Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1010-18.05.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածը լրացնել «38»-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝ «Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված դեղերի հիմնական ցանկում ընդգրկված առավել տարածված հիվանդություների համար նախատեսված դեղերի ներմուծումը եւ իրացումը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակաման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1997 թվականի մայիսի 14-ին։ Այդ ընթացքում օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Օրենքի ընդունման սկզբնական շրջանում առաջին անհրաժեշտության դեղերը ազատվել են ավելացված արժեքի հարկից բնակչության սոցիալական բեռը թեթեւացնելու նպատակով: Հետագայում երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման պայմաններում եւ սոցիալական խոցելի խմբերին հասցեական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ Կառավարությունը 2006 թվականին ընդունել է N 1717 որոշումը՝ հաստատելով անվճար կամ արտոնյալ պայմանններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը: Սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը կրկին պարտադրում է առաջին անհրաժեշտության դեղերի ձեռք բերման հարցում բնակչությանը օժանդակություն ցուցաբերելու նպատակով կառավարության համապատասխան որոշմամբ սահմանել վերը նշված դեղերի ցուցակը, որոնց ներմուծումն ու իրացումը կիրականացվի ԱԱՀ-ից ազատման ռեժիմով: