Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-984-06.04.2016,17.06.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել նոր 38)-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«38) Սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն (գործառնություններն) ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեւավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Սույն կետում նշված մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը եւ կազմը, ինչպես նաեւ հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի եւ գործարքների` որպես արտոնյալ որակավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 39.2 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 39.2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 38)-րդ կետում նշված արտոնության կիրառման առումով նշումներ պետք է կատարվեն սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհները տրամադրողների եւ նշված սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհները ստացողների միջեւ կնքվող պայմանագրերում: Արտոնությունը գործում է մասնագիտական հանձնաժողովի կողմից ՀՀ կառավարության սահմանած կարգով սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերն արտոնյալ որակավորելու մասին որոշման ընդունման պահից:

Արտոնյալ որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները (գործառնություններն) ծրագրային նպատակներին եւ դրույթներին համապատասխան չիրականացնելու դեպքում նշված ծրագրերի` որպես արտոնյալ որակավորումը կարող է փոփոխել կամ կասեցնել մասնագիտական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որը բերում է նշված արտոնությունների գործունեության դադարմանը կամ կասեցմանը: Մասնագիտական հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման կասեցումը կարող է հանվել արտոնյալ որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները (գործառնություններն) ծրագրային նպատակներին եւ դրույթներին համապատասխան իրականացնելու մասին փաստեր ի հայտ գալու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն օրենքով սահմանված դեպքում մասնագիտական հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորումը երկու անգամ կասեցնելուց հետո արտոնությունների գործունեությունը դադարում է:

Արտոնությունների գործունեությունը դադարեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի նախկինում չվճարված գումարը, ինչպես նաեւ այն ուշ վճարելու համար սահմանված տույժի գումարը վճարելու պարտավորությունը կրում են նշված սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհները ստացողները, ընդ որում` ավելացված արժեքի հարկի պարտավորությունների մասով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 301-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետի հաշվարկման սկիզբ է համարվում ծրագրով սահմանված` դրա գործողության ժամկետի վերջը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների նպատակային ուղղվածության կարեւորությամբ, ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

2012թ. դեկտեմբերի 5-ին ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» NՀՕ-230 ՀՀ օրենքով 1997 թվականի մայիuի 14-ի «Ավելացված արժեքի հարկի մաuին» NՀO-118 ՀՀ oրենքի 7-րդ հոդվածի 9-րդ կետում կատարված փոփոխության համաձայն` 2013 թվականի հունվարի 1-ից պետական բյուջեից տրամադրվող դրամաշնորհները դիտարկվում են որպես ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ, եթե դրանց դիմաց գումարներ ստացողների մոտ առաջանում է ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն:

Մի շարք գերատեսչությունների կողմից իրականացնում են ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից` տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհներ հոդվածով, ինչպես նաեւ համաֆինանսավորման սկզբունքով իրականացվում են համատեղ ծրագրեր միջազգային դոնոր եւ մասնավոր կազմակերպությունների հետ: Նշված ծրագրերը, որպես կանոն, իրականացվում են տնտեսության որեւէ ճյուղի կամ գործունեության որեւէ տեսակի խթանման նպատակով` Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաեւ միությունների միջոցով, որոնք իրենց կանոնադրական խնդիրների իրականացման շրջանակներում ստանում են դրամաշնորհներ նաեւ միջազգային եւ մասնավոր կազմակերպություններից:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետական բյուջեից կամ միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհները ստացող կազմակերպություններին տրվում են համապատասխան պայմանագրերի հիման վրա, որոնցով ստացողները ստանձնում են զանազան պարտավորություններ (ըստ էության, ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն է առաջանում)` դրամաշնորհներով իրականացվող ծրագրերը հարկվում են ԱԱՀ-ով եւ արդյունքում վտանգվում է դրանց լիարժեք իրականացումը:

Միաժամանակ, վտանգվում է ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման համար չափազանց կարեւոր նշանակության ծրագրերի իրականացումը, այլեւ բարդանում է տարբեր ոլորտներում նոր վերազգային կազմակերպությունների ներգրավումը Հայաստան եւ վերջիններիս հետ համատեղ տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը:

Վերոնշյալ խնդիրը բազմիցս բարձրացվել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կողմից տարբեր քննարկումների շրջանակում, այդ թվում` Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի /ՏՏԶԱԽ/ նիստերի ընթացքում:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով պետական բյուջեից եւ միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհների նպատակային ուղղվածությունը եւ կարեւորելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կողմից ՏՏԶԱԽ նիստերի ընթացքում բարձրացված նշված խնդրի արդյունավետ լուծման ու ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը` գտնում ենք, որ ինչպես պետության, այնպես էլ միջազգային, դոնոր եւ մասնավոր կազմակերպությունների դրամաշնորհներով իրականացվող/իրականացվելիք ծրագրերի` ԱԱՀ-ով հարկման պարագայում կվտանգվի դրանց հետագա իրականացումը, ուստի անհրաժեշտ ենք համարում ընդունել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի (այդ թվում` վերազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող) շարունակականության ապահովում եւ նոր նախաձեռնությունների իրականացում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

6. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կվերանա օրենքի հիշյալ հոդվածի տարընթերցումը եւ չի վտանգվի ՀՀ տնտեսության զարգացման համար կարեւոր նշանակության ծրագրերի իրականացումը: