Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-387-06.10.2004-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «(8 դեկտեմբերի 1999թվականի, ՀՕ-25) 2-րդ հոդվածի «սննդամթերքի անվտանգություն» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացությունները՝

պիտանիության ժամկետ՝ ժամանակահատված, որի ավարտից հետո սննդամթերքը ըստ նշանակության օգտագործման համար պիտանի չէ.

տեխնոլոգիական գործընթացներ՝ սննդամթերք արտադրելու համար անհրաժեշտ գործողություններ, որոնց միջոցով հումքատեսակները ենթարկվում են որոշակի տեխնոլոգիական մշակման.

տեխնոլոգիական սարքավորումներ՝ տեխնոլոգիական գործընթացներ իրագործելու համար համապատասխան սարքավորումներ, որոնք պետք է ապահովեն տվյալ տեխնոլոգիական գործընթացի համար նախատեսված սանիտարահիգիենիկ պահանջների իրականացումը.

տեխնոլոգիական հրահանգ՝ տեխնիկական փաստաթուղթ, որով ամրագրվում է տվյալ արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) եւ տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը.

գենետիկորեն ձեւափոխված մթերք՝ ցանկալի որակական հատկանիշների ստացման կամ ձեռքբերման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերք.

գենետիկորեն ձեւափոխված աղբյուրներից պատրաստված մթերք՝ սննդամթերքի բաղադրության մեջ գենետիկորեն ձեւափոխված մթերքի կամ դրա առանձին մասերի օգտագործումից ստացված մթերք.

գենետիկորեն ձեւափոխված աղբյուրների բաղադրամասերից պատրաստված մթերք՝ գենետիկորեն ձեւափոխված աղբյուրների բաղադրամասերով գենետիկորեն ձեւափոխված կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերք:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածից հետո լրացնել նոր 31 -րդհոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝

Հոդված 31 . «Սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները»

Սննդամթերքի արտադրության հետ կապված տեխնոլոգիական գործընթացները եւ դրանց իրականացման համար ընտրված անհրաժեշտ սարքավորումները պետք է նկարագրվեն տվյալ սննդատեսակի համար նախատեսված տեխնոլոգիական հրահանգներում, որոնք կազմվում եւ հաստատվում են արտադրողի կողմից:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «կառավարության սահմանած կարգի համաձայն» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) առաջին նախադասության «ձեռնարկատերը» բառից հետո լրացնել «(բացառությամբ արտահանվողի)» բառերը

2) երկրորդ նախադասության «Մակնիշը» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի» բառերը, իսկ «Մակնիշը» բառից հետո լրացնել «հայերեն լեզվով» բառերը:

3) «բ)» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) սննդամթերքի հիմնական բաղադրիչների եւ հավելումների ցանկը»,

4) «գ)» կետի «արտադրության տարեթիվը» բառերից հետո լրացնել «ամիսը, օրը, պահպանման պայմանները, առանձնահատուկ հանձնարարականներ եւ ցուցումներ դրա պահպանման մասին (եթե այդպիսիք կան)» բառերով,

5) «դ)» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«դ) սննդամթերքի օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող պատշաճորեն օգտագործվել (հատկապես տեխնիկական պայմաններով սահմանված բուժիչ, դիետիկ, մանկական սնունդ), առանձնահատուկ հանձնարարականներ դրա օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն՝ դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան)»,

6) «ե)» կետում «տվյալներ արտադրողի մասին» բառերից հետո լրացնել «(գտնվելու վայրը եւ ֆիրմային անվանումը)» բառերով,

7) «թ)» կետը ուժը կորցրած ճանաչել,

8) «ժ)» կետից հետո լրացնել «ի)» կետով հետեւյալ բովանդակությամբ՝

«ի) «գենետիկորեն ձեւափոխված մթերք» կամ «գենետիկորեն ձեւափոխված աղբյուրներից պատրաստված մթերք» կամ «գենետիկորեն ձեւափոխված աղբյուրների բաղադրամասերից պատրաստված մթերք» տեղեկատվությունները, եթե այդպիսիք կան»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածից հետո լրացնել նոր 101 -րդհոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝

Հոդված 101 . «Սննդամթերքի համապատասխանության հավաստումը»

Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը ենթակա է համապատասխանության հավաստման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետում «սարքավորումների» բառից հետո դնել ստորակետ, իսկ «տեխնոլոգիական» բառից հետո լրացնել «գործընթացների» բառը:

Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ եւ 8-րդ կետերի:

Հայաստանի Հանրապետությունում արտադրված սննդամթերքի համար սույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 8-րդ կետերը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի համար սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ եւ 8-րդ կետերը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: