Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 206.10-րդ հոդվածով.
«Հոդված 206.10. Պրոբացիայի ծառայության հարցմանը չպատասխանելը կամ պահանջվող նյութերը չտրամադրելը
1. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ մարմինների եւ կազմակերպությունների կողմից պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ տեղեկատվություն պարզելու նպատակով պրոբացիայի ծառայության հարցումներին սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկ չափով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 206.11-րդ հոդվածով.
«Հոդված 206.11. Պրոբացիայի ծառայության ծանուցագրով սահմանված ժամկետում պրոբացիայի ծառայության մարմին չներկայանալը
1. Պրոբացիայի ծառայության ծանուցագրով սահմանված ժամկետում անհարգելի պատճառով պրոբացիայի ծառայության մարմին չներկայանալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»։
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 206.12-րդ հոդվածով.
«Հոդված 206.12. Պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտք գործելն արգելելը կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելը`
1. Պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտք գործելն արգելելը կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
Հոդված 4 . Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «206.8» թվից հետո լրացնել «206.10, 206.11, 206.12» թվերը:
Հոդված 5. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) սույն օրենսգրքի 206.10, 206.11 եւ 206.12 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ պրոբացիայի պետական ծառայությունը:»:
Հոդված 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: