Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1050-02.09.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.1. Սույն օրենքը կարգավորում է «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու հետ կապված հարաբերությունները:

2. «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության վերաշահագործման եւ կենսունակության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ սույն հոդվածի երրորդ մասով սահմանվում է  դրա գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ (այսուհետ՝ Հատուկ ռեժիմ):

3. Սույն օրենքի իմաստով Հատուկ ռեժիմը ենթադրում է օրենքով սահմանված կարգով.

1) ստեղծել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ ընդգրկելով կառավարության եւ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության անձնակազմի ներկայացուցիչներին (համաձայնությամբ).

2) ապահովել գույքային համալիրի ամբողջականությունը եւ բացառել հիմնական միջոցների օտարումը մինչեւ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրի՝ ներդրումային համապատասխան ծրագրով օտարումը.

3) ապահովել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում սույն օրենքի ընդունման պահին գտնվող հիմնական միջոցների շուկայական գնահատում տվյալ ոլորտի մասնագիտական գնահատող կազմակերպության կողմից.

4) ՀՀ արդյունաբերության զարգացման պետական ծրագրի շրջանակներում «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարել արդյունաբերական գոտի, ընդ որում՝ 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կամ ավելի ներդրումային նախագծի դեպքում հինգ տարով ազատել հարկերից.

5) ընկերության գույքային համալիրի ներդրումային ծրագրի շրջանակներում օտարումից հետո Հանձնաժողովին վերապահել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում ներդրումային պարտավորությունների մշտադիտարկման եւ վերահսկողության գործառույթ:

Հոդված 2. «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության վերաբերյալ ներդրումային առաջարկությունների քննարկումը կառավարությունն իրականացնում է սույն օրենքի 1-ին հոդվածի երրորդ մասի առաջին կետի պահանջներով ստեղծվող Հանձնաժողովի հետ համատեղ՝ ապահովելով թափանցիկություն եւ հաշվետվողկանություն հանձնաժողովի եւ հանրության համար:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Սույն նախագծով առաջարկվում է «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության վերաշահագործման եւ հետագա կենսունակության ապահովման նպատակով սահմանել սույն օրենքի իմաստով ձեռնարկության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը, ամրագրել գույքային համալիրի ամբողջականության ապահովումը եւ բացառել հիմնական միջոցների օտարումը՝ մինչեւ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրի՝ համապատասխան ներդրումային ծրագրով օտարումը, ինչպես նաեւ ապահովել ձեռնարկության հիմնական միջոցների շուկայական գնահատումը:

Առաջարկվում է նաեւ արդյունաբերության զարգացման պետական ծրագրի շրջանակներում «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարել արդյունաբերական գոտի, ընդ որում՝ 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կամ ավելի ներդրումային ծրագրի դեպքում հինգ տարի ազատելով հարկերից:

Սույն օրենքի նախագծով սահմանվում է նաեւ, որ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության վերաբերյալ ցանկացած ներդրումային ծրագրի քննարկում կառավարությունը պարտավորվում է իրականացնել նոր ստեղծվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հետ համատեղ՝ հանձնաժողովի եւ հանրության համար ապահովելով քննարկումների եւ որոշումների կայացման թափանցիկություն եւ հաշվետվողկանություն: