Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվական, ՀՕ-337) 67-րդ հոդվածի 2-րդ մասը «պետությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման, ինչպես նաեւ համայնքի ավագանու կողմից հարկային արտոնությունների տրամադրման դեպքերի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք-Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի անհրաժեշտության վերաբերյալ
1. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին որպես պատվիրակված լիազորություն փոխանցվել է գույքահարկի եւ հողի հարկի գանձման կազմակերպումը։ Այդ գործառույթը իրականացնելու համար պետական հարկային ծառայությունը տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համաձայն օրենքուվ սահմանված ժամանակացույցի փոխանցում են գույքահարկի տեղեկատվական բազաները։ Մասնավորապես, գույքահարկի վերաբերյալ ֆիզիկական անձանց մասով տեղեկատվությունը արդեն իսկ փոխանցվել է Երեւանի թաղային համայնքներին, քաղաքային համայնքներին, իսկ գյուղական համայնքերին կփոխանցվի մինչեւ 2006 թվականը։ Ինչ վերաբերվում է իրավաբանական անձանց գույքահարկի վերաբերյալ տեղեկատվությանը, ապա այն Երեւանի թաղային համայնքներին արդեն իսկ փոխանցվել է, իսկ քաղաքային համայնքներին նախատեսվում էր հաջորդ տարում։ Ներկայացվող նախագծով քաղաքային համայնքներին իրավաբանական անձանց մասով գույքահարկի տեղեկատվության տրամադրումը կապահովվի այս տարվա ընթացքում։ Արդյունքում Երեւանի թաղային եւ քաղաքային համայնքները 2005 թվականին կտիրապետեն գույքահարկի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը, կճշգրտեն տեղեկատվությունը կառավարության կողմից սահմանված կարգով եւ կկարողանան արդյունավետ իրականացնել դրա գանձումը։
2. Գույքահարկի բազաներում մեծ ծավալ են կազմում այն տրանսպորտային միջոցները, որոնք այս կամ այն պատճառով երկար տարիներ չեն շահագործվում, անսարք են կամ արդեն իսկ ֆիզիկապես գոյություն չունեն (բարոյական եւ ֆիզիկական մաշվածքի պատճառով)։ Այդ տրանսպորտային միջոցները հաշվառված են բազաներում, դրանց նկատմամբ հաշվարկված են գույքահարկի ապառքներ, տույժեր եւ տուգանքներ։ Այդ ապառքների հավաքագրումը՝ հատկապես գործածությունից դուրս եկած միջոցների մասով, իրատեսական չէ։ Գույքահարկի բազաները տրանսպորտային միջոցների մասով իրատեսական դարձնելու նպատակով կմշակվի տրանսպորտային միջոցները խոտանելու նոր կարգ, իսկ խոտանման ներկայացրած տրանսպորտային միջոցների նկատմամբ գույքահարկի պարտավորությունը կդադարեցվի փոխադրամիջոցի վերջին տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսած։
3. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունը պայմանավորված է այն փաստով, որ գույքահարկի պարտավորության վերը առաջարկված փոփոխության արդյունքում համայնքային բյուջեները իրենց եկամտային մասում փաստացի նվազեցում չեն ունենում, ընդհակառակը՝ հնարավորություն է ստեղծվում ավելի իրատեսական դարձնելու համայնքային բյուջեն, օբյեկտիվ դարձնելու համահարթեցման սկզբունքով դոտացիաների բաշխումը եւ այլն։ Պետք է հաշվի առնել նաեւ, որ խնդրո առարկա փոխադրամիջոցների համար հաշվարկված ապառքները որպես կանոն ունեն մեծ վաղեմություն։