Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մաս.
«11. Եթե հարկադիր աճուրդի արդյունքում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում, եւ կրկնակի հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային արժեքի իջեցման արդյունքում բնակարանի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար կամ ցածր է դառնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր աճուրդից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 2. Օրենքի 35.4-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մաս.
«10. Եթե հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում, եւ կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային արժեքի իջեցման արդյունքում բնակարանի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար կամ ցածր է դառնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 3. Oրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո։
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների նկատմամբ:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս կատարողական վարույթն ավարտելուց հետո (բացառությամբ եթե վարույթն ավարտվել է պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու դիմումի հիման վրա) պարտապանի գույքի վրա դրված արգելանքները պահպանվում են անժամկետ, ինչը խնդիր է առաջացնում այն դեպքում, երբ տեւական ժամանակ պահանջատերն այլեւս հետաքրքրություն չի ցուցաբերում կատարողական թերթի պահանջների կատարման նկատմամբ եւ չի դիմում կատարողական վարույթը վերսկսելու համար:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է բռնագանձման արդյունքում պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելու նպատակով: Արդյունքում՝ անհրաժեշտություն է առաջանում կարգավորում նախատեսել նաեւ այն դեպքերի համար, երբ միակ բնակարանի արժեքի 75 տոկոսը բարձր լինի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, սակայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկադիր աճուրդի (այդ թվում՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի) արդյունքում այն իրացվի ավելի ցածր գնով:
Գործող կարգավորման պայմաններում պարտապանի միակ բնակարանը (որոշակի արժեքի սահմաններում) չի ներառվում բռնագանձման ոչ ենթակա գույքի կազմում, ինչի արդյունքում պարտապան ֆիզիկական անձը իր ողջ գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում կարող է մնալ անօթեւան:
Սույն Նախագծի կարգավորումների համատեքստում անհրաժեշտ է անդրադարձ կատարել նախեւառաջ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության (ընդունվել է 1952 թվականի մարտի 20-ին) 1-ին հոդվածով պաշտպանվող սեփականության իրավունքին:
Համաձայն հիշյալ հոդվածի՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության եւ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:»:
Ինչպես բխում է ամրագրումից, սեփականության իրավունքը, այնուամենայնիվ, բացարձակ իրավունք չէ: Այն ենթակա է սահմանափակումների, որոնք հստակ նկարագրված են 1-ին արձանագրության 1-ին հոդվածում: Գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունը կարող է թույլատրվել միայն, եթե այն.
1. նախատեսված է օրենքով,
2. բխում է հանրային շահից,
3. անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում:
Այսպես, գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունն առաջին հերթին պետք է բավարարի իրավաչափության պահանջը: Իրավական հիմնավորվածության սկզբունքը ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկն է: Օրենքը, որի հիման վրա պետությունը սահմանափակել է գույքից օգտվելու հնարավորությունը, ինքնին բավարար չէ ձեւականորեն (ֆորմալ) ներպետական իրավական աղբյուր դիտվելու համար, այն պետք է ներառի նաեւ որակական որոշակի հատկանիշներ եւ ապահովի պատշաճ դատավարական երաշխիքներ՝ կամայական գործողություններից պաշտպանվելու համար:
Ի լրումն վերոշարադրյալի՝ հարկ է նշել, որ անհատի սեփականության իրականացմանը միջամտելը կարող է արդարացվել միայն այն դեպքում, երբ այն հետապնդում է իրավաչափ նպատակ՝ ելնելով ընդհանուր (հանրային) շահից: Իրավաչափ այս պայմանի լույսի ներքո մեկնաբանելով պահանջի իրավունքը՝ անհրաժեշտ է նկատել, որ այն իր մեջ ներառում է նաեւ «հանրային շահի» տարրեր: Ելնելով Նախագծի կարգավորման առարկայից՝ եթե անգամ վերացականորեն չընդունենք, որ պահանջի իրավունքը եւս ներառվում է «հանրային շահ» եզրույթի բովանդակության մեջ, ապա պետք է արձանագրել, որ հիշյալ հոդվածը թույլատրում է պետությանը միջամտել անձի սեփականության իրավունքից անարգել օգտվելուն, եթե դա անհրաժեշտ է «մյուս գանձումների» ապահովման համար:
Գույքից անարգել օգտվելուն միջամտությունը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում եւ ուղղված լինի իրավաչափ նպատակի հասնելուն:
Այսպես, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Այս պայմաններում անհրաժեշտ է բարենպաստ հավասարակշռություն ստեղծել հանրության շահից բխող պահանջմունքների եւ անհատի հիմնարար իրավունքների միջեւ: Նման բարենպաստ հավասարակշռության հնարավոր չէ հասնել այն դեպքերում, եթե գույքի սեփականատերն ստիպված է «անհատական եւ չափազանց մեծ անհարմարություններ» կրել:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հարկ է փաստել, որ Նախագծի՝ միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու կարգավորումները ապահովում են բարենպաստ հավասարակշռություն հետեւյալ հիմնավորմամբ.
1. սեփականության իրավունքից անարգել օգտվելուն միջամտությունն օրինաչափ է, քանի որ նախատեսված է օրենքով (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մաս),
2. սեփականության իրավունքից անարգել օգտվելուն միջամտությունը հետապնդում է իրավաչափ նպատակ:
Այսպես, պահանջատիրոջ պահանջը քաղաքացի-պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում առարկայացված է, այսինքն՝ այն, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, համարվում է «գույք»: Մասնավորապես՝ Pressos Compania Naviera S.A. and Others v. Belgium գործով դիմող նավատերերի պնդմամբ Բելգիայի տարածքային ջրերում բելգիացի նավավարների մեղքով նավերի նավաբեկության հետեւանքով վնաս էր պատճառվել: Դատարանը նշել էր, որ փոխհատուցման պահանջ առաջանում է վնասի առկայության դեպքում: Ուստի, այդ պահանջն իրենից նյութական արժեք էր ներկայացնում եւ համարվում «գույք» (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1995 թվականի նոյեմբերի 20-ի Pressos Compania Naviera S.A. and Others v. Belgium թիվ 17849/91 գանգատի վերաբերյալ վճիռը):
Հետեւաբար, միջամտության նպատակը «տուժող-պահանջատիրոջ» գույքային իրավունքն ապահովելն է:
3. Նախագծի կարգավորումները հետապնդում են երկու նպատակ՝
1) անձի բնակարանի վրա բռնագանձում տարածելու միջոցով ապահովվում է պահանջատիրոջ «գույքը»,
2) այն դեպքում, երբ բնակարանի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար կամ ցածր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, ապա այդ բնակարանի վրա բռնագանձում չի տարածվում:
Այսպիսով, Նախագծով նախատեսված կարգավորումները առաջացնում են բարենպաստ հավասարակշռություն՝ մի կողմից ապահովելով պահանջի իրավունքը, մյուս կողմից, օրենքով նախատեսված պայմանների առկայության պարագայում, քաղաքացի-պարտապանի եւ նրա ընտանիքի անդամների բնակապահովման իրավունքը:
Նախագծի կարգավորման հիմնավորման տեսանկյունից անդրադարձ կատարելով նաեւ միջազգային փորձին՝ պետք է փաստենք, որ միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու «իրավական քաղաքականությամբ» են առաջնորդվել մի շարք երկրներ, ի շարս որոնց կարելի է նշել Ռուսաստանի Դաշնությանը, Ուզբեկստանի Հանրապետությանը եւ այլն:
Այսպես, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի համաձայն՝
«Կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին սեփականության իրավունքով պատկանող հետեւյալ գույքերի վրա՝
բնակելի տարածքի (դրա մասի), եթե համատեղ բնակվող քաղաքացի-պարտապանի եւ նրա ընտանիքի անդամների համար այն հանդիսանում է մշտական բնակության համար միակ վայր, բացառությամբ, եթե այն հանդիսանում է հիփոթեքի առարկա եւ դրա վրա, որպես պատասխանատվություն, հիփոթեքի մասին օրենսդրությամբ կարելի է բռնագանձում տարածել,
(...)»:
«Դատական ակտերի եւ այլ մարմինների ակտերի կատարման մասին» Ուզբեկստանի Հանրապետության 2001 թվականի օգոստոսի 29-ի օրենքի 52-րդ հոդվածն ամրագրում է.
«Կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել միակ բնակելի տարածքի (բնակարանի), որը պարտապան ֆիզիկական անձին պատկանում է սեփականության իրավունքով կամ հանդիսանում է նրա բաժինը ընդհանուր սեփականության մեջ, եթե պարտապանը եւ (կամ) նրա ընտանիքը մշտապես բնակվում են այնտեղ, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարողական թերթում նախատեսվում է բռնագանձում տարածել տվյալ բնակելի տարածքի (բնակարանի) վրա կամ նշված գույքը հանդիսանում է գրավի առարկա: Բնակելի այլ տարածքների (բնակարանների) բռնագանձում կարող է տարածվել՝ անկախ նրանից, թե այնտեղ մշտապես բնակվում են պարտապանը եւ (կամ) նրա ընտանիքը, թե այլ անձինք»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով ամրագրվող միակ բնակարանը կարող է հանդիսանալ նաեւ համատեղ սեփականություն, ուստի անհրաժեշտ ենք համարում քննարկվող հարցին անդրադառնալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա՝ սույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան: ՀՀ վճռաբեկ դատարանն այս առումով արձանագրում է.
«(...)
Նշված հոդվածից հետեւում է, որ պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար, երբ բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է, եւ երբ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են պարտապանի բաժինը ձեռք բերելուց» (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի թիվ 3-480 (ՎԴ) որոշումը):
Շարունակելով մեկնաբանել հիշյալ հոդվածը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով պարզաբանում է.
«(...)
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջեւ` նրանց բաժիններին համաչափ:
Վերոնշյալ հոդվածով ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար սահմանվել է պարտադիր նախապայմաններ, այն է` ընդհանուր գույքը բաժանելու կամ նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարությունը:
(...)
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կանոնը, համաձայն որի` «ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջեւ` նրանց բաժիններին համաչափ» չպետք է մեկնաբանել որպես նշված պայմանների առկայության դեպքում դատարանի` տվյալ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու հայեցողական լիազորություն: Հիշյալ նորմում «իրավունք ունի» ձեւակերպումը անհրաժեշտ է մեկնաբանել միայն որպես մինչ նույն հոդվածի 3-5-րդ կետերում նախատեսված հանգամանքներն ապացուցված լինելը գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու արգելք, իսկ հիշյալ 3-5-րդ կետերում նախատեսված հանգամանքների ապացուցված լինելու դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի համար ծագում է պարտականություն գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնելու համար:» (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի թիվ ԵԿԴ/3249/02/09 գործով որոշումը):
Վերոգրյալ պարզաբանումների լույսի ներքո քննարկելով Նախագծով ամրագրված կարգավորումը՝ ակնհայտ է, որ այն ուղղված է քաղաքացի-պարտապանի պատկանող միակ բնակարանի կամ դրա բաժնի (ընդհանուր կամ համատեղ սեփականություն) վրա բռնագանձում չտարածելուն՝ ապահովելով նրա եւ նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների նվազագույն բնակապահովումը: Այն դեպքում, երբ միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գումարով, ապա նվազագույն շեմի չափով գումարը, իսկ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքն իրացվելու դեպքում՝ այդ գումարի համապատասխան բաժինը, վերադարձվում է պարտապանին:
Առաջարկվող կարգավորման բնույթը
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող լրացումը նպատակ է հետապնդում ընդլայնելու պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը, եւ պարտապանին հնարավորություն տալու իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից:
Առաջարկվում է նաեւ համապատասխան լրացումներ կատարել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում:
Ակնկալվող արդյունքը
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող լրացման արդյունքում կբացառվեն այն դեպքերը, երբ պարտապան ֆիզիկական անձը իր ողջ գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում զրկվում է նվազագույն պայմաններին համապատասխանող բնակարան ունենալու հնարավորությունից:
«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կբացառվեն այն դեպքերը, երբ անձի միակ բնակարանի հարկադիր աճուրդի (այդ թվում՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի) արդյունքում նրան հնարավոր չլինի տրամադրել ՀՀ կառավարության կողմից սահմանված բնակապահովման նվազագույն շեմի չափով գումարը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն կներկայացվի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը, որով կնախատեսվի «Միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումար հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման ժամկետը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում են պարտապանի գույքն արգելանքից հանելու նոր պայմաններ, ինչպես նաեւ բռնագանձման արդյունքում պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարանից չզրկելու վերաբերյալ դրույթներ:
Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` ընդլայնվում է պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը եւ պարտապանին հնարավորություն է տրվում իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունունեն դրական ազդեցություն:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի փոփոխմանը չի հանգեցնում, իսկ ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն, այն դեպքում, երբ բռնագանձման հայցերը լինեն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ կապված պարտապան ֆիզիկական անձանց միակ բնակարանի վրա բնակապահովման նվազագույն շեմի չափով բռնագանձում չտարածելու հետ: Միաժամանակ, ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել միակ բնակարանի վրա բնակապահովման նվազագույն շեմի չափով բռնագանձում չտարածելու դեպքերի քանակը:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: