Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1040-19.07.2016-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի 33-րդ հոդվածի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պարտավոր է ժամկետային զինծառայողների զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո` եռամսյակը մեկ այցելել ծառայության ընթացքում վիրավորում ստացած անձանց, արձանագրել նրանց առողջական վիճակը, տալ անհրաժեշտ բժշկական ցուցումներ:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության եւ համապատասխան մարզպետարանների սոցիալական ծառայողները պարտավոր են ժամկետային զինծառայողների զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո` եռամսյակը մեկ այցելել ծառայության ընթացքում վիրավորում ստացած անձանց, արձանագրել նրանց առողջական եւ սոցիալական վիճակը, տալ օրենսդրորեն սահմանված պետական երաշխիքներից օգտվելու անհրաժեշտ ցուցումներ:

Հոդված  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաջարկվող օրենքի նախագծի հիմնական նպատակն է նպաստել ծառայության ընթացքում վիրավորում ստացած ժամկետային զինծառայողների առողջական վիճակի բարելավմանը՝ զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո:

Նախագծով առաջարկվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության եւ համապատասխան մարզպետարանների սոցիալական աշխատողները եռամսյակը մեկ այցելություններ իրականացնեն ծառայության ընթացքում վիրավորում ստացած անձանց եւ տան անհրաժեշտ բժշկական ցուցումներ՝ արձանագրելով նրանց առողջական եւ սոցիալական վիճակը, տալով օրենսդրորեն սահմանված պետական երաշխիքներից օգտվելու անհրաժեշտ խորհրդատվություն:

Նախագծի շնորհիվ կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ ծառայության ընթացքում վիրավորում ստացած անձանց առողջական եւ սոցիալական վիճակի հետագա բարելավվման համար: