Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-894-10.11.2015,06.09.2016-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) իրավական վիճակը, կարգավորում է նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող հարաբերությունները:

Հոդված 2. Կազմակերպության կարգավիճակը

1. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ) եւ (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ:

2 . Կազմակերպությունը կարող է լինել առանց անդամության սահմանափակման կամ սահմանափակ անդամությամբ։

3. Կազմակերպությունը սույն օրենքին համապատասխան՝ ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները եւ ձեւերը:

Հոդված 3. Կազմակերպության գործունեության նպատակները

1. Կազմակերպությունն իրականացնում է իր կանոնադրականնպատակներից բխող գործունեություն։ Կազմակերպության գործունեության նպատակները սահմանվում են նրա կանոնադրությամբ:

2 . Արգելվում է Կազմակերպության կանոնադրությամբ գործունեության այնպիսի նպատակների սահմանումը, որը համարվում է այլ հասարակական միավորման առանձնահատկություններով պայմանավորված օրենքով ուղղակիորեն նախատեսված իրավունք։

Հոդված 4. Կազմակերպության գործունեության սկզբունքները

1. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են՝

1) օրինականությունը.

2) խտրականության բացառումը.

3) բարեխղճությունը.

4) անդամների շահերի ընդհանրությունը.

5) անդամության կամավորությունը.

6) ինքնակառավարումը.

7) հաշվետվողականությունը:

Հոդված 5. Կազմակերպության անդամները

1. Կազմակերպության անդամներն են Կազմակերպության պետական գրանցումից հետո Կազմակերպությանն անդամագրված անձինք:

2. Անձը կարող է այդ Կազմակերպության անդամ դառնալ իր դիմումի հիման վրա՝ սույն հոդվածով եւ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով: Կազմակերպության հիմնադիրները Կազմակերպության պետական գրանցումից հետո օրենքի ուժով համարվում են Կազմակերպության անդամներ։

3. Մինչեւ տասնչորս տարեկան անձը Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:

4. Տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան անձը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

5. Կազմակերպության անդամը կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ Կազմակերպությունից:

6. Կազմակերպության անդամը կարող է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով հեռացվել Կազմակերպությունից:

7. Կազմակերպության անդամները պատասխանատու չեն Կազմակերպության պարտավորությունների համար, իսկ Կազմակերպությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների համար:

Հոդված 6. Կազմակերպության անվանումը, խորհրդանիշները եւ գտնվելու վայրը

1. Կազմակերպությունն ունի իր անվանումը, կարող է ունենալ նաեւ կրճատ անվանում (անվանման հապավում) եւ խորհրդանիշներ:

2. Կազմակերպության անվանումը պետք է հայերենով պարունակի տարբերակող նշանակության հատուկ կամ հասարակ անուն, ինչպես նաեւ «հասարակական կազմակերպություն» բառերը:

3. Կազմակերպությունը կարող է ունենալ նաեւ օտար լեզվով անվանում:

4. Կազմակերպության անվանման մեջ «Հայաստան» բառերի հոլովաձեւերը եւ դրանց թարգմանությունները, ինչպես նաեւ ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Եթե օրենքով նախատեսված է բառեր եւ անվանումներ օգտագործելու համար արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքերի առկայություն, ապա Կազմակերպության անվանումը կամ կրճատ անվանումը (անվանման հապավումը) կարող է այդպիսի բառեր եւ անվանումներ պարունակել արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքերի առկայության դեպքում։

5. Արգելվում է կազմակերպության այնպիսի անվանման, կրճատ անվանման (անվանման հապավումը) կամ խորհրդանիշի օգտագործում, որը նույնական է այլ հասարակական կազմակերպության, ներառյալ՝ գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված իրավաբանական անձանց անվանումներին, կրճատ անվանումներին (անվանման հապավումներից), պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներին եւ խորհրդանիշներին:

6. Արգելվում է Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության խորհրդանիշների օգտագործումը որպես Կազմակերպության խորհրդանիշ կամ խորհրդանիշի մաս:

7. Կազմակերպության անվանումն այլ անձի կողմից ապօրինի օգտագործելու, այդ թվում՝ Կազմակերպության անվանմամբ իրավունքներ եւ պարտականություններ ձեռք բերելու դեպքում Կազմակերպությունն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով։

8. Կազմակերպության գտնվելու վայրը իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում օրենքով սահմանված կարգով գրանցված՝ Կազմակերպության գտնվելու վայրն է:

9. Կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության դեպքում Կազմակերպությունը իրավաբանական անձանց պետական գրանցման մարմնին (այսուհետ՝ Գործակալություն) տեղեկացնում է օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում:

Հոդված 7. Կազմակերպության գույքը

1. Կազմակերպությունը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք եւ իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

2. Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը նրա անդամների միջեւ չի բաշխվում:

3. Կազմակերպության գույքի ձեւավորման աղբյուր կարող են լինել`

1) Կազմակերպության անդամների ներդրումները.

2) Կազմակերպության անդամների վճարումները (անդամավճարները).

3) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

4) իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ կազմակերպությունից ստացված միջոցները.

5) դրամական մուտքերը պետական բյուջեից.

6) նվիրաբերությունները, այդ թվում՝ դրամաշնորհները.

7) հանգանակությունները.

8) օրենքով չարգելված այլ միջոցները:

Հոդված 8. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությունը

1. Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինել իր գույքը եւ գործունեության արդյունքները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ստեղծել առեւտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:

2. Կազմակերպությունը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում:

3. Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ:

Հոդված 9. Կազմակերպության գործունեության պետական երաշխիքները

1. Պետությունն օրենքով սահմանված կարգով ապահովում է կազմակերպության իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը:

2. Պետությունը կազմակերպություններին օգնություն եւ աջակցություն է ցուցաբերում օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով:

3. Կազմակերպությունը իր կամ պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ կարող է պայմանագրային կամ փոխադարձ համաձայնության այլ ձեւով ամբողջությամբ իրականացնել կամ մասնակցել պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական, առողջապահական, կրթական, դաստիարակչական, մշակութային, մարզական ծրագրերին եւ այլ միջոցառումներին:

4. Արգելվում է պետական մարմիններին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ նրանց պաշտոնատար անձանց միջամտել կամ խոչընդոտել Կազմակերպության օրինական գործունեությանը:

ԳԼՈՒԽ 2

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հոդված 10. Կազմակերպության ստեղծումը

1. Կազմակերպությունը կարող է ստեղծվել նոր Կազմակերպության հիմնադրման կամ օրենքով սահմանված կարգով՝ գոյություն ունեցող իրավաբանական անձի վերակազմակերպման միջոցով:

2. Կազմակերպության ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է նրա հիմնադիր ժողովի որոշմամբ:

3. Կազմակերպություն կարող են հիմնադրել առնվազն երկու անձ՝ ֆիզիկական անձ եւ (կամ) իրավաբանական անձ:

4. Կազմակերպություն չեն կարող հիմնադրել կամ դրա անդամ չեն կարող լինել կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները, արհեստակցական միությունները, ինչպես նաեւ օրենքով Կազմակերպություն հիմնելու կամ նրա անդամ դառնալու իրավասություն չունեցող իրավաբանական անձինք:

5. Կազմակերպությունը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

6. Կազմակերպությունը ստեղծված է համարվում առանց ժամկետի սահմանափակման (անժամկետ), եթե նրա կանոնադրությամբ գործունեության ժամկետի սահմանափակում նախատեսված չէ:

Հոդված 11. Կազմակերպության ստեղծելու մասին պայմանագիրը

1. Կազմակերպություն հիմնադրել ցանկացող անձինք միմյանց հետ կարող են կնքել Կազմակերպություն ստեղծելու մասին գրավոր պայմանագիր, որը պարունակում է`

1) տեղեկություններ Կազմակերպություն հիմնադրող անձանց մասին (ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, բնակության վայրի կամ հաշվառման հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն, (այսուհետ՝ նույնականացնող տվյալներ)),

2) մինչեւ Կազմակերպության պետական գրանցումը հիմնադրող անձանց գործողությունների իրականացման կարգը,

3) Կազմակերպություն հիմնադրող անձանց իրավունքները եւ պարտականությունները,

4) Կազմակերպությանը՝ հիմնադրող անձանց կողմից գույք հանձնելու պայմանները, եթե գույքի հանձնում նախատեսվում է,

5) Կազմակերպության հիմնադիր ժողով գումարելու կարգը։

2. Եթե Կազմակերպություն հիմնադրել ցանկացող ֆիզիկական անձը`

1) մինչեւ տասնչորս տարեկան է, ապա պայմանագիրը նրա անունից կնքում է նրա օրինական ներկայացուցիչը .

2) տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան է եւ օրենքով սահմանված կարգով

լրիվ գործունակ ճանաչված չէ, ապա պայմանագիրը կնքվում է իր օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

Հոդված 12. Կազմակերպության հիմնադիր ժողովը

1. Հիմնադիր ժողովին մասնակցելու իրավունք ունեն Կազմակերպությունը հիմնադրողները (նրանց օրինական ներկայացուցիչները), ինչպես նաեւ Կազմակերպություն ստեղծելու մասին պայմանագրով նախատեսված անձինք:

2. Եթե Կազմակերպություն հիմնադրող անձինք կնքել են պայմանագիր, ապա Հիմնադիր ժողովը գումարվում է Կազմակերպություն ստեղծելու մասին պայմանագրով սահմանված կարգով եւ ժամկետում` ժողովի մասնակիցների համատեղ հավաքի ձեւով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:

3. Հիմնադիր ժողովը`

1) ընդունում է որոշում Կազմակերպության հիմնադրման մասին,

2) հաստատում է Կազմակերպության կանոնադրությունը,

3) ընտրում է (նշանակում է) այն անձին կամ անձանց կամ նրանց ժամանակավոր պաշտոնակատարներին, որոնք իրավասու են առանց լիազորագրի ներկայացնել Կազմակերպությանը, եթե Կազմակերպության կանոնադրությամբ այդպիսի անձինք նախատեսված են,

4) կազմավորում (ընտրում) է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ մարմիններ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված որոշումը ընդունվում է միաձայն,2-րդ կետով սահմանված հարցով որոշումը ընդունվում էմասնակիցների ձայների երկու երրորդով, իսկ մյուս որոշումները՝ ձայների պարզ մեծամասնությամբ:

5. Հիմնադիր ժողովի արձանագրությունը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝

1) ժողովի գումարման կամ կազմակերպման օրը եւ վայրը,

2) ժողովին մասնակցելու իրավունք ունեցող եւ ժողովին մասնակցած անձանց անունները, ազգանունները, իսկ մասնակիցների թիվը տասից ավել լինելու դեպքում՝ միայն ժողովին մասնակցելու իրավունք ունեցող եւ ժողովին մասնակցած անձանց քանակը,

3) ժողովի օրակարգը,

4) քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները,

5) հիմնադիր իրավաբանական անձի անվանումը եւ գրանցման համարը:

6. Հիմնադիր ժողովի արձանագրությունը ստորագրում են ժողովի նախագահողը եւ քարտուղարը:

Հոդված 13. Կազմակերպության կանոնադրությունը

1. Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է, որտեղ ամրագրվում է Կազմակերպության`

1) անվանումը եւ կրճատ անվանումը),

2) գտնվելու վայրը,

3) գործունեության առարկան եւ նպատակները,

4) բարձրագույն մարմինը՝ ժողով, համաժողով, վեհաժողով, համագումար եւ այլն (այսուհետ՝ Ժողով), Ժողով գումարելու կարգը, ժամկետները եւ լիազորությունները, որոշումներ ընդունելու կարգը,

5) գործադիր մարմինը (նախագահը, կառավարիչը, տնօրենը եւ այլն) եւ մարմնի լիազորությունները,

6) կառավարման այլ մարմնի առկայության դեպքում, մարմին ձեւավորելու կարգը, մարմնի լիազորությունները, լիազորությունների ժամկետները եւ որոշումներ ընդունելու կարգը,

7) գործադիր մարմնից բացի, այն մարմինը, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնել Կազմակերպությունը, ինչպես նաեւ մարմնի ընտրության (նշանակման) կարգը եւ լիազորությունները,

8) անդամներին առաջադրվող պահանջները եւ անդամ դառնալու կարգը, ինչպես նաեւ Կազմակերպությունից անդամների դուրս գալու կարգը,

9) անդամների իրավունքները եւ պարտականությունները,

10) անչափահաս անդամների իրավունքների կամ պարտականությունների առանձնահատկությունները, եթե նախատեսված է անչափահաս անձի անդամություն.

11) անդամին Կազմակերպությունից հեռացնելու դեպքերն ու կարգը,

12) գույքը տնօրինելու եւ կառավարելու կարգը,

13) Ժողովին հաշվետվություններ ներկայացնելու եւ հաստատելուկարգն ու ժամկետները,

14) այն մարմինը, որն իրավասու է սահմանել անդամավճարի չափը եւ դրա գանձումը կազմակերպելու կարգը (եթե կանոնադրությամբ նախատեսված է անդամավճարի գանձում).

15) գործունեությունը վերահսկելու կարգը (եթե կանոնադրությամբ նախատեսված է վերստուգող մարմին),

16) կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը,

17) գործունեության ժամկետը, եթե Կազմակերպությունը ստեղծվել է որոշակի ժամկետով,

2. Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նաեւ նախատեսվել՝

1) նրա բոլոր անդամների կամ կանոնադրությամբ սահմանված կարգով որոշված համամասնությամբ՝ անդամներից ընտրված պատվիրակների մասնակցությունը Ժողովին,

2) Ժողովի օրակարգի, նրա աշխատանքը սկսելու վայրի եւ ժամանակի մասին մասնակիցների ծանուցելու եղանակները եւ ժամկետները.

3) անդամների առավելագույն քանակական կամ որակական պահանջներ

4) գործունեության կազմակերպմանն առնչվող՝ օրենքին չհակասող այլ դրույթներ:

3.Կազմակերպության կանոնադրությունը, ինչպես նաեւ դրանում փոփոխությունները եւ (կամ) լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունն ուժի մեջ է մտնումպետական գրանցման պահից: Կազմակերպության կանոնադրության պետական գրանցում ստացած փոփոխությունները եւ լրացումներն այդ կանոնադրության անբաժանելի մասն են:

4.Պետական գրանցումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Կազմակերպության կանոնադրությունը եւ դրա փոփոխությունները հասանելի են դառնում Գործակալության պաշտոնական ինտերնետային կայքում:

5.Կազմակերպության կանոնադրության եւ կառավարման մարմինների իրավական ակտերի միջեւ հակասության դեպքում գործում էկանոնադրությունը:

6. Պետական գրանցումից հետո ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտի եւ Կազմակերպության կամ նրա առանձնացված ստորաբաժանման կանոնադրության միջեւ հակասության դեպքում Կազմակերպությունը պարտավոր է մեկ տարվա ընթացքում կանոնադրությունը համապատասխանեցնել նորմատիվ-իրավական ակտի պահանջներին եւ ազատվում է պետական գրանցման համար պետական տուրք վճարելու պարտականությունից: Մինչեւ Կազմակերպության կանոնադրությունը նորմատիվ-իրավական ակտի պահանջներին համապատասխանեցնելը գործում են նորմատիվ-իրավական ակտի պահանջները։

Հոդված 14. Կազմակերպության պետական գրանցումը

1. Կազմակերպության պետական գրանցումը, ինչպես նաեւ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, լրացումների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության, հիմնադրող անձանց կամ գործադիր մարմնի կամ առանց լիազորագրի Կազմակերպությանը ներկայացնելու իրավասություն ունեցող ֆիզիկական անձի անձնագրային տվյալների կամ իրավաբանական անձի գրանցման տվյալների փոփոխության (այսուհետ՝ Կազմակերպության փոփոխությունների) եւ Կազմակերպության վերակազմակերպմամբ կամ լուծարմամբ պայմանավորված պետական գրանցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:

2. Կազմակերպության պետական գրանցման նպատակով` Գործակալություն է ներկայացվում`

1) պետական գրանցման մասին դիմում,

2) Կազմակերպության հիմնադիր ժողովի արձանագրությունը եւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումները,

3) Կազմակերպության կանոնադրությունը (թղթային կրիչով ներկայացվելու դեպքում` կանոնադրության առնվազն երկու օրինակ),

4) պետական գրանցման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,

5) հիմնադրող իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձ հիմնադրելու մասին որոշումը եւ իրավաբանական անձի անվանումը եւ պետական գրանցման համարը), իսկ օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում` նաեւ քաղվածք` տվյալ երկրի առեւտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ եւ նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` հայերեն թարգմանված եւ նոտարական կարգով վավերացված,

6) տեղեկություններ այն անձանց կամ նրանց ժամանակավոր պաշտոնակատարների մասին (անձը նույնականացնող տվյալները, կապի միջոցները), որոնք իրավասու են ներկայացնելու Կազմակերպությունն առանց լիազորագրի, եթե Կազմակերպության կանոնադրությամբ այդպիսի անձինք նախատեսված են,

7) «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները:

3. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելուց հետո ոչ ուշ քան տասը աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պարտավոր է կատարել Կազմակերպության պետական գրանցումը կամ մերժել պետական գրանցումը:

4. Եթե անձըփաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է փաստաթղթերի նմուշային ձեւերից, ապա գրանցումը իրականացվում է երկու օրվա ընթացքում:

5. Կազմակերպության վերագրանցումը, կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումը կամ վերագրանցման, պետական գրանցման մերժումը կատարվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում, եթե Կազմակերպությունը չի օգտվելփաստաթղթերի նմուշային ձեւերից:

ԳԼՈՒԽ 3

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. Կազմակերպության անդամների իրավունքները եւ պարտականությունները

1. Կազմակերպության անդամն իրավունք ունի`

1) Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով ընտրել եւ ընտրվել Կազմակերպության կառավարման կամ վերահսկողություն իրականացնող մարմիններում.

2) ներկա գտնվել Ժողովին անձամբ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաեւ լիազորված անձի միջոցով կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերին.

3) Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով օգտվել նրա ծառայություններից.

4) ծանոթանալ Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները.

5) Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կամ դատական կարգով բողոքարկել Կազմակերպության մարմինների որոշումները.

6) Կազմակերպությունից պահանջել տեղեկություններ, ստանալ փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաեւ ստանալ նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին 3 տարիներին.

7) իրականացնել օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:

2. Կազմակերպության անդամը պարտավոր է.

1) կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները եւ կառավարման մարմինների որոշումները.

2) բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները.

3) վճարել անդամավճար, եթե կանոնադրությամբ սահմանված է:

Հոդված 16. Կազմակերպության իրավունքները

1. Կազմակերպությունն իր կանոնադրության նպատակներին համապատասխանիրավունք ունի`

1) իր անունից ձեռք բերել եւ իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող.

2) բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով եւ (կամ) արտարժույթով.

3) ստեղծել այլ կազմակերպություն կամ լինել նրա մասնակից.

4) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ.

5) տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.

6) կազմակերպել եւ անցկացնել խաղաղ, առանց զենքի հավաքներ.

7) օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր եւ իր անդամների, շահառուների եւ կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում.

8) համագործակցել այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու եւ պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել Կազմակերպություն կամ անդամակցել նրանց ստեղծած Կազմակերպությանը` պահպանելով իր ինքնուրույնությունը եւ իրավաբանական անձի կարգավիճակը.

9) կատարել օրենքով չարգելված այլ գործողություն:

2. Կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։

3. Կազմակերպությունը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե.

1) հայցադիմումը բխում է կազմակերպության կանոնադրական նպատակներից եւ խնդիրներից եւ ուղղված էկազմակերպության շահառուների` կազմակերպության կանոնադրային նպատակների հետ կապված կոլեկտիվ շահերի պաշտպանությանը,

2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամնախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել, եւ

3) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն 2 տարվա ընթացքում գործունեություն է ծավալել սույն հոդվածի2-րդ մասում նշված ոլորտում:

Հոդված 17. Կազմակերպության կամավորները եւ շահառուները

1. Կազմակերպությունը կարող է իր նպատակներին համապատասխան՝ ունենալ շահառուներ, ինչպես նաեւ իր աշխատանքներում ներգրավել կամավորներ:

2. Կազմակերպության շահառուներն են նրա կանոնադրությամբ նախատեսված անձինք կամ անձանց խմբերը։ Կազմակերպության կողմից կամավորներ ներգրավելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում են«Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը այնքանով, որքանով այդ կարգավորումները չենհակասում սույն օրենքին:

3 . Եթե կամավորի աշխատանքի տեւողությունը մեկ ամսվա մեջ գերազացնում է անընդմեջ 5 օրը, ապա Կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:

4. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը համաձայնություն է կամավորի եւ Կազմակերպության միջեւ, որի հիման վրա կամավորն իր կամքով, առանց վարձատրության եւ որոշակի ժամկետով իրականացնում է կամավոր աշխատանք:

5. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում նշվում են`

1) պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը,

2) Կազմակերպության անվանումը,

3) Կազմակերպության անունից պայմանագիրը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը,

4) կամավորի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաեւ հայրանունը,

5) կամավոր աշխատանքի նկարագիրը եւ աշխատանքային գործառույթները, իրականացման կարգը եւ պայմանները,

6) Կազմակերպության եւ կամավորի իրավունքները եւ պարտականությունները,

7) աշխատաժամանկի ռեժիմը,

8) պայմանագրի գործողության ժամկետը:

Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում կարող են ներառվել նաեւ կամավոր աշխատանքի վերաբերյալ այլ պայմանները:

6. Արգելվում է կամավորներին ներգրավել Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության մեջ։

Հոդված 18 . Կազմակերպության պարտականությունները

1. Կազմակերպությունը պարտավոր է`

1) վարել իր անդամների եւ կամավորների հաշվառումը.

2) սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված դեպքում ենթարկվել պարտադիր աուդիտի.

3) պաշտոնական կայքի առկայության դեպքում հասցեի վերաբերյալ ծանուցել Գործակալությանը.

4) սույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ՝ Լիազոր մարմին) պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր.

5) կազմակերպության անդամի պահանջով ոչ ավելի, քան պահանջի ստացման օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը, հիմնադիր այլ փաստաթղթերին, ժողովի որոշումներին կամ տրամադրել դիմողին թղթային կամ էլեկտրոնային եղանակով` պահանջի ստացման օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նշված տեղեկությունները, փաստաթղթերը տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որը չի կարող գերազանցել դրանք տրամադրելու համար կատարված ծախսերը։

6) Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, ինչպես նաեւ վերակազմակերպման կամ լուծարման դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով դիմել Գործակալություն.

7) իր գործունեության եւ գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնությունը.

8) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

2. Կազմակերպության մարմինները նրա անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն եւ ողջամտորեն` ի շահ Կազմակերպության:

ԳԼՈՒԽ 4

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 19. Կազմակերպության կառավարման մարմինները

1. Կազմակերպության կառավարման մարմիններն են՝ Ժողովը եւ գործադիր մարմինը:

2. Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաեւ կառավարման այլ մարմիններ, այդ թվում՝ կոլեգիալ կառավարման մարմին,վերստուգող մարմին, որոնց լիազորությունների ժամկետները սահմանվում են օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ:

3. Օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ գործադիր մարմնին վերապահված լիազորությունները կարող է իրականացնել Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այն մարմինը, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնել Կազմակերպությանը:

4. Կազմակերպության անդամը, որն ընդգրկված է նրա մշտապես գործող մարմիններում, չի կարող միաժամանակ ընտրվել վերստուգող մարմնում:

Հոդված 20. Ժողովի գումարման կարգը

1. Հերթական Ժողովները գումարվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան 5 տարին մեկ անգամ:

2. Ժողովն իրավազոր է, եթե գումարվել է սույն օրենքին եւ Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան եւ Ժողովին մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին, եթե Կազմակերպության կանոնադրությամբ մասնակիցների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

3. Ժողովի օրակարգի, նրա աշխատանքի ժամանակի եւ վայրի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ եղանակով` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան Ժողովի անցկացման օրվանից 5 օր առաջ՝ հավաստելով հասցեատիրոջ կողմից ծանուցումը ստանալու փաստը :

4. Եթե այլ բան նախատեսված չէ Կանոնադրությամբ, արտահերթ Ժողով գումարվում է.

1) գործադիր մարմնի նախաձեռնությամբ.

2) Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ.

3) վերստուգող մարմնի նախաձեռնությամբ, եթե Կազմակերպության կանոնադրությամբ վերստուգող մարմնի կազմավորում նախատեսված է:

5. Կազմակերպության արտահերթ Ժողովը գումարվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված նախաձեռնությունից ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում, եթե կանոնադրությամբ այլ ժամկետ նախատեսված չէ:

6. Հերթական կամ արտահերթ ժողով գումարվում է դրա մասնակիցների համատեղ հավաքի ձեւով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:

7. Արտահերթ Ժողով գումարելու ժամանակի եւ վայրի մասին Ժողովի մասնակիցները ծանուցվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան արտահերթ Ժողով անցկացնելու օրվանից 5 օր առաջ:

8. Ժողովի արձանագրությունը ստորագրում են ժողովի նախագահողը (նիստերը վարողը) եւ քարտուղարը:

9. Ժողովի արձանագրությունները պահպանվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանվածժամկետում, որը չի կարող 5 տարուց պակաս լինել:

Հոդված 21. Ժողովի իրավասությունը

1. Ժողովն ունի Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք:

2. Ժողովն իրավասու է`

1) կատարել Կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատել.

2) ստեղծել այլ իրավաբանական անձ, որոշումներ ընդունել այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին.

3) որոշումներ ընդունել Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու եւ դրանց կանոնադրությունները հաստատելու մասին.

4) հաստատել Կազմակերպության կառուցվածքը,

5) ընտրել Կազմակերպության գործադիր մարմնին.

6) որոշումներ ընդունել Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված մարմինների կազմավորման, ընտրության (նշանակման) կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (զբաղեցրած պաշտոնից ազատելու) մասին.

7) կազմակերպության գործադիր մարմնի վարձատրություն նախատեսված լինելու դեպքում սահմանել վարձատրության կարգը եւ պայմանները.

8) ընտրել Կազմակերպության աուդիտն իրականացնող անձին (աուդիտորի), եթե սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն Կազմակերպությունը ենթակա է պարտադիր աուդիտի.

9) հաստատել Կազմակերպության ռազմավարությունը, եթե Կազմակերպությունը նախատեսում է ունենալ ռազմավարություն.

10) հաստատել Կազմակերպության, ինչպես նաեւ նրա մարմինների գործունեության հաշվետվությունները.

11) դադարեցնել Կազմակերպության մարմինների իրավական ակտերի պահանջներին եւ կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը.

12) Ընդունել որոշում Կազմակերպության վերակազմակերպման մասին.

13) ընդունել որոշում Կազմակերպությունը լուծարելու մասին, բացառությամբ՝ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի.

14) իրականացնել օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

3. Ժողովի՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունները, բացառությամբ՝ 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 11-13-րդ կետերով սահմանվածներից, կարող են Կազմակերպության կանոնադրությամբ կամ Ժողովի որոշմամբ փոխանցվել կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի:

Հոդված 22. Ժողովի որոշումները

1. Ժողովի որոշումներն ընդունվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. Եթե Ժողովում քննարկվում է Ժողովի որեւէ մասնակցի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա Ժողովի տվյալ մասնակիցը քվեարկությանը չի մասնակցում:

3. Ժողովի որոշումը, որն ընդունվել է օրենքի կամ Կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարել է Կազմակերպության կամ նրա մասնակցի (անդամի) իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Կազմակերպության կամ մասնակցի (անդամի) դիմումի հիման վրա: Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

Հոդված 23. Գործադիր մարմինը եւ նրա իրավասությունը

1. Գործադիր մարմնին ընտրում է Ժողովը: Գործադիր մարմնի լիազորությունների ժամկետը չի կարող սահմանվել ավելի, քան հերթական Ժողովի գումարման` կանոնադրությամբ սահմանված պարբերականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ:

2. Գործադիր մարմնի իրավասությունները ներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաեւ Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը:

3. Գործադիր մարմինը Կազմակերպության կանոնադրությանը եւ Ժողովի որոշումներին համապատասխան`

1) ապահովում է Ժողովի կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների որոշումների կատարումը.

2) կանոնադրությամբ սահմանված կարգով եւ չափով տնօրինում է Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Կազմակերպության անունից.

3) ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում.

4) տալիս է լիազորագրեր.

5) բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) եւ այլ հաշիվներ.

6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ եւ վերահսկում դրանց կատարումը.

7) հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը եւ տարեկան ծախսերի նախահաշիվը.

8) հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական եւ այլ կանոնները,

9) իրականացնում է օրենքով եւ Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Գործադիր մարմինն իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի:

5. Գործադիր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում մարմնի ղեկավարը, կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Կազմակերպության կանոնադրության, Ժողովի որոշումների կամ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

ԳԼՈՒԽ 5

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 24. Կազմակերպության գործունեության հաշվետվությունը

1. Կազմակերպությունը օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ներկայացնում է հաշվետվություններ։

2. Եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներ), ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը:

3. Կազմակերպության հաշվետվությունը ներառում է`

1) իրականացրած ծրագրերի անվանումներն ու վայրերը,

2) տարեկան մուտքերի (դրամական եւ գույքային) ընդհանուր գումարը եւ ստացման աղբյուրը,

3) դրամական միջոցների եւ այլ գույքի օգտագործման, կանոնադրական նպատակներին ուղղված ծախսերը.

4) անդամների, ինչպես նաեւ կամավորների թիվը՝ (հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ), այդ թվում նշում Կազմակերպության միջոցներից հաշվետու տարվա ընթացքում օգտվելու մասին.

5) Ժողովի եւ կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերի քանակը,

6) Կազմակերպության գտնվելու վայրը:

4. Կազմակերպությունն իրավունք ունի Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել ինչպես սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը, այնպես էլ իր գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ կամ նյութեր։ Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը պահպանվում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող 5 տարուց պակաս լինել:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվետվության օրինակելի ձեւը, հրապարակման եւ ներկայացման կարգը հաստատում է լիազոր մարմինը:

Հոդված 25. Վերստուգող մարմինը

1. Եթե Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսվում է վերստուգող մարմնի կազմավորում, ապա Կազմակերպության գործունեության եւ գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները Ժողովի կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի հաստատմանն են ներկայացվում դրանց վերաբերյալ վերստուգող մարմնի եզրակացության հետ միասին:

2. Վերստուգող մարմինն իրավասու է`

1) տարին մեկ անգամ անցկացնել Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում.

2) ծանոթանալ Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին եւ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնել նրա մարմիններին.

3) պահանջել եւ ստանալԿազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկություններ.

4) իրականացնել Կազմակերպության կանոնադրությամբ կամ Ժողովի որոշմամբ նախատեսված այլ լիազորություններ:

3. Սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հաշվետվությանը կից ներկայացվում է վերստուգող մարմնի եզրակացությունը, որն առնվազն պարունակում է տվյալներ.

1) Կազմակերպության գույքի եւ ստացման աղբյուրների վերաբերյալ.

2) Կազմակերպության իրականացրած ծրագրերի եւ դրանց արդյունավետության վերաբերյալ.

3) ծրագրերի իրականացման ընթացքում ծախսված միջոցների վերաբերյալ:

Հոդված 26. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների աուդիտը

1. Եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է հինգ միլիոն եւ ավելի ՀՀ դրամի չափով, ապա օրենքով սահմանված կարգով պետական մարմիններին ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը, հանրային միջոցներից ֆինանսավորման մասով ենթակա են պարտադիր աուդիտի՝ Կազմակերպության Ժողովի կողմից ընտրված անկախ աուդիտորի կողմից:

2. Անկախ աուդիտորի եզրակացությունը կցվում է սույն օրենքով սահմանված հաշվետվությանը:

Հոդված 27. Կազմակերպության գործունեության վերահսկողությունը

1. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Լիազոր մարմինը:

2. Կազմակերպության կողմից սույն օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերվելու դեպքում, որոնք կարող են վերացվել Կազմակերպության ձեռնարկած միջոցառումներով, Լիազոր մարմինը Կազմակերպությանն առաջարկում է խախտումները վերացնելու կարգն ու ժամկետները:

ԳԼՈՒԽ 6

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 28. Կազմակերպության միջազգային կապերը

1. Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային եւ օտարերկրյա ոչ առեւտրային կազմակերպություններին եւ ունենալ միջազգային այլ կապեր:

2. Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է այլ պետություններում ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 29. Միջազգային եւ օտարերկրյա ոչ առեւտրային Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում

1. Սույն օրենքով Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող դրույթները տարածվում են նաեւ միջազգային կամ օտարերկրյա ոչ առեւտրային Կազմակերպության` Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումների գործունեության վրա:

2. Միջազգային կամ օտարերկրյա Կազմակերպության` Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումներըչունեն իրավաբանական անձի կարգավիճակ, հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով եւ գործում են հիմնադրողի անունից ու նրա հաստատած կանոնադրության հիման վրա, որը չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենքներին: Նրանց գործունեությունը կարող է դադարեցվել հիմնադրողի որոշմամբ կամ դատարանի վճռով` Լիազոր մարմնի պահանջով, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի առկայության դեպքում:

ԳԼՈՒԽ 7

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 30. Կազմակերպության վերակազմակերպումը

1. Կազմակերպության վերակազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

Հոդված 31. Կազմակերպության գործունեության կասեցումը

1. Կազմակերպության գործունեությունը կարող է որոշակի ժամկետով կասեցվել դատարանի որոշմամբ՝ Լիազոր մարմնի դիմումի հիման վրա: Լիազոր մարմնի դիմումը պետք է լինի պատճառաբանված:

2. Դատարանը իրավունք ունի կասեցնել Կազմակերպության գործունեությունը, եթե՝

1) Կազմակերպությունը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում.

2) Կազմակերպություն հիմնադրող անձը կամ լիազորված անձը Կազմակերպությունը հիմնադրելիս թույլ են տվել օրենքի էական խախտում կամ կեղծիք:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով կոպիտ խախտում է համարվում՝

1) սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետներում խախտումները չվերացնելը

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` երեսունօրյա ժամկետում խախտումը չվերացնելը:

4 . Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով էական խախտում է համարվում՝

Կազմակերպություն հիմնադրման ժամանակ տեղի ունեցած այնպիսի խախտումը, որը եթե հայտնի լիներ հիմնադրման կամ պետական գրանցման պահին Կազմակերպությունը չէր հիմնադրվի կամ չէր գրանցվի։

5 . Կազմակերպության գործունեության կասեցումը վերանում է կասեցումն

առաջացրած հանգամանքները վերանալուց հետո:

Հոդված 32. Կազմակերպության լուծարումը

1. Լիազոր մարմինը Կազմակերպության հարկադիր լուծարման պահանջով դիմում է դատարան, եթե

1) Կազմակերպությունը գործունեության ընթացքում իրականացրել է սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ ատելություն բորբոքելու կամ բռնություն կամ պատերազմ քարոզելու գործողություն.

2) Կազմակերպության գործունեությունը սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցվել է եւ կասեցման ժամանակահատվածում կամ մեկ տարվա ընթացքում կասեցման հիմքը չի վերացվել։

2. Լիազոր մարմնի՝ Կազմակերպության հարկադիր լուծարման պահանջը պետք է լինի պատճառաբանված:

3. Կազմակերպությունը լուծարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ սնանկության հետեւանքով:

4. Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

ԳԼՈՒԽ 8

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 33. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-268 օրենքը:

3. Մինչեւ սույն օրենքով նախատեսված Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքի շահագործումը, Կազմակերպությունների կողմից հաշվետվությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ( http://www.azdarar.am/ ):