Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-984-06.04.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել նոր 38)-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«38) Սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն (գործառնություններն) ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեւավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Սույն կետում նշված մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը եւ կազմը, ինչպես նաեւ հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 39.2 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 39.2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 38)-րդ կետում նշված արտոնության կիրառման առումով նշումներ պետք է կատարվեն սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհները տրամադրողների եւ նշված սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհները ստացողների միջեւ կնքվող պայմանագրերում:

Արտոնյալ որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները (գործառնություններն) ծրագրային նպատակներին եւ դրույթներին համապատասխան չիրականացնելու դեպքում նշված ծրագրերի` որպես արտոնյալ որակավորումը կարող է փոփոխել կամ կասեցնել մասնագիտական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որը բերում է նշված արտոնությունների գործունեության դադարմանը կամ կասեցմանը:

Նախապես արտոնյալ որակված սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի որակումը մասնագիտական հանձնաժողովի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի նախկինում չվճարված գումարը, ինչպես նաեւ այն ուշ վճարելու համար սահմանված տույժի գումարը վճարելու պարտավորությունը կրում են նշված սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհները ստացողները, ընդ որում` ավելացված արժեքի հարկի պարտավորությունների մասով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 301-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետի հաշվարկման սկիզբ է համարվում ծրագրով սահմանված` դրա գործողության ժամկետի վերջը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների նպատակային ուղղվածության կարեւորությամբ, ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

2012թ. դեկտեմբերի 5-ին ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» NՀՕ-230 ՀՀ օրենքով 1997 թվականի մայիuի 14-ի «Ավելացված արժեքի հարկի մաuին» NՀO-118 ՀՀ oրենքի 7-րդ հոդվածի 9-րդ կետում կատարված փոփոխության համաձայն` 2013 թվականի հունվարի 1-ից պետական բյուջեից տրամադրվող դրամաշնորհները դիտարկվում են որպես ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ, եթե դրանց դիմաց գումարներ ստացողների մոտ առաջանում է ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն:

Մի շարք գերատեսչությունների կողմից իրականացնում են ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից` տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհներ հոդվածով, ինչպես նաեւ համաֆինանսավորման սկզբունքով իրականացվում են համատեղ ծրագրեր միջազգային դոնոր եւ մասնավոր կազմակերպությունների հետ: Նշված ծրագրերը, որպես կանոն, իրականացվում են տնտեսության որեւէ ճյուղի կամ գործունեության որեւէ տեսակի խթանման նպատակով` Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաեւ միությունների միջոցով, որոնք իրենց կանոնադրական խնդիրների իրականացման շրջանակներում ստանում են դրամաշնորհներ նաեւ միջազգային եւ մասնավոր կազմակերպություններից:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետական բյուջեից կամ միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհները ստացող կազմակերպություններին տրվում են համապատասխան պայմանագրերի հիման վրա, որոնցով ստացողները ստանձնում են զանազան պարտավորություններ (ըստ էության, ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն է առաջանում)` դրամաշնորհներով իրականացվող ծրագրերը հարկվում են ԱԱՀ-ով եւ արդյունքում վտանգվում է դրանց լիարժեք իրականացումը:

Միաժամանակ, վտանգվում է ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման համար չափազանց կարեւոր նշանակության ծրագրերի իրականացումը, այլեւ բարդանում է տարբեր ոլորտներում նոր վերազգային կազմակերպությունների ներգրավումը Հայաստան եւ վերջիններիս հետ համատեղ տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը:

Վերոնշյալ խնդիրը բազմիցս բարձրացվել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կողմից տարբեր քննարկումների շրջանակում, այդ թվում` Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի /ՏՏԶԱԽ/ նիստերի ընթացքում:

2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով պետական բյուջեից եւ միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհների նպատակային ուղղվածությունը եւ կարեւորելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կողմից ՏՏԶԱԽ նիստերի ընթացքում բարձրացված նշված խնդրի արդյունավետ լուծման ու ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը` գտնում ենք, որ ինչպես պետության, այնպես էլ միջազգային, դոնոր եւ մասնավոր կազմակերպությունների դրամաշնորհներով իրականացվող/իրականացվելիք ծրագրերի` ԱԱՀ-ով հարկման պարագայում կվտանգվի դրանց հետագա իրականացումը, ուստի անհրաժեշտ ենք համարում ընդունել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի (այդ թվում` վերազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող) շարունակականության ապահովում եւ նոր նախաձեռնությունների իրականացում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

6. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կվերանա օրենքի հիշյալ հոդվածի տարընթերցումը եւ չի վտանգվի ՀՀ տնտեսության զարգացման համար կարեւոր նշանակության ծրագրերի իրականացումը:

Եզրակացություն

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվում է սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն ու գործառնություններն ազատել ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեւավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է` սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն ու գործառնություններն ազատել ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեւավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ից ազատված գործարք են համարվում սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհային ծրագրերը, որոնք արժանացել են ՀՀ կառավարության կողմից ձեւավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը՝ որպես արտոնյալ ծրագիր:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, իսկ պետական եւ համայնքների բյուջեներից կատարվող ծախսերի վրա` դրական:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: