւ ստացման ժամանակը, ինչը հաստատում է ստորագրությամբ: Եթե թղթային ծանուցագիրը ստացողը ծանուցվողը չէ, ապա նա նշում է նաեւ ծանուցվողի հետ իր հարաբերության մասին:
4. Թղթային ծանուցագրի` ստորագրության համար առանձնացված մասը վերադարձվում է պրոբացիայի ծառայողին:
5. Էլեկտրոնային ծանուցագիրը ուղարկվում է ծանուցվող անձի պաշտոնական կամ վերջինիս կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով:
Հոդված 38. Ծանուցման պատշաճությունը եւ հետեւանքները
1. Ծանուցումը պատշաճ է, եթե`
1) թղթային ծանուցագիրը ստացել է անձամբ ծանուցվողը.
2) թղթային ծանուցագիրը ստացվել է ծանուցվողի նշած հասցեով.
3) թղթային ծանուցագիրը ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը.
4) առկա է ծանուցվող անձի պաշտոնական կամ վերջինիս կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:
2. Պրոբացիայի շահառուն պատշաճ կերպով ծանուցագիրը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պարտավոր է ներկայանալ տարածքային մարմին կամ կատարել ծանուցագրում նշված գործողությունները, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
3. Պրոբացիայի շահառուի կողմից պրոբացիայի ծառայություն ծանուցագիր ստանալուց հետո չներկայանալը կամ ծանուցագրում նշված գործողությունները չկատարելը կարող է համարվել հարգելի, եթե առկա է սույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:
ԳԼՈՒԽ 10.
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ
Հոդված 39. Պրոբացիայի շահառուի անձնական գործը
1. Պրոբացիայի շահառուի վերաբերյալ կազմվում է անձնական գործ, որն իր մեջ պարունակում է նրա վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում`
1) անունը, ազգանունը, հայրանունը.
2) ծննդյան օրը, ամիսը, տարին.
3) բնակության, հաշվառման վայրը (հասցեն).
4) ընտանեկան դրությունը.
5) գույքային դրությունը.
6) դատական ակտի կամ կատարման ենթակա այլ իրավական ակտի վերաբերյալ տվյալներ.
7) նախկին դատվածությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն.
8) սոցիալական միջավայրը` սոցիալական եւ մշակութային պայմաններ` ներառյալ վերաբերմունք, ինչպես նաեւ ֆիզիկական շրջապատ, ուր անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում եւ կազմակերպում իր անձնական կյանքը.
9) պրոբացիայի ծառայության հսկողության ներքո գտնվելու ժամանակահատվածում իրավունքների եւ պարտականությունների շրջանակը.
10) այլընտրանքային խափանման միջոցները եւ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները կատարելուն վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ.
11) ռիսկերի եւ պահանջմունքների պարբերական գնահատման տվյալներ.
12) անձի վերաբերյալ կազմված բնութագրերն ու խորհրդատվական զեկույցները.
13) անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական եւ կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տվյալներ.
14) վերասոցիալականացման միջոցառումները.
15) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր եւ տվյալներ:
2. Պրոբացիայի շահառուի անձնական գործում առկա տեղեկությունները գաղտնի են:
3. Առանց պրոբացիայի շահառուի համաձայնության պրոբացիայի շահառուի անձնական գործին գրավոր որոշմամբ կարող են ծանոթանալ.
1) քրեական վարույթն իրականացնող մարմինները, եթե տվյալ անձը քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` իր կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակներում.
3) դատախազը՝ իր իրավասության շրջանակներում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս.
4) դատարանը՝ իր իրավասությունների շրջանակներում.
4. Այլ անձինք պրոբացիայի շահառուի անձնական գործին կարող է ծանոթանալ բացառապես վերջինիս գրավոր համաձայնության առկայության դեպքում կամ դատական ակտի հիման վրա:
5. Պրոբացիայի շահառուի անձնական գործում առկա տեղեկություններին ծանոթանալու իրավասություն ունեցող անձինք պարտավոր են պահպանել իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը եւ չփոխանցել դրանք երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Հոդված 40. Տվյալների շտեմարան
1. Պրոբացիայի ծառայության առջեւ դրված խնդիրների եւ գործառույթների արդյունավետ իրականացման նպատակով պրոբացիայի ծառայությունը ձեւավորում եւ վարում է տվյալների շտեմարան:
2. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով հարցումներ է կատարում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, հիմնարկներին եւ այլ կազմակերպություններին՝ պահպանելով պրոբացիայի շահառուի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը: Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի շահառուի վերաբերյալ ֆինանսական կազմակերպություններին եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին բանկային եւ այլ գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով հարցումներ չի կատարում:
3. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները եւ այլ կազմակերպությունները իրենց իրավասությունների սահմաններում պարտավոր են պրոբացիայի շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով պրոբացիայի ծառայության հարցումներին պատասխանել սեղմ, բայց ոչ ուշ քան տասնօրյա ժամկետում:
4. Տվյալների շտեմարանում պրոբացիայի շահառուի անձնական գործը պահվում է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցի կատարման ավարտի պահից 10 տարի ժամկետով, որից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվում է: Պրոբացիայի ծառայության արխիվում մշտապես պահպանվում է դատապարտյալի կամ պրոբացիայի շահառուի վերաբերյալ լրացված հաշվառման քարտը եւ տվյալների շտեմարանում առկա էլեկտրոնային տեղեկությունները:
5. Պրոբացիայի շահառուի հաշվառման քարտի ձեւն ու լրացման կարգը, ինչպես նաեւ տվյալների շտեմարանում առկա էլեկտրոնային տեղեկությունների վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
6. Պրոբացիայի ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքագրման եւ օգտագործման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 11.
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հոդված 41. Էլեկտրոնային հսկողություն
1. Էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է քրեական վարույթի մինչդատական եւ դատական փուլերում՝ որպես այլընտրանքային խափանման միջոցների եւ անվտանգության միջոցների հետ համակցված միջամտություն, կամ պատժի կատարման փուլում՝ որպես պատժի կատարման հետ համակցված հսկողության միջոց, կամ հետպատժյա փուլում:
2. Այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հետ համակցված էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է դատարանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով:
3. Պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացման ընթացքում էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է դատական ակտով` դատախազի, պաշտպանության կողմի միջնորդությամբ կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ, իսկ պատժի կատարման փուլում` պրոբացիայի ծառայության միջնորդությամբ:
Հոդված 42. Էլեկտրոնային հսկողության կիրառումը
1. Պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետեւանքով փորձաշրջանի մեջ գտնվող, հղի կանանց, մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն կատարման դեպքերում էլեկտրոնային միջոցներով հսկողություն կիրառելիս դատարանն առնվազն հաշվի է առնում պրոբացիայի շահառուի.
1) անձը բնութագրող տվյալները.
2) տարիքը.
3) առողջական վիճակը.
4) զբաղմունքի տեսակը.
5) բնակության մշտական վայրի առկայությունը.
6) ընտանեկան դրությունը եւ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
7) արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը:
2. Պրոբացիայի ծառայությունը դատական ակտով սահմանված կարգով եւ ժամկետներում դատարանին կամ քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է հաշվետվություն էլեկտրոնային հսկողության կիրառման վերաբերյալ:
3. Էլեկտրոնային հսկողության կիրառումը չպետք է պրոբացիայի շահառուին ֆիզիկական կամ հոգեկան վնաս կամ տառապանք պատճառի:
4. Էլեկտրոնային հսկողություն կիրառելիս պետք է նվազագույնի հասցվի պրոբացիայի շահառուի եւ երրորդ անձանց անձնական եւ ընտանեկան կյանքի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունը:
Հոդված 43. Էլեկտրոնային հսկողության տեսակները եւ տեւողությունը
1. Էլեկտրոնային հսկողությունն իրականացվում է Գլոբալ Տեղորոշման Համակարգով (GPS) աշխատող կամ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ տեխնիկական սարքերի եւ էլեկտրոնային ծրագրերի կիրառմամբ, որոնք հնարավորություն են տալիս պարզել պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը եւ դատական ակտով սահմանված սահմանափակումների պահպանումը:
2. Էլեկտրոնային հսկողության կիրառման համար օգտագործվող սարքավորումները ամրացվում են պրոբացիայի շահառուին կամ տեղադրվում են վերջինիս բնակության կամ գտնվելու վայրում։
3. Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են միայն այն ժամանակահատվածում, որը նախատեսված է դատական ակտով:
4. Պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցներ կիրառելիս հաշվի են առնվում վերջիններիս լավագույն շահը:
Հոդված 44. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումը
1. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումն իրականացվում է դատական ակտով պետական բյուջեի կամ պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին:
2. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում տվյալ անձի գույքային դրությունը:
3. Պրոբացիայի շահառուի մոտ բավարար դրամական միջոցների բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ էլեկտրոնային հսկողություն կիրառումը մերժելու համար:
4. Պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին էլեկտրոնային հսկողություն նշանակելու մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` էլեկտրոնային հսկողության միջոցների երկամսյա կիրառման երաշխիքային գումարի՝ դատարանի դեպոզիտ հաշվին մուտքագրումը հավաստող ապացույցներ ստանալուց հետո:
5. Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման եւ ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 12.
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 45. Պրոբացիայի շահառուի իրավունքները
1. Պրոբացիայի շահառուն իրավունք ունի.
1) իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալ իր իրավունքների եւ պարտականությունների, իրավասու մարմնի կողմից կիրառված պատժի եւ հարկադրանքի այլ միջոցների կատարման կարգի եւ պայմանների, դրանց փոփոխությունների, ինչպես նաեւ առաջարկությունների, դիմումների եւ բողոքների ներկայացման կարգի մասին.
2) ծանոթանալ իր անձնական գործին.
3) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի.
4) բողոքարկել պրոբացիայի ծառայության գործողությունները կամ անգործությունը վերադասության կարգով կամ դատարան.
5) դիմումներով, բողոքներով, միջնորդություններով ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել պրոբացիայի ծառայության մարմին, դրա վերադաս մարմիններ, դատարան, դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.
6) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով մասնակցել վերասոցիալականացման միջոցառումներին։
2. Պրոբացիայի շահառուն ունի օրենքով նախատեսված այլ իրավունքներ:
3. Պրոբացիայի շահառուին պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնելու իր իրավունքները: Թարգմանչի ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 46. Պրոբացիայի շահառուի պարտականությունները
1. Պրոբացիայի շահառուն պարտավոր է.
1) կատարել դատական ակտով կամ օրենքի հիման վրա իրավասու մարմնի որոշմամբ սահմանված պարտականությունները.
2) դրսեւորել օրինապահ վարքագիծ, կատարել եւ պահպանել պատժի եւ հարկադրանքի այլ միջոցների կարգը եւ պայմանները.
3) կատարել պրոբացիայի ծառայողի օրինական պահանջները.
4) դրսեւորել բարեկիրթ վերաբերմունք պրոբացիայի ծառայողի եւ պրոբացիայի ծառայության մյուս շահառուների նկատմամբ.
5) խնամքով վերաբերվել իրեն ամրակցված գույքին, այդ թվում` էլեկտրոնային հսկողության միջոցին.
6) սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում պրոբացիայի ծառայողին տրամադրել հավաստի տեղեկություններ.
7) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով մասնակցել վերասոցիալականացման միջոցառումներին։
2. Պրոբացիայի շահառուն ունի օրենքով նախատեսված այլ պարտականություններ:
Հոդված 47. Պրոբացիայի շահառուի պատասխանատվությունը
1. Պրոբացիայի շահառուի կողմից իրավասու մարմնի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
2. Պրոբացիայի շահառուն իր նկատմամբ կիրառված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կամ հարկադրանքի այլ միջոցը կրելու ընթացքում պետությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառած նյութական վնասի համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
3. Պրոբացիայի շահառուն հատուցում է պրոբացիայի ծառայությանը պատճառած վնասը, ինչպես նաեւ այլ լրացուցիչ ծախսերը, որոնք կապված են իր փախուստի կամ իր առողջությանն իր կողմից դիտավորությամբ հասցված վնասը վերականգնելու հետ։ Պրոբացիայի շահառուի կողմից պատճառված վնասը կամավոր չհատուցելու դեպքում, վնասները բռնագանձվում են դատական կարգով:
Հոդված 48. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ իրավասու մարմնի կողմից կիրառված հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները խախտելը
1. Պրոբացիայի ծառայողի որոշման հիման վրա կարող է թույլատվել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները չպահպանելը կամ կարգն ու պայմանները չպահպանելը կարող է համարվել հարգելի հետեւյալ հիմքերից մեկի առկայության դեպքում.
1) բժշկի կողմից համապատասխան տեղեկանքով հաստատված պրոբացիայի շահառուի առողջական վիճակի այնպիսի վատթարացումը, որը խոչընդոտում է նրա կողմից իր վրա դրված պարտականությունների կատարումը.
2) մերձավոր ազգականների (ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները եւ քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաեւ ամուսինը եւ ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան եւ հարսը) մահը կամ բացառիկ դեպքերում ծանր հիվանդությունը.
3) եթե առկա է անհաղթահարելի ուժ, կամ պրոբացիայի շահառուն գտնվում է տարերային աղետի (հրդեհների, ջրհեղեղների եւ այլն) կամ ռազմական գործողությունների գոտում.
4) այլ քրեական գործով իր մասնակցությունից բխող վարութային գործողություններին ներգրավվածությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի առկայության դեպքում պրոբացիայի շահառուն պարտավոր է դրանց մասին գրավոր, իսկ անհնարինության դեպքում բանավոր տեղեկացնել պրոբացիայի ծառայողին՝ համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով:
3. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուի դիմումը ստանալու դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կարգն ու պայմանները չպահպանելու թույլատվություն տալու կամ մերժելու մասին, իսկ այլընտրանքային խափանման միջոցի դեպքում` գրավոր միջնորդություն է ներկայացնում վարույթն իրականացնող մարմին:
4. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում որոշում ընդունել այլընտրանքային խափանման միջոցի կարգն ու պայմանները չպահպանելու թույլատվություն տալու կամ մերժելու մասին:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտականությունների չկատարումը իրավասու մարմնի որոշմամբ կարող է համարվել հարգելի, եթե անձը օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել այդ մասին պատշաճ ձեւով իրազեկել պրոբացիայի ծառայությանը:
ԳԼՈՒԽ 13.
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆՑՎՈՂ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 49. Անչափահաս շահառուների նկատմամբ իրականացվող պրոբացիայի առանձնահատկությունները
1. Պրոբացիայի անչափահաս շահառուների սոցիալական, իրավական, հոգեբանական եւ մտավոր առանձնահատկություններից ելնելով պրոբացիայի ծառայության կազմում գործում են անչափահասների գործերով հատուկ վերապատրաստում անցած մասնագետներ:
2. Պրոբացիայի անչափահաս շահառուների հետ հանդիպումների համար պրոբացիայի ծառայությունում հնարավորության դեպքում նախատեսվում են պրոբացիայի անչափահաս շահառուների կարիքներին համապատասխան հարմարեցված եւ առանձնացված սենյակներ:
3. Սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման ընթացքում պրոբացիայի ծառայությունը պետք է հաշվի առնի պրոբացիայի անչափահաս շահառուի կարծիքը, ֆիզիկական բարեկեցությունը, նրա զարգացումը, կարողություններն ու անձնական հանգամանքները:
4. Պրոբացիայի անչափահաս շահառուի կարգավիճակի առանձնահատկություններից ելնելով` պրոբացիայի ծառայողը պարտավոր է.
1) պրոբացիայի անչափահաս շահառուին, ինչպես նաեւ նրա օրինական ներկայացուցիչներին բացատրել վերջիններիս իրավունքների սահմանափակումների եւ նրանց վրա դրվող պարտականությունների էությունը.
2) հնարավորինս համագործակցել պրոբացիայի անչափահաս շահառուի եւ նրա ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ:
5. Պրոբացիայի ծառայության աշխատանքը չպետք է սահմանափակի պրոբացիայի անչափահաս շահառուների` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումն այնքանով, որքանով դա համատեղելի է նրանց նկատմամբ կիրառված պատժի եւ հարկադրանքի այլ միջոցների կատարման հետ:
6. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի անչափահաս շահառուի վերաբերյալ տրամադրվող խորհրդատվական զեկույցը կազմելիս պարտավոր է.
1) պրոբացիայի անչափահաս շահառուի հետ հանդիպմանը ապահովել հոգեբանի, պրոբացիայի անչափահաս շահառուի օրինական ներկայացուցչի կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի մասնակցությունը.
2) դիմել համապատասխան խնամակալության եւ հոգաբարձության մարմին` պրոբացիայի անչափահաս շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար.
3) դիմել այն ուսումնական հաստատություններ, որտեղ սովորել է պրոբացիայի անչափահաս շահառուն` նրա առաջադիմության, վարքագծի, հետաքրքրությունների շրջանակի եւ նախասիրությունների վերաբերյալ տվյալներ ստանալու համար:
ԳԼՈՒԽ 14.
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 50. Պրոբացիայի կատարման նկատմամբ վերահսկողությունը
1. Պրոբացիայի կատարման նկատմամբ գերատեսչական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
2. Վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավասու ստորաբաժանման կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հանձնարարականով գործող պաշտոնատար անձանց կողմից պրոբացիայի ծառայության ստորաբաժանումներ եւ պրոբացիայի շահառուների տեղակայման վայրեր այցելելու, վերահսկողության պլանները, անձնական գործերը եւ այլ փաստաթղթերը պահանջելու եւ ուսումնասիրելու, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից համապատասխան տեղեկատվություն պահանջելու միջոցով:
3. Վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնատար անձն իրավունք ունի բացատրություններ պահանջել պրոբացիայի ծառայության աշխատակիցներից եւ պրոբացիայի շահառուներից:
4. Վերահսկողության նպատակով կատարվող գործողությունների մասին համապատասխան պաշտոնատար անձի կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի, ինչպես նաեւ գործողություններին մասնակցող կամ աջակցող այլ անձի կողմից: Վերջիններիս կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրությունը կազմող պաշտոնատար անձը այդ մասին նշում է անում արձանագրության մեջ՝ նշելով հրաժարման պատճառները:
Հոդված 51. Պրոբացիայի կատարման նկատմամբ դատախազական հսկողությունը
1. Հայաստանի Հանրապետության դատախազությունը «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում հսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
ԳԼՈՒԽ 15.
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 52. Պրոբացիայի ծառայությունը
1. Պրոբացիայի ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում՝ որպես առանձնացված ստորաբաժանում:
2. Պրոբացիայի ծառայությունը կազմված է կենտրոնական եւ տարածքային մարմիններից: Պրոբացիայի ծառայողները քաղաքացիական ծառայողներ են:
3. Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմինը բաղկացած է բաժիններից, որոնց կազմում կարող են գործել բաժանմունքներ:
4. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմիններն են պրոբացիայի ծառայության մարզային (Երեւանի քաղաքային) մարմինները, որոնց կազմում կարող են գործել բաժիններ:
5. Պրոբացիայի ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը եւ Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:
6. Պրոբացիայի ծառայությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
7. Պրոբացիայի ծառայության կենտրոնական եւ տարածքային մարմիններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իրենց հայերեն անվանմամբ կլոր կնիք, միասնական նմուշի ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ: Պրոբացիայի ծառայողները կարող են կրել համազգեստ:
8. Պրոբացիայի ծառայության կենտրոնական եւ տարածքային մարմինների կողմից օգտագործվող կնիքի, միասնական նմուշի ձեւաթղթերի, խորհրդանիշի, անհատականացման այլ միջոցների, համազգեստի եւ կրծքանշանի նկարագիրը, ինչպես նաեւ համազգեստի եւ կրծքանշանի կրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Հոդված 53. Պրոբացիայի ծառայության լիազորությունները
1. Պրոբացիայի ծառայությունը.
1) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարումը.
3) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը. 4) տրամադրում է պրոբացիայի շահառուի վերաբերյալ խորհրդատվական զեկույցներ, ներկայացնում հաշվետվություններ եւ միջնորդություններ.
5) վերահսկողություն է իրականացնում պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ.
6) իրականացնում է հաշտարարություն.
7) իրականացնում է վերասոցիալականացման միջոցառումներ.
8) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Պրոբացիայի ծառայությունում կարող են իրականացվել քրեաբանական հետազոտություններ` պրոբացիայի շահառուների նկատմամբ կիրառվող վերասոցիալականացման, հանցագործությունների կանխման եւ վերականգնողական միջոցառումների գիտական ուսումնասիրության նպատակով:
3. Պրոբացիայի ծառայության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հոդված 54. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության լիազորությունները պրոբացիայի ծառայության կազմակերպման գործում
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմակերպում, ղեկավարում եւ վերահսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը`
1) կազմակերպում է եւ ընդհանուր վերահսկողություն իրականացնում պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ.
2) արձակում է պրոբացիայի ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ եւ տալիս է ցուցումներ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է նշանակումներ, կիրառում է կարգապահական եւ խրախուսանքի միջոցներ.
4) քննում է պրոբացիայի ծառայողների նկատմամբ բերված բողոքները, օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով եւ իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.
5) սահմանում է պրոբացիայի ծառայության կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը եւ ժամկետները.
6) հաստատում է պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտքը եւ ելքը արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու դեպքում կազմվող արձանագրությունների ձեւերը.
7) հաստատում է իրավասու մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվությունների եւ արձանագրությունների ձեւերը.
8) սահմանում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը կազմելու եւ տրամադրելու կարգը.
9) հաստատում է կամավորի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը եւ պայմանները.
10) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 55. Պրոբացիայի ծառայության ղեկավարը
1. Պրոբացիայի ծառայությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարը:
2. Պրոբացիայի ծառայության ղեկավարը.
1) ապահովում է պրոբացիայի ծառայության բնականոն գործունեությունը.
2) ապահովում է «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների եւ ցուցումների կատարումը.
3) իր իրավասության շրջանակներում ընդունում է հրամաններ, որոշումներ, տալիս է ցուցումներ.
4) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս պրոբացիայի ծառայության անունից, ներկայացնում նրա շահերը, տալիս է լիազորագրեր պրոբացիայի ծառայության անունից հանդես գալու համար.
5) օրենքով, այլ իրավական ակտերով եւ հիմնադրի սահմանած կարգով տնօրինում է պրոբացիայի ծառայությանն ամրացված գույքը.
6) պրոբացիայի ծառայության անունից ներկայացնում է հաշվետվություններ.
7) ներկայացնում է պրոբացիայի ծառայությունն այլ մարմինների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հարաբերություններում.
8) իր իրավասության շրջանակներում քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.
9) միջնորդություն է ներկայացնում պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
10) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
11) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
3. Պրոբացիայի ծառայության ղեկավարը պատասխանատվություն է կրում պրոբացիայի ծառայության խնդիրների իրականացման համար:
Հոդված 56. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարը
1. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի (այսուհետ` տարածքային մարմին) ղեկավարումն իրականացնում է տարածքային մարմնի ղեկավարը: Տարածքային մարմնի ղեկավարը`
1) ապահովում է տարածքային մարմնի բնականոն գործունեությունը.
2) իր իրավասության շրջանակներում ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների եւ ցուցումների կատարումը.
3) իր իրավասության շրջանակներում ընդունում է որոշումներ, տալիս է ցուցումներ.
4) իր իրավասության շրջանակներում քննում է պրոբացիայի ծառայողների նկատմամբ բերված բողոքները, օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում մարմնի պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող որոշումներն ու ցուցումները.
5) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս տարածքային մարմնի անունից, ներկայացնում նրա շահերը.
6) տարածքային մարմնի առանձին գործառույթներն իրականացնելու համար տալիս է լիազորագրեր.
7) միջնորդություն է ներկայացնում պրոբացիայի ծառայության ղեկավարին` տարածքային մարմնի ծառայողներին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
8) առաջարկություններ է ներկայացնում պրոբացիայի ծառայության ղեկավարին` պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
9) տարածքային մարմնի անունից ներկայացնում է հաշվետվություններ.
10) ներկայացնում է տարածքային մարմինն այլ մարմինների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հարաբերություններում.
11) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։
Հոդված 57. Պրոբացիայի ծառայության կամավորը
1. Կամավորները պրոբացիայի ծառայության առջեւ դրված խնդիրների լուծման նպատակով անվճար հիմունքներով մասնակցում են վերջինիս գործառույթների իրականացմանը` որպես օժանդակողներ:
2. Կամավորները ներգրավվում են պրոբացիայի ծառայության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
3. Պրոբացիայի ծառայության հետ կնքված պայմանագրում նշվում են կամավորի իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը: Պայմանագրի օրինակելի ձեւը եւ պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
4. Իրենց գործունեության ընթացքում կամավորները պարտավոր են պահպանել իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը եւ չփոխանցել այն երրորդ անձանց:
5. Կամավորներին ներկայացվող չափանիշները եւ նրանց ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 58. Կամավորի իրավունքները
1. Կամավորն իրավունք ունի`
1) ծանոթանալ իր իրավունքները եւ պարտականությունները սահմանող իրավական ակտերին.
2) ստանալ իր պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր.
3) անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածության.
4) պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելու:
2. Կամավորը կարող է ունենալ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ իրավունքներ:
Հոդված 59. Կամավորի պարտականությունները
1. Կամավորը պարտավոր է`
1) կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները.
2) կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին.
3) կատարել պրոբացիայի ծառայության մարմինների եւ պաշտոնատար անձանց` իրենց լիազորությունների շրջանակներում ընդունված հրամաններն ու որոշումները, տրված կարգադրություններն ու ցուցումները.
4) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելիս պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.
5) ապահովել պայմանագրով իր ստանձնած պարտականությունների կատարումը:
2. Կամավորը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն իրացնել օրենքին համապատասխան եւ իր գործունեության ընթացքում թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների եւ օրինական շահերի որեւէ խախտում:
3. Կամավորի համար օրենքով եւ պայմանագրով կարող են սահմանվել նաեւ այլ պարտականություններ:
ԳԼՈՒԽ 16.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 60. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 23-րդ հոդվածը, ինչպես նաեւ 3-րդ, 5-րդ եւ 8-րդ գլուխների դրույթներնուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքի 11-րդ գլխի դրույթներն ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ այլընտրանքային խափանման միջոցների եւ անվտանգության միջոցների հետ համակցված կիրառվող էլեկտրոնային հսկողության դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 61. Պրոբացիայի ծառայության ստեղծումը, կանոնադրության, կառուցվածքի, հաստիքների քանակի եւ պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայողների պաշտոնների անվանացանկի հաստատումը
1. Պրոբացիայի ծառայությունը ենթակա է ստեղծման, կանոնադրությունը, կառուցվածքը, հաստիքների քանակը եւ անվանացանկը` հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
2. Պրոբացիայի ծառայությունը ստեղծման պահից դադարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի գործունեությունը:
Հոդված 62. Համապատասխան մարմինների աշխատողներին պրոբացիայի ծառայողներ համարելը
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում աշխատող պետական ծառայողները համարվում քաղաքացիական ծառայողներ:
Հոդված 63. Պրոբացիայի ծառայության աշխատողների փորձաշրջանի առանձնահատկությունները
1. Պրոբացիայի ծառայության պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի ընթացքում պրոբացիայի ծառայողը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կազմում գործող մասնագիտացված ուսումնական հաստատությունում անցնում է ուսումնառության ծրագիր, հանձնում է որակավորման քննություն եւ ստանում է որակավորման վկայական: Որակավորման քննությունը չհանձնած եւ որակավորման վկայական չստացած անձը համարվում է օրենքով սահմանված փորձաշրջանը չանցած:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնում են առանց սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ուսումնառության ծրագիրը անցնելու` մինչեւ 2017 թվականի հունվարի մեկը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ատեստավորում անցնելու պայմանով:
Հոդված 64. Պրոբացիայի ծառայության դասային աստիճան շնորհելը
1. Սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց նախկինում շնորհված կոչումները պահպանվում են եւ պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու հետ միաժամանակ շնորհվում է իրենց ունեցած կոչմանը համապատասխան դասային աստիճան:
2. Պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելիս, եթե անձն ունի ավելի բարձր դասային աստիճան (կոչում), վերջինիս շնորհվում է այդ դասային աստիճանին (կոչումին) համապատասխան քաղաքացիական ծառայության դասային աստիճան:
Հոդված 65. Ծառայության ստաժը հաշվարկելը
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի ծառայողներին պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումներում նշանակելիս նրանց ունեցած ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայության ստաժի մեջ:
Հոդված 66. Անձնական գործերը փոխանցելը
1. Պրոբացիայի ծառայող նշանակվելու պահից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի նախկին ծառայողները շարունակում են վարել պրոբացիայի շահառուների անձնական գործերը, եթե պրոբացիայի ծառայությունում իրենց զբաղեցրած պաշտոնում այդպիսի լիազորություն իրենց վերապահված է: Հակառակ դեպքում պրոբացիայի ծառայությունում նշանակվելու պահից նրանք պրոբացիայի շահառուի անձնական գործերը հանձնում են ըստ ենթակայության:
Հոդված 67. Պրոբացիայի ծառայողների վարձատրությունը
1. Սույն օրենքի ընդունումը չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի դրամական բավարարման կամ աշխատավարձի չափի նվազեցման:
Հոդված 68. Պրոբացիայի ծառայողների կենսաթոշակները
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողների` պրոբացիայի ծառայությությունում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնելու դեպքում նրանց կենսաթոշակի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով: