Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 98-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ`
«6) մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող, ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները:»
Հոդված 2. oրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետում «մաքսային ներկայացուցիչների» բառերից հետո լրացնել «,ինչպես նաեւ սույն օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ անձանց» բառերը:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել oրենքի 157-րդ հոդվածի 3-րդ կետը:
Հոդված 4. Օրենքի 158-րդ հոդվածի 8-րդ մասում լրացնել նոր պարբերություն՝
«Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման եւ մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց կողմից մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելը պայմանավորված է փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների ներմուծման եւ արտահանման գործընթացները պարզեցնելու անհրաժեշտությամբ:
Նշված խնդիրը ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի 14.03.2016թ. նիստին, որի ժամանակ հաստատվել է խնդրի լուծման անհրաժեշտությունը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում անհրաժեշտություն է առաջանում ներմուծել արտադրողների ապրանքատեսակների կատալոգներ, ապրանքների նմուշներ՝ սպառողների հետ նախնական համաձայնություն ձեռք բերելու կամ արտադրության մեջ փորձարկելու նպատակով: Նշված տեղեկատուները ներմուծողներին տրամադրվում են անվճար, իսկ նմուշները` ցածր արժեքով:
Համաձայն Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի 2)-րդ կետի` մեկ առաքողի կողմից, մեկ հասցեով մեկ տրանսպորտային /փոխադրման/ փաստաթղթով ապրանքների, բացառությամբ անձնական օգտագործման ապրանքների, ներմուծման դեպքում մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվում, եթե այդ ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը՝ հաշվարկված Միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացման պահի դրությամբ գործող փոխարժեքներով, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է այդ ապրանքների բացթողումը:
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանվում է 0 տոկոս:
Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5)-րդ, 19)-րդ, 24)-րդ, 29)-րդ կետերից, 72-րդ հոդվածի 4-րդ մասից, ինչպես նաեւ 179-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ ապրանքների «ներմուծում», «արտահանում» մաքսային ռեժիմներով տեղափոխման ժամանակ, անկախ ապրանքների արժեքից, պետք է ներկայացվի հայտարարագիր, սակայն օրենքով կարող են սահմանվել մաքսավճարների չվճարման դեպքեր, իսկ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը հստակ չի սահմանում հայտարարագիր չներկայացնելու հնարավորությունը: Այս դեպքում շփոթություն է առաջացնում «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածը, որը թեեւ չի սահմանում մաքսավճար վճարելու պարտականություն մաքսատուրք չվճարողների համար, սակայն նաեւ չի սահմանում հայտարարագիր չներկայացնելու իրավունքը, որն իր հերթին բերում է մաքսավճարի վճարման անհրաժեշտության: Ստացվում է, որ հայտարարագիր ներկայացնելը ենթադրում է մաքսավճարի վճարման պարտականություն:
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածը սահմանում է մաքսավճարների չափերը, դրանք են՝
- մաքսային ձեւակերպումների համար՝ 3500 ՀՀ դրամ,
- ապրանքների զննման եւ հաշվառման համար՝ մինչեւ մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար` 1000 ՀՀ դրամ, որը գանձվում է յուրաքանչյուր ապրանքատեսակի համար,
- Մաքսային մարմնի կողմից տրամադրվող յուրաքանչյուր փաստաթղթի (ձեւաթղթի) տրամադրման համար՝ 1000 ՀՀ դրամ մաքսավճար: Նշված փաստաթղթերի ցանկը հաստատված է վերադաս մաքսային մարմնի 30.11.2010թ. թիվ 02/1490 հրամանով:
- Մաքսային մարմինների կողմից ժամանակավոր պահպանության համար՝ օրական 1000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տնտեսվարողները ստիպված են վճարել մաքսային ներկայացուցչի ծառայությունների համար՝ նվազագույնը 10000-15000 ՀՀ դրամ:
Հետեւաբար տնտեսվարողները անվճար կամ ցածր արժեք ունեցող ապրանքները ներմուծելիս ստիպված են վճարել ավելի շատ, քան արժեն ներմուծվող ապրանքները: Այսպես, եթե տնտեսվարողը ներմուծում է մեկ անուն ապրանք, ապա վճարում է նվազագույնը 6500 ՀՀ դրամ մաքսավճար եւ 10000-15000 ՀՀ դրամ` մաքսային ներկայացուցչի վճարը: Գործնականում տնտեսվարողը կարող է ներմուծել - մինչեւ 40 անուն ապրանք, որոնք իրենցից ներկայացնում են արտադրության մեջ օգտագործվող միկրո մասնիկներ:
Արտահանման դեպքում առկա է նույն խնդիրը, այսպես, եթե արտահանվում է ցածր արժեք ունեցող ապրանք, ապա տնտեսվարողը կարող է վճարել նշված ապրանքի արժեքի կրկնակի չափով մաքսավճար:
Օրինակ՝ հայկական մշակույթը ներկայացնող գրականության մեկ գրքի արժեքը տատանվում է 3000-5000 ՀՀ դրամի սահմաններում: Գրքերը 1 կամ 2 օրինակով, տարբեր ժամանակահատվածներում մատակարարելիս տնտեսվարողը ստիպված է վճարել նվազագույնը 6500 ՀՀ դրամ մաքսավճար, եւ մաքսային ներկայացուցչի վճար, որը տատանվում է 10000-15000 ՀՀ դրամի սահմաններում:
Սույն փոփոխությամբ առաջարկվում է մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով արտահանվող եւ/կամ ներմուծվող ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքներն ազատել մաքսատուրքերի եւ մաքսավճարների վճարումից:
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ մաքսային հայտարարագրում կարող են իրականացնել հայտարարատուն կամ նրա լիազորած անձը կամ նրա հանձնարարությամբ եւ անունից հանդես եկող մաքսային ներկայացուցիչը: Միաժամանակ նույն հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ հայտարարատուն ինքնուրույն կարող է իրականացնել հայտարարագրումը օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դեպքերում, այն է ՝ անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող օտարերկրյա ֆիզիկական անձը կամ փոխադրողը կամ Միության անձ հանդիսացող առաքողը` տարանցման հայտարարագիր ներկայացնելու դեպքում, ինչպես նաեւ Միության` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրման դեպքերում, այլ դեպքերում մաքսային ձեւակերպումներն իրականացվում են հայտարարատուի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող մաքսային ձեւակերպումների մասնագետի միջոցով: Նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտներին, անկախ ներմուծվող եւ արտահանվող ապրանքների արժեքից, իրականացնել ինքնահայտարարագրում: Միաժամանակ ներկայացվող փոփոխությամբ առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել տնտեսվարող սուբյեկտների կողմից էլեկտրոնային հայտարարագրման համակարգ մուտք գործելու կարգը:
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո 2-ամսյա ժամկետում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշման ընդունում, որով կսահմանվի էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման եւ մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց կողմից մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը եւ դրա հասանելիության ապահովումը տնտեսվարողների համար:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայումս իրականացվող մաքսային քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում սահմանային անվտանգության ապահովմանը, գործարար միջավայրի բարելավմանը եւ ներդրումների խրախուսմանը, մաքսային ընթացակարգերի հստակեցմանը եւ պարզեցմանը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծով առաջարկվող լրացումն ուղղված է մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը եւ դյուրինացմանը, ինչպես նաեւ դրա համար պահանջվող ժամանակի եւ ծախսերի կրճատմանը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ ՎԶԵԲ-ի գործարարության աջակցման գրասենյակը:
6. Ակնկալվող արդյունքը
Պարզեցնել ցածր արժողություն ունեցող ապրանքների մաքսային սահմանով տեղափոխման գործընթացը, նշված դեպքում ազատել տնտեսվարողներին մաքսավճարների վճարման պարտականությունից:
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ անհրաժեշտ է ՀՀ կառավարության որոշման ընդունում, որով կսահմանվի էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման եւ մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց կողմից մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը եւ դրա հասանելիության ապահովումը տնտեսվարողների համար:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է մաքսավճարից ազատել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող, ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները:
Միաժամանակ, նախատեսվում է սահմանել գործնականում ինքնահայտարարագրում իրականացնելու համար անհրաժեշտ իրավական հիմքերը:
Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական եւ վարչարարական ծախսերի կրճատմանը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող, ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները, ինչպես նաեւ սահմանվում են դրույթներ, որոնք ուղղված են մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը` ինքնահայտարարագրման հնարավորության ապահովման միջոցով:
Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են մաքսային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների շուկաների հետ: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես` պարզեցվում է մաքսային ձեւակերպումների գործընթացը` ազատելով տնտեսվարողներին ցածր արժողություն ունեցող ապրանքների տեղափոխման դեպքում մաքսավճարների վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը:
Հիմք ընդունելով նախնական եւ կարգավորման ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլերի արդյունքները` տրամադրվում է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցության եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մաքսավճարից ազատվում են մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող, ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները: Միաժամանակ, առաջարկվում է մաքսային օրենսդրության համաձայն, որպես հայտարարատու հանդես գալու իրավասություն ունեցող բոլոր անձանց համար «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով ստեղծել ինքնահայտարարագրման հնարավորություն:
Հաշվի առնելով վերոնշյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:
Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում:
Եզրակացություն
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: