ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետության կամ համայնքների հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, պետական կամ համայնքների ոչ առեւտրային եւ պետության կամ համայնքների 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները եւ պարտականությունները:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝
պատվիրատու ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, պետական կամ համայնքների ոչ առեւտրային եւ պետության կամ համայնքների 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններ.
գնում ՝` պատվիրատուի հատուցմամբ բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերում: Սույն օրենքի իմաստով ծառայության ձեռքբերում է նաեւ վարձակալությունը եւ լիզինգը:
գնման պայմանագիր՝ գնում կատարելու նպատակով կնքվող պայմանագիր.
մասնակից ՝ պատվիրատուի հետ գնման պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.
ընտրված մասնակից ՝ մասնակից (մասնակիցներ), որին պատվիրատուն առաջարկում է կնքել գնման պայմանագիր.
հրավեր ՝ գնման պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.
հայտ ՝ հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.
հայտի ապահովում ` սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից, որպես հայտով ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիք, ներկայացվող ապահովում.
գնման պայմանագրի ապահովում ` սույն օրենքով նախատեսված դեպքերում ընտրված մասնակցի կողմից, որպես գնման պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարման երաշխիք, ներկայացվող ապահովում.
լիազոր մարմին ` պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող Հայաստանի Հանարապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին.
պետական գնումների գործակալություն` սույն օրենքով նախատեսված գործառույթների կատարման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված իրավաբանական անձ.
տեղեկագիր` Լիազոր մարմնի կողմից հրապարակվող «Գնումների պաշտոնական տեղեկագիր».
գնման առարկա` պատվիրատուի կողմից գնվող ցանկացած տեսակի ապրանք, աշխատանք կամ ծառայություն.
գնման առարկայի բնութագիր` ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության տեխնիկական հատկանիշներ, դրանց ձեռքբերման եւ վճարման պայմաններ.
խորհրդատվական ծառայություններ` մտավոր, այդ թվում ոչ նյութական բնույթի այն ծառայությունները, որոնց մատուցման արդյունքում չի ստեղծվում չափման ենթակա ֆիզիկական արդյունք.
խորհրդատու ՝ պատվիրատուի հետ խորհրդատվական ծառայությունների մատուցման գնման պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.
ընտրված խորհրդատու ՝ խորհրդատու (խորհրդատուներ), որին պատվիրատուն առաջարկում է կնքել խորհրդատվական ծառայությունների մատուցման գնման պայմանագիր.
գնումների բազային միավոր ՝ Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով արտահայտված՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկին համարժեք գումար:
Հոդված 3. Օրենքի նպատակը եւ գործողության ոլորտը
1. Սույն օրենքի նպատակն է ապահովել`
ա) գնման գործընթացի մրցակցային, արդյունավետ, թափանցիկ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով կազմակերպումը,
բ) գնման գործընթացի միասնական կանոնների սահմանումը եւ դրանց կիրառման նկատմամբ վերահսկողության առկայությունը.
գ) գնման գործընթացի կարգավորումը եւ համակարգումը.
դ) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու հավասար իրավունքի գերակայությունը.
ե) գնման պայմանագրի կնքման նպատակով հնարավորին շատ թվով մասնակիցների ներգրավումը եւ նրանց միջեւ մրցակցության խթանումը:
2. Սույն օրենքի գործողությունը ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում պատվիրատուի հատուցմամբ կատարվող գնումները, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 4. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այլ իրավական ակտերը եւ միջազգային ու նվիրաբերության պայմանագրերի նորմերը
1. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից։
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային կամ նվիրաբերության պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա համապատասխանաբար գործում են միջազգային կամ նվիրաբերության պայմանագրի նորմերը:
3. Սույն օրենքի նպատակի եւ պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ լիազոր մարմինը ընդունում են գնումների մասին այլ իրավական ակտեր:
4. Գնումների մասին այլ իրավական ակտերը հրապարակվում են նաեւ տեղեկագրում:
Հոդված 5. Մասնակցի որակավորման չափանիշները
1. Գնման գործընթացին մասնակցելու համար, գնման գործընթացի ցանկացած փուլում, մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին, որոնք հնարավորինս սահմանվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման չափանիշներից:
2. Սահմանվում են մասնակցի որակավորման հետեւյալ չափանիշները` մասնակիցը.
ա) պետք է ունենա գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ,
բ) չպետք է դատական կարգով լինի անվճարունակ ճանաչված, չպետք է գտնվի լուծարման գործընթացում, չպետք է արգելանքի տակ ունենա պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք,
գ) չպետք է մրցույթի հայտը ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունենա ժամկետանց պարտքեր՝ Հայաստանի Հանրապետության հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով.
դ) կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում չպետք է`
1) դատապարտված լինի տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար,
2) գնման պայմանագիր կնքելու նպատակով ներկայացրած լինի կեղծ տվյալներ,
3) իր գործողությամբ կամ անգործությամբ խախտած լինի գնման պայմանագրով նախատեսված պարտավորություն, որը հանգեցրած լինի պատվիրատուի կողմից գնման պայմանագրի միակողմանի լուծմանը:
3. Մասնակցի որակավորման հատկանիշները գնահատելու համար, հրավերով սահմանվում են այն փաստաթղթերի ցանկը, որոնք կամ որոնց պատճենները մասնակիցը պետք է ներկայացնի որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանությունը հիմնավորելու համար:
4. Չեն կարող սահմանվել մասնակցի այնպիսի որակավորման չափանիշներ, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 2-րդ մասով:
5. Մանակիցը չի որակավորվում, եթե նրա որակավորման հատկանիշների մասին տվյալները չեն համապատասխանում հրավերով սահմանված չափանիշներին:
6. Սույն հոդվածի 2-րդ մասի դ) կետի պայմաններին բավարարող մասնակիցների ցանկը Լիազոր մարմինը հրապարակում է տեղեկագրում, հիմք ընդունելով պատվիրատուներից եւ այլ մարմիններից ստացված տեղեկությունները:
Հոդված 6. Նախաորակավորման ընթացակարգեր
1. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի ա) կետով նախատեսված դեպքում կարող է անցկացվել մասնակիցների նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ժամանակ կիրառվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված պայմանները:
2. Նախաորակավորում անցկացնելու դեպքում տեղեկագրում հրապարակվում է նախաորակավորման մասին հայտարարություն: Նախաորակավորման մասին հայտարարությամբ սահմանված կարգով մասնակիցն իրավունք ունի պատվիրատուից պահանջել եւ 2 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ նախաորակավորման հրավեր: Եթե նախաորակավորման մասին հայտարարությամբ նախատեսված է նախաորակավորման հրավերի տրամադրման վճար, ապա փաստաթղթային ձեւով կազմված նախաորակավորման հրավերը տրամադրվում է պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենի ներկայացման դեպքում: Վճարի չափը չի կարող գերազանցել նախաորակավորման հրավերի պատճենահանման եւ առաքման ծախսերը:
3. Եթե գնման առարկան պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք, ապա նախաորակավորման հրավերն ուղարկվում է բոլոր հնարավոր անձանց:
4. Նախաորակավորման ընթացակարգի մասին հայտարարությունը պարունակում է հետեւյալ տեղեկությունները՝
ա) պատվիրատուի անվանումը եւ գտնվելու վայրը.
բ) նախաորակավորման ընթացակարգի ծածկագիրը.
գ) նախաորակավորման հրավեր ստանալու պայմանները, այդ թվում՝ դրա համար գանձվող վճարի չափը.
դ) մասնակիցների նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.
ե) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն նախաորակավորման հայտերը.
զ) նախաորակավորման հայտերը ներկայացնելու տեղը եւ վերջնաժամկետը.
է) այլ անհրաժեշտ տեղեկություններ:
5. Նախաորակավորման հրավերը պարունակում է հետեւյալ տեղեկությունները`
ա) նախաորակավորման հայտի պատրաստման եւ ներկայացման կարգը, այդ թվում` ձեւն ու վայրը, ներկայացման վերջնաժամկետը, որը չի կարող պակաս լինել նախաորակավորման մասին հայտարարության հրապարակման, իսկ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնման դեպքում` նախաորակավորման հրավերն ուղարկելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրից.
բ) մասնակցի որակավորման չափանիշները եւ գնման պայմանագրի պայմանների համառոտ նկարագրությունը.
գ) մասնակցի որակավորման հատկանիշների գնահատման կարգը.
դ) այլ անհրաժեշտ պահանջներ, որոնք վերաբերում են նախաորակավորման ընթացակարգին:
6. Պատվիրատուն պետք է 3 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանի մասնակցի` նախաորակավորման վերաբերյալ պարզաբանումներ տալու հարցմանը, եթե այն ստացվել է, ոչ ուշ, քան նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետից 5 աշխատանքային օր առաջ: Հարցման եւ տրված պարզաբանման մասին տեղեկատվությունը պատվիրատուն միաժամանակ ներկայացնում է այն մասնակիցներին, որոնք մինչեւ պարզաբանումը տրամադրելու օրը ներկայացրել են նախաորակավորման հրավեր ստանալու պահանջը կամ որոնց տրամադրվել է նախավորակավորման հրավեր, ընդ որում, չեն նշվում պարզաբանում պահանջած մասնակցի տվյալները:
7. Նախաորակավորման ընթացքում մասնակցի որակավորումը գնահատվում է նախաորակավորման հրավերով սահմանված կարգով:
8. Նախաորակավորման ընթացակարգի արդյունքներն ամփոփվում են ոչ ուշ, քան նախաորակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետից 20 աշխատանքային օրվա ընթացքում :
9. Նախաորակավորման ընթացակարգի արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը նախաորակավորման ընթացակարգի արդյունքները ամփոփելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է նախաորակավորման մասնակիցներին: Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորումն անցած առաջին վեց մասնակիցները:
10. Նախաորակավորում անցած մասնակցից կարող է պահանջվել վերահաստատել իր որակավորման հատկանիշները: Վերահաստատումը պահանջվում է համաձայն նույն չափանիշների, որոնք կիրառվել են նախաորակավորման ընթացակարգում: Մասնակիցը, որը չի վերահաստատում որակավորման իր հատկանիշները, որակազրկվում է:
11. Նախաորակավորման ընթացակարգի կիրարկման կարգի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. Գնումներին մասնակցելու հավասարությունը
1. Գնումների գործընթացին որեւէ օտարերկրյա ֆիզիկական անձի, կազմակերպության, քաղաքացիություն չունեցող անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե դա բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության եւ պաշտպանության շահերից:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասը չի կիրառվում, ապա հրավերում ներառվում է հայտարարություն, որ հայտեր կարող են ներկայացնել բոլոր անձինք, անկախ նրանց՝ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ընդ որում, հայտարարությունը ենթակա չէ փոփոխման: Եթե կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասը, ապա հրավերում այդ մասին ներառվում է հայտարարություն:
3. Եթե գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է հատուկ թույլտվություն (լիցենզիա) կամ որոշակի չափանիշների բավարարելու պահանջ, սակայն այն օտարերկրյա պետության օրենսդրությամբ, որի ռեզիդենտն է հանդիսանում մասնակիցը, նման պահանջներ նախատեսված չեն, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, այդ մասնակիցը իրավունք ունի մասնակցել գնման գործընթացին, առանց հատուկ թույլտվություն (լիցենզիա) ներկայացնելու կամ որոշակի չափանիշների բավարարելու պահանջի պահպանման:
Սույն մասի պահանջները չեն կիրառվում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ տեսակի գործունեություն Հայաստանի Հանրապետությունում կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք:
4. Արգելվում է միեւնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան 50 տոկոս միեւնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միեւնույն գործընթացին, բացառությամբ պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների:
Հոդված 8. Փաստաթղթերը, դրանց վավերապայմանները եւ էլեկտրոնային գնումները
1. Համապատասխան փաստաթղթեր կազմելով, պետք է ապահովվի գնմանը վերաբերող տեղեկությունների գրառումը:
2. Հրավերով` մասնակցին տեղեկություն ներկայացնելու պայման սահմանվելու դեպքում, միաժամանակ ներկայացվում է այդ տեղեկությունը ներկայացնելու փաստաթղթային օրինակելի ձեւը եւ տեղեկատվության վավերապայմանները: Պահանջվող վավերապայմանների պահպանմամբ, սակայն այլ փաստաթղթային ձեւով տեղեկության ներկայացումը հիմք չէ տեղեկությունը չընդունելու համար:
3. Սույն օրենքով սահմանված գործառույթների շրջանակներում հաղորդակցությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով, սույն հոդվածով նախատեսված դրույթների համաձայն:
4. Մրցույթի հայտարարությունները կամ հրավերները կարող են տրամադրվել էլեկտրոնային եղանակով, պայմանով, որ պահանջի դեպքում դրանք տրամադրվեն նաեւ թղթային ձեւով:
5. Հրավերով նախատեսված դեպքում եւ կարգով հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով:
6. Սույն հոդվածի` էլեկտրոնային ձեւով հաղորդակցությանը կամ դրա միջոցներին վերաբերող դրույթները կիրառվում են այնքանով, որքանով այն կիրառողը լիազորված է օգտվելու հաղորդակցության էլեկտրոնային միջոցներից:
7. Էլեկտրոնային ձեւով գնումների կատարման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 9. Գնման ընթացակարգի արձանագրությունը
1. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն վարում է գնման ընթացակարգի արձանագրություն: Գնման ընթացակարգի արձանագրությունը գնման ձեւին համապատասխան պարունակում է՝
ա) պատվիրատուի անվանումը, գտնվելու վայրը.
բ) գնման անհրաժեշտության եւ գնման առարկայի բնութագրերի համառոտ նկարագիրը, գնման ձեւի ընտրության հիմնավորումը.
գ) մասնակիցներին ներկայացված հրավերի եւ դրանում կատարված փոփոխությունների պատճենները.
դ) գնման վերաբերյալ ստացված հարցումների եւ ներկայացված պարզաբանումների պատճենները.
ե) հայտեր ներկայացրած մասնակիցների տվյալները` անվանում, գտնվելու կամ բնակության վայրը, հնարավորության դեպքում հեռախոսահամար.
զ) ներկայացված հայտերի գները.
է) հայտերի գնահատման կարգը եւ դրանց գնահատման արդյունքները.
ը) հայտի մերժման դեպքում` դրա հիմնավորումը.
թ) գնման պայմանագրի պատճենը, իսկ գնման գործընթացի արդյունքում գնման պայմանագիր չկնքվելու դեպքում` դրա հիմնավորումը.
ժ) գնման գործընթացի շրջանակներում հակաօրինական գործողություններ հայտնաբերվելու դեպքում դրանց եւ այդ կապակցությամբ ձեռնարկված գործողությունների համառոտ նկարագիրը.
ժա) գնման ընթացակարգի վերաբերյալ ներկայացված բողոքների եւ դրանց վերաբերյալ կայացված որոշումների պատճենները.
ժբ) այլ անհրաժեշտ տեղեկություններ:
2. Գնման պայմանագիր կնքելուց կամ գնման գործընթացը չկայացած հայտարարվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն լիազոր մարմնին է ներկայացնում գնման ընթացակարգի արձանագրության պատճենը: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված` բնական մենաշնորհ հանդիսացող ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման դեպքերում գնման ընթացակարգի արձանագրության պատճենը չի չներկայացվում լիազոր մարմնին:
3. Եթե գնման պայմանագրի գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն ապահովում է գնման ժամանակ կատարված գործողությունների եւ դրանց հիմքերի մասին համապատասխան փաստաթղթերի առկայությունը եւ դրանց պահպանումը:
4. Պատվիրատուն պարտավոր է գնման ընթացակարգի արձանագրության մեջ տեղ գտած տեղեկատվությունը, բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության, տրամադրել ցանկացած անձի՝ վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 10. Գնման պայմանագրի կնքումը եւ պայմանները
1. Գնման պայմանագիրը կնքվում է ընտրված մասնակցի հետ` սույն օրենքով սահմանված կարգով:
2. Գնման պայմանագրի պայմանները կարգավորում են գնման հետ կապված կողմերի բոլոր հարաբերությունները:
Հոդված 11. Կնքված գնման պայմանագրի մասին հայտարարության հրապարակումը
Եթե գնման պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն գնման պայմանագիր կնքելուց հետո տեղեկագրում այդ մասին հրապարակում է հայտարարություն, բացառությամբ` պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների:
Հոդված 12. Մասնակիցների հակաօրինական գործողությունները
Եթե հայտնաբերվում է մասնակցի կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցչի գնման գործընթացի շրջանակներում տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հակաօրինական գործողության կատարում, ապա այդ մասնակցի հայտը անհապաղ մերժվում է, եւ պատվիրատուն այդ մասին ծանուցում է Լիազոր եւ իրավապահ մարմիններին` վերջիններիս եւ այդ մասնակցին ներկայացնելով նման որոշման հիմքը:
Հոդված 13. Գնման առարկայի բնութագրերը
1. Գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ եւ հստակ նկարագրեն ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության տեխնիկական հատկանիշները, դրանց ձեռքբերման եւ վճարման պայմանները` բացառելով այլընտրանքային մեկնաբանությունը:
2. Ելնելով գնման առարկայի առանձնահատկությունից, դրանց տեխնիկական հատկանիշները հնարավորինս ներառում են ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության որակին, ստանդարտին, անվտանգությանը, պայմանական նշաններին, տերմինաբանությանը, փաթեթավորմանը, բեռնաթափմանը, չափին, նախագծերին, ինչպես նաեւ գնման առարկայի տեխնիկական այլ հատկանիշներին վերաբերող պայմանների հստակ նկարագրությունը` հիմնված Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ժամանակավոր տեխնիկական պայմանների կամ միջազգային ստանդարտների վրա:
Տեխնիկական հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որեւէ առեւտրային նշանին, ֆիրմային անվանմանը, արտոնագրին, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց: Հղումներ օգտագործելու դեպքում տեխնիկական հատկանիշների բնութագիրը պետք է պարունակի «կամ համարժեք» բառերը:
3. Գնման առարկայի բնութագրերը ներառվում են գնման պայմանագրում:
4. Գնման բնութագրերի հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 14. Գնման ընթացակարգի պաշտոնական լեզուն
Գնմանը վերաբերող փաստաթղթերը կազմվում եւ սույն օրենքով նախատեսված դեպքերում տեղեկագրում հրապարակվում են հայերեն, իսկ բաց մրցույթի հետ կապված հայտարարությունները` նաեւ անգլերեն եւ ռուսերեն:
Հոդված 15. Գնման պլանավորումը եւ ֆինանսավորումը
1. Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների անվանացանկը, բյուջետային ծախսերի գերատեսչական եւ գործառնական դասակարգմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեի կատարման համամասնությունների առանձին հավելվածով` ըստ գնման առարկայի, քանակի եւ ընդհանուր գնի:
2. Շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են սահմանված կարգով հաստատված եւ փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա:
Առանց նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության շինարարական աշխատանքների կատարման համար գումարներ նախատեսվել չեն կարող:
3. Եթե գնման գինը գերազանցում է տվյալ ժամանակահատվածում այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա գնման պայմանագիր կնքվելու դեպքում, տվյալ ժամանակահատվածին հաջորդող ժամանակահատվածում նախատեսվում են ֆինանսական միջոցներ գնման պայմանագրով սահմանված գնումն իրականացնելու կամ տվյալ գնումը ժամանակավորապես դադարեցնելու համար, եթե ժամանակավոր դադարեցման համար ֆինանսական միջոցներ պահանջվում են:
4. Մինչեւ ֆինանսական միջոցներ նախատեսվելը, սույն օրենքով սահմանված կարգով, կարող է կնքվել գնման պայմանագիր` պայմանով, որ այն գործում է պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցների նախատեսման դեպքում:
5. Պատվիրատուն գնման պայմանագրով ֆինանսական պարտավորություններ ստանձնում է այդ գնումն իրականացնելու համար պահանջվող ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու դեպքում եւ այդ հատկացումների շրջանակներում:
6. Գնումների ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 2
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 16. Գնումների գործընթացի կարգավորումը եւ համակարգումը
1. Գնումների գործընթացի կարգավորումը եւ համակարգումն իրականացնում է Լիազոր մարմինը: Լիազոր մարմինը չի կարող լինել գնման պայմանագրի կողմ, ինքնուրույն կատարել գնումներ, բացառությամբ իր գործառույթների կատարման համար իրականացվող գնումների:
2. Գնումների գործընթացի կարգավորման եւ համակարգման աշխատանքների կազմակերպման նպատակով Լիազոր մարմինն է`
ա) համակարգում գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները եւ հաստատում կամ ներկայացնում դրանք հաստատման.
բ) կազմակերպում գնումների գործընթացի մեթոդական ղեկավարումը.
գ) ապահովում պատվիրատուների գնումների գործի համակարգման պատասխանատուների մասնագիտական ուսուցման, որակավորման գնահատման եւ վերապատրաստման համակարգի առկայությունը.
դ) հաստատում գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձեւերը.
ե) մեթոդական օժանդակություն ցուցաբերում պատվիրատուներին գնումների գործի կազմակերպման հարցում.
զ) հաստատում տեղեկագրում տեղեկությունների հրապարակման կարգը, այդ թվում ժամկետները եւ կազմակերպում տեղեկագրի հրատարակումը.
է) համակարգում գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների եւ Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.
ը) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դիտարկում Լիազոր մարմնին ներկայացված գնման ընթացակարգի արձանագրությունները.
թ) քննարկում գնման գործընթացի վերաբերյալ ստացված բողոքները եւ դրանց հիման վրա կազմակերպում ստուգումներ եւ ընդունում պատվիրատուների համար կատարման ենթակա որոշումներ.
ժ) վերահսկում պատվիրատուների կողմից գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը եւ տեղեկագրում հրապարակում վերահսկման մասին եզրակացությունները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի թ) եւ ժ) կետերով նախատեսված լիազորությունների կատարման նպատակով լիազոր մարմնի կազմում ստեղծվում է բողոքների քննարկման եւ գնումների գործընթացի վերահսկման մշտական հիմունքներով գործող խումբ, որի կազմում կարող են հասարակական հիմունքներով ներգրավվել հասարակական կազմակերպությունների եւ պատվիրատու չհանդիսացող շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ:
4. Լիազոր մարմնի եւ պատվիրատուների միջեւ գնումներին վերաբերող հարաբերությունների համակարգման, ինչպես նաեւ պատվիրատուի գնումների գործի կազմակերպման ապահովման նպատակով պատվիրատուի աշխատակազմում սահմանվում է գնումների գործի համակարգման պատասխանատու կամ պատասխանատուներ կամ պատասխանատու ստորաբաժանում, որը`
ա) սահմանվում է պատվիրատուի ղեկավարի հրամանով.
բ) պատասխանատու է պատվիրատուի գնումների գործի կազմակերպման համար.
գ) եզրակացություն է տալիս գնումների կատարման շրջանակներում պատվիրատուի կողմից հաստատվող, այդ թվում` Լիազոր մարմնին ներկայացվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ.
դ) իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:
5. Լիազոր մարմինն առնվազն երեք տարին մեկ անգամ ապահովում է գնումների գործի համակարգման պատասխանատուների մասնակցության հնարավորությունը գնումներին վերաբերող վերապատրաստման կամ ուսուցման ծրագրերին եւ ապահովում այդ անձանց որակավորման գնահատումը:
ԳԼՈՒԽ 3
ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 17. Գնում կատարելու ձեւերը
1. Բաց մրցույթը գնման նախընտրելի ձեւն է: Պատվիրատուն իրավունք ունի միայն սույն օրենքի 19, 20, 21, 22 կամ 23 հոդվածներով նախատեսված դեպքերում կիրառել գնման այլ ձեւեր:
2. Լիազոր մարմնի սահմանած ցանկում ներառված խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է սույն օրենքի 5-րդ գլխով նախատեսված կարգով:
3. Գնում կատարելու ձեւերն են`
ա) մրցույթ.
բ) սահմանափակ մրցույթ.
գ) գնանշման հարցում.
դ) մրցակցային բանակցություններ.
ե) մեկ անձից գնում:
4. Մրցույթի տեսակներն են` բաց եւ փակ:
5. Մրցույթը լինում է նպատակային կամ պարբերական: Մրցույթը պարբերական է, եթե գնման առարկան ունի պարբերական օգտագործման բնույթ եւ այն ներառված է Լիազոր մարմնի հաստատած ցանկում, հակառակ դեպքում` մրցույթը նպատակային է:
6. Մրցույթը, սույն օրենքով նախատեսված դեպքերում, կարող է կատարվել երկու փուլով:
Հոդված 18. Երկու փուլով մրցույթի կատարման պայմանները
Մրցույթը կարող է կատարվել երկու փուլով, եթե պատվիրատուն՝
1) հնարավորություն չունի սույն օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխան սահմանել գնման առարկայի բնութագրերը, եւ`
ա) հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայացնել առաջարկներ գնման հնարավոր բնութագրերի վերաբերյալ, կամ
բ) գնման բնութագրերի որոշ առանձնահատկությունների հստակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել բանակցելու մասնակիցների հետ:
2) մտադիր է կնքել գնման պայմանագիր՝ գիտական, այդ թվում սոցիոլոգիական կամ փորձագիտական հետազոտություններ ձեռք բերելու նպատակով:
Հոդված 19. Փակ մրցույթի անցկացման պայմանները
Եթե մրցույթով կատարվող գնումը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք, ապա այն կատարվում է փակ մրցույթով:
Հոդված 20. Սահմանափակ մրցույթի անցկացման պայմանները
Եթե գնման առարկան ներառված չէ պարբերական մրցույթով կնքված գնման պայմանագրերում եւ գնման առարկայի տեխնիկական հատկանիշների առանձնահատկություններով պայմանավորված, այդ գնումը կարող է կատարվել ոչ ավել, քան թվով երեք անձից, ապա կարող է կիրառվել սահմանափակ մրցույթի ձեւը:
Հոդված 21. Գնանշման հարցում անցկացնելու պայմանները
Եթե գնման առարկան ներառված չէ պարբերական մրցույթով կնքված գնման պայմանագրերում եւ դրա գինը ապրանքների եւ ծառայությունների գնման դեպքում չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը, իսկ աշխատանքների դեպքում` տասնապատիկը, ապա գնումը կարող է կատարվել գնանշման հարցման ձեւով:
Հոդված 22. Մրցակցային բանակցությունների անցկացման պայմանները
Գնումը կարող է կատարվել մրցակցային բանակցությունների ձեւով, եթե գնման առարկան ներառված չէ պարբերական մրցույթով կնքված պայմանագրերում եւ`
1. արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ մրցույթի ձեւի կիրառումը՝ ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել, եւ որը պատվիրատուի գործողությունների հետեւանք չէ.
2. գնման առարկայի գինը չի գերազանցում գնումների բազային միավորը:
Հոդված 23. Մեկ անձից գնում կատարելու պայմանները
1. Գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե`
ա) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային եւ հարակից իրավունքներով, մրցակցության բացակայությամբ, լիցենզիայի առկայությամբ.
բ) արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ գնման այլ ձեւի կիրառումը՝ ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել, եւ որը պատվիրատուի գործողությունների հետեւանք չէ, ինչպես նաեւ եթե գնման առարկան ներառված չէ պարբերական մրցույթով կնքված պայմանագրերում.
գ) պատվիրատուն, որեւէ անձից կատարելով գնում, որոշում է լրացուցիչ գնում կատարել նույն անձից, պայմանով, որ դրա գինը չգերազանցի սկզբնական գնման պայմանագրի գնի 20 տոկոսը: Միեւնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանները կիրառվում են այդ պայմանների հիմնավորման նպատակով Լիազոր մարմնի սահմանած փաստաթղթերի եւ (կամ) հիմքերի առկայության դեպքում:
Հոդված 24. Գնումների բաժանման կամ խմբավորման եւ գնման բնութագրերի փոփոխման անթույլատրելիությունը
1. Գնման առանձին ընթացակարգ անցկացնելուց խուսափելու նպատակով արգելվում է`
ա) գնումը բաժանել առանձին չափաբաժինների.
բ) փոփոխել գործող գնման պայմանագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների բնութագրերը:
2. Արգելվում է խմբավորել առանձին բնութագրեր ունեցող գնումները որպես մեկ չափաբաժին, եթե դրանք կարող են ներկայացվել առանձին չափաբաժիններով:
ԳԼՈՒԽ 4
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ
Հոդված 25. Մրցույթի հայտարարության հրապարակումը
1. Բաց մրցույթի ձեւով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու նպատակով տեղեկագրում հրապարակվում է հայտարարություն:
Եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածի 2-րդ մասով, ապա հայտարարությունը հրապարակվում է հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալու օրվանից առնվազն 30 օր առաջ:
2. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, ապա հայտարարությունը հրապարակվում է հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալու օրվանից առնվազն 40 օր առաջ:
3. Բաց մրցույթի հայտարարությունը պարունակում է հետեւյալ տեղեկությունները՝
ա) պատվիրատուի անվանումը եւ գտնվելու վայրը.
բ) մրցույթի ծածկագիրը.
գ) գնման պայմանագրի եւ գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ շարադրանքը.
դ) մասնակիցների՝ մրցույթին մասնակցելու հավասար իրավունքի մասին հայտարարությունը.
ե) հրավեր ստանալու պայմանները, այդ թվում՝ դրա համար գանձվող վճարի չափը, վճարման կարգը.
զ) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն հայտերը.
է) մասնակիցների որակավորման չափանիշների համառոտ շարադրանքը.
ը) հայտերը ներկայացնելու տեղը եւ ժամկետը.
թ) անհրաժեշտության դեպքում` այլ տեղեկություններ:
Հոդված 26. Հրավերի տրամադրումը
1. Հայտարարության հիման վրա պահանջ ներկայացրած անձը իրավունք ունի 2 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ հրավեր:
2. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, ապա մասնակիցն իրավունք ունի պահանջել հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով հրավեր:
3. Բաց մրցույթի դեպքում, փաստաթղթային ձեւով հրավեր տրամադրելու համար պահանջվում է վճար, որը չի կարող ավել լինել մրցույթի հրավերի պատճենահանման եւ առաքման համար կատարվող ծախսերի չափից: Հրավերը տրամադրվում է պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենի ներկայացման դեպքում:
Ռուսերեն եւ անգլերեն լեզուներով հրավերի տրամադրման համար գանձվող վճարի չափի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն հոդվածով նախատեսված կարգով հրավեր չստանալը, չի սահմանափակում մասնակցի` բաց մրցույթին մասնակցելու իրավունքը:
Հոդված 27. Հրավերի բովանդակությունը
Մրցույթի հրավերը պետք է պարունակի՝
ա) հղում՝ հրապարակված մրցույթի հայտարարությանը՝ ի լրումն որի տրամադրվում է հրավերը.
բ) մրցույթի հայտերի պատրաստման հրահանգները.
գ) մասնակիցների որակավորման չափանիշները եւ դրանց գնահատման կարգը.
դ) մասնակիցների կողմից իրենց որակավորման հատկանիշները հաստատելու նպատակով ներկայացվող փաստաթղթերին կամ այդ նպատակով պահանջվող այլ տեղեկատվությանն առաջադրվող պահանջները.
ե) գնման առարկայի բնութագրերը.
զ) հայտերի գնահատման եւ մրցույթի հաղթողի ընտրության կարգը.
է) գնման պայմանագրի նախագիծը.
ը) եթե մասնակիցներին թույլատրվում է հայտեր ներկայացնել գնվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների միայն մի մասի համար, ապա դրա պայմանները եւ կարգը.
թ) մրցույթի հայտի գնի հաշվարկման կարգը.
ժ) նշում այն մասին, որ առաջարկվող գինը ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների արժեքից բացի ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը եւ չի կարող պակաս լինել դրանց ինքնարժեքից, որի հաշվարկը պետք է ներկայացվի մրցույթի հայտով.
ժա) մրցույթի հայտի եւ գնման պայմանագրի կատարման ապահովմանը ու մրցույթի հայտ ներկայացրած անձի կողմից պարտավորությունների կատարման ցանկացած ապահովման բնույթին, ձեւին, քանակին եւ այլ պայմաններին վերաբերող պահանջները.
ժբ) մրցույթի հայտերի ներկայացման պայմանները, ներառյալ՝ տեղը, ժամկետը, մրցույթի հայտի լեզուն.
ժգ) մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կարգը, տեղեկություններ մասնակիցների հետ կազմակերպվելիք հանդիպումների մասին, մասնակիցների հետ անմիջական կապ ապահովելու եւ գնումների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձի անունը, պաշտոնը, հասցեն, ծառայողական հեռախոսի համարը.
ժդ) մրցույթի հայտերի բացման օրը եւ ժամը.
ժե) գնումներին վերաբերող սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի դրույթներին կատարված հղումները.
ժզ) ընտրված մասնակցին գնման պայմանագիր կնքելու առաջարկը ներկայացնելու պայմանները.
ժէ) գնման գործընթացի հետ կապված գործողությունները եւ (կամ) ընդունված որոշումները, բողոքարկելու՝ մասնակցի իրավունքի պայմանները.
ժը) մրցույթի հայտերը մերժելու պայմանները.
ժթ) մրցույթի հայտերի նախապատրաստման, ներկայացման, դրանց բացման եւ գնահատման, ինչպես նաեւ գնումների վերաբերյալ այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
Հոդված 28. Հրավերի պարզաբանումը եւ դրանում փոփոխություն կատարելը
1. Մասնակիցն իրավունք ունի ոչ ուշ, քան մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց 5 աշխատանքային օր առաջ պահանջել մրցույթի հրավերի պարզաբանում, որը տրամադրվում է հարցումը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հարցման եւ պարզաբանումների բովանդակության մասին գրավոր ծանուցվում են հայտեր ներկայացրած մասնակիցները, որում չի նշվում պարզաբանում պահանջած մասնակցի տվյալները: Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն մասով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաեւ, եթե հարցումը դուրս է մրցույթի հրավերի բովանդակության շրջանակից:
2. Ոչ ուշ քան, մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետից 5 աշխատանքային օր առաջ կարող են մրցույթի հրավերում փոփոխություններ կատարվելու ձեւով փոփոխվել գնման բնութագրերը: Բաց մրցույթի դեպքում փոփոխություն կատարելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու եւ դրանք տրամադրելու պայմանների մասին հայտարարություն է հրապարակվում առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում, իսկ փակ մրցույթի դեպքում փոփոխությունները տրամադրվում են մրցույթի հրավեր ստացած անձանց: Բաց մրցույթի հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին մամուլում հայտարարության հրապարակման օրվանից, իսկ փակ մրցույթի դեպքում` հրավերում կատարված փոփոխությունները մասնակիցներին տրամադրվելու օրվանից: Այդ դեպքում մասնակիցները պարտավոր են երկարաձգել իրենց ներկայացրած մրցույթի հայտի ապահովման գործողության ժամկետը, կամ ներկայացնել մրցույթի հայտի նոր ապահովում։
3. Սույն հոդվածի համաձայն կատարվող գործողությունների եւ դրանց արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը:
2. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԸ
Հոդված 29. Մրցույթի հայտերի ներկայացումը
1. Մասնակիցը մրցույթի հայտ ներկայացնում է մրցույթի հրավերով սահմանված կարգով:
2. Մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձվում եւ կնիքի առկայության դեպքում` կնքվում է այն ներկայացնողի կողմից: Ծրարում ներառված փաստաթղթերը կազմվում են բնօրինակից եւ հրավերում նշված թվով պատճեններից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» եւ «պատճեն» բառերը: Ծրարը եւ հրավերով նախատեսված` մասնակցի կողմից կազմված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս կողմից լիազորված անձը (այսուհետ՝ գործակալ): Եթե մրցույթի հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծրարի վրա, մրցույթի հայտը կազմելու լեզվով կատարվում են հետեւյալ գրառումները՝
ա) պատվիրատուի անվանումը եւ մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն).
բ) մրցույթի ծածկագիրը.
գ) «չբացել մինչեւ հայտերի բացման նիստը» բառերը.
դ) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը եւ հեռախոսահամարը:
4. Հայտերըքարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում՝ ըստ ստացման հերթականության՝ ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը եւ ժամը: Մասնակցի պահանջով այդ մասին տրվում է տեղեկանք: Գրանցամատյանի ձեւը եւ վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
5. Սույն հոդվածի պահանջներին անհամապատասխան ներկայացված հայտերը մերժվում են եւ առանց բացվելու վերադարձվում ներկայացնողին:
Հոդված 30. Մրցույթի հայտի գործողության ժամկետը, հայտը հետ վերցնելը եւ դրանում փոփոխություն կատարելը
1. Մրցույթի հայտը վավեր է մինչեւ սույն օրենքին համապատասխան գնման պայմանագրի կնքումը, մասնակցի կողմից հայտի հետ վերցնելը, մրցույթի հայտի մերժումը կամ մրցույթը չկայացած հայտարարվելը:
2. Մասնակիցը, մինչեւ մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը:
3. Մրցույթի հայտի փոփոխման մասին ծանուցումը ուղարկվում է սույն օրենքի 29 հոդվածի 2-րդ մասին համապատասխան կազմված ծրարով՝ դրա վրա ավելացնելով «փոփոխում» բառը: Հայտը հետ վերցնելու դեպքում մասնակիցը, մինչեւ մրցույթի հայտերի բացումը, ներկայացնում է այդ մասին գրավոր ծանուցում:
Հոդված 31. Մրցույթի հայտի ապահովումը
1. Մրցույթի հայտով մասնակիցը, մրցույթի հրավերով սահմանված կարգով, ներկայացնում է մրցույթի հայտի ապահովում: Մրցույթի հայտի ապահովման չափը կազմում է մրցույթի հայտով առաջարկվող գնի երկու տոկոսը: Մրցույթի հրավերում նշվում են մրցույթի հայտի ապահովմանը վերաբերող պայմանները։
2. Մասնակիցն իրավունք ունի, մինչեւ մրցույթի հայտը ներկայացնելը, պահանջել հաստատելու մրցույթի հայտի ապահովման ընդունելի լինելու հանգամանքը, որին պետք է պատասխանվի նման հարցում ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Դրամի ձեւով ներկայացված մրցույթի հայտի ապահովումը, որպես ցպահանջ ավանդ, պահում է այդ նպատակով լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում: Ավանդը հետ վերադարձվելու դեպքում դրանից ստացված տոկոսները վերադարձվում են ապահովում ներկայացրած անձին:
4. Մրցույթի հայտի ապահովումը չի վերադարձվում, եթե այն ներկայացնողը հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ սույն օրենքի 39 հոդվածի 3-րդ մասի համաձայն զրկվում է գնման պայմանագիր ստորագրելու իրավունքից:
5. Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքերի, մրցույթի հայտի ապահովումը գնման պայմանագիրը կնքվելուց, իսկ մրցույթը չկայացած հայտարարվելուց կամ մրցույթի հայտը մերժվելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է այն ներկայացնողին:
6. Պարբերական մրցույթի հայտի ապահովման չափի որոշման կարգը սահմանում է Լիազոր մարմինը:
Հոդված 32. Մրցույթի հանձնաժողովը
1. Մինչեւ մրցույթի հայտարարության հրապարակումը պատվիրատուն ստեղծում է առնվազն երեք անդամից կազմված մրցույթի կամ առաջարկների գնահատող հանձնաժողով, որը՝
ա) հաստատում է մրցույթի հայտարարության եւ մրցույթի հրավերի տեքստերը.
բ) փոփոխություններ է կատարում մրցույթի հրավերում.
գ) պարզաբանումներ է ներկայացնում մրցույթի վերաբերյալ.
դ) բացում եւ գնահատում է մրցույթի հայտերը.
ե) որոշում է մրցույթի հաղթողին (հաղթողներին):
2. Հանձնաժողովը ունի քարտուղար, որը նշանակվում է հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով եւ `
ա) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.
բ) մրցույթի հայտերի գրանցամատյանի վարման պատասխանատուն է.
գ) հանձնաժողովին է ներկայացնում նրա կողմից հաստատման ենթակա փաստաթղթերի նախագծերը.
դ) կազմում եւ պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը.
ե) սույն օրենքով սահմանված կարգով տրամադրում է հրավեր.
զ) համապատասխան փաստաթղթեր կազմելով՝ գրառում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները եւ ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը.
է) հանձնաժողովի անդամ չէ.
ը) կազմակերպում է մրցույթի վերաբերյալ պարզաբանումների ներկայացնումը.
թ) իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:
3. Մրցույթի հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԵՄԱՏՈՒՄԸ
Հոդված 33. Մրցույթի հայտերի բացումը
1. Մրցույթի հայտերը բացվում են մրցույթի հրավերում նշված ժամկետը լրանալու օրը, մրցույթի հանձնաժողովի նիստում: Հայտերի բացման օրը եւ ժամը համընկնում է դրանք ներկայացնելու վերջնաժամկետին:
Փակ մրցույթի հայտերը, մրցույթի հրավեր ստացած բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության դեպքում, կարող են բացվել մրցույթի հանձնաժողովի նիստում մինչեւ մրցույթի հրավերում նշված ժամկետը լրանալու օրը:
2. Մրցույթի հայտերի բացման նիստում հրապարակվում են՝
ա) հայտ ներկայացրած յուրաքանչյուր մասնակցի անվանումը (անունը).
բ) տվյալներ` հայտեր պարունակող ծրարների կազմման եւ ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
գ) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում մրցույթի հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ.
դ) տվյալներ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.
ե) յուրաքանչյուր մասնակցի գնային առաջարկը: Եթե մասնակցի գնային առաջարկում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով եւ թվերով գրված գումարների միջեւ, ապա հիմք է ընդունվում տառերով գրվածը:
զ) տվյալներ` հայտերի հետ կանչման կամ փոփոխությունների մասին:
3. Մրցույթի հայտերը բացվելուց հետո կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունը ստորագրում են մրցույթի հանձնաժողովի նիստին ներկա անդամները: Արձանագրությունը պարունակում է.՝
ա) տեղեկություն հայտերի բացման վայրի, օրվա եւ ժամի մասին.
բ) հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները (անունները) եւ գտնվելու հասցեները.
գ) տվյալներ` ծրարների կազմման եւ ներկայացման` մրցույթի հրավերի պահանջներին համապատասխանության մասին.
դ) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության մասին.
ե) տվյալներ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված պայմաններին համապատասխան կազմած լինելու մասին.
զ) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը.
է) մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում՝ դրա հիմնավորումը.
ը) տեղեկատվություն՝ մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների եւ պատասխանների մասին.
թ) հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը եւ ժամը.
ժ) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները եւ ազգանունները.
ժա) այլ անհրաժեշտ տեղեկություններ:
4. Եթե մրցույթի հանձնաժողովի անդամը եւ (կամ) մասնակիցը մրցույթի հայտերի բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել մրցույթի հայտերի բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր, որը կցվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված արձանագրությանը:
5. Մրցույթի մասնակիցները եւ նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հանձնաժողովի նիստերին: Մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կարող են պահանջել մրցույթի հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, որոնք տրամադրվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
6. Մրցույթի հայտերի բացման նիստի օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի հայտերի բացման նիստի արձանագրության պատճենները տրամադրվում են այն մասնակիցներին, որոնք կամ որոնց ներկայացուցիչները չեն մասնակցել այդ նիստին:
Հոդված 34. Մրցույթի հայտերի գնահատումը եւ համեմատումը
1. Մրցույթի հայտերի գնահատման նպատակով մրցույթի հանձնաժողովը կարող է մասնակիցներից պահանջել բացատրություններ: Բացատրությունները չեն կարող հանգեցնել մրցույթի հայտի, այդ թվում` գնման բնութագրերի փոփոխությանը:
2. Մրցույթի հանձնաժողովի անդամները գնահատում են մրցույթի հայտերը հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում մրցույթի հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար եւ մերժվում են:
3. Եթե բավարար գնահատված մրցույթի հայտում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով եւ թվերով գրված գումարների միջեւ, ապա հիմք է ընդունվում տառերով գրված գումարը:
4. Մասնակցի հայտը մերժվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ, եթե մասնակիցը՝
ա) չի համապատասխանում մրցույթի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին.
բ) չի համաձայնում սույն հոդվածի 3-րդ մասի պահանջի կիրարկմանը:
5. Մրցույթի հաղթողին որոշելու նպատակով, մրցույթի հրավերով սահմանված կարգով համեմատվում են բավարար գնահատված հայտերը: Բավարար գնահատված հայտերից մրցույթում հաղթող է ճանաչվում առավել շահավետ գնահատված առաջարկը: Առաջարկը առավել շահավետ գնահատելիս առաջարկվող գնից բացի հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոչ գնային այլ չափանիշներ:
6. Եթե ապրանքների կամ աշխատանքների ձեռքբերման դեպքում ընտրված մասնակցի առաջարկած գինը գերազանցում է այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը եւ ընտրված մասնակցի գնի առաջարկը ներկայացված է ապրանքի կամ աշխատանքի մեկ միավորի հաշվարկով, ապա մրցույթի հանձնաժողովի առաջարկությամբ պատվիրատուն կարող է պակասեցնել ձեռք բերվող ապրանքի կամ աշխատանքի քանակը, սակայն, ոչ ավել, քան ընդհանուր քանակի 15 տոկոսի չափով: Սույն մասը կիրառվում է, եթե դա նախատեսված է մրցույթի հրավերով: Սույն մասը չի կիրառվում շինարարական աշխատանքների գնման դեպքում:
7. Եթե առաջարկվող գները ներկայացված են երկու կամ ավելի արժույթներով, ապա դրանք համեմատվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ մրցույթի հրավերով սահմանված փոխարժեքով:
8. Անկախ նախաորակավորման ընթացակարգ կիրառելուց, հրավերով նախատեսված կարգով ընտրված մասնակցից կարող է պահանջվել վերահաստատել որակավորման իր հատկանիշները:
Ընտրված մասնակցի որակավորման հատկանիշները համարվում են վերահաստատված, եթե վերջինս, հրավերով սահմանված կարգով, դրա մասին ներկայացնում է հայտարարություն: Եթե ընտրված մասնակիցը չի վերահաստատում իր որակավորման հատկանիշները, ապա նրա մրցույթի հայտը մերժվում է եւ մրցույթի հայտի ապահովումը չի վերադարձվում: Նման դեպքում կազմվում է արձանագրություն՝ նշելով մրցույթի հայտի մերժման հիմքը: Արձանագրությունը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը:
9. Հայտերի գնահատման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 35. Մասնակիցների հետ բանակցություններ վարելու անթույլատրելիությունը
Մասնակցի ներկայացրած հայտի վերաբերյալ մրցույթի հանձնաժողովի, պատվիրատուի եւ մասնակիցների միջեւ բանակցություններն արգելվում են, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 36. Պայմանագրի կատարման ապահովումը
1. Ընտրված մասնակցի հետ գնման պայմանագիր կնքվում է, եթե ընտրված մասնակիցը, մրցույթի հրավերով սահմանված կարգով, ներկայացնում է պայմանագրի կատարման ապահովում:
2. Պայմանագրի կատարման ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա, այն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել պայմանագրի կատարման ապահովում:
3. Պայմանագրի կատարման ապահովման չափը, սահմանվում է մրցույթի հրավերով, որը չի կարող պակաս լինել գնման պայմանագրի գնի 5 եւ չի կարող գերազանցել գնման պայմանագրի գնի 10 տոկոսը: Պայմանագրով կանխավճար նախատեսվելու դեպքում, ընտրված մասնակիցը պայմանագրի կատարման ապահովման փոխարեն պարտավոր է ներկայացնել կանխավճարի ապահովում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափով:
4. Կանխավճարի մարման կարգը սահմանվում է գնման պայմանագրով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններին համապատասխան:
5. Դրամի ձեւով ներկայացված պայմանագրի կատարման կամ կանխավճարի ապահովումը, որպես ցպահանջ ավանդ, պահում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում: Ավանդը հետ վերադարձվելու դեպքում դրանից ստացված տոկոսները վերադարձվում են ապահովում ներկայացրած անձին:
6. Եթե այլ բան նախատեսված չէ գնման պայմանագրով, ապա պայմանագրի կատարման կամ կանխավճարի ապահովումը վերադարձվում է այն ներկայացնողին, պայմանագրի կատարման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 37. Մրցույթի արդյունքների ամփոփումը
1. Մրցույթի հայտերը ներկայացնելու վերջին օրվանից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում, հրավիրվում է մրցույթի արդյունքների ամփոփման նիստ, որում հայտարարվում է ընտրված մասնակիցը կամ սույն օրենքին համապատասխան մրցույթը չկայացած է հայտարարվում:
2. Ընտրված եւ երկրոդ ու երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին հայտարարելուց հետո մնացած հայտերը մերժվում են, կազմվում է մրցույթի արդյունքների ամփոփման նիստի արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են մրցույթի հանձնաժողովի նիստին ներկա անդամները եւ ընտրված մասնակիցը:
3. Եթե մրցույթի հանձնաժողովի անդամը եւ (կամ) մասնակիցը մրցույթի արդյունքների ամփոփման վերաբերյալ ցանկանում է արտահայտել մրցույթի արդյունքների ամփոփման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր, որը կցվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված արձանագրությանը:
4. Պարբերական մրցույթների արդյունքների ամփոփման կարգի` սույն օրենքով չնախատեսված առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 38. Մրցույթը չկայացած հայտարարելը
1. Մրցույթը չկայացած է հայտարարվում, եթե՝
ա) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.
բ) արտակարգ իրավիճակում անհնար է դառնում գնման կատարումը.
գ) ոչ մի հայտ չի ներկայացվել.
դ) ընտրված մասնակցի առաջարկած գինը գերազանցում է այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, եթե չի կիրառվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը:
2. Մրցույթը չկայացած հայտարարվելուց հետո արգելվում է բացել հայտերը, որոնք ներկայացված տեսքով վերադարձվում են մասնակիցներին:
3. Մրցույթը չկայացած հայտարարվելուց հետո տեղեկագրում հրապարակվում է հայտարարություն՝ նշելով մրցույթը չկայացած հայտարարվելու հիմնավորումը, բացառությամբ` պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների
Հոդված 39. Գնման պայմանագրի կնքումը
1. Ընտրված մասնակցի հետ գնման պայմանագիր կնքվում է մրցույթի հանձնաժողովի որոշման հիման վրա` պատվիրատուի կողմից:
2. Ընտրված մասնակիցը հայտարարվելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին` ներկայացնելով գնման պայմանագիր կնքելու առաջարկը եւ գնման պայմանագրի նախագիծը։
3. Եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը եւ գնման պայմանագրի նախագիծը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում չի ստորագրում գնման պայմանագիրը եւ պատվիրատուին ներկայացնում պայմանագրի կատարման, իսկ գնման պայմանագրով կանխավճար նախատեսվելու դեպքում` կանխավճարի ապահովումը, ապա նա զրկվում է գնման պայմանագիրը ստորագրելու իրավունքից: Այդ դեպքում պատվիրատուն գնման պայմանագիր կնքելու առաջարկ է ներկայացնում մրցույթում երկրորդ, իսկ վերջինիս կողմից առաջարկը չընդունվելու դեպքում՝ երրորդ տեղը զբաղեցրած մասնակցին: Պայմանագիր կնքելու առաջարկ ստացած, սակայն պայմանագիրը ստորագրելուց հրաժարված մասնակիցը զրկվում է մրցույթի հայտի ապահովումը հետ ստանալու իրավունքից:
4. Մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտը, կողմերի համաձայնությամբ, կարող են պայմանագրի նախագծում կատարվել փոփոխություններ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը:
Հոդված 40. Գնման պայմանագրի գնի հաշվարկը
Գնման պայմանագրի գնի հաշվարկը պետք է ներառի տվյալ գնման պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք եւ ընտրված մասնակցի հայտով նախատեսված բոլոր վճարները (ծախսերը), այդ թվում` հարկերի, տուրքերի, փոխադրման, ապահովագրման ծախսերը, պարգեւավճարները եւ շահույթը։
ԳԼՈՒԽ 5
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆՆԵՐԸ
Հոդված 41 Նախաորակավորման ընթացակարգի անցկացումը
Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է մրցույթով` սույն օրենքով նախատեսված կարգով, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ:
Խորհրդատվական ծառայության` մրցույթով գնման նպատակով, սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն անց է կացվում խորհրդատուների նախաորակավորման ընթացակարգ: Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորումն անցած առաջին վեց խորհրդատուները:
Հոդված 42. Հայտերի գնահատման չափանիշները
Հայտերի գնահատման չափանիշները եւ դրանց գնահատման կարգը սահանվում են մրցույթի հրավերով, որը ներառում է նաեւ կնքվելիք գնման պայմանագրի նախագիծը:
Հոդված 43. Մրցույթում ընտրված խորհրդատուի որոշման կարգը
1. Ընտրված խորհրդատուն որոշվում է ներկայացված հայտերից` հրավերով նախատեսված
ա) ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված, կամ
բ) ոչ գնային նվազագույն պայմաններին համապատասխանող գնահատված եւ ամենացածր գին առաջարկած, կամ
գ) առավելագույն գնի սահմաններում ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված առաջարկին գերակայություն տալու կարգով:
2. Ընտրված խորհրդատուն կարող է որոշվել նաեւ այն խորհրդատուին գերակայություն տալու կարգով, որի առաջարկած գնին եւ աշխատանքային փորձին, աշխատակազմին, ծառայության մատուցման առաջարկվող կարգին եւ (կամ) մրցույթի հրավերով սահմանված ոչ գնային այլ պայմանին (պայմաններին) մրցույթի հրավերով սահմանված կարգով տրված գործակիցների հանրագումարը ամենաբարձրն է:
3. Ընտրված խորհրդատուի որոշման կարգը սահմանվում է մրցույթի հրավերով եւ գնման ընթացակարգի արձանագրության մեջ արտացոլվում են այն հիմքերը, որոնցից ելնելով կիրառվել է տվյալ կարգը:
Հոդված 44 Խորհրդատվական ծառայությունների մեկ անձից գնման առանձնահատկությունները
Սույն օրենքով նախատեսված դեպքերից բացի խորհրդատվական ծառայությունների գնումը կարող է իրականացվել մեկ անձից գնման ձեւով, եթե այդ ծառայությունների մատուցման համար պահանջվում է բացառիկ որակավորում ունեցող որեւէ կոնկրետ անձ կամ, երբ դրանց մատուցումը հնարավոր է ապահովել միայն նույն անձի հետ նախկինում կնքված պայմանագրի գործողության ժամկետի երկարացման կամ նոր պայմանագրի կնքման դեպքում:
Հոդված 45 Բանակցություններ վարելու առանձնահատկությունները
Ընտրված խորհրդատուի հետ կարող են վարվել բանակցություններ գնման պայմանագրի նախագծի դրույթների վերաբերյալ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել մրցույթի հայտով նախատեսված գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, իսկ սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետով եւ 44-րդ հոդվածով նախատեսված կարգով ընտրված խորհրդատուի հետ վարվող բանակցությունները կարող են հանգեցնել առաջարկված գնի նվազեցմանը:
ԳԼՈՒԽ 6.
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 46. Երկու փուլով մրցույթի անցկացումը
1. Երկու փուլով մրցույթ անցկացնելու դեպքում այդ մասին նշվում է բաց մրցույթով գնումների կատարման դեպքում մրցույթի հայտարարության, իսկ փակ մրցույթի դեպքում՝ մրցույթի հրավերի մեջ:
2. Երկու փուլով մրցույթի ընթացակարգի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 4-րդ գլխի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:
3. Երկու փուլով մրցույթի առաջին փուլում մասնակիցները սույն օրենքին համապատասխան ներկայացնում են մրցույթի սկզբնական հայտեր, որոնք չպետք է ներառեն գնային առաջարկին վերաբերող պայմաններ: Առաջին փուլում գնահատվում են ներկայացված սկզբնական հայտերը եւ դրա շրջանակներում կարող են բանակցություններ վարվել բոլոր մասնակիցների հետ։
4. Երկրորդ փուլում առաջին փուլն անցած մասնակիցներին տրամադրվում է երկրորդ փուլին մասնակցելու հրավեր եւ առաջարկվում ներկայացնել մրցույթի վերջնական հայտեր, ներառյալ՝ գնի առաջարկը։
5. Երկրորդ փուլի հրավերում կարող են փոխվել մրցույթի առաջին փուլի հրավերով սահմանված պայմանները, որոնց մասին նշվում է երկրորդ փուլի հրավերում: Մրցույթի վերջնական հայտերը գնահատելու եւ համեմատելու ժամանակ բանակցություններն արգելվում են:
6. Երկու փուլով մրցույթի դեպքում, մրցույթի հայտի ապահովումը ներկայացվում է երկրորդ փուլում` մրցույթի վերջնական հայտով:
7. Մրցույթի առաջին փուլն անցած մասնակիցն իրավունք ունի հրաժարվել երկրորդ փուլին մասնակցելուց:
Հոդված 47. Փակ մրցույթը
1. Փակ մրցույթ անցկացվելու դեպքում տեղեկագրում մրցույթի հայտարարություն չի հրապարակվում, իսկ մրցույթի հրավերը տրամադրվում է բոլոր հնարավոր անձանց:
2. Պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր անձանց որոշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Փակ մրցույթի ժամանակ կիրառվում են սույն օրենքի 4-րդ գլխի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:
Հոդված 48. Սահմանափակ մրցույթ
1. Եթե կիրառվում է սահմանափակ մրցույթի ձեւը, ապա մասնակիցներ ներգրավելու նպատակով հրավեր է ուղարկվում բոլոր հնարավոր անձանց:
2. Սահմանափակ մրցույթի ժամանակ կիրառվում են սույն օրենքի 4-րդ գլխի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:
Հոդված 49. Գնանշման հարցում
1. Գնանշման հարցման ձեւով գնումներ կատարելու դեպքում գնանշման հարցում ուղարկվում է առնվազն երեք անձի, իսկ եթե գնմանը վերաբերող տեղեկությունները չեն պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք, ապա գնանշման հարցումը հրապարակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում:
2. Գնանշման հարցումը ներառում է մասնակիցների որակավորման հատկանիշներին եւ գնման առարկայի բնութագրերին վերաբերող պայմանները, մասնակիցների առաջարկների ներկայացման, գնահատման եւ համեմատման կարգը:
3. Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնել միայն մեկ գնանշում, որը հետագայում չի կարող փոփոխվել։ Գնանշումները ներկայացվում են գնանշման հարցման հրապարակման, իսկ պետական կամ ծառայողական գաղտնիքի դեպքում` գնանշման հարցման տրամադրման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան կազմված ծրարով:
4. Արգելվում են բանակցությունները գնանշում ներկայացրած անձանց հետ: Առաջարկների գնահատման ժամանակ օգտագործվում են միայն գնանշման հարցման մեջ նշված չափանիշները։
5. Գնանշման հարցման ժամանակ կիրառվում են սույն օրենքի 4-րդ գլխի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:
Հոդված 50. Մրցակցային բանակցություններ
1. Սույն օրենքի 22-րդ հոդվածի ա) կետով նախատեսված դեպքում`
ա) մրցակցային բանակցություններ կատարելու հրավերը ուղարկվում է առնվազն երկու անձի, իսկեթե գնմանը վերաբերող տեղեկությունները չեն պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք, ապա առնվազն 3 հազար տպաքանակ ունեցող մամուլում հրապարակվում է հայտարարություն մրցակցային բանակցությունների մասին.
բ) մասնակիցն իրավունք ունի հայտարարությամբ սահմանված կարգով պահանջել եւ 2 աշխատանքային օրում ստանալ մրցակցային բանակցությունների հրավեր.
գ) մրցակցային բանակցություններին մասնակցելու հայտերը ներկայացվում են հայտարարության հրապարակման, իսկ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնման դեպքում հրավերի տրամադրման օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում.
դ) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հեոո, 5 աշխատանքային օրվա ընթացքում գնահատվում եւ համեմատվում են ներկայացված առաջարկները: Ոչ գնային պայմաններին բավարարող գնահատված մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ` առաջարկված գների նվազեցման հնարավորության վերաբերյալ: Բանակցություններին ներգրավվում են բոլոր մասնակիցները եւ յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնի առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, եւ մինչեւ բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել գնային իր առաջարկը.
ե) բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը հայտարարվում է հաղթող, որի հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է գնման պայմանագիր:
2. Սույն օրենքի 22-րդ հոդվածի բ) կետով նախատեսված դեպքում կարող են բանակցություններ վարվել մեկ մասնակցի հետ եւ դրա հիման վրա կարող է կնքվել գնման պայմանագիր:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում կիրառվում են սույն օրենքի 4-րդ գլխի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:
Հոդված 51. Գնումներ մեկ անձից
1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում կարող է գնման պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացվել մեկ անձի:
2. Մեկ անձից գնումներ կատարելու դեպքում կարող են բանակցություններ վարվել մասնակցի ներկայացրած հայտի ցանկացած դրույթի կապակցությամբ:
ԳԼՈՒԽ 7.
ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հոդված 52. Բողոքարկելու իրավունքը
1. Յուրաքանչյուր անձ ունի բողոքարկման իրավունք, եթե հայտարարում է, որ պատվիրատուի եւ (կամ) մրցույթի հանձնաժողովի գործողությունների հետեւանքով կրել է կամ կարող է կրել վնասներ:
2. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի`
ա) բողոքարկել պատվիրատուի եւ (կամ) մրցույթի հանձնաժողովի գործողությունները լիազոր մարմին՝ սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն.
բ) դատական կարգով բողոքարկել լիազոր մարմնի, պատվիրատուի եւ (կամ) մրցույթի հանձնաժողովի գործողությունները ՝ սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն:
Հոդված 53. Լիազոր մարմին բողոքարկելու կարգը
1. Լիազոր մարմնին բողոքը ներկայացվում է գրավոր, ոչ ուշ, քան գնման պայմանագրի գործողության ժամկետի ավարտը: Լիազոր մարմնին ներկայացված բողոքը քննում եւ դրա վերաբերյալ Լիազոր մարմնի ղեկավարին առաջարկ է ներկայացնում սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բողոքների քննարկման եւ գնումների գործընթացի վերահսկման խումբը, որի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Լիազոր մարմինը բողոքը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր հայտնում է պատվիրատուին:
3. Լիազոր մարմինն իրավունք ունի ընդունել պատվիրատուին եւ (կամ) մրցույթի հանձնաժողովին վերաբերող հետեւյալ որոշումները`
ա) արգելել կատարել որոշակի գործողություններ եւ ընդունել որոշումներ.
բ) պարտավորեցնել ընդունել համապատասխան որոշումներ, բացառությամբ պայմանագիրը լուծելու մասին որոշման.
գ) վերանայել ընդունված որոշումները կամ ընդունել ընդունված որոշմանը փոխարինող որոշում.
դ) դադարեցնել գնման գործընթացը:
4. Լիազոր մարմինը գնումների մասին օրենսդրության հիման վրա, բողոքը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 20 եւ ոչ շուտ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում բողոքի կապակցությամբ ընդունում է որոշում: Լիազոր մարմնի որոշումը համարվում է վերջնական, եթե դատարանի կողմից այլ որոշում չի ընդունվում:
5. Լիազոր մարմնի կողմից բողոքը բավարարվելու դեպքում պատվիրատուն պատասխանատվություն է կրում բողոքը ներկայացրած անձին պատճառված եւ սահմանված կարգով հիմնավորված վնասի հատուցման համար։
Հոդված 54. Բողոքարկման վերաբերյալ նորմերը
1. Լիազոր մարմինը բողոքը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն է հրապարակում առնվազն 3 հազար տպաքանակ ունեցող մամուլում, չնշելով բողոքը ներկայացրած անձի տվյալները:
2. Յուրաքանչյուր անձ, որի շահերը խախտվել են կամ կարող են խախտվել բողոքարկման հիմք ծառայած գործողությունների արդյունքում, իրավունք ունի մասնակցել բողոքարկման ընթացակարգին, մինչեւ բողոքի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը, Լիազոր մարմնին ներկայացնելով համանման բողոք: Սույն հոդվածի համաձայն բողոքարկման ընթացակարգին չմասնակցած անձը զրկվում է Լիազոր մարմնին համանման բողոք ներկայացնելու իրավունքից։
3. Բողոքի վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը այն կայացնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է պատվիրատուին եւ բողոքարկման ընթացակարգին մասնակցած անձանց:
Հոդված 55. Գնումների ընթացակարգի կասեցումը
1. Լիազոր մարմինն իրավունք ունի կասեցնել գնման ընթացակարգը մինչեւ բողոքարկման վերաբերյալ որոշման ընդունումը:
2. Կասեցումը չի կիրառվում, եթե պատվիրատուն լիազոր մարմնին գրավոր հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ազգային անվտանգության շահերից ելնելով անհրաժեշտ է շարունակել գնման գործընթացը:
Հոդված 56. Բողոքարկումը դատական կարգով
Լիազոր մարմնի եւ (կամ) պատվիրատուի եւ (կամ) մրցույթի հանձնաժողովի գործողությունները կարող են բողոքարկվել դատական կարգով: Եթե գնման պայմանագրով, դատական կարգով վեճերի լուծման հետ կապված, սահմանված են պայմաններ, ապա բողոքարկումը իրականացվում է այդ պայմաններին համապատասխան:
ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 57. Պետական գնումների գործակալությունը
1. Եթե գնումը չի պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք, ապա պետական գնումների գործակալությունն է կազմակերպում բաց մրցույթով եւ սույն օրենքի 6-րդ, 20-րդ, 21-րդ հոդվածներով ու 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմաններով գնումների կատարումը եւ պատվիրատուի անունից կնքում գնման պայմանագրերը: Պետական գնումների գործակալության ներկայացուցիչները`
ա) նշանակվում են հանձնաժողովների քարտուղարներ.
բ) կարող են լինել միայն բաց պարբերական մրցույթի հանձնաժողովի անդամներ:
2. Պետական գնումների գործակալությունը իրականացնում է պարբերական բաց մրցույթների կազմակերպման` սույն օրենքով պատվիրատուին վերապահված լիազորությունները:
3. Պետական գնումների գործակալության գործունեության կարգի հետ կապված առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 58. Տեղական ինքնակառավարման մարմինների եւ համայնքների հիմնարկների գնումների կատարման առանձնահատկություննեը
Տեղական ինքնակառավարման մարմինների եւ համայնքների հիմնարկների գնումների կատարման դեպքում սույն օրենքի`
ա) 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասի ը) կետով, 17-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 57-րդ հոդվածով նախատեսված նորմերը չեն գործում եւ տեղական ինքնակառավարման մարմինները ու համայնքների հիմնարկները պարտավոր չեն գնումներ կատարել պետական գնումների գործակալության կազմակերպած պարբերական մրցույթների արդյունքում կնքված գնման պայմանագրերի շրջանակներում.
բ) 16-րդ հոդվածի 2-րդ մասի թ) եւ ժ) կետերով նախատեսված լիազորությունները իրականացնում է համայնքի ավագանին.
Հոդված 59. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գնումների կատարման առանձնահատկություննեը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գնումների կատարման դեպքում սույն օրենքի`
ա) դրույթները չեն գործում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնական ծախսերի շրջանակներում գնումներ կատարելու դեպքերում.
բ) 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասի ը) կետով, 17-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 57-րդ հոդվածով նախատեսված նորմերը չեն գործում եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտավոր չէ գնումներ կատարել պետական գնումների գործակալության կազմակերպած պարբերական մրցույթների արդյունքում կնքված գնման պայմանագրերի շրջանակներում.
գ) 16-րդ հոդվածով նախատեսված լիազորությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտորանական բանկի խորհուրդը` ինքնուրույն կամ այդ լիազորությունը այլ մարմնի վերապահելու միջոցով.
դ) 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված լիազորությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտորանական բանկի խորհուրդը:
Հոդված 60. Պետական կամ համայնքների ոչ առեւտրային եւ պետության կամ համայնքների 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների գնումների կատարման առանձնահատկություննեը
Պետական կամ համայքների ոչ առեւտրային եւ պետության կամ համայնքների 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների գնումների կատարման դեպքում`
ա) սույն օրենքով նախատեսված նորմերը չեն գործում, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան է նախատեսված.
բ) սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասի ը) կետով, 17-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 57-րդ հոդվածով նախատեսված նորմերը չեն գործում եւ պետական կամ համայքների ոչ առեւտրային եւ պետության կամ համայնքների 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունները պարտավոր չեն գնումներ կատարել պետական գնումների գործակալության կազմակերպած պարբերական մրցույթների արդյունքում կնքված գնման պայմանագրերի շրջանակներում.
գ) 16-րդ հոդվածի 2-րդ մասի թ) եւ ժ) կետերով նախատեսված լիազորությունները իրականացնում է տվյալ կազմակերպության կառավարումն իրականացնող մարմինը:
ԳԼՈՒԽ 9
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 61. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 7-ից:
2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած եւ չդադարած, ինչպես նաեւ կնքված եւ գործող գնման պայմանագրերի վրա, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կատարման պահին գործող իրավական ակտերով:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գնումների մասին» Հայաստանի Հանարպետության 2000 թվականի հունիսի 5-ին ՀՕ-62 օրենքը:
4. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հունիսի 5-ի ՀՕ-62 օրենքի համաձայն կամ ի կատարումն դրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը եւ իրավական նորմերը շարունակում են գործել մինչեւ համապատասխան իրավաստեղծ մարմինների կողմից դրանց գործողությունների դադարեցումը: