ՀՈԴՎԱԾ 1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-80-Ն օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I.
ԸՆՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է մարդու հոգեկան առողջության պահպանման, հոգեբուժական օգնության եւ սպասարկման, հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների եւ դրանց իրականացման, պաշտպանության եւ սահմանափակման դեպքերի եւ կարգի հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1.Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական այլ ակտերից:
2.Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ սույն օրենքի նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.
1) հոգեկան առողջություն՝ մարդու անօտարելի եւ անփոխանցելի ոչ նյութական բարիք, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, սեփական ներուժը գիտակցելու, կյանքի սթրեսային վիճակները հաղթահարելու, արդյունավետ աշխատելու, ինչպես նաեւ հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու կարողությունը, կայուն հուզականության դրսեւորումը եւ պահպանումը.
2) հոգեկան առողջության պահպանում՝ հոգեկան առողջության ամրապնդում, հոգեկան խանգարումների կանխարգելում, հոգեկան խանգարում ունեցող անձանց բուժում եւ վերականգնում, հոգեկան լիակատար բարեկեցության վիճակի ապահովում.
3) հոգեկան խանգարում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված հիվանդությունների եւ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչով նախատեսված վարքի խանգարումների դասին համապատասխանող հոգեկան անառողջ վիճակ կամ վարքի խանգարում.
4) հոգեկան խանգարում ունեցող անձ՝ անձ ում մոտ սույն օրենքով սահմանված կարգով ախտորոշված է հոգեկան խանգարում.
5) հոգեբուժական օգնություն եւ սպասարկում՝ հոգեբուժական բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպում` սույն օրենքով նախատեսված հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձեւերին համապատասխան,
6) հիվանդանոցային հոգեբուժական օգնություն եւ սպասարկում՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հոգեբուժական օգնության եւ սպասարկման կազմակերպման ձեւ,
7) արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն եւ սպասարկում՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հոգեբուժական օգնության եւ սպասարկման կազմակերպման ձեւ,
8) հոգեբուժական կազմակերպություն՝ համապատասխան տեսակի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկ, որը տրամադրում է հոգեբուժական օգնություն եւ սպասարկում հիվանդանոցային եւ (կամ) արտահիվանդանոցային ձեւով.
9) ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք՝ հոգեբուժական կազմակերպության կազմում գործող բաժանմունք, որի հիմնական խնդիրն է հոգեբուժական օգնության եւ սպասարկման՝ հիվանդանոցային ձեւով իրականացումը.
10) հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունք՝ հոգեբուժական կազմակերպության կազմում գործող բաժանմունք, որտեղ դատարանի որոշմամբ հարկադիր բուժման նպատակով գտնվում է այն անձը, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր կամ այլ անձանց համար եւ պահանջում է մշտական հսկողություն եւ բուժում.
11) բժիշկ-հոգեբույժ (հոգեբույժ)՝ բժշկի որակավորմամբ եւ համապատասխան հետբուհական բժշկական կրթություն եւ որակավորում ստացած, Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան հավաստագիր ունեցող ու հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնող ֆիզիկական անձ.
12) բժշկական (կլինիկական) հոգեբան՝ բժշկի կամ հոգեբանի որակավորմամբ եւ համապատասխան հետբուհական կրթություն եւ որակավորում ստացած, Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան հավաստագիր ունեցող ու բժշկահոգեբանական ծառայություններ իրականացնող ֆիզիկական անձ.
13) հոսպիտալացում՝ հոգեկան խանգարում ունեցող անձի հոժարակամ կամ ոչ հոժարակամ (հարկադիր) ձեւերով ընդունում հոգեբուժական կազմակերպություն՝ հիվանդանոցային հոգեբուժական օգնություն եւ սպասարկում տրամադրելու նպատակով,
14) հոգեբուժական հանձնաժողով՝ 3 կամ ավելի հոգեբույժներից, անհրաժեշտության դեպքում նաեւ այլ բժիշկ-մասնագետներից կազմված խումբ, որը յուրաքանչուր դեպքի համար ստեղծվում է հոգեբուժական կազմակերպություն` գործադիր մարմնի իրավական ակտով եւ իրավասու է տալ անձի մոտ հոգեկան խանգարման առկայության կամ բացակայության եւ դրանից բխող բոլոր բժշկական հարցերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն: Հոգեբուժական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել նաեւ այլ հոգեբուժական կազմակերպության բժիշկ-հոգեբույժը.
15) իրազեկման թերթիկ՝ առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատված ձեւի փաստաթուղթ, որում նշված են հոգեբուժական կազմակերպությունում հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստացող անձի իրավունքները, իրավունքների սահմանափակումները եւ պարտականությունները,
16) երեխա` «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանող անձ,
17) ֆիզիկական զսպման միջոց` ֆիզիկական ուժի կամ զսպման մեխանիկական միջոցների (գոտի, ամրակապ) կիրառումն է հոգեկան խանգարում ունեցող անձի տեղաշարժի կամ շարժումների զսպման նպատակով,
18) մեկուսացման միջոց` հոգեկան խանգարում ունեցող անձի տեղավորումն է առանձնացված սենյակում նրա տեղաշարժի կամ շարժումների զսպման նպատակով,
19) հանդարտեցման մեթոդ` հոգեկան խանգարում ունեցող անձին նրա կամքին հակառակ դեղերի տրամադրումն է անձի վարքագծի մեղմման (հանդարտեցում) նպատակով:
20) պատշաճ ծանուցում՝ հոգեկան խանգարում ունեցող անձի օրինական ներկայացուցչին տեղեկատվության կամ փաստաթղթի առաքում` հանձնման մասին ծանուցմամբ կամ ստացականով ստորագրությամբ առձեռն հանձնելու կամ հաղորդագրության ձեւակերպում ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (նախապես նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ օրինական ներկայացուցչի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով):
ԳԼՈՒԽ II.
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 4. Հոգեկան առողջության պահպանումը
1. Հոգեկան առողջության պահպանումը ներառում է ՝
1) հոգեկան առողջության բարելավումն ու հոգեկան խանգարումների կանխարգելումը.
2) հոգեկան խանգարում ունեցող անձանց անհրաժեշտ, բազմակողմանի եւ մատչելի հոգեբուժական բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման, խնամքի ու օգնության այլ ձեւերի, վերականգնման ապահովումը.
3) հոգեկան խանգարում ունեցող անձանց նկատմամբ հասարակության կողմից հանդուրժող եւ բարյացակամ միջավայրի ձեւավորումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ներառյալ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերում նախատեսված խտրականության բոլոր ձեւերի բացառումը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված գործընթացը իրականացվում է հոգեբուժական կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից՝ օրենքով սահմանված լիցենզիայի առկայության դեպքում, իսկ 3-րդ կետով նախատեսված գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինների կողմից:
3. Հոգեբուժական բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:
4. Հոգեբուժական բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզավորման կարգն ու պայմանները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ լիցենզավորման ոլորտը կարգավորող օրենսդրությամբ:
Հոդված 5. Հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքները եւ պարտականությունները
1. Հոգեկան խանգարում ունեցող յուրաքանչյուր ոք ունի հետեւյալ իրավունքները.
1) ինքնուրույն լինելու եւ հասարակության մեջ ներգրավվելու.
2) իր նկատմամբ բարեկիրթ, անձը չվնասող վերաբերմունք ստանալու.
3) իրավունքների եւ օրինական շահերի վերաբերյալ իրազեկ լինելու եւ դրանց պաշտպանության միջոցների ընտրության.
4) որակյալ հոգեբուժական բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու, իսկ հիվանդանոցային հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու ընթացքում նաեւ սնունդ ստանալու իրավունք,
5) առողջության պահպանման, այդ թվում շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու, ինչպես նաեւ սեփական միջոցների հաշվին ենթարկվելու զննության իր նախընտրած բժշկի կողմից.
6) փորձաքննվելու կամ վերափորձաքննվելու բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող պետական իրավասու մարմինների կողմից.
7) օրենքով սահմանված կարգով սոցիալական պաշտպանության,
8) տալու համաձայնություն եւ ցանկացած փուլում հրաժարվելու գիտական կամ փորձարարական նպատակներով կիրառվող բուժական մեթոդներից եւ միջոցներից.
9) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում մայրենի կամ իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալ իր առողջական վիճակի, իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների վերաբերյալ.
10) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ.
11) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում պահանջել իր ընտրած բժիշկ-հոգեբույժի մասնակցությունը սույն օրենքով նախատեսված հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին.
12) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հանգստի, ներառյալ՝ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության եւ ութժամյա գիշերային քնի իրավունք, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողություններին.
13) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ, հաստատելու նամակագրական կապ.
14) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում օգտվելու հեռախոսակապից.
15) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հանդիպելու այցելուների հետ.
16) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում ունենալ եւ ձեռք բերել առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ, օգտվել անձնական հագուստից.
17) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում ստանալ իրավաբանական օգնություն, այդ թվում «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հանրային պաշտպանություն,
18) ոչ հոժարակամ հոսպիտալացման նպատակով հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնել իր ընտրած անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ օրինական ներկայացուցչին.
19) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնին, դրա գործունեության նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող մարմիններին.
20) իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի կամ ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, դատարան, մարդու իրավունքների պաշտպանին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին կամ միջազգային ատյաններին,
21) օրենքով չսահմանափակված այլ իրավունքներ:
2. Հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող յուրաքանչյուր գործունակ ոք պարտավոր է.
1) պահպանել բժիշկ-հոգեբույժի կողմից բուժման ռեժիմով սահմանված պահանջները,
2) պահպանել հոգեբուժական կազմակերպության ներքին կանոնները:
3. Հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ նրա օրինական ներկայացուցիչը, բժիշկ-հոգեբույժի կողմից իրազեկվում են հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձի իրավունքների եւ պարտականությունների մասին` սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածով սահմանված կարգով:
4. Հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող հոգեկան խանգարում ունեցող անձինք սույն օրենքով նախատեսված իրենց իրավունքներն իրականացնում են անձամբ: Հոգեկան խանգարում ունեցող երեխայի կամ անգործունակ ճանաչված անձի օրինական ներկայացուցիչը իրականացնում է միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով օրինական ներկայացուցիչներին վերապահված իրավունքները:
5. Հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների իրականացման ընթացակարգը սահմանվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածով:
Հոդված 6. Հոգեբուժական կազմակերպությունում գնտվող հոգեկան խանգարում ունեցող անձի իրավունքների սահմանափակման դեպքերը եւ կարգը
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 12-16-րդ (բացառությամբ հանգստի եւ ութժամյա գիշերային քնի իրավունքի) կետերով սահմանվող իրավունքները սահմանափակվում են մինչեւ իրավունքների սահմանափակման պատճառների հիմքերի վերացումը` օրենքով սահմանված դեպքում կամ հոգեբուժական հանձնաժողովի, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշմամբ, եթե դրանց իրականացումը իրական վտանգ է ներկայացնում հոգեկան խանգարում ունեցող անձի կամ շրջապատի համար: Բժիշկ-հոգեբույժի կամ հոգեբուժական հանձնաժողովի պատճառաբանված որոշման, ինչպես նաեւ իրավունքների սահմանափակման պատճառների վերացման վերաբերյալ գրառում է կատարվում հոգեկան խանգարում ունեցող անձի բժշկական փաստաթղթում: Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 14-րդ կետերով նախատեսված իրավունքների սահմանափակման դեպքում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված իրավունքը չի կարող սահմանափակվել:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված իրավունքը կարող է իրականացվել միայն հոգեկան խանգարում ունեցող չափահաս այն անձի կողմից, ով օրենքով սահմանված կարգով անգործունակ չի ճանաչվել եւ ի վիճակի է գիտակցելու իր գործողությունների բնույթը եւ ղեկավարել դրանք:
3. Հոգեկան խանգարում ունեցող անձի իրավունքի սահմանափակման վերաբերյալ պատճառաբանված որոշում կայացնելուց հետո բժիշկ-հոգեբույժը կամ հոգեբուժական հանձնաժողովը նույն օրը գրավոր իրազեկման թերթիկ հանձնելով տեղեկացնում է հոգեկան խանգարում ունեցող անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ պատշաճ ծանուցում է նաեւ օրինական ներկայացուցչին եւ նրանց հանձնում պատճառաբանված որոշման կրկնօրինակը, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում հոգեկան խանգարում ունեցող անձի բժշկական փաստաթղթում:
4. Հոգեբուժական հանձնաժողովի, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշման հիման վրա հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստացող հոգեկան խանգարում ունեցող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների եւ հանդարտեցման մեթոդների կիրառման կարգն ու պայմանները:
5. Հոգեկան խանգարում ունեցող անձի նկատմամբ ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցները կամ հանդարտեցման մեթոդները կիրառվում են իրեն կամ շրջապատին ֆիզիկական վնաս պատճառելու իրական սպառնալիքի դեպքում եւ եթե այդ սպառնալիքի վերացմանն ուղղված այլ միջոցների (բանավոր խոսքի, ներառյալ համոզելու միջոցով) կիրառումն բավարար չէ այն վերացնելու համար: Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցները կամ հանդարտեցման մեթոդները չեն կարող իրականացվել հոգեկան խանգարում ունեցող անձին ծաղրուծանակի ենթարկելու, դիմադրությունը հաղթահարելուն անհամաչափ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելու, կամ պատիվը կամ արժանապատվությունը նվաստացնելու ձեւով կամ կիրառվել հոգեկան խանգարում ունեցող անձին պատժելու նպատակով:
6. Բժիշկ-հոգեբույժը`
1) ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու դեպքում նույն օրը դրանց կիրառումը հիմնավորող գրառում է կատարում հոգեկան խանգարում ունեցող անձի բժշկական փաստաթղթում,
2) Երեխայի, ինչպես նաեւ անգործունակ ճանաչված անձանց նկատմամբ ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կիրառելու դեպքում դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է նրանց օրինական ներկայացուցչներին:
Հոդված 7. Պետության կողմից տրամադրվող երաշխիքները հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս
1. Պետությունը երաշխավորում է պետության միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում հոգեկան խանգարում ունեցող անձանց հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը՝ մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով եւ դեպքերում պետությունը յուրաքանչյուր անձի համար երաշխավորում է՝
1) բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում անհետաձգելի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը, ինչպես նաեւ հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը.
2) բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում հոգեբուժական փորձաքննության բոլոր ձեւերը, ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության իրականացումը.
3) հոգեկան խանգարում ունեցող անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալ-կենցաղային վիճակին օժանդակությունը.
4) խնամակալությունը.
5) իրավական հարցերով օժանդակությունը հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ժամանակահատվածում.
6) հոգեկան խանգարում ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց ուսուցումը եւ խնամքը.
7) արտակարգ իրավիճակների ժամանակ հոգեբուժական օգնության եւ սպասարկման կազմակերպումը.
8) անվճար կամ արտոնյալ պայմաններով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան դեղերի տրամադրումը:
3. Իրավաբանական անվճար օգնությունը տրամադրվում է հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող հոգեկան խանգարում ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի նշանակած փաստաբանի կողմից: Իրավաբանական անվճար օգնության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 8. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հոգեբուժական օգնության եւ սպասարկման եւ սոցիալական պաշտպանության ոլորտում
1. Հոգեկան խանգարում ունեցող անձանց հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը, սոցիալական պաշտպանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
1) ստեղծում է հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններ տարեցների, մեծահասակների, դեռահասների եւ մանուկների համար,
2) ապահովում է հոգեկան խանգարում ունեցող երեխաների հանրակրթական եւ մասնագիտական ուսուցում.
3) ստեղծում է հոգեկան խանգարում ունեցող անձանց բուժական-արտադրական ուղղվածության կազմակերպություններ՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային թերապիայի, նոր մասնագիտությունների տիրապետման եւ զբաղվածության ապահովման համար, միջոցներ է ձեռնարկում աշխատանքի հարմարեցված պայմաններով աշխատատեղեր կամ հատուկ արտադրամասեր ստեղծելու ուղղությամբ.
4) ստեղծում է կացարաններ սոցիալական կապերը կորցրած հոգեկան խանգարում ունեցող անձանց համար.
5) սահմանում է հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները եւ դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները եւ դրանց շահագործման ժամկետնեը:
ԳԼՈՒԽ III.
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 9. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողները
1.Հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են բժիշկ-հոգեբույժները՝ մասնագիտական անհրաժեշտության դեպքում համագործակցելով կլինիկական հոգեբանի եւ այլ բժիշկ-մասնագետների հետ:
Հոդված 10. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողների անկախությունը
1. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողները անկախ են իրենց կայացրած մասնագիտական որոշումներում եւ ղեկավարվում են մարդասիրության, բժշկական էթիկայի, պացիենտի լավագույն շահերով առաջնորդվելու սկզբունքներով:
2. Բժիշկ-հոգեբույժը, ում կարծիքը չի համընկնում հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հետ, իրավունք ունի կազմել սեփական եզրակացությունը, որը պարտադիր կցվում է հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությանը եւ հոգեկան խանգարում ունեցող անձի բժշկական փաստաթղթին:
Հոդված 11. Անձի մոտ հոգեկան խանգարում ախտորոշելուն ներկայացվող պահանջը
1. Անձի մոտ հոգեկան խանգարում կարող է ախտորոշվել միայն բժիշկ-հոգեբույժի կողմից:
2. Անձի հոգեկան առողջության վերաբերյալ այլ բժիշկ-մասնագետի (ոչ բժիշկ-հոգեբույժի) եզրակացությունը հիմք չէ անձի մոտ հոգեկան խանգարում ախտորոշելու համար:
ԳԼՈՒԽ IV.
ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆԸ, ԻՆՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՎԱՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՎԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հոդված 12. Անձի հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկություններ փոխանցելուն ներկայացվող պահանջները
1. Անձի` բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունները բժշկական գաղտնիք են: Այդպիսի տեղեկությունները տրամադրվում են հոգեկան խանգարում ունեցող անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ օրինական ներկայացուցչին՝ նրանց պահանջով: Բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները առանց անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում առանց օրինական ներկայացուցչի համաձայնության, կարող են փոխանցվել այլ անձանց կամ մարմիններին՝ միայն օրենքով նախատեսված դեպքերում:
2. Առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առանց հոգեկան խանգարում ունեցող անձի համաձայնության, մշակում է հոգեկան խանգարում ունեցող անձանց վերաբերյալ անձնական տվյալները եւ վարում հոգեկան խանգարումներ ունեցող անձանց տվյալների բազա՝ հետեւյալ նպատակների իրականացման համար՝
1) բժշկական օգնություն եւ սպասարկում (ներառյալ դեղի նշանակում եւ դեղի բացթողում) տրամադրելու նպատակով քաղաքացու առողջության վերաբերյալ միասնական ձեւաչափով անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման համար,
2) պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման նպատակով,
3) բնակչության շրջանում հոգեբուժական օգնության եւ սպասարկման կարիքների գնահատման նպատակով,
4) առողջապահական համակարգի գործունեության համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության հավաքագրման նպատակով,
5) հանրային առողջության վիճակի վերահսկման, գնահատման, ինչպես նաեւ ռիսկերի եւ վտանգների վերհանման եւ դրանց դեմ պայքարի նպատակով,
6) առողջապահական ծառայությունների որակի, անվտանգության եւ արդյունավետության գնահատման նպատակով:
3. Հոգեբուժական կազմակերպությունները «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առանց հոգեկան խանգարում ունեցող անձի համաձայնության, մշակում են հոգեկան խանգարումներ ունեցող անձանց վերաբերյալ անձնական տվյալները եւ վարում հոգեկան խանգարումներ ունեցող անձանց տվյալների բազա՝ հետեւյալ նպատակների իրականացման համար՝
1) բժշկական օգնություն եւ սպասարկում (ներառյալ դեղի նշանակում եւ դեղի բացթողում) տրամադրելու նպատակով անձի առողջության վերաբերյալ միասնական ձեւաչափով անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման համար,
2) հոգեբուժական օգնության եւ սպասարկման կազմակերպման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության հավաքագրման նպատակով,
4. Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց վերաբերյալ տվյալների բազաներում կարող են ներառվել հետեւյալ տեղեկությունները.
1) անձի անուն, ազգանուն, հայրանուն (հայրանունը առկայության դեպքում),
2) սեռը,
3) ծննդյան օրը, ամիսը, տարին (անհայտ լինելու դեպքում՝ մոտավոր տարիքը)
4) հաշվառման եւ փաստացի բնակության վայրերը, հեռախոսի համարը (առկայության դեպքում), էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),
5) անձնագրի համարը, սերիան, ում կողմից է տրվել, գործողության ժամկետը կամ նույնականացման քարտի համարը եւ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը կամ սոցիալական ապահովության քարտի համարը, կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը.
6) քաղաքացիությունը,
7) ընտանեկան դրությունը, երեխաների առկայությունը, թիվը,
8) կրթության եւ աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն,
9) սոցիալապես անապահով կամ առանձին (հատուկ) խմբերին պատկանելությունը,
10) բժշկին (բուժաշխատողին) դիմելու օրը, գանգատները,
11) ախտորոշումը, տրամադրված բժշկական օգնության եւ սպասարկման տեսակը, ծավալը, վերհուշը (անամնեզ),
12) նշանակված եւ բացթողնված դեղերը,
13) առողջության վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ (այդ թվում՝ արյան խումբ, ռեզուս գործոն, ալերգիաներ):
5. Բժշկական գաղտնիք համարվող տվյալները առանց հոգեկան խանգարում ունեցող անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` առանց օրինական ներկայացուցչի համաձայնության, կարող են փոխանցվել միայն`
1) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող այլ անձանց կամ կազմակերպությունների (հոգեկան խանգարումով տառապող անձի կյանքին սպառնացող վիճակի կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կամ դրա կասկածի դեպքում կամ եթե հոգեկան խանգարում ունեցող անձը իր հոգեկան վիճակով ունակ չէ հասկանալու եւ համաձայնություն տալու անձնական տվյալների փոխանցմանը եւ չունի օրինական ներկայացուցիչ) անձի ախտորոշման կամ հետազոտման կամ բուժման նպատակով, եթե առկա է մասնագիտական անհրաժեշտություն, այն է` առանց այդ տեղեկությունների հնարավոր չէ իրականացնել անձի պատշաճ ախտորոշումը կամ հետազոտումը կամ բուժումը,
2) առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին`
ա. բժշկական օգնության եւ սպասարկման կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս,
բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն` պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման մասին կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի եւ որակի ստուգման աշխատանքներ իրականացնելիս,
գ.սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված նպատակների համար տվյալների բազա վարելու համար,
3) դատարանի համապատասխան ակտով,
4) քրեակատարողական հիմնարկի հարցման դեպքում` կապված դատապարտյալին նշանակված պատժի կատարման կամ վարքագծի նկատմամբ հսկողության իրականացման հետ,
5) ռազմաբժշկական փորձաքննություն անցկացնելու նպատակով զինվորական կոմիսարիատների եւ այլ ռազմաբժշկական հանձնաժողովների հարցման դեպքում,
6) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
6. Հոգեբուժական կազմակերպություններում բժշկական գաղտնիք համարվող տվյալները պահպանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկով սահմանված առողջապահության ոլորտի փաստաթղթերի պահպանության համար սահմանված ժամկետներով:
7.Բժշկական գաղտնիք համարվող տվյալներ մշակողները պարտավոր են պահպանել իրենց աշխատանքային կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում հայտնի դարձած բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալները: Օրենքի խախտմամբ բժշկական գաղտնիք համարվող տվյալների մշակումը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
ԳԼՈՒԽ V.
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Հոդված 13. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում տրամադրելուն ներկայացվող ընդհանուր պահանջները եւ հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստանալու համաձայնությունը
1. Հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը իրականացվում է հոգեկան խանգարում ունեցող անձի գրավոր համաձայնության (դիմում) դեպքում՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Հոգեբուժական բժշկական օգնություն եւ սպասարկման շրջանակում հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժը պարտավոր է անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում նաեւ օրինական ներկայացուցչին՝
1) ներկայանալ որպես բժիշկ-հոգեբույժ,
2) տրամադրել տեղեկություններ հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տեւողության, ինչպես նաեւ կողմնակի ազդեցության եւ ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից եւ սպասարկումից հրաժարվելու ու հրաժարվելու հետեւանքների մասին եւ դրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթում կատարել համապատասխան գրառումներ եւ հաստատել դրանք ստորագրությամբ սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածով սահմանված կարգով:
3. Երեխայի կամ անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնում է նրանց օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության (դիմում) հիման վրա, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
4. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստանալու համար դիմած անձն, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ օրինական ներկայացուցիչը իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստանալուց կամ պահանջել դադարեցնել այն, բացառությամբ oրենքով նախատեսված դեպքերի: Հոգեկան խանգարում ունեցող անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում նաեւ օրինական ներկայացուցչին բժիշկ-հոգեբույժի կողմից պետք է պարզաբանվի հոգեբուժական օգնությունից եւ սպասարկումից հրաժարվելու հնարավոր հետեւանքները:
5. Հոգեբուժական օգնությունից եւ սպասարկումից հրաժարվելու փաստը բժիշկ-հոգեբույժի կողմից գրառվում է անձի բժշկական փաստաթղթում եւ հաստատվում բժիշկ-հոգեբույժի եւ հրաժարվող անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ օրինական ներկայացուցչի ստորագրությամբ:
6. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում տրամադրելու վերաբերյալ տվյալները բժիշկ-հոգեբույժի կողմից գրառվում են հոգեկան խանգարում ունեցող անձի բժշկական փաստաթղթում եւ հաստատվում բժիշկ-հոգեբույժի ստորագրությամբ:
7. Բժշկական փաստաթղթի ձեւերը, դրանց լրացման կարգերը հաստատում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:
Հոդված 14. Հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը եւ սպասարկման ձեւերը եւ դրանց բովանդակությունը
1. Հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը իրականացվում է արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային ձեւերով:
2. Արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը ներառում է.
1) հոգեբուժական վկայարկումը.
2) հետազոտումը՝ ախտորոշման նպատակով,
3) հոգեկան խանգարում ունեցող անձանց հաշվառումը.
4) հոգեկան խանգարում ունեցող անձանց խորհրդատվական բժշկական օգնության տրամադրումը.
5) հաշվառման մեջ գտնվող՝ հոգեկան խանգարում ունեցող անձանց արտահիվանդանոցային շարունակական բուժումը եւ հսկողությունը.
6) արտահիվանդանոցային փորձաքննությունը.
7) հարկադիր բուժումը եւ հսկողությունը` դատարանի որոշման հիման վրա:
8) առողջ ապրելակերպի մասին քարոզչությունը:
3. Հիվանդանոցային հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը ներառում է՝
1) հոգեկան խանգարում ունեցող անձանց ընդունումը.
2) հոգեկան խանգարում ունեցող անձանց հետազոտումը,
3) հիվանդանոցային բուժումը.
4) հիվանդանոցային փորձաքննությունը.
5) հոգեկան խանգարում ունեցող անձանց դուրսգրումը.
6) հոգեկան խանգարում ունեցող անձանց հիվանդանոցային մասնագիտացված խնամքը.
7) ոչ հոժարակամ հոսպիտալացումը կամ հարկադիր բուժումը՝ դատարանի որոշման հիման վրա:
4. Արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային հոգեբուժական օգնության եւ սպասարկման իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 15. Հոգեբուժական վկայարկումը
1. Հոգեբուժական վկայարկումն անձի մոտ հոգեկան խանգարման առկայությունը կամ բացակայությունը պարզելու կամ հոգեբուժական օգնության եւ սպասարկման անհրաժեշտությունը գնահատելու կամ հոգեբուժական օգնության եւ սպասարկման տեսակը որոշելուն ուղղված գործընթաց է:
2. Հոգեբուժական վկայարկումն իրականացվում է անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:
3. Հոգեբուժական վկայարկումն իրականացվում է առանց անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ առանց օրինական ներկայացուցչի համաձայնության, այն դեպքերում, երբ անձի գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ անձը ունի հոգեկան խանգարում, որի հետեւանքով՝
1) նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար.
2) բուժում չիրականացնելը կարող է վատթարացնել անձի առողջական վիճակը:
4. Հոգեբուժական վկայարկման արդյունքում, եթե բժիշկ-հոգեբույժի կողմից հաստատվում է, որ անձը վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար ապա անձը հոսպիտալացվում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:
Հոդված 16. Հոգեբուժական հետազոտումը եւ բուժումը
1. Հոգեբուժական հետազոտումը իրականացվում է անձի հոգեկան խանգարման ախտորոշումը ճշտելու, ինչպես նաեւ հոգեբուժական օգնության եւ սպասարկման իրականացման անհրաժեշտությունը գնահատելու նպատակով՝ անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Հոգեբուժական հետազոտման (ներառյալ ախտորոշումը) կամ բուժման իրականացումը չի կարող պայմանավորվել հասարակության ընդունած բարոյական կամ մշակութային կամ քաղաքական կամ կրոնական արժեքների հետ անձի անհամաձայնության կամ հոգեկան առողջության հետ անմիջական կապ չունեցող այլ պատճառների հետ:
3. Հոգեբուժական հետազոտման (ներառյալ ախտորոշումը) եւ բուժման մեթոդները, կիրառվող դեղերը, բժշկական նշանակության ապրանքները կարող են օգտագործվել բացառապես ախտորոշիչ եւ բուժական նպատակներով հոգեկան խանգարման բնույթին եւ դրա բուժման համար անհրաժեշտ միջոցներին համապատասխան եւ որեւէ դեպքում չեն կարող կիրառվել հոգեկան խանգարում ունեցող անձին պատժելու նպատակով կամ այլ անձանց կողմից հետապնդվող այլ նպատակներով:
Հոդված 17. Հոգեկան խանգարում ունեցող անձի հաշվառումը
1. Հոգեկան խանգարում ունեցող անձինք հոգեբուժական կազմակերպությունների կողմից ենթակա են հաշվառման: Հաշվառումը իրականացվում է բացառապես սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նպատակների իրականացման համար եւ հիմք չէ օրենքով չնախատեսված սահմանափակումներ կիրառելու համար:
2. Անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու հիմք է հանդիսանում՝ նրա մոտ առաջին անգամ ախտորոշված հոգեկան խանգարման առկայությունը:
3. Հոգեկան խանգարում ունեցող անձանց հաշվառումից հանելու հիմք են հանդիսանում՝
1) հոգեկան խանգարում ունեցող անձի մահը.
2) հոգեկան խանգարում ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն դադարեցնելը` հոգեկան խանգարում ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն,
3) հոգեբուժական հանձնաժողովի կողմից գրավոր տրված «ներկայում հոգեպես առողջ է» եզրակացությունը:
Հոդված 18. Հոժարակամ հոսպիտալացման հիմքերը
1. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոժարակամ հոսպիտալացման հիմք են հանդիսանում անձի հոգեկան խանգարման առկայությունը եւ բժիշկ-հոգեբույժի անձի հիվանդանոցային ձեւով հետազոտության կամ բուժման անհրաժեշտության մասին եզրակացությունը կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը:
2. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոժարակամ հոսպիտալացումը կարող է իրականացվել միայն անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի կամ գրավոր համաձայնության հիման վրա: Անգործունակ ճանաչված անձին սույն հոդվածին համապատասխան ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոսպիտալացնելուց հետո խնամակալը այդ մասին «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնին:
Հոդված 19. Հոժարակամ հոսպիտալացված անձի դուրսգրումը
1. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից հոժարակամ հոսպիտալացված հոգեկան խանգարում ունեցող անձի դուրսգրումը իրականացվում է՝
1) անձի ցանկությամբ կամ,
2) անձի առողջացման եւ հոգեկան վիճակի բավարար լինելու դեպքում, եթե վերացել է հետագա հիվանդանոցային ձեւով բուժման անհրաժեշտությունը՝ բժիշկ-հոգեբույժի եզրակացության հիման վրա կամ,
3) հետազոտման կամ փորձաքննության ժամկետները ավարտվելու դեպքում:
2. Դուրսգրումից առաջ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը պատշաճ ծանուցում է անգործունակ ճանաչված անձի կամ երեխայի օրինական ներկայացուցչին՝ ծանուցման մեջ նշելով դուրսգրման օրը, ամիսը տարին եւ ժամը:
3. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից հոժարակամ հոսպիտալացված հոգեկան խանգարում ունեցող անձն, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ օրինական ներկայացուցիչը իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստանալուց կամ պահանջել դադարեցնել այն, բացառությամբ այն դեպքերի, երբ առաջացել են սույն օրենքով նախատեսված ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմքերից որեւէ մեկը: Այդ հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով դիմում է դատարան:
Հոդված 20. Ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգը
1. Հոգեկան խանգարում ունեցող անձն առանց իր, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական վկայարկման արդյունքում կարող է ոչ հոժարակամ հոսպիտալացվել` hոգեկան խանգարում ունեցող անձից բխող վտանգը (ներառյալ իր կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար) կանխելու նպատակով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում հոսպիտալացվելուց հետո 72 ժամվա ընթացքում`
1) հոգեկան խանգարում ունեցող անձը պարտադիր հետազոտվում է հոգեբուժական հանձնաժողովի կողմից եւ
2) ոչ հոժարակամ հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը եզրակացությամբ հոգեբուժական հանձնաժողովի կողմից հաստատելու դեպքում, հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը` հոգեկան խանգարում ունեցող անձի կողմից հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստանալու գրավոր համաձայնություն չտալու դեպքում, դիմում է դատարան՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու համար: Սույն մասով նախատեսված դեպքերում մինչեւ դատարանի կողմից ոչ հոժարակամ կարգով հոսպիտալացնելու վերաբերյալ բուժման ենթարկելու վերաբերյալ վճռի օրինական ուժի մեջ մտնելը հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան խանգարում ունեցող անձին առանց նրա համաձայնության տրամադրվում է միայն շտապ եւ անհետաձգելի հոգեբուժական օգնություն եւ սպասարկում:
3.Հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժում իրականացնող բժիշկ-հոգեբույժը ամիսը առնվազն մեկ անգամ, հոգեկան խանգարում ունեցող անձի վիճակի մասին մասնագիտական գրավոր կարծիք է ներկայացնում հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովին՝ անձի նկատմամբ ոչ հոժարակամ բուժումը շարունակելու կամ դադարեցնելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով: Հոգեբուժական հանձնաժողովը մասնագիտական կարծիքն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում քննում եւ տալիս է եզրակացություն ոչ հոժարակամ բուժումը շարունակելու կամ դադարեցնելու մասին:
4. Ոչ հոժարակամ բուժումը կարող է շարունակվել ոչ ավելի քանի վեց ամիս: Եթե վեց ամիսը լրանալու դեպքում հոգեկան խանգարում ունեցող անձի մոտ չեն վերացել ոչ հոժարակամ բուժման սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը, ապա վեցամսյա ժամկետը լրանալուց առնվազն տասնհինգ աշխատանքային օր առաջ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը դիմում է ներկայացնում դատարան` ոչ հոժարակամ բուժման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: Սույն պահանջները տարածվում են նաեւ ոչ հոժարակամ բուժման ժամկետի հետագա երկարաձգման դեպքերի նկատմամբ:
Հոդված 21. Դատահոգեբուժական փորձաքննության տեսակները եւ դրա իրականացման առանձնահատկությունները
1. Դատախոգեբուժական փորձաքննությունը կարող է իրականացվել ինչպես հիվանդանոցային պայմաններում (հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն), այնպես էլ արտահիվանդանոցային պայմաններում (արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն):
2. Դատահոգեբուժական փորձաքննությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված դեպքերում եւ կարգով՝ համապատասխան իրավասություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման հիման վրա:
3. Դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է իրականացվել միայն բժիշկ-հոգեբույժներից, իսկ փորձաքննություն նշանակելու որոշման մեջ նախատեսված լինելու դեպքում՝ նաեւ այլ բժիշկ-մասնագետներից կազմված փորձագետների հանձնաժողովի կողմից: Փորձագետների հանձնաժողովի եզրակացությունը հաստատվում է դրա անդամների ստորագրությամբ եւ այն հոգեբուժական կազմակերպության կնիքով (առկայության դեպքում), որտեղ իրականացվում է փորձաքննությունը:
4. Դատահոգեբուժական փորձաքննություն իրականացվող փորձագետների հանձնաժողովը պետք է բաղկացած լինի առնվազն երեք բժիշկ-հոգեբույժներից: Առավել բարդ դեպքերում հանձնաժողովում կարող են ընգրկվել երեքից ավելի բժիշկ-հոգեբույժներ:
5. Հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունը իրականացվում է մինչեւ 24-օրյա ժամկետում, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դեպքերի:
6. Եթե փորձաքննությունը հնարավոր չէ իրականացնել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետներում, ապա փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը գրավոր տեղյակ է պահում փորձաքննություն նշանակած մարմնին (պաշտոնատար անձին)՝ գրության մեջ նշելով փորձաքննության նշանակված ժամկետի ընթացքում եզրակացություն ներկայացնելու անհնարինության պատճառները, ինչպես նաեւ այն ժամանակահատվածը, որի ընթացքում հնարավոր է կատարել փորձաքննությունը:
7. Բոլոր դեպքերում հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 45 օրը, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության ժամկետը՝ 25 օրը:
8. Դատահոգեբուժական փորձաքննության իրականացմանը փորձաքննության ենթարկվող անձի ներկայանալն ապահովում է փորձաքննություն նշանակող պաշտոնատար անձը (մարմինը):
9. Դատահոգեբուժական փորձաքննության համար ներկայացված անձը չի ենթարկվում փորձաքննության՝ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում, կամ երբ հնարավոր չէ ներկայացված փաստաթղթերի հիման վրա հավաստիանալ, որ փորձաքննությանը ներկայացված անձը այն անձն է, ով նշված է փորձաքննություն նշանակելու որոշման մեջ:
10. Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը տրվում է փորձաքննության ավարտից հետո 20-օրյա ժամկետում:
11. Եթե դատահոգեբուժական փորձաքննության իրականացման արդյունքում փորձագետները հանգել են միասնական կարծիքի, ապա կազմվում է մեկ միասնական եզրակացություն, որը ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Դատահոգեբուժական փորձաքննության արդյունքների վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու դեպքում, նման կարծիք ունեցող փորձագետի կողմից կազմվում է առանձին եզրակացություն, որը հաստատվում է տվյալ փորձագետի ստորագրությամբ:
12. Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ հատուկ կարծիք պարունակող եզրակացությունը, կազմվում են երկուական օրինակից, որոնցից մեկը կազմվելուց հետո անմիջապես ուղարկվում է դատահոգեբուժական փորձաքննություն նշանակած պաշտոնատար անձին (մարմին), իսկ մյուս օրինակը՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ՝ կցվում է փորձաքննության ենթարկված անձի բժշկական փաստաթղթին:
Հոդված 22. Հոգեկան խանգարում ունեցող անձի հարկադիր հսկողությունը կամ բուժումը
1. Անձին հարկադիր արտահիվանդանոցային հսկողության կամ բուժման կամ հիվանդանոցային բուժման ընդունելու համար հիմք է տվյալ անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու մասին դատարանի որոշումը: Անձի հարկադիր արտահիվանդանոցային հսկողությանը կամ բուժմանը կամ հիվանդանոցային (ընդհանուր հսկողության հոգեբուժական կամ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում) բուժմանը ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:
2. Հարկադիր արտահիվանդանոցային հսկողության կամ բուժման կամ հիվանդանոցային բուժման ընդունվելիս հոգեկան խանգարում ունեցող անձը սույն օրենքով սահմանված կարգով տեղեկացվում է իր իրավունքների, պարտականությունների, հարկադիր հսկողություն կամ բուժում ստանալու նպատակի եւ պատճառների մասին:
3. Հարկադիր արտահիվանդանոցային հսկողության եւ բուժման նպատակով հոգեբուժական կազմակերպություն հոգեկան խանգարում ունեցող անձի այցերի հաճախականությունը սահմանվում է բժիշկ-հոգեբույժի կողմից՝ հոգեկան խանգարում ունեցող անձի վիճակին համապատասխան, ոչ պակաս քան ամիսը մեկ անգամ:
4. Հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն կամ բուժում կամ հիվանդանոցային բուժում իրականացնող բժիշկ-հոգեբույժն վեց ամիսը առնվազն մեկ անգամ, հոգեկան խանգարում ունեցող անձի վիճակի մասին մասնագիտական գրավոր կարծիք է ներկայացնում հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովին՝ անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելը շարունակելու կամ փոխելու կամ դադարեցնելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով: Հոգեբուժական հանձնաժողովը մասնագիտական կարծիքն ստանալուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում քննում եւ տալիս է եզրակացություն բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելը շարունակելու կամ փոխելու կամ դադարեցնելու մասին:
5. Հոգեբուժական հանձնաժողովի կողմից բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ փոխելու կամ դադարեցնելու մասին եզրակացություն տալու դեպքում տվյալ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը տաս աշխատանքային օրվա ընթացքում, կցելով հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունը, միջնորդություն է ներկայացնում դատարան՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները փոխելու կամ դադարեցնելու մասին:
6. Հարկադրանքի միջոցը փոխելու կամ դադարեցնելու դեպքում տվյալ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը 2-օրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է անձի բնակության վայրի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության տարածքային բաժին:
Հոդված 23. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողերի գործողությունների բողոքարկումը եւ պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար
1. Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողների գործողությունները (ներառյալ անգործությունը) կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Հավելված
«Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգը կարգավորում է հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված հարաբերությունները:
II. ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԵՎ ՆԱՄԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
2. Հոգեբուժական կազմակերպությունն իր տարածքում տեղադրում է առնվազն մեկ տաքսոֆոն (հեռախոս) հոգեկան խանգարում ունեցող անձանց համար հասանելի վայրում: Հեռախոսային խոսակցության վճարումները կատարվում են տվյալ անձի հաշվին: Հոգեբուժական կազմակերպության վարչակազմը հոգեկան խանգարում ունեցող անձանց համար հասանելի վայրում պետք է փակցնի հեռախոսային խոսակցության սակագները՝ սահմանված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան :
3. Հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվող յուրաքանչյուր անձ հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում իրավունք ունի կատարելու առնվազն երեք անվճար հեռախոսազանգ Հայաստանի Հանրապետության տարածքում, ընդ որում առաջին հեռախոսազանգի իրավունքը ապահովվում է հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվելուց անմիջապես հետո:
4. Հոգեբուժական կազմակերպությունն իր տարածքում տեղադրում է առնվազն մեկ փոստարկղ` «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարում ունեցող անձին պետք է հասանելի լինի փոստարկղից օգտվելը: Հոգեբուժական կազմակերպության վարչակազմը հոգեկան խանգարում ունեցող անձանց համար հասանելի վայրում պետք է փակցնի փոստային ծառայությունների սակագները՝ սահմանված «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
5. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձն իրավունք ունի իր միջոցների հաշվին նամակագրական (փոստային) կապ հաստատելու ցանկացած անձի հետ: Հոգեբուժական կազմակերպությունն ապահովում է նամակագրական կապի միջոցով հաղորդակցվելու հասանելիությունը եւ դրա գաղտնիությունը հոգեկան խանգարում ունեցող անձի համար: Հոգեբուժական կազմակերպության վարչակազմն ապահովում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարում ունեցող անձի գրած նամակների փոխանցումը փոստային ծառայությանը եւ փոստային առաքման անդորրագրի ինչպես նաեւ փոստով ստացված, չբացված նամակների հանձնումը հոգեկան խանգարում ունեցող անձին: Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարում ունեցող անձի ուղարկած եւ ստացած նամակները չեն կարող ենթարկվել գրաքննության հոգեբուժական կազմակերպության կողմից:
III. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
6.Հոգեբուժական կազմակերպության վարչակազմը հոգեկան խանգարում ունեցող անձանց համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, այցելուների հետ ազատ հանդիպելու պայմաններ է ստեղծում՝ չխախտելով տվյալ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից հաստատած ներհիվանդանոցային ռեժիմը:
7.Անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաեւ երեխայի՝ այցելուների հանդիպման ժամանակ բժշկական համապատասխան ցուցումների դեպքում բժիշկ-հոգեբույժի հանձնարարությամբ ուղեկցում է տվյալ բաժանմունքի բուժքույրը, որի վերաբերյալ գրառում է կատարվում բժշկական փաստաթղթերում:
8.Հոգեկան խանգարում ունեցող անձինք իրավունք ունեն`
1) անձամբ, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նրա միջոցով, հոգեբուժական կազմակերպություն տեղափոխել Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկին համապատասխան առաջին անհրաժեշտության իրեր եւ պարագաներ, բացառությամբ ծակող, կտրող իրերի, կամ
2) իրենց միջոցների հաշվին ձեռք բերել առաջին անհրաժեշտության իրեր եւ պարագաներ, բացառությամբ ծակող, կտրող իրերի, ընդ որում`
ա. գործունակ լինելու դեպքում անձամբ, եթե տվյալ հոգեբուժական կազմակերպության տարածքում առկա է առեւտրի օբյեկտ,
բ. անգործունակ ճանաչված լինելու դեպքում իրենց օրինական ներկայացուցչի միջոցով:
IV. ԹԵՐԹԵՐՈՎ ԵՎ ԱՄՍԱԳՐԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
9.Յուրաքանչյուր հոգեբուժական կազմակերպությունում պետք է առկա լինի թերթերի եւ ամսագրերի բաժանորդագրություն իրականացնող կազմակերպության բաժանորդագրության անվանացանկ, որը պետք է հասանելի լինի հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարում ունեցող անձանց: 10.Հոգեբուժական կազմակերպության վարչակազմը պարտավոր է ապահովել հոգեկան խանգարում ունեցող անձի կողմից թերթերի բաժանորդագրությունը եւ բաժանորդագրված թերթերի եւ ամսագրերի հանձնումը հոգեկան խանգարում ունեցող անձին:
V. ԱՆՁՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ, ԻՆՊԵՍ ՆԱԵՎ ԲՈՒԺՄԱՆ, ՀԵՏԱԶՈՏՄԱՆ, ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻՆ ԿԱՄ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉԻՆ ԴԻՄԵԼԸ, ԻՐ ԸՆՏՐԱԾ ԲԺԻՇԿ-ՀՈԳԵԲՈՒՅԺԻ՝ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
11. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարում ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի գրավոր կամ բանավոր կարգով անձնական ընդունելության համար դիմել հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնին, ով պարտավոր է դիմումը ստանալու նույն օրը, իսկ դրա անհնարինության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպել հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարում ունեցող անձի հետ անձնական հանդիպումը (ընդունելություն):
12.Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարում ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր բուժման, հետազոտման, դուրսգրման, օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության հարցերով գրավոր կամ բանավոր դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնին կամ բաժանմունքի վարիչին:
13.Հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը կամ բաժանմունքի վարիչը, ստանալով դիմումը կամ բանավոր հարցումը եւ նշում կատարելով հոգեկան խանգարում ունեցող անձի բժշկական փաստաթղթում, ոչ ավելի քան 2 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվությունը տրամադրում են դիմումատուին եւ ձեռնամուխ լինում համապատասխան հարցերի կարգավորմանը:
14.Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարում ունեցող անձն իրավունք ունի գրավոր կամ բանավոր դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնին՝ պահանջելով իր ընտրած բժիշկ-հոգեբույժի մասնակցությունը հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին: 15.Դիմումը կամ բանավոր հաղորդագրությունը ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը դիմում է դիմումում նշված բժիշկ-հոգեբույժին եւ նրա համաձայնությունը ձեռք բերելով՝ ընդգրկում է բժիշկ-հոգեբույժին հանձնաժողովի կազմում: Դիմումում նշված բժիշկ-հոգեբույժի հրաժարվելը չի սահմանափակում հոգեկան խանգարում ունեցող անձի՝ այլ բժիշկ-հոգեբույժ ընտրելու իրավունքը:
VI. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ
16. Հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ նրա օրինական ներկայացուցիչը բժիշկ-հոգեբույժի կողմից ընդունման օրվանից մեկ օրացուցային օրվա ընթացքում իրազեկվում է իր իրավունքների, իրավունքների սահմանափակումների, պարտականությունների, ինչպես նաեւ հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տեւողության, ինչպես նաեւ կողմնակի ազդեցության եւ ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից եւ սպասարկումից հրաժարվելու ու հրաժարվելու հետեւանքների վերաբերյալ այդ մասին համապատասխան նշում կատարելով հոգեկան խանգարում ունեցող անձի բժշկական փաստաթղթում:
17. Հոգեկան խանգարում ունեցող անձին սույն ընթացակարգի 16-րդ կետին համապատասխան իրազեկելու փաստը հաստատվում է «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրազեկման թերթիկ հանձնելով: Իրազեկման թերթիկը կազմվում է 2 օրինակից, որոնք ստորագրվում են հոգեկան խանգարում ունեցող անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի եւ իրազեկման համար պատասխանատուի կողմից: Իրազեկման թերթիկի մեկ օրինակը հանձնվում է հոգեկան խանգարում ունեցող անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում պատշաճ ծանուցմամբ՝ նաեւ օրինական ներկայացուցչին, իսկ մյուս օրինակը կցվում է բժշկական փաստաթղթին:
18. Հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը գրավոր սահմանում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարում ունեցող անձին սույն ընթացակարգի 16-րդ կետին համապատասխան իրազեկելու համար պատասխանատու անձանց:
19. Հոգեկան խանգարում ունեցող անձը սույն ընթացակարգի 16-րդ կետին համապատասխան իրազեկվում է այն լեզվով եւ այն եղանակով, որը հասկանալի է տվյալ անձի համար: Ընդ որում, տվյալ իրավունքների, իրավունքների սահմանափակումների, պարտականությունների իրազեկումը ներառում է նաեւ դրանց իրականացման մեխանիզմների պարզաբանումը: Թարգմանչի ծախսերը փոխհատուցվում են հոգեբուժական կազմակերպության կողմից:
20.Եթե հոգեկան խանգարում ունեցող անձն ելնելով իր առողջական վիճակից, ի վիճակի չէ հասկանալ իր իրավունքները եւ պարտականությունները կամ ստորագրել իրազեկման թերթիկը, ապա տվյալ անձի իրավունքների եւ պարտականությունների մասին իրազեկվում է միայն նրա օրինական ներկայացուցիչը, եթե այդպիսին առկա է, որն էլ ստորագրում է նշված իրազեկման թերթիկը: Դրա մասին նշում է կատարվում բժշկական փաստաթղթերում:
21.Եթե հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարում ունեցող անձը իր առողջական վիճակից ելնելով չի ստորագրել իրազեկման թերթիկը, ապա անձի առողջական վիճակի բարելավման դեպքում տվյալ անձը կրկին իրազեկվում է իր իրավունքների, իրավունքների սահմանափակումների եւ պարտականությունների մասին, որի վերաբերյալ նշում է կատարվում բժշկական փաստաթղթերում:
22. Անկախ տվյալ անձի տվյալ հոգեբուժական կազմակերպությունում նախկինում բուժվելու փաստից, յուրաքանչյուր անգամ այդ կազմակերպություն ընդունվելու դեպքում հոգեկան խանգարում ունեցող անձին, սույն ընթացակարգին համապատասխան, իրազեկում են իր իրավունքների, իրավունքների սահմանափակումների եւ պարտականությունների մասին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: