Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ` Օրենք) 52-րդ հոդվածում լրացնել 1.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1.Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը եւ դրան նախորդող օրն արգելվում է կաբելային (մալուխային) հեռուստաընկերությունների կողմից վերահեռարձակել Հայաստանի Հանրապետությունում գործող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների վերգետնյա եթերային այն ծրագրերը, որոնք պարունակում են քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ ցանկացած այլ ձեւով:»:
Հոդված 2. Օրենքի 60-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին եւ 8.2-րդ մասերով.
«8.1. Հեռուստառադիոընկերությունների կողմից թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նկատմամբ խտրականության դրսեւորումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
8.2 Հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների եւ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչությանը մասնակցող կողմերի) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչական միջոցառումներին վերաբերյալ անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը: