Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1049-02.09.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություն (այսուհետ` արտոնություն) տրամադրելու հետ կապված Հայաստանի Հանրապետության եւ նշված տնտեսվարող սուբյեկտների իրավահարաբերությունները, արտոնությունից օգտվողների շրջանակը, արտոնության տրամադրման անհրաժեշտությունը, նպատակը եւ ժամկետները, արտոնության տրամադրման կասեցումը, ինչպես նաեւ սահմանում է սույն արտոնությունից չօգտվող գործունեության տեսակների ցանկը :

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է փակ բաժնետիրական ընկերությունների կողմից իրականացվող գործունեության վրա (բացառությամբ` սույն օրենքով սահմանված գործունեության տեսակների):

 Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունը

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունն է`

1. Փակ բաժնետիրական ընկերություններին ՝ սույն օրենքի իմաստով փակ բաժնետիրական ընկերությունը սահմանվում է որպես օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններում գրանցված առեւտրային կազմակերպություններ, որոնք ունեն վարձու աշխատողներ` բացառությամբ ընդհանուր ժողովի անդամների.

Հոդված 4. Արտոնության տրամադրման անհրաժեշտությունը եւ հիմնական նպատակները

Արտոնության տրամադրման անհրաժեշտությունը առավելապես պայմանավորված է փակ բաժնետիրական ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման, գործողների պահպանման, ներդրումների ներգրավմամբ եւ հանրային կյանքի սոցիալական խնդիրների առավել հասցեական լուծման եւ ժամանակակից հասարակության հիմքը կազմող միջին խավի ձեւավորման եւ կայացման տեմպերի արագացման պահանջներով: Արտոնության տրամադրման հիմնական նպատակներն են.

1. Փակ բաժնետիրական ընկերություններին (այսուհետ՝ ՓԲԸ) ոլորտում գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավումը

2. ՓԲԸ սուբյեկտների տնտեսական գործունեության շահութաբերության բարձրացումը

3. ՓԲԸ գործունեության համար լուրջ խթանների ստեղծումը

4. ՓԲԸ սուբյեկտների հարկային բեռի կրճատումը

5. ՓԲԸ սուբյեկտների շրջանառու միջոցների ընդլայնումը

6. Հայրենական արտադրության խթանումը

7. Նոր աշխատատեղերի ստեղծումը

Հոդված 5. Արտոնությունից օգտվողների շրջանակը

Սույն օրենքով սահմանված արտոնությունից կարող են օգտվել այն փակ բաժնետիրական ընկերությունները, որոնց նախատեսվող տարվա տարեկան հարկվող շրջանառությունը կազմում է նվազագույնը 16 միլիարդ դրամ:

Հոդված 6. Արտոնության տրամադրման ժամկետները

Արտոնությունը տրամադրվում է փակ բաժնետիրական ընկերություններին` սույն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասով սահմանված փաստաթղթերի հարկային մարմին ներկայացման օրվանից:

Հոդված 7. Հարկային տեսչություն ներկայացվող փաստաթղթերի փաթեթը

Սահմանված արտոնությունից օգտվողի կարգավիճակ ստանալու նպատակով տնտեսվարող սուբյեկտը տարածքային հարկային տեսչություններ պարտավոր է ներկայացնել.

1. Դիմում՝ հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ

2. Տեղեկանք՝ վարձու աշխատողների վերաբերյալ

3. Տեղեկանք՝ նախատեսվող տարվա հարկվող եկամտի վերաբերյալ:

Հոդված 8. Հարկային տեսչությունների կողմից փակ բաժնետիրական ընկերությանը արտոնությունից օգտվողի կարգավիճակ տրամադրելը

Տարածքային հարկային տեսչությունները, տնտեսվարող սուբյեկտներից ստանալով սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, պարտավոր են եռօրյա ժամկետում ուսումնասիրել եւ տրամադրել տեղեկատվություն տնտեսվարող սուբյեկտին արտոնությունից օգտվողի կարգավիճակ ստանալու վերաբերյալ:

Հոդված 9. Արտոնությունից չօգտվող գործունեության տեսակները

սույն արտոնությունը չի տարածվում

 1. Վարկային կազմակերպությունների

 2. Ապահովագրական կազմակերպությունների

3. Ներդրումային հիմնադրամների

4. Գրավատների

5. Փոխանակման կետերի

6. Արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների

7. Խաղատների եւ շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների

8. Աուդիտորական կամ խորհրդատվական ծառայություններ մատուցողների

9. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների

10. Լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնող կամ լիցենզիա ունեցող այն անձի նկատմամբ, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է 100 հազար դրամ կամ ավելին, ինչպես նաեւ դուստր եւ կախյալ տնտեսական ընկերությունների վրա:

Հոդված 10. Եզրափակիչ մաս

Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 11. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժ մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունները, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը նոր պահանջներ են ներկայացնում մասնավորապես փակ բաժնետիրական ընկերությունների (ՓԲԸ) զարգացմանուղղությամբ:
Մասնավորապես` անհրաժեշտություն է առաջացել վերանայել ՓԲԸ ոլորտին հարկային արտոնությունների տրամադրման չափորոշիչները, ինչն էլ կհանգեցնի պետական աջակցության առավել նպատակային իրականացման: Ըստ էության, սույն նախագծով ընդլայնվում է ՓԲԸ ոլորտին պետական աջակցության ուղիները: Ավելին՝ ՀՀ տնտեսության հետճգնաժամային եւ ստեղծված իրավիճակը պահանջում է սոցիալական եւ հանրային մեծ նշանակություն ունեցող ՓԲԸ, այդ թվում՝ ՓԲԸ զարգացման համար ձեւավորել համարժեք եւ բարենպաստ մրցակցային պայմաններ: Գործունեությունը նոր սկսող ՓԲԸ սուբյեկտների համար անհամեմատ կնվազեն շուկա մտնելու, կայանալու խոչընդոտները, կձեւավորվի առավել արդյունավետ ներդրումային միջավայր: Օրենքի ընդունումը կբարելավի նաեւ ՓԲԸ սուբյեկտների ֆինանսական գրավչության մակարդակը: Նվազագույն 16 մլրդ դրամ տարեկան շրջանառություն ունեցող ՓԲԸ-ները հենց այն թիրախն են,ում նկատմամբ պետությունը պետք է ցուցաբերի տարբերակված մոտեցում հարկային արտոնությունների տրամադրման տեսքով:Մասնավորապես՝ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ:

Հաշվի առնելով հանգամանքը, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի արտադրանքը ունի բացառիկ նշանակություն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ համաշխարհային շուկայում, ինչպես եւ հանգամանքը , որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի վերագործարկումը ողնաշարային եւ ռազմավարական նշանակություն ունի ՀՀ տնտեսության գիտատար ուղղությունների զարգացման համար, ապա խիստ անհրաժեշտ է սույն օրենքի ընդունումը, որը կնպաստի նաեւ նոր խոշոր ներդրողների ներգրավմամբ: Սույն օրենքի շրջանակներում նվազագույն 16 մլրդ դրամ շրջանառության ամրագրումը բխում է ,Ավելացված արժեքի հարկի մասին Հայաստանի Հանրապետության գործող օրենքի տրամաբանությունից: Սույն արտոնությունից օգտվող տնտեսվարող սուբյեկտների մոտ հարկային պարտավորությունների նվազեցումից, մասնավորապես` շահութահարկից, եկամտահարկից եւ ավելացված արժեքի հարկի ազատումից առաջացած գումարները մի կողմից կհանգեցնեն ձեռնարկություններում ներդրումների ավելացմանը, մյուս կողմից` կձեւավորեն վճարունակ պահանջարկ, ինչն էլ շղթայական ձեւով դրականորեն կանդրադառնա ՀՀ տնտեսության աշխուժացման վրա:

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Սույն օրենքի ընդունումը էապես կբարելավի ՓԲԸ-ների բիզնեսի կայացման եւ հետագա զարգացման պայմանները, կստեղծի գրավիչ ներդրումային միջավայր այս ոլորտի ընդլայնման համար: Սա նաեւ լուրջ քարշակ դեր եւ նշանակություն կունենա քննարկվող ոլորտում նոր ներդրումների ներգրավման համար: Սույն օրենքի ընդունումը նաեւ հանրային եւ սոցիալական մեծ նշանակություն կունենա դրական սպասումների առումով: