Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս.».
2) 2-րդ մասը «1-ին մասով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի,» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած՝ կամավորական համարվելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: