Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-998-06.05.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու  հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Սույն օրենքի իմաստով  Գյումրի քաղաքում իրականացվող գործունեություն է համարվում  Գյումրի քաղաքի վարչական սահմաններում՝

1.առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունը.

2.տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպումը՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը՝  Գյումրի քաղաքի վարչական սահմաններում, թե դրանցից դուրս:

3. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը:

Հոդված 3. Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է, որ՝

1) Գյումրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությունը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից եկամուտներն 50%-ով ազատվում են շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող եւ շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից.

2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի՝

ա. իրացումից եկամուտներն 50%-ով   ազատվում են շրջանառության հարկից,

բ. օտարման գործարքներն 50%-ով  ազատվում են ավելացված արժեքի հարկից,

գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն 50%-ով  ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից

3) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը 50%-ով   ազատվում է արտոնագրային վճարից, իսկ այդ գործունեությունն իրականացնող անհատ ձեռնարկատերերն 50%ով ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից:

4) կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են    Գյումրի քաղաքում իրականացվող գործունեության մասով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող՝ աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից եւ դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի:

Հոդված 4. Կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը  Գյումրի քաղաքում իրականացվող գործունեության մասով՝

1) վարում են եկամուտների եւ ծախսերի առանձնացված հաշվառում (կազմակերպությունների համար՝ առանձնացված հաշվապահական հաշվառում), որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամուտը, ինչպես նաեւ այդ գործունեությունների հետ կապված ծախսերը հարկման նպատակով նվազեցվում են համապատասխանաբար նույն ժամանակաշրջանում  Գյումրի քաղաքում իրականացվող գործունեության մասով ստացվող համախառն եկամտի եւ դրա հետ կապված ծախսերի գումարի չափով: Եթե Գյումրիում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի որոշ տեսակների մասով հնարավոր չէ վարել առանձնացված հաշվառում, ապա այդ ծախսերը հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ծախսերից հարկման նպատակով նվազեցվում են հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված  համախառն եկամտի մեջ համայնքներում իրականացվող գործունեության մասով հաշվարկված համախառն եկամտի տեսակարար կշռին համապատասխան: Առանձնացված հաշվառում վարելու արդյունքներն արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում եւ հայտարարագրերում.

2) իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների (մատուցվող ծառայությունների) գծով գնորդների համար (ծառայություններից օգտվողների համար) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ հաշվառում եւ (կամ) գրանցումներ) եւ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետնրում հարկային մարմին են ներկայացնում հաշվարկներ, հայտարարագրեր, հարկային օրենդրությամբ նախատեսված փաստաթղթեր եւ տեղեկություններ:

Հոդված 5. Գյումրի քաղաքում 40 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 100մլն. ՀՀ. դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 18 ամիս ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտահարկից:

Հոդված 6. Գյումրի քաղաքում 80 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 200մլն. ՀՀ դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները երկու տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտահարկից:

Հոդված 7. Գյումրի քաղաքում 100 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 400մլն. ՀՀ դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները երեք տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտահարկից:

Հոդված 8. Գյումրի քաղաքում 150 եւ ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 1մլրդ. ՀՀ դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները չորս տարի ժամկետով ազատվում են շահութահարկից եւ եկամտահարկից:

Հոդված 9.   Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը հինգ տարի ժամկետով սահմանել ազատ տնտեսական գոտի:

Հոդված 10.    Գյումրի քաղաքում գրանցված եւ գործունեություն ծավալող իրավաբանական անձիք եւ կազմակերպությունները  Գյումրիում  իրականացվող շինարարական մրցույթներում հաղթող են ճանաչվում նաեւ այն դեպքում, երբ  մրցույթի մյուս մասնակիցների կողմից  առաջարկվող գնից մինչեւ 5 տոկոս բարձր գին  են  առաջարկում:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017թվականի հունվարի1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու հանգամանքով: Օրենքի ընդունման դեպքում աղետի գոտի համարվող  Գյումրի քաղաքում, առեւտրատնտեսական գործունեություն իրականացնող  կազմակերպությունների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար կսահմանվեն որոշակի հարկային արտոնություններ, որի արդյունքում աղետի գոտում, մասնավորապես Գյումրի քաղաքում էականորեն կակտիվանան նպատակային ներդրումները, տնտեսվարողների համար կստեղծվեն հարկային բարենպաստ եւ առանձնահատուկ արտոնյալ պայմաններ, ավելին  Գյումրի քաղաքում գրանցված եւ գործունեություն ծավալող իրավաբանական անձիք եւ կազմակերպությունները Գյումրիում իրականացվող տարբեր շինարարական մրցույթներին մասնակցելուց կարող են հաղթող ճանաչվել, նույնիսկ այն դեպքում, երբ մրցույթի մյուս մասնակիցների առաջարկած գնից  մինչեւ 5 տոկոս բարձր գին են առաջարկել: Նախագծի ընդունմամբ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը կսահմանվի ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն կտա ավելացնելու չվերթների քանակը,  կստեղծվեն նոր աշխատատեղեր, եւ նշված ոլորտում, եւ ամբողջ մարզում: