Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքը (այսուհետ՝Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 97.1-ին հոդվածով.
«Հոդված 97.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների ընտրության կարգը
1. Ազգային ժողովին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների պաշտոնում ընտրելու համար թեկնածու է առաջարկվում պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի գրավոր դիմումով ներկայացված թեկնածուների թվից:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների պաշտոնում թեկնածուի առաջադրման առաջարկով պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահը գրավոր դիմում է հանձնաժողովի անդամներին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների պաշտոնում թեկնածուի վերաբերյալ առաջարկությունները քննարկվում են Ազգային ժողովի պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել բոլոր պատգամավորները:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ եւ անդամ կարող է առաջադրվել քսանհինգ տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, որն ունի՝
1) բարձրագույն իրավաբանական կրթություն եւ վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ,
2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան եւ վերջին 5 տարում առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ,
3) բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5 տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ, կամ
4) բարձրագույն կրթություն եւ վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների թեկնածուների վերաբերյալ դիմումներին կցվում են թեկնածուի՝
1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2) բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
3) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի թեկնածու է).
4) կենսագրությունը,
5) տեղեկանք՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին,
6) աշխատանքային կամ մասնագիտական ստաժի վերաբերյալ տեղականքը,
7) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը:
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների յուրաքանչյուր պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովի պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի կողմից առաջարկվում է մեկ թեկնածու:
7. Ազգային ժողովում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների պաշտոնում թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի որոշումը ներկայացնում է հանձնաժողովի նախագահը:
8. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամի պաշտոնում առաջարկված համապատասխան թեկնածուն չի ընտրվում Ազգային ժողովի կողմից, ապա այդ պաշտոնի համար անցկացվում են նոր ընտրություններ, եւ կարող են առաջադրվել նոր թեկնածություններ:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 97.2-րդ հոդվածով.
«Հոդված 97.2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների լիազորությունների դադարեցման կարգը
1. 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 195-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Սահմանադրության 195-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
2. Սահմանադրության 195-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի պայմաններից որեւէ մեկը խախտելու վերաբերյալ եզրակացությունը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենով սահմանված կարգով Ազգային ժողովին է ներկայացնում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:
3. Եզրակացությունը ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովի նախագահն ապահովում է դրա տրամադրումը պատգամավորներին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցն առանց քվեարկության ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում է արտահերթ:
4. Եզրակացությունում նշված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում եզրակացության քննարկման մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ չորսօրյա նիստում՝ անկախ նրա ներկայությունից:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝ որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, իսկ որպես հարակից զեկուցող կարող է հանդես գալ եզրակացությունում նշված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը:
6. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցը, որի վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
7. Եթե քվեարկության արդյունքում սույն հոդվածի 6-րդ կետում նշված Ազգային ժողովի որոշումը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա համարվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ անդամը չի խախտել Սահմանադրության 195-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի պայմաններից որեւը մեկը :
8. Եթե քվեարկության արդյունքում սույն հոդվածի 6-րդ կետում նշված Ազգային ժողովի որոշումը ստանում է ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա խմբակցությունները կարող են քվեարկությունից հետո՝ 10-օրյա ժամկետում պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողով ներկայացնել թափուր պաշտոնում ընտրելու համար թեկնածուներ:»
Հոդված 3. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների թեկնածուների առաջադրելու վերաբերյալ դիմումները սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահին են ներկայացվում 2016թ սեպեմբերի 5-ից 15-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը եւ անդամներն ընտրվում են այն հաշվով որպեսզի լիազորությունները ստանձնեն ոչ ուշ, քան 2016 թվականի նոյեմբերի 1-ը: