Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9608-10.03.2016,19.04.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով. «1.2.Տեղական ինքնակառավարման խնդիրների առանձնահատկություններով պայմանավորված՝ կարող է ստեղծվել տարածքային կուսակցություններ: Տարածքային կուսակցությունները ստեղծվում են մարզերում եւ Երեւան քաղաքում: Տարածքային կուսակցությունները մասնակցում են համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի ընտրություններին միայն այն մարզերում, որոնցում գտնվում են:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.3-րդ մասով.«1.3.Պետական գրանցման պահին տարածքային կուսակցությունը պարտավոր է ունենալ ոչ պակաս, քան 150 անդամ:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.4-ին մասով. «1.4. պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, տարածքային կուսակցությունը համապատասխան մարզում պետք է ունենա ոչ պակաս, քան 500 անդամ, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին:».

4) 2-րդ մասում 1-ին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Տարածքային ստորաբաժանումներ չեն ստեղծվում տարածքային կուսակցությունների համար:»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին կետով. «7.1 Ազգային ժողովի ընտրության ժամանակ կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության կողմից.»:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 21. Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների բացառիկ իրավունքները

1. Կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները իրավունք ունեն առաջադրելու Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ:

2. Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների պատգամավորության թեկնածուների առաջադրումը կատարվում է կուսակցության, կուսակցության դաշինքների մշտական գործող ղեկավար մարմինների նիստում ընդունված որոշմամբ: Կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով այդ նիստին մասնակցում են կուսակցության տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունը չի կարող ինքնուրույն մասնակցել ընտրություններին: Կուսակցությունը կարող է ընդգրկվել միայն մեկ դաշինքի կազմում:

3. Կուսակցությունները կարող են առաջադրել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներ: Կուսակցությունը կարող է համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածու առաջադրել նաեւ իր կուսակցության անդամ չհանդիսացող անձի:

4. Տարածքային կուսակցությունները կարող են առաջադրել միայն համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներ:»:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.«3) Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, ընտրություններին մասնակցող կուսակցությունները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքները` դրանցում ընդգրկված կուսակցությունների) գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը: