Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) գլուխ 10-ի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ »
Հոդված 2. Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 10-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«10) օրենքով եւ միջազգային պայմանագրով, համագործակցության պայմանագրով սահմանված կարգով ծառայողական տեղեկությունների տրամադրումը օտարերկրյա պետության իրավասու մարմիններին:»:
Հոդված 3. Օրենքի 100-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«3. Կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա պետության իրավասու մարմիններին ծառայողական տեղեկությունների տրամադրումն իրականացվում է օրենքով սահմանված նպատակներով եւ կարգով:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել 102.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 102.1. Կենտրոնական բանկի միջազգային համագործակցությունը եւ համագործակցությունն անձանց հետ
1. Կենտրոնական բանկն արժեթղթերի շուկայի ոլորտում իր խնդիրների իրագործման եւ օրենքով սահմանված իրավասությունների իրականացման նպատակով համագործակցում է օտարերկրյա պետության իրավասու մարմինների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ, միջազգային պայմանագրեր կամ համագործակցության պայմանագրեր կնքելու միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային պրակտիկայում ընդունված կարգով:
2. Կենտրոնական բանկը սեփական նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա օրենքով սահմանված կարգով փոխանակում է տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող (բացառությամբ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիքի) տեղեկություններ օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ, որոնք միջազգային պայմանագրից կամ համագործակցության պայմանագրից բխող պարտականությունների հիման վրա ապահովում են տեղեկությունների համարժեք գաղտնիություն եւ այդ տեղեկություններն օգտագործում են բացառապես արժեթղթերի շուկայի կարգավորման, վերահսկողության, արժեթղթերի շուկայում չարաշահումների դեմ պայքարի կամ արժեթղթերում ներդրողների շահերի պաշտպանության բնագավառում միջազգային համագործակցության նպատակով:
3. Կենտրոնական բանկը կարող է բացահայտել օտարերկրյա պետության իրավասու մարմիններից գաղտնիք պարունակող հարցումների ստացման փաստը, ինչպես նաեւ տեղեկությունների ստացման փաստը եւ դրանց բովանդակությունը՝
1) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներով կամ
2) համապատասխան հարցումն ուղարկած, տեղեկատվությունը հայցած օտարերկրյա իրավասու մարմնի համաձայնությամբ:
4. Կենտրոնական բանկը կարող է օտարերկրյա պետության իրավասու մարմիններին տրամադրել օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ (բացառությամբ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիքի), պայմանով որ պետք է կիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գաղտնիության պահպանման պահանջները, եթե վերջիններս ավելի խիստ են, քան համագործակցող օտարերկրյա պետության օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված գաղտնիության պահպանման պահանջները:
5. Կենտրոնական բանկը մերժում է օտարերկրյա պետության իրավասու մարմիններին տեղեկատվության տրամադրումը, եթե
1) դա կարող է բացասաբար ազդել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության ու հասարակական կարգի վրա,
2) նման տվյալները հանդիսանում են պետական կամ ծառայողական գաղտնիք,
3) դա կհանգեցնի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտմանը,
4) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այն չի օգտագործվելու սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներով,
5) հարցման մեջ նշված անձի նկատմամբ նույն հանգամանքներով Հայաստանի Հանրապետությունում քրեական գործ է հարուցվել կամ եթե նույն անձը նույն հանգամանքներով ենթարկվել է պատասխանատվության ՀՀ օրենքով սահմանված կարգով, քանի դեռ հարցում կատարող օտարերկրյա պետության իրավասու մարմինը չի հավաստիացրել, որ խնդրարկվող տեղեկատվությունն անհրաժեշտ է ՀՀ օրենքով կիրառված պատասխանատվության միջոցներից այլ պատասխանատվություն կիրառելու համար:
6. Տեղեկատվության տրամադրման մերժման դեպքում Կենտրոնական բանկը պետք է այդ մասին գրավոր կարգով տեղեկացնի հարցում կատարող մարմնին եւ ներկայացնի մերժման հիմքերը:
7. Տեղեկատվության փոխանակում իրականացնելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է համագործակցության պայմանագրեր կամ այլ համաձայնագրեր կնքել օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ:
8. Արժեթղթերի շուկայի չարաշահումները կանխելու կամ քննելու, ինչպես նաեւ միջազգային պայմանագրով կամ համագործակցության պայմանագրով նախատեսված դեպքերում` փոխանակման ենթակա տեղեկությունները (այդ թվում` փաստաթղթերի եւ (կամ) դրանց պատճենները) ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը համագործակցում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ եւ կարող է գրավոր դիմել ու ստանալ անհրաժեշտ տեղեկություններ եւ փաստաթղթեր:»:
Հոդված 5. Օրենքի 161-րդ հոդվածի 3-րդ մասում` «տիրապետող» բառից հետո ավելացնել` «այդ թվում՝ հանցագործության արդյունքում ձեռք բերված ներքին տեղեկատվություն տիրապետող» բառերը:
Հոդված 6. Օրենքի 209-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Սույն օրենքի 162-րդ հոդվածի եւ 171-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարումը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջացնում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվություն, եթե այդ գործողությունները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում՝ գործող օրենսդրությանը համապատասխան:»:
Հոդված 7. Օրենքի 211-րդ հոդվածը լրացնել նոր` 3.1, 3.2, 3.3, 3.4, 6, 7 եւ 8-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3.1 Շահույթ չստանալու դեպքում` սույն օրենքի` 162-րդ հոդվածի, ինչպես նաեւ վնաս չպատճառելու դեպքում` 171-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարման համար նշանակվում է տուգանք
1) հաշվետու թողարկող չհանդիսացող արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների եւ այլ ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող եւ նշանակալից մասնակցություն ունեցող, արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն եւ անուղղակիորեն ներգրավված ֆիզիկական անձանց նկատմամբ` մինչեւ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձի, կարգավորվող շուկայի օպերատորի եւ հաշվետու թողարկողի տնօրենների, ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող եւ նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ` մինչեւ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝
2) իրավաբանական անձանց նկատմամբ` մինչեւ նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձ, կարգավորվող շուկայի օպերատոր եւ հաշվետու թողարկող հանդիսացող իրավաբանական անձանց նկատմամբ` մինչեւ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:
3.2. Շահույթ ստանալու դեպքում` սույն օրենքի 162-րդ հոդվածի, ինչպես նաեւ վնաս պատճառելու դեպքում` 171-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարման համար նշանակվում է տուգանք`
1) հաշվետու թողարկող չհանդիսացող արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների եւ այլ ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող եւ նշանակալից մասնակցություն ունեցող, արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն եւ անուղղակիորեն ներգրավված ֆիզիկական անձանց նկատմամբ` ստացված շահույթի կամ պատճառած վնասի երկու հարյուր տոկոսի չափով, բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձի, կարգավորվող շուկայի օպերատորի եւ հաշվետու թողարկողի տնօրենների, ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող եւ նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ` ստացված շահույթի կամ պատճառած վնասի երեք հարյուր տոկոսի չափով, բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:
2) իրավաբանական անձանց նկատմամբ` ստացված շահույթի կամ պատճառած վնասի երկու հարյուր հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձ, կարգավորվող շուկայի օպերատոր եւ հաշվետու թողարկող հանդիսացող իրավաբանական անձանց նկատմամբ` ստացված շահույթի կամ պատճառած վնասի երեք հարյուր հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:
3.3 Սույն օրենքի 162-րդ եւ 171-րդ հոդվածներով նախատեսված գործողությունների կատարմամբ շարունակական խախտումների (խախտումները շարունակելու) համար գանձվում է լրացուցիչ տուգանք՝ յուրաքանչյուր խախտման համար ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի՝
1) հաշվետու թողարկող չհանդիսացող արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների եւ այլ ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող եւ նշանակալից մասնակցություն ունեցող, արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն եւ անուղղակիորեն ներգրավված ֆիզիկական անձանց նկատմամբ` հարյուրհիսունապատիկը, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձի, կարգավորվող շուկայի օպերատորի եւ հաշվետու թողարկողի տնօրենների, ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող եւ նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկը.
2) իրավաբանական անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկը, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձ, կարգավորվող շուկայի օպերատոր եւ հաշվետու թողարկող հանդիսացող իրավաբանական անձանց համար` վեցհարյուրապատիկը:»:
6. Սույն հոդվածի իմաստով շահույթը արժեթղթի` ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման արդյունքում ձեւավորված գնի եւ տվյալ արժեթղթի` ներքին տեղեկությունների հրապարակումից հետո ողջամիտ ժամկետում ձեւավորված շուկայական արժեքի տարբերությունն է:
7. Սույն հոդվածի իմաստով վնասը արժեթղթի` գնային չարաշահման արդյունքում ձեւավորված գնի եւ տվյալ արժեթղթի` գնային չարաշահում հանդիսացող գործողությունների դադարեցումից հետո ողջամիտ ժամկետում ձեւավորված շուկայական արժեքի տարբերությունն է:
8. Կենտրոնական բանկը կարող է սահմանել շահույթի եւ վնասի հաշվարկման մեթոդաբանություն, որը հրապարակվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: