Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1011-18.05.2016-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998թ. նոյեմբերի 30-ի ՀՕ-258 օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ պարբերությամբ.

«Մարտական գործողությունների մասնակից զինծառայողները ենթակա են պարտադիր պետական սոցիալական ապահովագրության, ծառայության ավարտից առնվազն երեք տարի ժամկետով»
Սոցիալական պահովագրության եւ ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017թ. հունվարի մեկից եւ տարածվում է 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ զինծառայության մեջ գտնվող` մարտական գործողությունների մասնակից զինծառայողների վրա:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998թ. նոյեմբերի 30-ի ՀՕ-258 օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998թ. նոյեմբերի 30-ի ՀՕ-258 օրենքի Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ զինծառայության ընթացում մարտական գործողությունների մասնակցելիս, զինծառայողները բազմաթիվ առողջական, հոգեկան, ֆիզիական խնդիրներ են ձեռքբերում, որոնց հետեւանքները դեռ երկար ուղեկցում են նրանց` բնականոն կյանքին վերադառնալիս զորացրվելուց հետո: Այդ հանգամանքներում վերականգնողական նկատառումներից ելնելով անհրաժեշտ է միջոցներ տրամադրել զինծառայողներին՝ իրենց առողջությունը վերականգնելու, հանգիստը կազմակերպելու (առողջարան-վերականգնողական կենտորններ այցելեու), ինչպես նաեւ, որպես օժանդակություն, սոցիալական փաթեթի ծառայությունների այլ բաղադրիչներից օգտվելը կնպաստի արագ ինտեգրմանն ու կենցաղային կարեւորագույն հարցերի լուծմանը: