Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք)3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«մասնակից՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ կամ հասարակական կազմակերպություն.»:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 15-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 7-րդ գլխի վերնագրի «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՐՄԱՅԻՆ» բառերը փոխարինել «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «կազմակերպության» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպության» բառերով,
2) 2-րդ մասի «առեւտրային» բառը հանել,
3) 3-րդ մասի «Առեւտրային կազմակերպության անվան փոփոխության գրանցման կամ առեւտրային կազմակերպության» բառերը փոխարինել «Կազմակերպության անվան փոփոխության կամ» բառերով:
Հոդված 5. Օրենքի 7-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 32.1-րդ հոդվածով.
«Հոդված 32.1. Ոչ առեւտրային կազմակերպության անվանման գրանցումը եւ գրանցումը մերժելու հիմքերը
1. Ոչ առեւտրային կազմակերպության անվանման գրանցումն իրականացվում է կազմակերպության գրանցման հետ միաժամանակ:
2. Կազմակերպության անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման դեպքում կազմակերպությունը նախընտրելի անվանման գրանցման հայտը իրավունք ունի ներկայացնելու նախօրոք: Եթե անվանումը սույն հոդվածով նախատեսված կարգով համարվում է թույլատրելի, ապա այն վեց ամիս պահպանվում է տվյալ կազմակերպության համար: Կազմակերպությունը պարտավոր է վեցամսյա ժամկետում ներկայացնել անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, հակառակ դեպքում անունը կրկին հասանելի է դառնում այլ անձանց կողմից գրանցման համար, եւ վճարված պետական տուրքը չի վերադարձվում:
3. Կազմակերպության անվանումը համադրվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ իրավաբանական անձանց անվանումների շտեմարանի հետ, ինչպես նաեւ ստուգվում է սույն օրենքով նախատեսված՝ կազմակերպության անվանումը գրանցելը մերժելու հիմքերի առկայությունը:
4. Կազմակերպության անվանման գրանցման հնարավորությունը կամ գրանցման մերժումը որոշվում է անհապաղ:
5. Կազմակերպության անվանման գրանցումը մերժվում է, եթե դրա տարբերակող նշանակություն ունեցող անունը`
1) նույնական է սահմանված կարգով գրանցված այլ իրավաբանական անձի լրիվ անվանմանը.
2) նույնական է Կազմակերպության գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված այլ իրավաբանական անձի լրիվ անվանմանը (անվանման հապավմանը).
3) պարունակում է հայհոյանքներ, վիրավորական անվանումներ, անհարիր է ազգային կամ հոգեւոր արժեքներին, հակասում է մարդասիրության եւ բարոյականության սկզբունքներին:
6. Կազմակերպության անվանման գրանցումը մերժելու դեպքում հնարավորություն է տրվում փորձելու այլ անվանում, եւ այդ դեպքում հավելյալ պետական տուրք չի գանձվում:
7. Մերժման մասին առանձին որոշումը տրամադրվում է միայն դիմողի պահանջով մերժումից հետո` մեկօրյա ժամկետում: Սույն մասով նախատեսված գրավոր մերժումը տրամադրվում է համապատասխան պետական տուրք վճարելու պայմանով, որը ենթակա չէ վերադարձման:
8. Մերժման մասին որոշումը պետք է պարունակի հիմնավորում: Այն ստորագրվում է գործակալության էլեկտրոնային ստորագրության միջոցով եւ ուղարկվում է դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
9. Եթե առաջադրվող անվանումը պարունակում է օրենքով նախատեսված բառեր, անվանումներ, որոնց օգտագործման համար անհրաժեշտ է համապատասխան կարգավիճակի, արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքի առկայություն, ապա նախընտրելի անվան հետ ներկայացվում է նաեւ համապատասխան թույլտվությունը կամ այլ հիմքը հավաստող փաստաթուղթ: Համապատասխան թույլտվությունը կամ այլ հիմքը հավաստող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում անվան գրանցումը մերժվում է անհապաղ:
10. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված դեպքում անվան հաստատումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 5-րդ կետից «ֆիրմային» բառերը հանել,
2) 8-րդ մասից «, իրավաբանական անձանց միությունների» բառերը հանել:
Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 5-րդ մասով.
«5. Օրենքով սահմանված դեպքերում կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության դեպքում ներկայացվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ կազմակերպության նոր գտնվելու վայրի հասցեի գրանցան մասին: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են դրանց առկայության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:»:
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: